Մի փոքր վեգանների «էթիկայի», անասնապահության ու ԳՄՕ-ների մասին

Նախ՝ սահմանենք, որ «էթիկ վեգանն» ընդունված տերմին չի, ու այս հոդվածում օգտագործվում է, որպեսզի նկարագրի այն մարդկանց, ովքեր որոշել են վեգան լինել՝ ելնելով էթիկ նկատառումներից:

Ընդհանուր առմամբ, ցանկացած մարդ իրավունք ունի իր սեփական կարծիքն ունենալ ցանկացած հարցի շուրջ, ու ցանկացած չափահաս մարդ իրավունք ունի որոշել սեփական կերակրացանկը: Եթե հասուն մարդը որոշում է վեգան լինել, ու դա ձեր կյանքի վրա ոչ մի կերպ չի ազդում, լավագույն արձագանքն է՝ հարգել նրա որոշումն ու թույլ տալ, որ անի, ինչ ուզում է:

Խնդիրն առաջանում է այսպես կոչված «էթիկ վեգաների» հետ:

Բոլորս էլ, կարծում եմ, հասկանում ենք, որ ավելի հեշտ է հումանիզացնել կենդանիներին, քան բույսերին: Ավելի հեշտ է ընդհանրություն տեսնել մեր ու կենդանիների միջև, նրանց վերագրել մարդկային զգացմունքներ, մտքեր, և այլն: Ու դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա. մենք ինքներս կենդանիներ ենք:

Ու լրիվ բնական է, որ շատ մարդկանց համար կենդանի սպանելը գեղեցիկ տեսարան չի: Նամանավանդ ինդուստրիալ մասշտաբի վրա իրականացվողը:

Էռնեստ Հեմինգուեյը, ով բնավ բուսակեր չէր, հետաքրքիր մոտեցում է արտահայտում իր «Ծերունին ու ծովը» վիպակում.

Հետո նա ափսոսում էր մեծ ձկան համար, որն ուտելու բան չուներ, ու իր որոշումը սպանել նրան չէր թուլանում ձկան համար իր ափսոսանքից: Քանի՞ մարդ նա կկերակրի, մտածում էր ծերունին: Բայց արդյո՞ք նրանք արժանի են ուտել ձկանը: Ոչ, իհարկե ոչ: Ոչ ոք արժանի չէր ուտել նրան, ելնելով նրա վարքի ձևից ու մեծ արժանապատվությունից: Ես չեմ հասկանում այսպիսի բաները, նա մտածեց: Բայց լավ է, որ մենք ստիպված չենք սպանել արևը, կամ լուսինը, կամ աստղերը: Բավական է ապրել ծովի հաշվին ու սպանել մեր իսկական եղբայրներին:
Ու սա բավականին լավ է ներկայացնում հետերոտրոֆ օրգանիզմ լինելու դիլեման. ի տարբերություն ավտոտրոֆ օրգանիզմների (օրինակ՝ բույսերը), որոնք ինքնուրույն կարողանում են օրգանական նյութեր սինթեզել անօրգանականներից,  մենք ստիպված ենք սնվել օրգանական նյութերով, որոնք ստեղծել են ուրիշ կենդանի օրգանիզմներ: Դա ենթադրում է նաև ուտել այլ կենդանի օրգանիզմներ՝ լինեն դրանք բույսեր, թե կենդանիներ:

«Էթիկ վեգանները», ինչպես շատ այլ նմանատիպ խմբեր, ցավոք, բավականին բարդ իրավիճակը կբերեն «ակնհայտ պարզ ճշմարտությունների» շարքի. կենդանիները նույնպես կենդանի են, ու նրանց ուտելը հրեշավոր է, ուրեմն մարդիկ պետք է հրաժարվեն ուտել կենդանիներ ու սնվեն զուտ բուսական սնունդով:

Թոմաս Ռոբերտ Մալթուս, 1766-1834
Կարծում եմ՝ իրենցից ոչ մեկը չի ուսումնասիրել, օրինակ, Թոմաս Մալթուսի տեսությունն այն մասին, թե ինչպես աշխարհի մարդկային բնակչությունն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, իսկ սնունդը՝ թվաբանական պրոգրեսիայով, ու կանխատեսում այսպես կոչված «մալթուսական աղետ», երբ բնակչությունն անցներ սննդի արտադրությունը (Թոմաս Մալթուս, «Էսսե բնակչության սկզբունքի մասին», 1798):

Թոմաս Մալթուսը պնդում էր, որ անհրաժեշտ է կարգավորել աշխարհի բնակչությունն ու դրա համար նշում էր կարգավորման երկու տեսակ. կանխարգելիչ ու դրական: Կանխարգելիչ կարգավորումը մարդկանց գիտակցական որոշումն է՝ քիչ երեխաներ ունենալ: Մալթուսի կարծիքով, այս տարբերակը կարող էր հատուկ լինել միայն մարդկանց, քանի որ այն ենթադրում է հետևանքների կանխատեսում: Դրական կարգավորումները ռեսուրսների պակասից բխող սովը, համաճարակներն ու պատերազմներն են, որոնք նույնպես պակասեցնում են բնակչությունն այն դեպքում, երբ կանխարգելիչ կարգավորումներ չեն ձեռնարկվել:

Ըստ Մալթուսի, մարդկանց բնակչության կարգավորման վերջին, ամենասարսափելի ձևը, որ ունի բնությունը, համատարած սովն է, երբ ռեսուրսները չափազանց քիչ են բնակչության համար: Սա էլ հենց «մալթուսական աղետն է»:

Ու «մալթուսական աղետն» անխուսափելի կլիներ, եթե չլինեին սննդի ինդուստրիալիզացիան ու 20-րդ դարի 50-ական/60-ական թվերի «Կանաչ հեղափոխությունը»: Սա իր հերթին իջեցրեց սննդի գներն ու նեո-մալթուսական միտքը ենթադրում էր, որ կբերի նոր մալթուսական աղետի, բայց տեղի ունեցավ մի անսպասելի բան. այն, ինչ նպաստելու էր մալթուսական աղետին, սկսեց կանխարգելել այն: Ավելի լավ առողջապահությունը, կյանքի ավելի երկար տևողությունը, մանկական մահացածության ավելի ցածր մակարդակները զարգացած երկրներում բերեցին նրան, որ մարդիկ նախընտրում էին ունենալ ավելի քիչ երեխաներ ու կենտրոնանալ այդ քիչ երեխաներին ավելի լավ խնամք ու դաստիարակություն ապահովելու վրա՝ ի հակադրություն հին ժամանակների, երբ մարդիկ ունենում էին այնքան երեխա, որքան կարող էին, հուսալով, որ այդ երեխաներից մի քանիսը կապրեն մինչև հասուն տարիք: Կանխարգելիչ կարգավորումները, փաստորեն, սկսում են գործել բարձր կենսամակարդակի դեպքում:

Ու սա ընդամենը մեկն է բոլոր այն բարդ գործոններից, որոնք պետք է հաշվի առնել նման հարցերում:

«Էթիկ վեգանները» նախընտրում են մասսայի համար ավելի դյուրամարս, պրիմիտիվ ընկալումներ՝ փոխառելով գաղափարներ ամենատարբեր աղբյուրներից:

Նրանք ներկայացնում են մարդկանց ու տնական կենդանիների միջև հարաբերությունները մարքսիստական «շահագործող-շահագործվող» տեսանկյունից: Ավելի ուշադիր դիտողը կնկատի, որ ինչպես մրջյունները, որոնք պաշտպանում ու «կթում» են լվիճների կոնկրետ տեսակների, մարդիկ ու տնական կենդանիները նույնպես սիմբիոզի մեջ են: Կենդանատեսակները, որոնք մարդիկ բուծել ու պահում են կաթի, ձվի ու մսի նպատակով, բնության մեջ չեն կարող գոյություն ունենալ:

Իհարկե, անասնաբուծությունն ինդուստրիա է, ու ինչպես ցանկացած ինդուստրիայում՝ այստեղ էլ հաճախ բախվում են էթիկան ու էֆեկտիվությունը: Շատ դեպքերում կենդանիներին պահում ու օգտագործում են անմարդկային պայմաններում, ու գրեթե ցանկացած մարդ էլ բացասական արձագանք է տալիս նման իրավիճակներին: «Էթիկ վեգաններն» ինչ-որ տարօրինակ սադիստական հաճույք են զգում այդ ոչ էթիկ վարքի կադրեր ցուցադրելուց ու դա ընդհանուր մսի օգտագործման դեմոնիզացիայի համար օգտագործելուց: Ցավոք, սա խնդրի լուծմանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ. անասնապահական ինդուստրիայի վրա կարելի է ազդել կամ պետական կարգավորումների, կամ մսի օգտագործողների միջոցով: Կենդանական սննդի տեսակների օգտագործումը բացառելն ու օգտագործողներին ինդուստրիայի ոչ էթիկ ներկայացուցիչների կարգին դասելը փակում է նրանց համար երկու դռները:

Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես թշնամանալ բոլորի հետ ու չհասնել ձեր նպատակին, խորհուրդներ հարցրեք հենց «էթիկ վեգաններից»:

Մսային ինդուստրիան հետաքրքիր ինքնակարգավորման մեխանիզմներ ունի. էթիկ անասնաբուծությունն անհամեմատ ավելի թանկ է, քան ոչ էթիկը, ու Բրիտանիան իր ավելի թանկ, բայց էթիկ ճանապարհներով ստացված միսը պաշտպանելու համար արգելում է էժան, բայց բրիտանական խիստ կարգավորումներին չհամապատասխանող մսի ներմուծումը նույնիսկ Եվրոպական Միության երկրներից:

Էմպատիան (ուրիշների զգացմունքներն ընկալելը) մարդկային հատկանիշ է: Ցանկացած մարդ, ով սոցիոպատ չի, հաճույք չի ստանում անմարդկային պայմաններում պահվող ու սպանվող կենդանիներ տեսնելուց: Անկախ նրանից, օգտագործում է կենդանական սնունդ, թե ոչ: Մյուս կողմից՝ Հայաստանի բավականին ականավոր վեգաններից մի քանիսն ինձ վրա սոցիոպատի տպավորություն թողեցին իրենց էմպատիայի իսպառ բացակայությամբ:

Անասնապահությունն ուրիշ խնդիրներ էլ ունի: Մյուս կողմից, գինն իջեցնելու ու արտադրությունն ավելացնելու համար կենդանիներին հաճախ կերակրում են հակաբիոտիկներով, ստերոիդներ են սրսկում և այլն, ինչը ոչ մեր առողջության, ոչ շրջակա միջավայրի համար լավ չի: Արդյո՞ք սա խոսում է նրա մասին, որ անասնապահությունն իրենով չարիք է: Իհարկե ոչ: Սա խոսում է նրա մասին, որ ինդուստրիայի նկատմամբ կարգավորումներն ու սպառողի ազդեցությունը շուկայի նկատմամբ թույլ են:

Ու եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մի խումբ մարդիկ, ովքեր չեն հանդիսանում կենդանական սննդի օգտագործողներ, կարող են բողոքի ցույցերով լուրջ ազդեցություն ունենալ այդ ինդուստրիայի վրա, ապա վախենամ՝ իրենք մոլորվում են: Ինդուստրիայի վրա ազդում են, ինչպես արդեն ասացի, իրավական կարգավորումներն ու սպառողը:

Մյուս կողմից, եկեք տեսնենք մի դառը ճշմարտություն. քանի որ մենք ու տնական կենդանիները սիմբիոզի մեջ ենք, վեգանների պատկերացրած բուսակեր ապագան չի ենթադրում բնության մեջ ազատ վազվզող ճագարուկներ, կովուկներ ու ոչխարուկներ: Այն ենթադրում է տնական կենդանիների մեծ մասի իսպառ ոչնչացում՝ ներառյալ գիշատիչ տնական կենդանիներին (շներ, կատուներ՝ իրենք նույնպես զրկվելու են սննդի աղբյուրից): Վերացնելով այդ կենդանիներին պահելու տնտեսական ստիմուլը, մենք կենդանիներին պահելու վրա ծախսվող ահռելի չարդարացված ռեսուրս ենք ունենում: Միակ լուծումը նրանց այլևս չպահելն է, իսկ այդ կենդանիների մի մասը բնության մեջ կենսունակ չի, իսկ մնացածը, ազատ բաց թողնելու դեպքում, կդառնա ինվազիվ կենդանատեսակ ու կվնասի շրջակա միջավայրին:

Տարիների ընթացքում բազմաթիվ վեգաններ փորձել են սրան հակադարձել ասելով, թե կարիք չկար կենդանիներին որպես սնունդ օգտագործել ու կախվածության մեջ դնել մարդուց:
Մի կողմից՝ այդ ժամանակ մարդն առանձնապես ընտրություն չուներ. ընտրությունն էր՝ ուտել այն, ինչ կարող ես գտնել կամ աճեցնել, կամ սովամահ լինել: Մինչև կարտոֆիլի կուլտիվացիան Եվրոպայում, ամեն ձմեռ սովը բազմաթիվ կյանքեր էր տանում:
Մյուս կողմից՝ այս մոտեցումը կոնստրուկտիվ չի. այն լուծում չի ցույց տալիս, այլ ընդամենը փորձում է արդարացնել իմ ներկայացրած ելքի անխուսափելիությունը՝ պատասխանատվությունը գցելով մեր վաղուց մահացած նախնիների վրա:

Մեկ կիլոգրամ տավարի մսի արտադրության միջին գինն ԱՄՆ Իլինոյս նահանգում 2015 թ. տվյալներով կազմել է 95,96 դոլար՝ ամեն 100 ֆունտի համար (մոտ 45.3592 կգ): Աղբյուրը՝ Իլինոյսի համալսարան, ֆերմային բիզնեսների կառավարման ռեսուրսներ: Անասնապահությունը թանկ է: Բայց եկամտաբեր: Ահա թե ինչու այն գոյություն ունի:

Բուսական կուլտուրաների մշակման էթիկ կողմն ինքը բավականին բարդ թեմա է: Օրինակ՝ ավոկադոն, բուսակերների սիրած սնունդներից մեկը: Մի կողմից՝ ավոկադոների պահանջարկի կտրուկ աճն ավոկադոների արտադրությունը դարձրել է խիստ եկամտաբեր ու բերել է մեքսիկական անտառների ապօրինի ոչնչացման: Մյուս կողմից՝ մի քիչ մաթեմատիկա անենք: Ավոկադոյի ծառը սկսում է նորմալ բերք տալ (մինչև 200-300 հատ) տնկելուց 5-7 տարի հետո: Մինչ այդ այն եկամտաբեր չի: Ու այն թանկ է: Թանկ է՝ քանի որ շատ ջուր, խնամք ու հող է պահանջում: 5-7 տարի եկամուտ չբերող թանկարժեք ներդրում կատարել կարող են խոշոր արտադրողները կամ նրանք, ովքեր ավոկադո աճեցնելու համար երկարաժամկետ վարկեր են վերցնում: Ինչի հետևանքով ավոկադոյի ինդուստրիան ուժեղ հակում ունի մոնոպոլ դառնալ: Աշխարհի ավոկադոների 60 տոկոսն արտադրվում է Մեքսիկայում, որտեղ իրավական ու էթիկ կարգավորումները թույլ են, ոռոգումն՝ էժան:

Բուսական սննդի ինդուստրիալ մասշտաբի արտադրությունը բարդ ու թանկարժեք պրոցես է: Բույսերը պետք է տարածքով ապահովել, ջրել, պարարտացնել, պաշտպանել մակաբույծներից: Արդյունքում տարածքը հաճախ ապահովվում է բնական միջավայրի ոչնչացման հաշվին: Ջրելը սպառում է քաղցրահամ ջրի պաշարները: Նիտրատային պարարտանյութերն ու պեստիցիդներն աղտոտում են ստորգետնյա ջրի պաշարներն ու լցվում համաշխարհային օվկիանոս:

Գենետիկ մոդիֆիկացիան հնարավորություն է տալիս շրջանցել այս խնդիրներից շատերը՝ ստանալ մակաբույծների նկատմամբ դիմացկուն, չորակայուն բույսեր, որոնք կարող են աճել այլ բույսերի համար ոչ պիտանի տարածքներում ու լուծել սովի լուրջ խնդիրներ: Բայց «էթիկ վեգանների» զգալի մասն իրենց էլ է դեմ. մարդու միջամտությունը բույսերի գենետիկային իրենց հակաբնական ու վտանգավոր է թվում: Իրենք ուզում են իրենբ բնական, թեկուզ ոչ այնքան էթիկ ու բնության համար հաճախ աղետաբեր բուսական սնունդը:

Մյուս կողմից, գենետիկ մոդիֆիկացված բույսերը հաճախ չափազանց կենսունակ են, ու եթե անկառավարելի բազմանան, կարող են ներխուժող դառնալ ու արտամղել տեղական բուսական ու կենդանական աշխարհը՝ բնությանը հաճախ անուղղելի վնաս հասցնելով: Դրա համար գենետիկ մոդիֆիկացված բույսերի արտադրողներն այսպես կոչված «տերմինատոր գեներ» են օգտագործում՝ գեներ, որոնք այդ բույսերին թույլ չեն տալիս երկրորդ սերունդ տալ: Սա էլ երկկողմանի երևույթ է. մի կողմից՝ այդ բույսերը բնապահպանական ռիսկ չեն ներկայացնում, մյուս կողմից՝ իրենց աճեցնելու միակ ձևն անընդհատ արտադրողից սերմեր գնելն է, քանի որ բերքից հավաքված սերմերն անպտուղ են: Սրան նույնպես «էթիկ վեգանների» զգալի մասը դեմ է, քանի որ իրենք նկատում են, որ կորպորացիաներն այսպես սպառողին թույլ չեն տալիս անկախանալ, բայց շատ հարմարավետ անտեսում են մնացած ռիսկերը:

Ի՞նչ են ուզում «էթիկ վեգանները»՝ ապրել իրենց պատկերացումներով ավելի լավ, ավելի բարի աշխարհում: Ցավոք, իրականությունը հրաժարվում է համապատասխանել իրենց չափանիշներին: Աշխարհը ծիածաններ ու միաեղջյուրներ չի, ու ամենից հաճախ մենք ստիպված ենք դժվար, կոմպրոմիսային որոշումներ կայացնել՝ բազմաթիվ կյանքեր ռիսկի չենթարկելու համար: Ցավոք՝ ցանկացած ժամանակաշրջանում որոշ մարդիկ հրաժարվելու են մեծանալ ու նախընտրելու են ապրել իրենց հեքիաթային աշխարհում, որտեղ կա հստակ սահմանված չար ու բարի, ու հստակ սահմանված բաժանում իրենց միջև: Որովհետև, եկեք ազնիվ լինենք, իրական ու անորոշություններով լի աշխարհում ապրելը վախենալի է: Աշխարհում, որտեղ ցանկացած արարքից հետո ապրում ենք ոչ թե մեր բարի նկատառումների, այլ այդ արարքի հետևանքների հետ:

Առողջ եղեք:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։