«Լավ երեկո, լավ կալանավայրեր», կամ «Ինչու՞ են աղմկում ֆեմինիստները»

 Հ1-ի «Լավ երեկո» հաղորդաշարը մարտի 8-ին կալանավայրերում գտնվող կանանց մասին ռեպորտաժ էր պատրաստել: Ռեպորտաժը վարում էր Արուս Տիգրանյանը:
Ես ինքս համարում եմ, որ Արուսը շատ վատ հումորի զգացողություն և ժուռնալիստական էթիկա ունի: Ընդհանուր առմամբ, ես նախընտրում եմ խուսափել նրա հաղորդումները դիտելուց մի պարզ պատճառով՝ այդ հաղորդումներն ինձ տհաճ են:
Բայց դրանից հետո հանկարծ հայկական ֆեյսբուքի ամբողջ լիբերալ մասսան հանկարծ վեր կացավ ու սկսեց Արուսին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, այդ ընթացքում հնչեցնելով բավականին ճշմարտացի, բայց սարսափելի սխալ հասցեագրված բողոքներ:

Նախ՝ թե ինչ տեսա ես, երբ այդ աղմուկից հետո նայեցի Արուսի ռեպորտաժը: Հ1-ն արտոնյալ հնարավորություն էր ստացել կանանց կալանավայր մուտք գործել: Մի հնարավորություն, որից հաճախ զրկված են իրավապաշտպան կառույցները, հետաքննող լրագրողները և այլոք, ովքեր ունեն ունակություն, հնարավորություն և իրավունք՝ մոնիտորինգ իրականացնել կալանավայրերում:

Ինչու էր Հ1-ը նման արտոնյալ հնարավորություն ստացել՝ որովհետև Հ1-ը հավատարիմ է իշխող ռեժիմին ու հաստատ կալանավայրերում բռնություն ու կոռուպցիա ուսումնասիրելու չէր գնալու:

Ռեպորտաժում ցուցադրված կանայք բավականին նպատակային էին ընտրված. առավել կուլտուրական, հասարակ, անվտանգ մարդիկ, ովքեր նկարահանվել էին առավել բարեկեցիկ պայմաններում:

Նորից ձեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ չէին ընտրվել «Կարիճ Լիլոյի» և իր ընկերուհիների կատեգորիայի մարդիկ, ում միջոցով ավելի հեշտ կլիներ էժան ծիծաղ առաջացնել հանդիսատեսի մոտ: Ընտրվել էին կանայք, ում հասարակությունն առավել դրական կընկալեր, ու բավականին լավ պայմաններում:

Բնականաբար՝ սա պրոպագանդա էր: Ուղղված ոչ միայն հասարակությանն, այլ նաև միջազգային կառույցներին: Իբր՝ «մեր բանտերը միգուցե Շվեդիայի մակարդակի չեն, բայց մենք մեր աղքատ երկրում մարդկային և կարեկից պայմաններ ենք ստեղծել կալանավորված կանանց համար»:

Երբ Արուսը հարց տվեց՝ արդյո՞ք հմայիչ բանտապահներ լինում են, ես կծկվեցի պահի տհաճությունից: Արուսն, ըստ երևույթին, իր «տնային աշխատանքը» լավ չէր կատարել, ու տեղյակ չէր,  որ կանացի կալանավայրերում բանտապահները նույնպես կանայք են, ու տեղյակ չէր բանտապահերի կողմից կալանավորված մարդկանց նկատմամբ ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության հաճախակի բնույթից:

Արդյո՞ք Հ1-ի մեսիջը համապատասխանում է իրականությանը: Իհարկե ոչ: Բավականին լավ փաստագրված է բազմաթիվ իրավապաշտպան կառույցների կողմից, որ հայկական կալանավայրերում բավականին անմարդկային պայմաններ են: Արդարադատության համակարգի բարձր կոռուպցիան ու չարաշահումները մի կողմից, կալանավորված անձանց անընդհատ բռնության տարբեր ձևերի ենթարկվելը թե՛ կալանավայրի անձնակազմի, թե՛ այլ, քրեական հիերարխիայում առավել բարձր դիրք գրավող բանտարկյալների կողմից:
Կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդկանց պահում են կալանավայրում ու հետաձգում իրենց գործերը, մինչև իրենք մահանան՝ զուրկ անհրաժեշտ բուժօգնությունից ու խնամքից:

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի դեպքը սրա բավականին թարմ օրինակ է:

Ու, չնայած ՀՀ արդարադատության համակարգի այս ամբողջ քննադատությունը փաստ է, Արուս Տիգրանյանն ուղղակի մեղավորություն չունի այս հարցում: Կարիք չկա այս բոլոր խնդիրներն Արուսի գլխին ջարդել:

Ինչպիսի՞ն էին Արուսի ռեպորտաժի կանայք: Սովորական: Ոչ վախենալի: Խոցելի: Մարդկային: Հասարակ մարդիկ: Մի քիչ շփոթված Արուսի հաճախ անտակտ ու թեմայից բեխաբար հարցերից:

Բայց հնչեցվեցին կարծիքներ, թե այդ կանայք շահագործվել են: Թե իրենց հարկադրվել է մասնակցել ռեպորտաժին: Թե իրենց պատասխանները մոնտաժվել են այնպես, որ իրենց ներկայացնեն բացասական լույսի տակ: Կարծիքներ՝ առանց ապացույցների:

Կարծիքներ հայտնեցին բոլորն, ովքեր չէին ալարում՝ մեր սիրելի ռադիկալ ֆեմինիստներից մինչև Բլոգնյուզ:

Կալանավայրերի խնդիրներն են՝ հանրային վերահսկողության համար թափանցիկությունը, կոռուպցիան, բռնության տարբեր ձևերը, չարաշահումները:

Արուս Տիգրանյանն ու իր ռեպորտաժը հայկական կալանավայրերի համար ոչ խնդիր են, ոչ վերևում նշված խնդիրների մեղավոր կամ հասցեատեր: Այդ ռեպորտաժի հետ կապված անձնավորված հարձակումները և ամբողջ այդ հիստերիան՝ մի քիչ զվարճալի, մի քիչ կանխատեսելի, մի քիչ էլ տխուր:

Բայց իրենք էլ են ցուցադրում հայկական իրավապաշտպան դաշտի խնդիրներից մեկը. մարդիկ ու կազմակերպությունները, որոնք պետք է որ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվեին, հաճախ ոչ թե կոնկրետ խնդիրներ են փորձում բարձրացնել, հասցեագրել, լուծել, այլ ընդամենը մուռ են հանում իրենց իմպոտենցիայի համար:

Ումի՞ց՝ նրանից, ումից կարող են, ով բավականաչափ անպաշտպան է, ով չունի իշխանություն: Այս դեպքում՝ Արուս Տիգրանյանից:

Հուսով եմ՝ ճնճղուկների վրա թնդանոթներ կրակող այս մարդիկ օրվա վերջում կկարողանան նայել հայելու մեջ և ասել, որ հպարտ են իրենց տարած «մեծ հաղթանակով»:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։