#գործկա #գործչկա, ու ով է մեղավոր

Արդյո՞ք Հայաստանում գործ չկա: Այս հարցի համար եկեք հասկանանք մի քանի դրույթ.
  • Հայաստանը միայն Երևանը չի
  • Գործն ու շահագործումը տարբեր բաներ են
  • Աշխատատեղեր ուղղակիորեն ապահովելը պետության գործը չի՝ մենք վաղուց ՍՍՀՄ-ում չենք ապրում
  • Պետության գործն է աշխատատեղերի ու ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելը, ինչպես նաև գործատուի և աշխատողի իրավունքները պաշտպանելը
Երևանում երևի ինչ-որ չափով #գործկա: Գործ կա այնքանով, որ ծանոթներիս մեծ մասը PicsArt-ում է աշխատում: Ու էլի մի քանի տեղ: Բայց եթե ձեր բախտը չի բերել կոնկրետ նեղ ցուցակից մասնագիտությունների տիրապետել, ապա ցավում եմ ձեզ համար:
Դա անառողջ աշխատաշուկայի նշան է: Ու նշան նրա, որ առավել հաջողակ լինելու համար պիտի ընտրեք մասնագիտություն, որը հնարավորություն կտա արտասահմանից ֆրիլանս պատվերներ վերցնել:
Բայց փորձեք աշխատանք փնտրել Երևանից դուրս՝ Գյումրի, Վանաձոր, Կապան: Լրիվ ուրիշ պատկեր է: Այ, այնտեղ գործ իրոք չկա: Գյուղերի մասին չեմ խոսում: Ու եթե առաջարկում եք գյուղատնտեսական ապրանքներ աճեցնել ու հանձնել, ապա հաստատում եք՝ գործի ընտրություն չկա, ու ստիպում եք ինձ հիշեցնել բոլոր այն դեպքերը, երբ գյուղատնտեսական ապրանքներ ընդունող ընկերությունները խաբել ու չեն վճարել հանձնողներին:
Հայաստանում դեպքերի մեծ մասում չկա աշխատանքային էթիկա: Եթե դուք մի տեղ աշխատում եք, ձեզ փորձելու են մոտիվացնել ոչ թե բարձր աշխատավարձով, այլ «աշխարհի ամենալավ թիմով», «մեր կազմակերպությունն ընտանիք է» կամ նման բաներով: Արդյունքում ձեզ փորձելու են վճարել ինչքան կարելի է քիչ, ու ձեզ վրա դնել ինչքան կարելի է մեծ պարտականություններ: Ու համարելու են, որ մունաթը լավ մոտիվատոր է, որ մարդն ավելի լավ և ավելի շատ աշխատի:
Արդյունքում՝ տոքսիկ աշխատանքային միջավայր, նյարդային իրավիճակ, «կարտոֆիլ առնելու» աշխատավարձ:

«Ճշմարտությունը գինու մեջ է»

Սպասարկման ոլորտից մի օրինակ բերեմ: Պայմանականորեն անվանենք սրճարանը «Գինու մեջ»: Աշխատողների զգալի մասը (ասել է թե՝ բացարձակ մեծամասնությունը) աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի: Պատճառը՝ հարկային դաշտն այնպիսին է, որ պայմանագրային աշխատողներ ունենալն այդ ոլորտում ոչ աշխատողին է ձեռնտու, ոչ գործատուին: Պետությունը սկսում է փող վերցնել՝ փոխարենը չափազանց քիչ բան տալով:
Եթե առաջին հայացքից թվում է, որ պետության միջամտությունից գոնե այս չափով ազատվելը լրիվ ձեռնտու է թե՛ գործատուին, թե՛ աշխատողին, եկեք երկրորդ հայացք գցենք:
Կտեսնենք, որ աշխատավայրում անվտանգության կանոնները չեն պահպանվում. օրինակ՝ մսային մթերքներ կտրելու էլեկտրական սարքն այնպես է դրված, որ կտրողն իր ձեռքը չի տեսնում աշխատելուց ու չի կրում պաշտպանական ձեռնոցներ (պողպատ/կևլար ճկուն ձեռնոցներ կան դրա համար):
Ես իմ կոնտակտի միջոցով զգուշացնում եմ դրա մասին: Բացատրություն եմ ստանում՝ «տեղը քիչ է, ուրիշ տեղ չէինք կարող դնել»: Մի քանի դժբախտ պատահարներից հետո (որոնց արդյունքում սարքն ուղիղ շփման մեջ է մտնում աշխատողի արյան հետ ու վտանգում թե՛ աշխատողի, թե՛ հաճախորդի առողջությունը), խոստանում են ձեռնոցներ ձեռք բերել: Մի քանի ամիս անց խոստումը մնում է խոստում:
Ինչպե՞ս են դրան արձագանքում աշխատողները: «Իրենց սրճարանն է, ինչպես ուզում են՝ այնպիսի պայմաններ էլ դնում են: #փողչկա: Ում դուր չի գալիս՝ կարող է գնալ»:
Ինչպե՞ս բացատրել այս մարդկանց, որ իրենք ունեն անվտանգ աշխատավայրի իրավունք, որ իրենք իրավունք չունեն վտանգել հաճախորդների ու մնացած աշխատողների առողջությունը: Անպայման պիտի հեպատիտ C-ի համաճարա՞կ լինի, որ պարզ լինի, թե ինչի մասին եմ խոսում, թե՞ ինչ-որ մեկը պիտի մատը կտրի վրայից:
Ընդ որում, փորձեք աշխատանք գտնել սպասարկման ոլորտում, երբ դուք տղամարդ եք:
Կներեք, բայց այս պայմաններում աշխատել հրաժարվող մարդը ծույլ չի: Հայաստանի աշխատաշուկան առավելություն է տալիս նրանց, ովքեր պատրաստ են աշխատել ցանկացած պայմաններով՝ մոռանալով իրենց իրավունքների մասին: Գումարենք սրան դեպքերը, երբ կազմակերպություններն իրար հետ փոխադարձ պայմանագրեր են կնքում մեկը մյուսի աշխատողներին աշխատանքի չընդունելու մասին (ու նամանավանդ ավելի լավ աշխատանքային պայմաններ չառաջարկելու մասին), այսպես կոչված «մասնագետ չփախցնելու» պայմանագրերն, այնինչ «մասնագետ փախցնելը» շատ առողջ ու լավ երևույթ է:

Ախ այդ սրիկա գործատուները

Գործատուներն էլ հաճախ ավելի լավ իրավիճակում չեն: Կոռուպցիա, պետականորեն հովանավորված մոնոպոլիաներ, «փայ մտնողներ», ու հարկայինը, որը կթում է, ում կարողանում է:
Մի անգամ քննարկման մեջ N փաբի տնօրենին ասում եմ՝ այսինչ ստրատեգիան, որը հիանալի աշխատել է X փաբում, իրեն կօգներ եռապատկել եկամուտները: Ինքը տխուր նայում է ինձ ու ասում՝ այդքանը ես էլ գիտեմ, բայց հիշիր, թե ինչ եղավ Square One-ի հետ, երբ ինքը չափազանց մեծացավ:
Իսկ մենք բոլորս գիտենք, թե ինչ եղավ Square One-ի հետ, չէ՞:
Երբ արտասահմանյան, նորմալ աշխատանքային էթիկային սովոր մարդը ցանկանում է Հայաստանում աշխատուժ վարձել, ինքը տեսնում է «խաթրով կամ մունաթով» աշխատող, սովորական ռեզյումե գրել չիմացող, խաբող, գողացող աշխատողներ, ու ստիպված է լինում երկար ֆիլտրել, որ մնան միայն ադեկվատ, ազնիվ աշխատողները:
Ցանկացած պետական հովանավորում չունեցող գործատու տեսնում է ծայրահեղ կոռուպցիայի մեջ խրված, իրեն ամեն կերպ թալանել փորձող պետություն: Արդյունքում նա ստիպված է առավելագույնս նվազեցնել պետության իրենից խլած փողն ու հնարավորինս քիչ վճարել աշխատողներին, որպեսզի իր բիզնեսը եկամտաբեր մնա:
Աշխատողը դեպքերի մեծ մասում տեսնում է գործատու, որն ուզում է իրեն աշխատացնել, բայց չի ուզում վճարել, ու պետություն, որը ցանկանում է իրեն հարկել, բայց չի ցանկանում պաշտպանել:
Պետությունը տեսնում է նվազող ներդրումներ, աճող գործազրկություն, ու սկսում է դեֆիցիտը լրացնելու համար կրկնակի թալանել եղածներին:

Ի՞նչ անել

Ես այս հոդվածով ոչ կարող եմ, ոչ էլ պատրաստվում եմ ունիվերսալ դեղամիջոց առաջարկել, որը կլուծի Հայաստանում գործազրկության հարցն ու կբուժի խիստ անառողջ աշխատաշուկան:
Գործազրկության դեմ պայքարի համար Հայաստանն առաջին հերթին պիտի պայքարի իր պետական ապարատի կոռուպցիայի դեմ, թուլացնի ռեգուլյացիաները միջին և փոքր բիզնեսի նկատմամբ, հակամոնոպոլ մեխանիզմներ գործարկի:
Որպեսզի աշխատատեղեր բացվեն, երկրի տնտեսությունը պիտի աճի: Որպեսզի երկրի տնտեսությունն աճի, պետությունը պիտի վարի վարի էքսպանսիվ հարկային քաղաքականություն: Ցածրացնի հարկերն ու ռեգուլյացիաները, վարի պահպանողական ֆիսկալ քաղաքականություն, տնտեսության աճով կոմպենսացնի արտաքին պարտքի աճը, փոքրացնի և օպտիմիզացնի կառավարական կառույցները:
Փոխարենը Հայաստանը վարում է կոնտրակտիվ հարկային քաղաքականություն: Իսկ այդ քաղաքականությունը վարում են, երբ պետք է ներքին տնտեսությունը դարձնել ավելի փոքր, բայց ավելի կայուն: Կոնտրակտիվ քաղաքականություն վարելուց ծայրահեղ կարևոր է ավելացված կարճատև հարկային եկամուտն արտաքին պարտքը փոքրացնելու համար օգտագործելը:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Մեծացնում է արտաքին պարտքը:
Եթե քո տնտեսությունը չի աճում ավելի արագ տեմպերով, քան քո արտաքին պարտքը, ապա քո պետության միակ հեռանկարը սնանկությունն է:

«Բոլոր այն դեպքերը»

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։