Պետք չի սիրել մոլլաներին

Հայ հանրային ու քաղաքական միտքը բավականին զարմանալի ֆենոմեն է: Մեկ «թուրքը մեզ կուտի, եթե Ռուսաստանը/Իրանը ոտքը քաշի մեր մոտից», մեկ «էս պարսիկ/հնդիկ/պակիստանցի միգրանտներին հանեք ռադ արեք, պղծում են հայու գենը»:

Այ, հիմա էլ մի երիտասարդ պատգամավոր Իրանն ավտորիտար է անվանել: Հետո խոստովանել, որ ինքը լեզվի տակ ոսկոր չունի, դրա համար էլ լեզվի սայթաքում է ունեցել:

Եկեք հասկանանք իրավիճակը:

ՀՀ Ազգային ժողովն ժողովրդավար կերպով ընտրվող օրենսդիր մարմինն է, որը ՀՀ օրենքնսդրությունն է ձևավորում: Այնտեղ պիտի լինեն քաղաքական գործիչներ՝ իրենց գաղափարներով ու սկզբունքներով, ու դրանց հիման վրա օրենքներ մշակեն:
ՀՀ Կառավարությունը գործադիր մարմինն է, որը ձևավորում է ՀՀ պետական քաղաքականությունը՝ ելնելով ՀՀ օրենքից ու պետական շահից:

Եթե ՀՀ կառավարությունը, նամանավանդ ԱԳՆ-ն, Իրանի հետ կոնֆլիկտի գնար, ես կասեի՝ մեր պետական շահին դեմ է այդ կոնֆլիկտը, ու ոչ խելամիտ քայլ:

Երբ ՀՀ ԱԺ-ում ինչ-որ պատգամավոր դատապարտում է ավտորիտար մեխանիզմները Իրանում (իրականում վիճելի է Իրանում ավտորիտարիզմի հարցը՝ մենք ավելի շատ գործ ունենք կրկնակի իշխանության ու կոռումպացված, վերին ատյաններում չգործող ժողովրդավարության հետ, թեոկրատիայի ու դեմոկրատիայի ինչ-որ տհաճ համադրություն է, իրանագետներն այս թեմայով ինձանից լավ կարտահայտվեն), դա այդ մարդու տեսանկյունն է: Իրանի Մեջլիսում լիքը ադրբեջանամետ, հակահայ քաղաքական գործիչ կա, որոնք ավտորիտար Իրանում, ի տարբերություն ժողովրդավար Հայաստանի, իրենց կարծիքն այս հարցով կարողանում են արտահայտել:

Ավելի պարզ ասած, մենք կարող ենք կոնսենսուսի գալ, որ Իրանի իշխանությունները բռնակալական են, բայց մեր պետական շահից բխում է իրենց հետ համագործակցելը: Բայց սիրել Իրանին կամ մտնել Իրանի հետույքը, ինչպես և Ռուսաստանի կամ մեկ ուրիշի, մենք պարտավոր չենք:

Ինձ համար հիասթափեցնող է իմանալ, որ իշխող կուսակցության ներսում սեփական կարծիք ունենալն ու արտահայտելը վերահսկվում է կուսակցության ղեկավարության կողմից: Դա, կներեք արտահայտությանս համար, պիզդեց վատ է: Փաստորեն՝ մենք ԱԺ-ում իրոք ունենք տեղ զբաղեցնող, վատ գրաբարով անգիր ասող կնոպկա սեղմողներ, որոնք քվեարկելուց արտահայտելու են ոչ թե իրենց, այլ «թիմի» կարծիքը: Խնդրեմ, օրինակ՝ Վահե Էնֆիաջյանին, ֆեյքերի, հոմոֆոբիայի ու էլ չգիտես ինչի մեջ թաթախված կերպարի օգտին քվեարկելն ամբողջ «թիմով»: Նույն հավանականությամբ կարող էին Արարատին մի կոճակ տալ՝ վրան գրած՝ ՔՊ թիմի կարծիք, որ երբ պետք լինի՝ սեղմի:

Ես ինքս Իրանի 2009 թ. ընտրություններին հաջորդած բռնության ժամանակ լուսաբանել եմ այդ իրադարձությունները, դատապարտել Իրանի իշխանություններին, մի քանի ցույցի ու երթի կազմակերպմանը մասնակցել:

Բայց ես երբեք չեմ գնացել ՀՀ կառավարությունից պահանջելու, որ Իրանի դեմ սանկցիաներ մտցնի: Ինչու՝ որովհետև Ադրբեջանի դեմ կոնֆլիկտի դեպքում ՀՀ զինամթերքի մուտքի միակ ճանապարհը, Թուրքիայի բլոկադայի ու Վրաստանի չեզոքության պայմաններում, Իրանն է: Բայց դա ինձ չի խանգարել մոլլաներին ու Ահմադինեժադին իրենց արած անասունությունների համար ուղարկել հեռու ու մութ տեղեր, ու ես դեռ Նեդայի ու մնացած զոհերի արյունն իրենց չեմ ներել:

Քաղաքական հասուն տեսակետը ենթադրում է սթափ ու ազնիվ գնահատել իրավիճակը, հետո կայացնել որոշումներ, որոնք կբխեն երկրի օրենքից ու քաղաքացիների շահերից:

Իսկ եթե մեր երկրի իշխող կուսակցությունն այդքան հեշտ ու նույնիսկ իր ընտրված ներկայացուցիչների նկատմամբ հարկադրանքի կիրառմամբ պատրաստ է աչք փակել կողքի երկրում մարդու իրավունքների խախտումների վրա, կներեք, ես չեմ հավատում, որ իրենք լուրջ կվերաբերվեն մարդու իրավունքների խնդրին մեր երկրում:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։