Արդարադատության մասին

Ընդհանուր առմամբ, կա պատճառ, ինչու շահագրգռված մարդկանց թույլ չեն տալիս արդարադատություն իրականացնել:

Գրեթե ցանկացած ծնողի, ամուսնու, սիրեկանի համար իր մերձավորն անմեղ կթվա բավականաչափ ծանր գործում:

Մյուս կողմից՝ եթե զոհը ձեր մերձավորն է, դուք կշտապեք դատողություններ անել ու առավելագույն պատիժ պահանջել կասկածյալի համար:

Դրա համար մենք ունենք արդարադատության համակարգ, որի նպատակն անաչառ վճիռներ կայացնելն է:

Ու նաիվ է պատկերացնելը, թե արդարադատության համակարգը բացարձակ է: Բայց փորձեմ ավելի պարզ բացատրել, թե ինչի մասին է խոսքը:

Անմեղության կանխավարկածի մասին

Անմեղության կանխավարկածը մի իրավունք է, որն առավել հաճախ է խախտվում հանրության ու պրեսսայի կողմից: Անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր հանցանքը չի ապացուցված օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում անմեղության կանխավարկածը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում (անմեղության կանխավարկածը).
  1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
  2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
  3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
  4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
  5. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Անմեղության կանխավարկածն, ինչպես տեսնում ենք, գործում է մինչև այն պահը, երբ մեղադրյալի նկատմամբ կայացվում է վճիռ, ու վճիռն օրինական ուժի մեջ է մտնում:

Անմեղության կանխավարկածը չի նշանակում «դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պետք է հաշվի առնել, որ միգուցե դատապարտյալն անմեղ էր»:

Միևնույն ժամանակ, երևի հիշում եք, թե վերջերս հոլիվուդյան ու շոուբիզնեսի քանի ներկայացուցիչ, առանց ունենալու իրենց նկատմամբ կայացված դատավճիռ, կորցրեցին հանրային աջակցությունն, աշխատանքը, գործընկերներին #MeToo շարժման ընթացքում՝ միայն հրապարակային մեղադրանքի ու բողոքի պոպուլյար շարժման պատճառով:

Այդ մարդկանց շատ դեպքերում ներկայացվել էին քրեական մեղադրանքներ, բայց հանրայնորեն, ոչ թե դատական կարգով, ու կիրառվել էր «ամբոխի արդարադատությունը»: Այդ մարդկանցից ով էր մեղավոր, ու ով անմեղ՝ մենք երևի երբեք չիմանանք: Ցավոք՝ նման ելքն անխուսափելի է, երբ մենք արդարադատությունը փոխարինում ենք պոպուլյար սենտիմենտով:

Տրամվայի խնդիրը

Էթիկայում մի խնդիր կա, որն անվանում են «տրամվայի խնդիր»:
Պատկերացրեք, որ գծերով տրամվայ է արագ ընթանում դեպի ռելսերի վրա կապված հինգ մարդ: Դուք կանգնած եք բռնակի մոտ, որը կարող է փոխել տրամվայի ընթացքի ուղղությունը, բայց այդ դեպքում այն կթեքվի ու կգնա այլ ռելսերով, որոնց մեկ մարդ է կապված: Դուք ունեք երկու տարբերակ. թողնել, որ տրամվայը շարունակի իր ընթացքն ու սպանի հինգ մարդու, կամ փոխել տրամվայի ուղղությունը, և այն մեկ մարդ սպանի:
Սա մտավոր էքսպերիմենտ է, որը չունի միանշանակ ճիշտ կամ սխալ պատասխան. ընդհանուր առմամբ, խնդրի նպատակն է ստիպել ձեզ մտածել նման որոշման էթիկ հիմնավորումների մասին:

Խնդրում եմ, որոշ ժամանակ մտածեք այս խնդրի մասին: Ու եթե խնդիրը ձեզ պարզ ու միանշանակ թվա, կարող եք ժամանակ չվատնել հոդվածի շարունակությունը կարդալու վրա:

Արդարադատության համակարգ ունենալը նշանակում է ընտրել երկրորդ տարբերակը: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որը պետք է մեր փոխարեն որոշում կայացնի: Ու մենք պետք է ընդունենք այդ որոշումն՝ անկախ նրանից, համաձայն ենք դրա հետ, թե ոչ:

Արդարադատության համակարգն իրենով հաշվի առնում է իր ոչ բացարձակ լինելը: Անձամբ ինձ ավելի շատ է դուր գալիս ամերիկյան դատական համակարգը, ու հիմա կբացատրեմ, թե ինչու: Նախ՝ քաղաքացուն մեղավոր կամ անմեղ չի ճանաչում պետության ներկայացուցիչ դատավորը: Վճիռը կայացնում են տասներկու գործով չշահագրգռված քաղաքացիներ՝ երդվյալ ատենակալներ: Վճիռը պետք է միաձայն լինի, հակառակ դեպքում նոր դատարան կհրավիրվի՝ նոր երդվյալ ատենակալներով: Մեղադրող կողմը պարտավոր է ցանկացած խելամիտ կասկածից դուրս ապացուցել, որ մեղադրյալը կատարել է հանցագործությունը: Դատավորի ֆունկցիան է՝ որոշել, թե որ ցուցմունքների և ապացույցների հիման վրա պետք է կայացվի այդ որոշումը, ու որոնք պետք է անտեսվեն երդվյալ ատենակալների կողմից:

Մենք ունենք այն արդարադատության համակարգը, որն ունենք: Կարող ենք փոխել այն՝ ժողովրդավարությունը մեզ թույլ է տալիս դա անել, կարող ենք վերահսկել: Բայց միևնույն ժամանակ պարտավոր ենք իր հետ հաշվի նստել:

Մեր արդարադատության համակարգն ունի երեք ատյաններ: Առաջին ատյանի դատարանում որոշվում է մեղադրյալի մեղավոր կամ անմեղ լինելը: Եթե մեղադրյալը համաձայն չի առաջին ատյանի դատարանի վճռի հետ, համարում է, որ կայացվել է ոչ իրավաչափ վճիռ, կամ խախտվել է իր արդար դատավարության իրավունքը, ապա նա իրավունք ունի սահմանված ժամկետում դիմել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում քննարկվում է նրա վերաքննիչ բողոքն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Եթե վերաքննիչ դատարանը չի բավարարում բողոքը, բայց մեղադրյալը դեռ համոզված է, որ իր նկատմամբ կայացված վճիռն իրավաչափ չի, նա կարող է դիմել վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը Հայաստանի ամենաբարձր դատական ատյանն է: Եթե վճռաբեկ դատարանն էլ առաջին ատյանի դատարանի վճիռն ուժի մեջ թողնի, մեղադրյալը պարտավոր է ընդունել դատարանի վճիռը:

Ցավոք՝ կա մի երևույթ, որը կոչվում է կոռուպցիա: Ու կոռուպցիայի պատճառով երբեմն կարող են ոչ իրավաչափ վճիռներ կայացվել բոլոր ատյաններում, նամանավանդ եթե խոսքը գնում է մեծ փողերի և ազդեցիկ մարդկանց մասին: Երբ պետության դատական բոլոր ատյանները չեն ապահովում քաղաքացու արդար դատավարության իրավունքը, փաստացի ստացվում է, որ պետությունը խախտել է քաղաքացու իրավունքը: Ինչը մարդու իրավունքի ոլորտի խախտում է: Այդ կապակցությամբ ՀՀ քաղաքացին իրավունք ունի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով այնտեղ քննել իր իրավունքների խախտումը: Եթե ՄԻԵԴ-ը բավարարի բողոքը, այն կարող է հարկադրել պետությանը վերականգնել քաղաքացու իրավունքը:

Ընդ որում, քաղաքացու մեղավոր կամ անմեղ լինելը քննարկվում է միայն մեկ ատյանում. առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում քննարկվում է դատարանի կայացրած վճռի իրավաչափ լինելը: ՄԻԵԴ-ում քննարկվում է մարդու արդար դատավարության իրականացման իրավունքի բավարարված լինել-չլինելը:

Բոլոր ատյաններն անցած կամ չբողոքարկված վճիռը օրենքով մտնում է ուժի մեջ:

Սրա նպատակը կապված է մեր տրամվայի խնդրի հետ. արդարադատության համակարգը բացարձակ կամ անսխալական չի: Այն ժամանակ առ ժամանակ անխուսափելիորեն դատապարտելու է անմեղ մարդկանց: Այս ամենի նպատակն է պաշտպանել մարդկանց արդարադատության համակարգի սխալների, փոքրացնել անմեղ դատապարտյալների թիվը:

Ինչից է վախենում արդարադատության համակարգը

Արտաքին ազդեցությունից: Ազդեցիկ մարդկանցից և խմբերից: Փողից:

Արդարադատության համակարգի ներկայացուցիչներն, ինչպես ցանկացած մարդ, իրենցից որոշակի կոռուպցիոն ռիսկ են ներկայացնում: Իրենց հնարավոր է կաշառել: Վախեցնել: Ճնշել:

Ընդհանուր առմամբ, ինձ համար մեկ է, արդարադատության համակարգը որոշում կկայացնի կաշառքի, թե պոպուլյար բողոքի ալիքի հիման վրա: Ցանկացած դեպքում, խախտվում է արդար դատավարության իրավունքը: Արդարադատության համակարգը կայացնում է վճիռ, որը ձեռնտու է մի կողմի, որն ավելի շատ ազդեցության լծակներ ունի:

Իսկ եթե օրենքնե՞րն են անարդար

Արդարադատության համակարգը դրա դեմ էլ ունի ապահովագրության մեխանիզմներ: Ժողովրդավարությունը մեզ հնարավորություն է տալիս փոխել օրենքները: Օրենքի փոփոխությունը միշտ մեկնաբանվում է քաղաքացու օգտին, եթե նույնիսկ քաղաքացին իր դեմ կայացված վճիռ ունի:

Ե՞րբ կարող է փոխվել դատարանի ուժի մեջ մտած վճիռը

Երկու իրավիճակում: Առաջինը՝ եթե փոխվի օրենքը, որը կիրառվել է վճիռը կայացնելիս, այն էլ՝ եթե օրենքի փոփոխությունը դատապարտյալի օգտին է: Երկրորդը՝ եթե ի հայտ գան գործի հանգամանքներ, որոնք հայտնի չէին վճռի կայացման պահին, կամ փոխվեն գործի հանգամանքներ,  ու դրանք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ վճռի վրա:

Օրինակ՝ 1915 թ. դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Ալաբամա նահանգում դատարանը ֆերմեր Բիլլ Ուիլսոնին մեղավոր ճանաչեց իր նախկին կնոջն ու 19 ամսեկան երեխային 1912 թ. սպանելու համար (կինն ու երեխան անհետացել էին բաժանվելու գործընթացի ժամանակ): Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման: 1918 թ. Ուիլսոնի կնոջն ու երեխային հայտնաբերեցին Ինդիանա նահանգում, որտեղ կինն ապրում էր իր երկրորդ ամուսնու հետ: Ընդ որում, գործով ապացույցները ներառում էին գետի կողմը գնացող հետքեր, մանկական շորեր, արյունոտ քարեր, թաղված մեծահասակի ու երեխայի ոսկորներ: Բայց արդյունքում պարզվեց, որ Ուիլսոնի կինն ընդամենը թողել-գնացել էր ուրիշ նահանգ: Ուիլսոնին, բնականաբար, միանգամից արդարացրեցին: Քանի որ փոխվել էին գործի հանգամանքները:

Եթե, օրինակ, հիմքեր կան համարել, որ քննիչը, դատախազը, դատավորը, փաստաբանը, վկաներից որևէ մեկը կամ մի քանիսը խախտել են արդար դատավարության իրավունքը, նախ պետք է այդ հիմքերով գործ հարուցել կասկածյալների նկատմամբ: Եթե իրենց մեղքն ապացուցվի, դա արդեն էական չափով փոխում է գործի հանգամանքները: Բավականաչափ, որպեսզի գործը վերաբացվի:

Երբեմն արդարացումը կարող է տեղի ունենալ տարիներ, նույնիսկ տասնամյակներ հետո: Երբեմն՝ նույնիսկ դատապարտյալի մահվանից հետո: Երբեմն այն կարող է ընդհանրապես տեղի չունենալ: Ինչպես ասացի՝ արդարադատության համակարգը բացարձակ չի: Դա մի իրականություն է, որի հետ մենք պետք է ապրենք:

Ի՞նչ անել, եթե օրենքի տեսանկյունից դուք մեղավոր եք, բայց չեք ուզում պատիժը կրել

Սկսեմ փոքրիկ պատմությունից: Մի անգամ «Դար» ակումբում մի պատմվածք կարդացի, որի հեղինակը հանդես էր գալիս «Տիրոջ Հիշատակը» մականվամբ: Պատմվածքը սարսափելի էր, ինչի մասին ես հայտնեցի հեղինակին: Իմ ոճի մեջ՝ առանց բառեր խնայելու: Հեղինակը վճռական էր տրամադրված, պաշտպանեց իր գրածն՝ ասելով, որ դա իր վեպի ընդամենը փոքր հատված է: Ես իրեն փորձեցի բացատրել, որ մեծ աշխատանքի մաս լինելը ոչ մի կերպ չի արդարացնում իր օգտագործած լեզուն ու պատմողական տեխնիկան, կամ այդպիսի տեխնիկայի բացակայությունը, ու որ դա կարող է իր աշխատանքն ու ժամանակը խնայել ու չգրել այդ վեպը: Խոսակցությունն ավարտվեց հեղինակի թեթևակի սպառնալից տոնով, որը ես որոշեցի անտեսել:

Մինչև շատ հետաքրքիր հանգամանքներում չպարզեցի, որ «Տիրոջ Հիշատակը», իսկ հետագայում՝ Զաքար մականվամբ հանդես եկող անձը Զաքար Զոհրաբյանն է: Իսկ թե ով է Զաքար Զոհրաբյանը՝ եկեք նախ կարդանք ԳԴ/0012/01/10 քրեական գործով նրա նկատմամբ կայացված մեղադրական եզրակացությունը.
Դատական քննությամբ հաստատվեց հետևյալը.
Ամբաստանյալ Զաքար Զոհրաբյանը 2008 թվականի հունիսի 2-ին Արարատի զինվորական կոմիսարիատի կողմից ժամկետային զինծառայության զորակոչվելով ՀՀ ԶՈւ և ծառայելով որպես ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ, 1-ին ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր անձի թվացյալ առավելություններն ի ցույց դնելու և ժամկետային զինծառայողների շրջանում իր անձի նկատմամբ վախի մթնոլորտ ձևավորելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել է իշխանազանցություն, այն է`պարբերաբար ստորացրել է ՀՀ ՊՆ թիվ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծանր զենքի դասակի ժամկետային զինծառայող, շարքային Տարոն Ալոյանի պատիվն ու արժանապատվությունը, բազմիցս ծեծի ենթարկել վերջինիս` նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ստիպել է կատարել ստորացուցիչ հանձնարարություններ:
Մասնավորապես, մինչև 2009 թվականի հոկտեմբերի 16-ին հենակետ բարձրանալը, ծեծի էենթարկել Տարոն Ալոյանին և պատճառել մարմնական վնասվածք` նրա աչքի շրջանում: Այնուհետև, 2009 թվականի հոկտեմբերի 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՙՀովազ-1՚ մարտական հենակետում Զաքար Զոհրաբյանը ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, տոմատի մածուկի ապակե տարան խփել նրա գլխին, որի ընթացքում նրա ծնողների հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Ծեծի հետևանքով Տարոն Ալոյանի աչքերի տակ կապտուկներ են առաջացել, իսկ դեմքը այտուցվել է: Մարտական հենակետում Զաքար Զոհրաբյանը ստիպել է Տարոն Ալոյանին մտնել իր մահճակալի տակ, շան պես հաչել, վերջինիս անվանել է ՙՋեկո՚ և ստիպել այդ անվանն արձագանքել: 2009 թվականի նոյեմբերի սկզբներին, գտնվելով գումարտակի լվացարանում, Զաքար Զոհրաբյանն իրեն խաբելու պատճառաբանությամբ ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին և միաժամանակ վերջինիս հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: 2009 թվականի նոյեմբերի կեսերին, 4-րդ գումարտակում, Զաքար Զոհրաբյանը դարձյալ ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինիս հասցեին պարբերաբար տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ստորացրել է Տարոն Ալոյանի պատիվն ու արժանապատվությունը:
Մինչ 2009 թվականի նոյեմբերի 27-ին մարտական հենակետեր բարձրանալը, ՙքուն՚ հրամանից հետո սերժանտ Զաքար Զոհրաբյանը 4-րդ գումարտակի զորանոցում ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին,այնուհետև, չբավարարվելով դրանով` Տարոն Ալոյանին գցել է հատակին, գումարտակի անձնակազմի ներկայությամբ տարել է զորանոցի միջանցք, այնտեղից դարձյալ քարշ տալով հետ բերել ննջասենյակ` ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Զաքար Զոհրաբյանը ծեծի, ստորացման հետևանքով Տարոն Ալոյանի ստացած բազմաթիվ վնասվածքները թաքցնելու նպատակով վերջինիս տեղափոխել է 3-րդ վաշտի հին պահեստանոց, օրեր շարունակ պահել այնտեղ, որտեղ շարունակել է բռնություն գործադրել Տարոն Ալոյանի նկատմամբ, ծեծել, կոտրել վերջինիս թևը, սակայն Տարոն Ալոյանին բուժկետ չի տարել և այդ վիճակում պահել է պահեստանոցում: Դրանից հետո նսեմացումները և սեռական բնույթի հայհոյանքները շարունակվել են` կրելով սիստեմատիկ բնույթ: 2009 թվականի դեկտեմբերի 6-ին Զաքար Զոհրաբյանը ստիպել է Տարոն Ալոյանին մտնել Թարթառ գետի` գումարտակի հարևանությամբ հոսող վտակը, լողանալ սառը ջրում, լվանալ իր զինվորական համազգեստը և թաց վիճակում հագնել այն: Բացի այդ, Զաքար Զոհրաբյանը հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, դարձյալ իր անձի թվացյալ առավելություններն ի ցույց դնելու և ժամկետային զինծառայողների շրջանում իր նկատմամբ վախի մթնոլորտ ձևավորելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել է իշխանազանցություն, այն է` 2009 թվականի դեկտեմբերի 6-ին, գտնվելով 3-րդ վաշտի հին պահեստանոցում, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ՀՀ ՊՆ թիվ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վիգեն Եղիազարյանին, ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը` էական վնաս պատճառելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքով սահմանված զինծառայության կրման կարգին: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, 3-րդ վաշտի հին պահեստանոցում, Զաքար Զոհրաբյանը նույն` 4-րդ գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Սիմոնյանի հետ հանել են Տարոն Ալոյանի զինվորական համազգեստի տաբատը, մերկացրել նրան, ապա Էդգար Սիմոնյանը բռնել է Տարոն Ալոյանի գլխից և թևի տակից`բռնության գործադրելով վերջինիս նկատմամբ, կոտրել է նրա դիմադրությունը, որից հետո Տարոն Ալոյանի կամքին հակառակ Զաքար Զոհրաբյանը հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Զաքար Զոհրաբյանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ին դարձյալ Տարոն Ալոյանին ստիպել է լողանալ Թարթառի վտակի սառը ջրերում և հագնել նոր լվացած համազգեստը:
Նույն օրը, Զաքար Զոհրաբյանը հին պահեստանոցում բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, գումարտակի զինծառայողների ներկայությամբ, ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, ստիպելով ոտքերը լայն բացել` ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս ամորձիների շրջանում, նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ամենով չբավարարվելով` ժամը 12-13-ի սահմաններում, 4-րդ գումարտակի զորանոցում գտնվող պահեստանոցում հեռախոսի հիշողության քարտն այլ զինծառայողի տալու պատճառով Զաքար Զոհրաբյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Տարոն Ալոյանի մարմնի տարբեր մասերին, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով վերջինիս հասցեին, ապա վերցրել է զինվորական աթոռը և հարվածել Տարոն Ալոյանի գլխին: Միայն 1-ին վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Դավիթ Նազարյանի միջամտությունից հետո Զաքար Զոհրաբյանը դադարեցրել է Տարոն Ալոյանին ծեծի ենթարկելը: Այնուհետև, նույն օրը` 2009 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ի սահմաններում, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին հատկացված սպայական կացարանի մոտ դարձյալ բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, խուլիգանական դրդումներով, այն է` ներքին բավականության զգացումով, սեփական անձի ՙառավելություններն՚ընդգծելու մոլուցքից մղված, նեղ անձնական ձգտումները և անզուսպ եսասիրությունն իր համածառայակից զինծառայողների նկատմամբ արհամարական վերաբերմունքի տեսք տալով, գումարտակի տարածքում գտնվող խնձորենիների այգում, Տարոն Ալոյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, լինելով նախկին բռնցքամարտիկ, առանձին դաժանությամբ ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Տարոն Ալոյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, ծնկի բերել վերջինիս և շարունակել ոտքերով հարվածներ հասցնել նրան, որից հետո Տարոն Ալոյանին ծեծի է ենթարկել գետնին ընկածվիճակում, ոտքը դրել է վերջինիս կոկորդին, ուժեղ սեղմել այն և ասելով. ՙբոզի տղա մեռի՚, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Տարոն Ալոյանին` կատարելով սպանություն:
Խնդրում եմ ևս մեկ անգամ կարդալ մեղադրական եզրակացությունը: Զաքար Զոհրաբյանն առանձնակի դաժանությամբ մարդ էր սպանել ու դատապարտվել ցմահ բանտարկության: Դատարանը որոշել էր, որ Զաքարի ռեաբիլիտացիայի, հարասակություն վերադառնալու որևէ հեռանկար չունի:

Բայց Զաքարը կալանավայրում ուներ ինտերնետ ու մարդկանց հետ շփվելու բավականին ազատ հնարավորություն, կարողանում էր իր գրածները տեղադրել ու քննարկել ինտերնետային ֆորումներում:

Բայց «Դար» ակումբը թույլ է տալիս իր անդամներին չնշել իրենց անձը: Գիտե՞ք ինչպես նրա անձը բացահայտվեց: Զաքարը սկսեց առանձին նամակներով շփվել տարբեր «համակիրների» հետ, որոնց մի մասը հոգեբանորեն անկայուն մարդիկ էին, մի մասը՝ չափազանց բարի ու միամիտ, մի մասն էլ՝ երիտասարդ աղջիկներ: Ու սկսեց այդ մարդկանց պատմել, թե ինչքան անարդար են իրեն դատապարտել, ինչպես են իր վրա լրացուցիչ մեղադրանքներ կախել, որ ցմահ տան (օրինակ՝ որ զոհի մարմնում սերմնահեղուկ չեն հայտնաբերել ու ԴՆԹ անալիզ չեն արել, չնայած բռնաբարությանը հատուկ վնասվածքներ հայտնաբերել են, և այլն): Զաքարը շրջանցել էր այն բոլոր փաստերը, որոնց հիման վրա իրեն խելամիտ կասկածից դուրս մեղավոր էին ճանաչել, ու անընդհատ հղվում էր ինչ-որ փաստերի բացակայությանը, որոնք, իր ասածով, պետք է լինեին: Զաքարը նաև հղվում էր իրեն ու իր մերձավորներին հետապնդող «մութ ուժերի», ամբողջ պատմությունը կարող եք կարդալ այստեղ: Ու հանկարծ «Դար» ակումբում հայտնվել էր «ազատություն ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանին» կատեգորիայի շարժում:

Ես չեմ պատրաստվում ինձ վրա դատախազի, դատապաշտպանի ու դատարանի իրավասություններ վերցնել ու վճռել՝ մեղավոր էր Զաքար Զոհրաբյանը, թե ոչ: Դրա համար արդեն կա դատարանի օրենքով ուժի մեջ մտած վճիռ, որը ես կնախընտրեմ ընդունել: Ինձ հետաքրքիր է միայն մի բան. ի՞նչ է Զաքարի ապագա վեպի վերնագիրը: Միգուցե՝ «Մինչև մոտենամ ցմահ ազատության» կամ նման մի բան:

Ցանկացած դեպքում, ակնհայտ էր, որ Զաքար Զոհրաբյանը չէր զղջում իր արարքի համար: Զաքարը պնդում էր, որ իրեն զրպարտել են, հետապնդել են, անարդար դատապարտել են: Զաքարը գոռում էր բացակայող ապացույցների մասին:

Ու մարդիկ այդ կապակցությամբ կարծիք էին հայտնում: Մի մասը՝ գործի իրավական կոնտեքստում: Մի մասը՝ հավատում եմ-չեմ հավատում կոնտեքստում:

Իսկ Զաքարն այդ ընթացքում կրթություն էր ստանում, իր աշխատանքների ցուցահանդես կազմակերպում բարի մարդկանց օգնությամբ: Զաքարն ազդեցություն էր ձեռք բերում  կալանավայրից դուրս: Բարի Զաքարը: Խեղճ Զաքարը: Զաքարն, ում զրպարտել էին, հետապնդել, անարդար դատապարտել: Զաքարն, ով լինելով արտակարգ դաժանությամբ սպանության համար դատապարտված մարդ՝ կարողացել էր երիտասարդ աղջիկներ իր հետ ժամադրության հրավիրել կալանավայր:

Ես շատ դատական գործեր եմ ուսումնասիրել: Ավելի շատ, քան ցանկացած ոչ փաստաբան պետք է ուսումնասիրած լինի: Ու տեսել եմ, որ մեղադրյալների մեծամասնությունը, եթե իրենց խոսքերին հավատանք, «անմեղ է»: Իրենց մեղքն ընդունում են դեպքերի մեծ մասում նրանք, ում մեղադրող կողմը խոստացել է քննության հետ համագործակցելու դեպքում առավելագույն պատիժ չպահանջել:

Ու եթե քայլեք աշխարհի ցանկացած բանտով, կտեսնեք որ այդ բանտերը լի են «անմեղ դատապարտյալներով»: Ու գրեթե բոլորն էլ սրտաճմլիկ պատմություններ կպատմեն իրենց հետապնդող մութ ուժերի, կաշառակեր ոստիկանների ու դատավորների, բացակայող ապացույցների, լիքը նման բաների մասին: Իրենք կպատմեն ձեզ մի պատմություն, որն իրենք են ուզում լսել իրենց մասին: Ու եթե դուք էլ եք ուզում այդ պատմությունը լսել, հավանաբար դուք էլ կհավատաք:

Դրա համար էլ կա արդարադատության համակարգ: Որի նպատակն է՝ անաչառ վճիռներ կայացնել: Եթե այն թերի է աշխատում, այն պետք է ուղղել ու նորոգել: Ու ոչ թե շրջանցել:

Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։