The Venus Project. ինչպես կառուցել կոմունիզմ ապագայում

Nihil sub sole novum, կամ ինչ է իրենից ներկայացնում Project Venus-ը

Պլատոնն իր «Տիմեաս» ու «Կրիտիաս» աշխատություններում նկարագրում է Ատլանտիդան՝ որպես, իր պատկերացմամբ, կատարյալ հասարակության մոդել: Սիր Ֆրենսիս Բեկոնն օգտագործում է այն որպես հիմք իր «Նոր Ատլանտիդայի» համար:

Նոր Ատլանտիդայում պետությունը հովանավորում է գիտությունը, մարդիկ ազնիվ ու բարոյական են, կոռուպցիա չկա, «Սողոմոնի տանը» գիտնականները փորձեր են անում, որպեսզի ուսումնասիրեն բնությունն ու ծառայացնեն այն հասարակության կյանքի բարելավմանը:

Թոմաս Մորը (ով, ընդ որում, իր կրոնական հակառակորդներին ոչնչացնելու կողմնակից էր ու բողոքականներին փակում էր իր տանն ու փայտով ծեծելով «վերադաստիարակում») իր «Ուտոպիայում» նույնպես նկարագրում է «կատարյալ հասարակություն»՝ Ուտոպիա երկիրը, որի քաղաքները բաժանված են չորս հավասար մասերի: Ուտոպիայում չկա մասնավոր սեփականություն (ամեն ինչ պահվում է պահեստներում, որտեղից դրանք անհրաժեշտության դեպքում բնակիչները վերցնում են), գյուղատնտեսությունն ապահովում է իրենց սննդով, տղամարդկանց ու կանանց միջև աշխատանքի բաժանում չկա: Բոլոր մարդիկ նույն շորերն են հագնում, ինչի պատճառով կարիք չկա հագուստը գնահատել որպես ավելի կամ պակաս արժեքավոր, ու բոլոր առողջ մարդիկ աշխատում են: Ազատ ժամանակվա ընթացքում խրախուսվում է սովորելը: Ոսկու նկատմամբ քաղաքացիների մոտ ատելություն ստեղծելու համար «ամոթալի» իրերը (օրինակ՝ միզելու համար նախատեսված թասերը) ոսկուց են: Հանցագործները ժամանակավորապես ստրկության են ենթարկվում՝ ոսկե շղթաներով: Ամեն ընտանիք երկու ստրուկ ունի:

Կրթությունն ու առողջապահությունն անվճար են, մարդիկ սնվում են հանրային ճաշասրահներում, փաստաբաններ չկան ու օրենքները բավականաչափ պարզեցված են, որ ցանկացած մարդ դրանք հասկանա: Եվ այլն:

Մարքսի «Կապիտալ. քաղաքական տնտեսության քննադատություն» գրքում քննարկվում է, որ կապիտալիզմի շարժող ուժն աշխատանքի շահագործումն է, ու որ եկամուտը չվճարված վարձատրության միջոցով ստացվող մնացորդն է: Կապիտալիզմին հակադրվում է դեռ 1777 թ առաջ քաշված կոմունիզմի գաղափարը՝ հասարակություն, որտեղ չկան դասակարգեր, փող ու կառավարություն, ու արտադրության միջոցները պատկանում են բոլորին:

Չէի ցանկանա հիմա խորանալ մարքսիզմի քննադատության մեջ, միայն կֆիքսեմ, որ Մարքսի տեսությունը գիտական մեթոդի փոխարեն օգտագործում էր դոգմաներ ու մտահանգումներ և ավելի շատ պոպուլիստական, քան գիտական ուղղություն էր տնտեսագիտության մեջ: Հետևաբար, ինչպես Venus Project-ի դեպքում, էական չի, թե ինչքանով հիմնավոր և ճիշտ է տեսությունն, ավելի էական է, թե ներկա կարգերից դժգոհ քանիսն են պատրաստ այդ տեսությանը հավատալ:

The Venus Project-ի հետ գրեթե միաժամանակ ստեղծվել է 60-ականների հիպպիական էկո-ակտիվիստական շարժունների մեկ այլ բնական հետևանք՝ ռուս հեղինակ Վլադիմիր Մեգրեի գրքերի վրա հիմնված «անաստասիական ավանների» գաղափարը, որոնք էկո-ավաններ են, որտեղ մարդիկ ապրում են «բնության հետ լիակատար ներդաշնակության մեջ»:

Ու, չնայած մենք դեռ չենք հասել The Venus Project-ի քննարկմանը, մենք այն արդեն մեծ մասամբ նկարագրել ենք:

The Venus Project-ի պաշտոնական կայքը նկարագրում է «ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունը» որպես համակարգ, «որտեղ բոլոր ապրանքներն ու ծառայությունները հասանելի են բոլոր մարդկանց՝ առանց փոխանակման միջոցի անհրաժեշտության, ինչպիսիք են փողն ու ապրանքափոխանակությունը»: Ինչպես Թոմաս Մորի «Ուտոպիայում»:

The Venus Project-ը նկարագրում է կոմունիստական հասարակություն՝ արտադրության միջոցներն ու արդյունքները պատկանում են բոլորին, փող ու հասարակական դասակարգեր չկան: Ընդ որում, հիշենք, որ The Venus Project-ի հիպոթետիկ հասարակության մեջ, փողի ու ապրանքափոխանակության բացակայության հետևանքով, շուկայական տնտեսությունը պիտի փոխարինվի պլանային տնտեսությամբ (բարև, հնգամյակը չորս տարում, պլանը գերակատարող կոլխոզնիկներ):

The Venus Project-ը սայենտիստական է, քանի որ այն առաջարկում է ճշգրիտ գիտությունների մեթոդները կիրառել այնտեղ, որտեղ դրանք կիրառելի չեն՝ առանց հաշվի առնելու մարդկային գործոնը, ենթադրելով, որ ապագայում մարդկային գործոնն այլևս չի լինի: Ավելին, նախագիծը «մարդկային գործոնները» քննարկելիս զգույշ ենթադրություն է անում, որ մարդիկ գործում են ունիվերսալ օրենքների համաձայն, ու որ կամքի ազատությունն ընդամենը իլյուզիա է:

The Venus Project-ը snakeoil՝ օձայուղ է, քանի որ այն խոստանում է լուծել աշխարհի գրեթե բոլոր խոշոր սոցիալ-տնտեսական խնդիրները՝ առանց բավարար գիտական հիմնավորում տալու, թե ինչպես (նախագծի պաշտոնական կայքից՝ «այն կոչ է շատ պարզ վերանախագծում անել մեր հասարակությունն, ինչի արդյունքում դարավոր անմտություններն, ինչպիսիք են պատերազմն, աղքատությունը, սովը, պարքն ու ոչ անհրաժեշտ մարդկային տառապանքը կդիտարկվեն ոչ միայն որպես խուսափելի, այլ նաև որպես լրիվ անընդունելի երևույթներ»):

The Venus Project-ը անաստասիականություն է՝ ստերոիդների վրա, և ինդուստրիալ մասշտաբի հասցրած:

The Venus Project-ը պնդում է, որ կարող է ստեղծել առանց հանցագործությունների հասարակություն՝ ենթադրելով, որ բոլոր հանցագործությունների հիմքը տնտեսական է՝ անտեսելով բոլոր բարդ իրավական, հասարակական ու հոգեբանական գործոնները, որոնք բերում են տվյալ իրավական համակարգի կոնտեքստում հանցանքի ու պատժի երևույթներին:

Ու, ի վերջո, The Venus Project-ը, նպատակ ունենալով հարուստներից վերցնել հարստությունն ու բաժանել բոլորին, խիստ կարիք ունի, որ հարուս մարդիկ այն ֆինանսավորեն: Ֆրեսկոն հարցազրույցներում բողոքում է, որ հարուստները չեն ֆինանսավորում իր նախագիծը, ու կազմակերպությունն ամեն կերպ փող է մուրում: Ռեսուրսների վրա հիմնված տնտեսության կառւցողները, ցավոք, ռեսուրսների նվիրատվություններ չեն ընդունում: Միայն փող:

Ու, չնայած հավատարիմ ֆանատների նվիրատվություններին, The Venus Project-ն իրենց համակարգի ոչ մի թեկուզ էքսպերիմենտալ պրակտիկ բնակավայր չի կառուցել այն դեպքում, երբ անաստասիականները Ռուսաստանում արդեն 230 գյուղ ունեն:

Ոչ, Ժակ Ֆրեսկոն իր ժամանակներից առաջ չէր մտածում: Հակառակը՝ Ֆրեսկոն վերափաթեթավորել ու վաճառքի էր դրել անցյալի հաջողության չհասած ուտոպիստական մոդելները: Նույնիսկ էքսպերիմենտալ քաղաքի ու «թեմատիկ պարկի» գաղափարը տարօրինակորեն նման է... Ուոլտ Դիսնեյի EPCOT նախագծին:



Կուլտ ու սայենտիզմ

Ամերիկացի սոցիոլոգ Հովարդ Բեքերը 1932 թ. ներմուծել է կուլտի սոցիոլոգիական դասակարգումը որպես կրոնական խումբ, որը շատ ավելի փոքր կազմակերպվածություն ունի ու շեշտը դնում է անդամների անհատական հավատալիքների վրա: Դրանից տաս տարի առաջ սոցիոլոգ Մաքս Վեբերի 1922 թ. հրապարակված «Հասարակական ու տնտեսական կազմակերպման տեսությունը» գիրքն իր «Խարիզմատիկ հեղինակության բնույթն ու առօրեականացումը» գրքում նկարագրել է երևույթ, որը ժամանակակից սոցիոլոգիայում անվանում են «խարիզմատիկ հեղինակության վրա հիմնված կուլտ»:

Ընդ որում, կրոնի հասկացությունը սոցիոլոգիայում բավականին տարբերվում է կրոնի ընդունված, աստվածաբանական հասկացությունից. սոցիոլոգիական կրոնները լինում են ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ:

20-րդ դարի կեսերի կոմունիզմը, մարքսիզմն ու նացիոնալ-սոցիալիզմն, օրինակ, սոցիոլոգիայում դիտարկվում են որպես աշխարհիկ կրոններ՝ ելնելով իրենց ավտորիտար ու մեսիանիկ բնույթներից:

Որպես աշխարհիկ կրոն են դասակարգվում նաև սայենտիզմի տարբեր սոցիալական արտահայտումները:

Սայենտիզմ բառն ինքը երկու տարբեր նշանակություն ունի.
  1. Գիտության ու գիտական պնդումների սխալ կիրառումը: Երբ գիտական մեթոդը կիրառվում է կոնտեքստներում, որտեղ այն կիրառելի չի: Կամ երբ բավարար էմպիրիկ հիմնավորում չկա գիտական եզրակացություն առաջ քաշելու համար: Կամ երբ մարդիկ պատրաստակամորեն ընկալում են ցանկացած եզրակացություն, որն իրենց տեսանկյունից գիտական է հնչում: Կամ երբ ճշգրիտ գիտությունների մեթոդոլոգիան կիրառվում է հասարակական գիտությունների ոլորտում, որտեղ դա անհնարին է, քանի որ հաշվի չի առնվում «մարդկային գործոնը»: Ավելի մանրամասն՝ Ֆրիդրիխ Հայեկի 1952 թ. «Գիտության հակահեղափոխությունը» գրքում:
  2. Հավատալիքը, թե միայն բնական գիտությունների մեթոդներն ու ճանաչած կատեգորիաներն են հանդիսանում փիլիսոփայական կամ ցանկացած այլ քննարկման տարրեր: Ալեքսանդր Ռոզենբերգի «Իրականության ձեռնարկը աթեիստի համար» գիրքը քննարկում է սայենտիզմի երևույթը որպես հավատալիք, որ գիտությունը գիտելիքի միակ հուսալի աղբյուրն է:
Այս երկու նշանակություններն իրար չեն հակասում ու կարող են զուգահեռ:

Ֆրեսկոյի փոքրիկ «ուտոպիան» սայենտիզմի դասական օրինակ է, իսկ Venus Project-ի համակիրների սոցիալական խումբը՝ սայենտիզմի վրա հիմնված կուլտ: Ու ոչ թե հասարակ կուլտ, այլ խարիզմատիկ լիդերի հեղինակության վրա կառուցված ապոկալիպտիկ կուլտ:

Կուլտ, որը սպասում է, նույնիսկ՝ ձգտում է բերել ժամանակակից հասարակության կոլլապսի:

Ու, ինչպես ցանկացած նմանատիպ կուլտի դեպքում, կուլտի անդամները պատրաստ են տարբեր չափով աչքերը փակել իրենց կուլտի իրականությունների վրա, ու կուլտի ղեկավարի ցանկացած քննադատություն ընդունում են անձնական վիրավորանքի նման:

Մենք սա տեսել ենք Օշոյի կուլտի դեպքում, Հիտլերի ու Ստալինի անհատականությունների կուլտերի դեպքում, ամենուրեք: Իհարկե, Ժակ Ֆրեսկոն Հիտլերի ու Ստալինի հետ համեմատելի չի, բայց Օշոյի հետ շատ զուգահեռներ կարելի է տանել՝ ամենասուր էական տարբերությունն այն է, որ Օշոյի կուլտի առանցքը պոպուլյար սպիրիտուալիզմն է, իսկ Ֆրեսկոյինը՝ պոպուլյար սայենտիզմը:

Սոցիոկիբեռներություն

Ոչ, «սոցկիբեռներություն» բառը ես չեմ հորինել՝ Ժակ Ֆրեսկոյին ծաղրելու համար: Այդ բառի հեղինակը հենց Ֆրեսկոն է:

«Առաջ նայելիս» գրքում Քեն Քեյսն ու Ժակ Ֆրեսկոն նկարագրում են «կիբեռնետիկ հասարակություն, որտեղ ցանկություններ չկան ու մասնավոր սեփականությունը դադարել է գոյություն ունենալ, ու անհատական բավարարումը միակ խնդիրն է»:

Ֆրեսկոյի համահեղինակ Քեն Քեյսը հիպպիական «ինքդ քեզ օգնելու» գրքերի հեղինակ է՝ մի քանիսը ես զուտ հետաքրքրության համար կարդացել եմ («Հարստության Դաոն», «Երջանկության գաղտնիքները հայտնաբերելիս. իմ անձնական պատմությունը»): Շատ ուրախ են իր հուշերը մեսկալինի օգտագործման մասին (որ մեսկալինն իրեն շարունակական օրգազմի վիճակի էր հասցնում, ու Քեյսի կարծիքով դա «անճաշակություն» էր), սեքսուալ կախվածության մասին, և այլն:

Իսկ Ֆրեսկոն շատ է սիրում «կիբեռնետիկ» բառը: «Կիբեռնետիկ հասարակություն», «կիբեռնետիկ քաղաք»: Կիբեռնետիկան կենդանիների ու մեքենաների կառավարումն ու հաղորդակցությունն ուսումնասիրող գիտությունն է: Կիբեռնետիկան ուսումնասիրում է, այդ ուսումնասիրությունների արդյունքները կիրառվում են մենեջմենթի, արհեստական ինտելեկտի ծրագրավորման և այլ ոլորտներում: Ենթադրենք, որ Ֆրեսկոն «կիբեռնետիկ» բառը ճիշտ իմաստով է կիրառում, ու նկատի ունի «կիբեռնետիկայի սկզբունքներով կառուցված հասարակություն/քաղաք»: Ֆրեսկոյի մյուս սիրած բառը «սոցիոկիբեռներությունն» է՝ սոցիում, կիբեռնետիկա ու ինժեներություն բառերի համադրությունը: Ու ինչպես կլինի առանց ինքդ քեզ առանց հիմքի գիտական աստիճաններ վերագրելու. որոշակի շրջան (օրինակ՝ 1974-ի Լարի Քինգի շոույում հարցազրույցի ժամանակ) նա ներկայանում է որպես դոկտոր Ժակ Ֆրեսկո, չնայած որևէ գիտության դոկտորատ, բնականաբար, չունի:

Լարի Քինգի հարցազրույցն ընդհանրապես շատ ուսուցողական է.


Եթե հետևում էիք, Ժակ Ֆրեսկոն դեռ 1974 թվին խոսում է որ «փողի վրա հիմնված մատերիալիստական հասարակությունը սխալ հասարակություն է ու մոտակա տաս տարում մենք կտեսնենք առաջընթացի ամենացածր տեմպերը մարդկության պատմության մեջ»: Ես չեմ, որ պիտի ասեմ, թե որքան սխալ էր Ֆրեսկոն: Նայենք գիտական առաջադիմության մի քանի պայծառ կետերի 1974-ից 1984 միջակայքում.
  • 1974 
    • Սթիվեն Հոուկինգը կանխատեսում է Հոուկինգի ճառագայթումը
    • Թողարկվում է Intel 8080 միկրոպրոցեսորը, որի հաջորդը՝ Intel 8086-ը, ժամանակակից x86 պրոցեսորային ճարտարապետության հիմքը կդնի
    • Պալեոանթրոպոլոգները հայտնաբերում են մարդու հնարավոր նախնիներից մեկի՝ Australopithecus afarensis-ի բավականին լավ պահպանված կմախք, ում անվանում են «Լյուսի»
  • 1975
    •  Ապոլլոն ու Սոյուզ տիեզերական կայանները կցվում են իրար
    • Նասան «Վիկինգ-1» միջմոլորակային զոնդն ուղարկում է Մարս
    • Մոնոկլոնալ հակամարմինների հայտնագործումը (Միլշտայն, Կյոլեր)
    • «Գլոբալ տաքացում» տերմինը կիրառվում է գիտության մեջ ու գիտականորեն նկարագրվում է
  • 1976
    •  «Վիկինգ-1»-ը վայրէջք է կատարում Մարսի վրա
    • «Վիկինգ-2»-ը վայրէջք է կատարում Մարսի վրա
    • «Լունա-24»-ը վայրէջք է կատարում Լուսնի վրա
    • Ռիչարդ Դոուկինսը հրատարակում է իր «Եսասեր գենը» գիրքը
    • Առաջին կոմմերցիոն սուպերհամակարգիչն է կառուցվում (Cray-1)
    • «Չորս գույնի թեորեմն» առաջին մաթեմատիկական թեորեմն է, որն ապացուցվում է համակարգչի օգնությամբ
  •  1977
    • Սփեյս շատլի առաջին թռիչքը
    • Տիեզերք են ուղարկվում «Վոյեջեր-1» ու «Վոյեջեր-2» տիեզերական զոնդերը, որոնք մինչ այժմ կապի մեջ են ու ինֆորմացիա են ուղարկում Արեգակնային համակարգի ամենահեռավոր կետերի մասին
    • Լիարժեք գրանցվում է Phi X 174 վիրուսի գենոմի հաջորդականությունն՝ առաջինը պատմության մեջ
    • Մարդու առաջին MRI-ի միջոցով հետազոտությունը
    • Վերջին բնական վարակման դեպքը սև ծաղիկով (հիվանդությունն այս կետից հետո համարվում է ոչնչացված մանկական տարիքից մասսայական վակցինացիայի շնորհիվ)
    • Առաջին կոխլեարային իմպլանտը, որը խուլ մարդկանց թույլ է տալիս լսել
    • Առաջին ստելս-ինքնաթիռը (Lockheed Have Blue)
  • 1978 
    • In vitro (արգանդից դուրս) բեղմնավորումից ծնված առաջին մարդը
    • E. coli բակտերիայի գենետիկ մոդիֆիկացիայից ստացվող սինթետիկ ինսուլինը
  • 1979
    •  Pioneer 11 տիեզերական զոնդն անցնում է Սատուրնի մոտով
    • Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաստատում է սև ծաղիկ հիվանդության ոչնչացումն ամբողջ աշխարհում
    • Պոլիոմիելիտի վերջին բնական վարակման դեպքերն ԱՄՆ-ում
  • 1980
    •  Voyager I-ն անցնում է Սատուրնի մոտով
    • Վերալիցքավորվող լիթիումային մարտկոցների ստեղծումը (որոնք մինչև հիմա ամենաշատ օգտագործվողն են)
    • Կոնվոլյուցիոն նեյրոնային ցանցերի (machine learning-ի ալգորիթմ է, որի միջոցով հիմա համակարգիչները ճանաչում են վիզուալ ինֆորմացիան) տեսական նախագծումը
    • Առաջ է քաշվում տեսություն դինոզավրերի մասսայական ոչնչացման մասին մոլորակի հետ աստերոիդի բախման հետևանքով (Ալվարեզի հիպոթեզը)
    • Առաջին կոմմերցիոն MRI-սկաները
  • 1981
    •  Առաջին IBM PC համակարգիչը
    • Սփեյս շատլ ծրագրի առաջին միսսիան
    • Solar Challenger էլեկտրական ինքնաթիռը 262 կիլոմետրանոց թռիչք է կատարում՝ օգտագործելով միայն արևից ստացված էլեկտրականություն
  • 1982
    •  Առաջին համակարգչային վիրուսը
    • Առաջին արհեստական սիրտը
  • 1983
    •  Pioneer 10-ն անցնում է Նեպտունի մոտով
    • ARPANET-ը պաշտոնապես անցնում է IP-պրոտոկոլների օգտագործմանը՝ ստեղծելով ինտերնետը
    • Գրանցվում են 3D-print-ի պրոցեսը նկարագրող առաջին պատենտները
  • 1984 
    • Առաջին կլոնավորված կաթնասունը (ոչխար)
    • Առաջին հաջողակ կոմմերցիոն համակարգիչը, որն օգտագործում է գրաֆիկական ինտերֆեյս (Apple Macintosh)
    • Առաջին սաղմի փոխանցումը մի կնոջից մյուսին՝ կենդանի ծնունդով
    • Ռոբոտի կողմից մարդու առաջին սպանությունն ԱՄՆ-ում
    • ՄԻԱՎ-ի հարուցիչ վիրուսի հայտնաբերումը
Կարճ ասած՝ 1974-1984 տասնամյակը բավականին հաջող էր գիտական պրոգրեսի տեսանկյունից, և այդ ընթացքում արված գիտական հայտնագործություններն արմատական են ազդել մեր ժամանակակից կյանքի վրա:

Իհարկե, Ֆրեսկոն կարող էր սխալ կանխատեսում անել: Ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխագուշակել ապագան: Բայց, օրինակ, համակարգչային տեխնիկայի զարգացումը կանխատեսելիս մենք օգտվում ենք Մուրի օրենքից (որ ինտեգրալ սխեմաների կոմպոնենտների քանակն ամեն տարի կրկնապատկվելու է): Գորդոն Մուրն (Intel-ի հիմնադիրներից մեկը) այդ օրենքն առաջ էր քաշել ելնելով կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկություններից ու իր դիտարկած զարգացման տեմպերից: Ու Մուրի օրենքը մինչև հիմա ճշգրիտ է: Ու չնայած դրան, Գորդոն Մուրը 2015 թ. հայտարարեց, որ կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների կոմպոնենտների խտությունն այն աստիճանի է հասել, որ մոտակա տասնամյակում Մուրի օրենքն այլևս կիրառելի չի լինի:

Բայց Ֆրեսկոն շարունակեց կրկնել իր պնդումը՝ ընդամենը կանխագուշակության  ժամկետները դարձան ավելի մշուշոտ:

Ադվենտիստներն ու Քրիստոսի Երկրորդ Գալուստը (Սահակյան, դատելով արդյունքներից)


Ուիլիամ Միլլերը 1833 թվականին կանխատեսել էր, որ 1843-44 թվերին տեղի է ունենալու Քրիստոսի երկրորդ գալուստն ու աշխարհի վերջը: Նույնիսկ հաշվարկվեց կոնկրետ օրը՝ 1944 թ. հոկտեմբերի 22-ը:

Եկավ 1844 թ. հոկտեմբերի 22-ը: Անցավ 1844 թ. հոկտեմբերի 22-ը: Քրիստոսը, մեղմ ասած, չեկավ (միլլերիստական շարժման «Մեծ Հիասթափությունը»):

«Ես ամբողջ երեքշաբթի սպասեցի, ու Հիսուսը չեկավ: Ես սպասեցի չորեքշաբթի օրվա ամբողջ առավոտը, ու նույնչափ իմ մարմնում էի, ինչպես երբևէ, բայց ժամը 12-ից հետո սկսեցի թուլություն զգալ, ու մութն ընկնելուց առաջ օգնության կարիք ունեի, որ հասնեմ ննջասենյակ, քանի որ իմ բնական ուժն ինձ արագ լքում էր, ու ես առանց ցավերի պառկած էի երկու օր՝ հիասթափությունից տառապելով», գրում է միլլերիստ Հենրի Իմմոնսը:

Ի՞նչ եղավ «Մեծ Հիասթափությունից» հետո: Արդյո՞ք միլլերիստները հասկացան, որ անիմաստ ժամանակ են վատնել: Ոչ, նրանք վերակազմավորվեցին որպես ադվենտիստական շարժումներ, որոնք բավականին տարբեր ժամկետներ են նախատեսում Քրիստոսի երկրորդ գալստյան կապակցությամբ, բայց ընդհանուր կարծիքն էր, որ դա տեղի է ունենալու «շատ մոտ ապագայում»:

2018 թվական, 1944 թվից անցել է 174 տարի, Քրիստոսն ու աշխարհի վերջը դեռ չեն եկել: Ի՞նչ եք կարծում, ադվենտիստական շարժումներն աստիճանաբար մարե՞լ են: Բնավ ոչ. միայն Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին ներկայումս ավելի քան 25 միլիոն հետևորդ ունի աշխարհում: Ու բոլորը սպասում են, որ «Հիսուսը շատ մոտ ապագայում գալու է»:

Նույն կերպ, ինչպես Կարլ Մարքսը կանխատեսում էր, որ կոմունիզմն է գալու «շատ մոտ ապագայում»` դասակարգերի պայքարի ու պրոլետարների հեղափոխության միջոցով, ու ոչնչացնելու կապիտալիզմը:

... and then the Fire Nation attacked

Ընդհանուր առմամբ, The Venus Project-ը հանգիստ կհանգեր մնացած պսևդոգիտական ուտոպիաների գերեզմանոցում, բայց Ֆրեսկոյի «ծխից ամրոցներ» մարդկանց վաճառելու ունակությունը հանդիպեց Պիտեր Ջոզեֆի մոլեռանդությանն ու դավադրությունների տեսություններին:

Ինչը սկիզբ դարձավ նրանց բուռն ու փոթորկալից գաղափարական սիրավեպի համար:

Ֆրեսկոն ու Ջոզեֆը լիքը ընդհանրություններ ունեին. երկուսի համար էլ ժամանակակից հասարակությունն ու շուկայական տնտեսությունը չարիք էին, երկուսն էլ պայքարում էին իրականության դեմ՝ մեկն ուտոպիաների մասին էր հեքիաթներ պատմում, մյուսը՝ համաշխարհային դավադրությունների:

Ու հանկարծ Ջոզեֆի դավադրությունների տեսությունների ու գրագողության (այդ թվում՝ հսկայական չափով Կեննետ Համֆրիսի ու Մայքլ Մուրի աշխատանքներից) դոզա պարունակող Zeitgeist ֆիլմը կարողացավ խուտուտ տալ պոստ-սեպտեմբերի 11 ամերիկայի հասարակության ու միլենիալների զգալի մասի զգացմունքներն ու դարձավ սենսացիա, աստվածաշունչ, ճշմարտության կաթիլ՝ ստի ահռելի ծովում:

Zeitgeist-ը կառուցվածքի առումով սարսափելի է. այն նման է դավադրությունների տեսություններով տառապող պարանոիկի զառանցանքի՝ տարբեր տեղերից կտրտած ու իրար կպցրած նյութերի կոլլաժ, որը երեք հիմնական դրույթներ է բերում, ուղղակիորեն դրանք իրար հետ չկապելով.
  • Առաջին մասը, որը Կեննետ Համֆրիսի տեսությունից ցրած, բայց սխալ կամ կիսատ հասկացած դրույթներով պնդում է, որ քրիստոնեությունը բխում է ուրիշ կրոններից ու բնական երևույթների մեկնաբանությունից
  • Երկրորդ մասը, որը պնդում է, որ սեպտեմբերի 11-ի հարձակումները կազմակերպված էին կամ թույլատրված ԱՄՆ կառավարության բարձր օղակների և Բուշի ադմինիստրացիայի կողմից (Մայքլ Մուր, «Ֆարենհեյտ 9/11»)
  • Երրորդ մասը խոսում է, որ դավադիր բանկիրների դավադիր խումբը կառավարում է ԱՄՆ ֆեդերալ ռեզերվը, և այդ դավադիր բանկիրներն աշխարհով մեկ դավադիր աղետներ են կազմակերպում, որ դրա հիման վրա հարստանան
Պիտեր Ջոզեֆի Zeitgeist Movement-ն աստիճանաբար դարձավ The Venus Project-ի ակտիվիստական ճյուղը: Ինչևէ, մի գյուղում երկու մեսսիա չէր կարող լինել, ու շուտով պառակտումներ սկսեցին շարժումների միջև: 2011 թ. The Venus Project-ը հրաժեշտ տվեց Zeitgeist Movement-ին: Օձայուղ ու դավադրությունների տեսություններ վաճառողները որոշեցին առանձին շարունակել իրենց գործունեությունը:

Եթե ուշադիր չէիք, կրկնեմ. երկու մարդիկ՝ Ժակ Ֆրեսկոն ու Պիտեր Ջոզեֆը, երկուսն էլ խոսում էին որ մարդկությունը պետք է թողնի ագահությունն, իշխանատենչությունն ու ագրեսիան, ու մարդիկ պետք է սովորեն խաղաղ համագոյակցել, ու մեթոդներ էին առաջարկում դրան հասնելու համար, բայց արդյունքում չկարողացան իրար հետ լեզու գտնել, կոմպրոմիսի գալ ու խաղաղ համագոյակցել, որովհետև երկու տարբեր մարդ տարբեր կերպ էին ցանկանում կառավարել շարժումը:

Ի՞նչ եք անելու անհամաձայնների հետ

Ցանկացած գլոբալ ուտոպիստական համակարգ ենթադրում է, որ համակարգի բոլոր անդամները համաձայն են այդ համակարգի առանցքային դրույթների հետ:

Բայց եկեք պատկերացնենք, որ The Venus Project-ի ուտոպիան արդեն ստեղծվել է: Ու մարդկանց մի խումբ համաձայն չի: Ավելին՝ այդ մարդիկ առանձնացել են ուտոպիայից, ստեղծել մեկ այլ համակարգ, որն ավելի ագրեսիվ ու մրցունակ քաղաքականություն է վարում ու վտանգում ամբողջ ուտոպիայի գոյությունն առնվազն մեկ պատճառով՝ այն ավելի կենսունակ ու էֆեկտիվ է: Մեր երկրորդ խումբը պահանջում է, որ ռեսուրսները բաշխվեն ըստ մարդու կատարած աշխատանքի, ոչ թե հավասարապես բոլորի միջև: Սա առավել հավանական սցենար է, օրինակ, ռեսուրսային դեֆիցիտի իրավիճակում: Արդյունքում առավել շատ աշխատողների շրջանում խումբը համակրանք է ստանում, և այդ մարդիկ սկսում են լքել ուտոպիան՝ նոր խմբին միանալու համար:

Նույն ժամանակ ուտոպիայում, խրախուսման ու պատժի միջոցների բացակայության շնորհիվ, ձևավորվել է մեկ այլ երևույթ՝ ուտոպիայից գոհ մարդկանց մի մասն անտարբեր է իր աշխատանքի էֆեկտիվության նկատմամբ:

Արդյունքում նոր հասարակությունն, ընդհանուր առմամբ, վերադառնում է նախաուտոպիական շուկայական տնտեսությանը, իսկ ուտոպիստների տնտեսական էֆեկտիվությունն ընկնում է, իսկ ռեսուրսների դեֆիցիտն՝ աճում: Ուտոպիան կանգնում է տնտեսական ճգնաժամի առաջ:

Ինչպե՞ս կարող են ուտոպիայի ղեկավարները խուսափել նման սցենարից: Կառավարելով մարդկանց մտքերն ու աշխատանքը: Պրոպագանդա, պատիժներ անգործության (պարազիտիզմի) համար, այլախոհների իզոլյացիա հասարակությունից: Բարի գալուստ հին, բարի ՍՍՀՄ, գուլագներ ու ռեպրեսիաներ:

Եթե The Venus Project-ի հետևորդներն ունենային ունակություն ու տրամադրվածություն ուսումնասիրել, թե ինչու են կոմունիզմի կառուցման նախորդ փորձերն ավարտվել անհաջողությամբ, նրանք կտեսնեին այս ամենը: Ի վերջո, սա նորագույն պատմություն է:

Դրա փոխարեն այս արգումենտին նրանք հակադարձում են, որ ԱՊԱԳԱՅՈՒՄ մարդիկ այլ կերպ կլինեն, ԱՊԱԳԱՅՈՒՄ նրանք բնական ընթացքով կդառնան մեծահոգի, անձնազոհ, հասարակության շահն անձնական շահից բարձր դնող պարտաճանաչ պիոներներ:

Դե, ինչ արած: Ֆրիդրիխ Նիցշեն բավականաչափ գրել է «ստրկական բարոյականության» մասին, ու կարիք չկա, որ ես նրա գրածին ինչ-որ բան ավելացնեմ: Ու ես չեմ ակնկալում, որ իմ հոդվածն ինչ-որ մեկին կհամոզի, որ իր աշխարհընկալումն իրականության հետ շատ քիչ ընդհանուր բան ունի, ու որ իր սուբյեկտիվ ճշմարտությունը բնավ միակ և ունիվերսալ չի: Ցավոք, մարդկությունը դեռ դեղ չի հորինել մոլեռանդության դեմ:

Ու էական չի, թե ինչքան սխալներ, հակագիտական պնդումներ, հակասություններ ու հակադրույթներ կլինեն մոլեռանդների ընտրած տեսությանը՝ լինի դա հոգևոր, թե աշխարհիկ կրոն, սոցիոլոգիական տերմինով ասած: Միշտ կլինեն աշխարհում և իրականության մեջ իրենց տեղից այնքան դժգոհ մարդիկ, որ իրենք կնախընտրեն ապրել իրենց երևակայական դրախտներում, որտեղ գետերով կաթ ու մեղր է հոսում, ու փողոցների սալահատակը ոսկուց է, ու կսպասեն այդ դրախտին երկրի վրա: Ու երբեմն կփորձեն արագացնել այդ դրախտի գալուստը՝ սրբազան ջիհադ սկսելով անհամաձայնների դեմ:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։