OpIris-ի մասին ընդհանրապես, ռուսական պրոպագանդիստների մասին՝ առանձին

Եկեք սկզբի համար հասկանանք, ինչ է Anonymous-ը: Այն հակտիվիստական (հակեր ու ակտիվիստ բառերից) ենթամշակույթ է, ոչ թե կոնկրետ կազմակերպություն: Անանուն կերպով հակերական ակտիվիզմով զբաղվող ցանկացած մարդ իրեն կարող է համարել Anonymous: Այդ անվան տակ հանդես են գալիս շատ տարբեր հակտիվիստական խմբեր: Ժամանակին ես այս թեմայով ծավալուն գրել եմ, ու միգուցե դեռ էլի գրեմ մի օր, եթե հետաքրքրություն լինի:

Եվ այսպես, Anonymous անվան տակ հանդես եկող ինչ-որ խումբ հրապարակել է փաստաթղթեր (Op Iris), որոնք անդրադառնում են բրիտանական Integrity Initiative think-tank-ին:

Հիմա հասկանանք, թե ինչ է Integrity Initiative-ը: Այն think-tank է՝ կազմակերպությունների ցանց, որը զբաղվում է ինֆորմացիայի հավաքմամբ, վերլուծությամբ, դրա հիման վրա խնդիրների վերհանմամբ ու լուծումների մշակմամբ: Կոնկրետ Integrity Initiative-ը բրիտանական ցանց է, որը զբաղվում է համաշխարհային ինֆորմացիոն դաշտում ապատեղեկատվության ու պրոպագանդայի վերլուծությամբ ու դրան հակազդեցությամբ: Հայաստանում իրենց նման է նախկին Sut.am, ներկայումս՝ FIP.am կայքը:

Հրապարակված փաստաթղթերի ցանկը շատ լայնամասշտաբ է ու ոչ միանշանակ, ու ռուսական պրոպագանդիստական լրատվականները արդեն շտապել են դրանց միակողմանի ու սուբյեկտիվ, իրենց ձեռնտու գնահատականներ տալ:

Անձամբ ես խորհուրդ կտայի խուսափել հրապարակված ինֆորմացիայի մեկնաբանություններից ու կարդալ բնօրինակները, բայց նույնիսկ դրանք ընդունել որպես դեռևս չհաստատված տվյալներ:

Անձամբ ինձ հետաքրքրեց Integrity Initiative-ի ենթադրյալ ինֆորմացիան Հայաստանում ռուսական շահերը պաշտպանող բլոգերների մասին: Նախնական նյութը կարող եք կարդալ այստեղ, չնայած նորություն մեջը չկա («կառոչի, էն շպիոն Օնիկի տան կողքն ա»): Ցուցակը ենթադրաբար կազմել է Integrity International-ը՝ ուսումնասիրելով իրեն հասանելի ինֆորմացիոն, լրատվական և այլ աղբյուրները: Ցուցակում նշված են հետևյալ անունները.
  • Վահրամ Տեր-Մաթևոսյան, թուրքական ներքին և արտաքին քաղաքականության մասնագետ, դասախոս, գիտնական: Դիտարկվում է որպես ռուսական շահերի պրոակտիվ պաշտպան: Քարոզում է Հայաստանի ինտեգրացիա Ռուսական գեոպոլիտիկ շահերի մեջ, Թուրքիան անընդհատ ներկայացնում որպես ԱՄՆ/ՆԱՏՕ դաշնակից ու պնդում, որ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակից է այդ կոնտեքստում: Ամերիկյան համալսարանի դասախոս է:
  • Ջոննի ՄԵլիքյան, կենտրոնացած է Վրաստանի հետ կապված հարցերի ու Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Գազպրոմի ֆինանսավորած «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի շրջանավարտ: Սլավոնական համալսարանի դասախոս: Իրեն դիրքավորում է որպես վրացական հարցերի մասնագետ, արտահայտում է հիմնականում կողմնակալ դիրքորոշումներ: Ակտիվ կապ է պահպանում ՌԴ դեսպանատան ու իր ռուս կոլլեգաների հետ:
  • Վարդան Ոսկանյան, իրանական հարցերի նշանակալի մասնագետներից է: Իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է պրո-ռուսական ուղղվածության հայտնի գիտնական, արևելագետ Գառնիկ Ասատրյանի վերահսկողության տակ: Վարդան Ոսկանյանի «ֆունկցիան» ռուս-իրանական դաշնակցության գաղափարը ներշնչելն է թե՛ հայկական, թե՛ իրանական պաշտոնյաներին: Ֆունկցիան ներառում է նաև բացառելն Իրանը որպես այլընտրանք Ռուսաստանին:
  • Հրանտ Մելիք-Շահնազարյանը Times.am-ի ու Voskanapat.info-ի գլխավոր խմբագիրն է, թղթակցում է նաև Արարատ ու Արմենիա հեռուստաընկերություններին, ինչպես նաև Լրատվական Ռադիոյին: Արդարացում է Ռուսաստանի ռազմական միջամտությունը Վրաստանում, կողմնակից է ռուսական խաղաղապահների ԼՂ հակամարտության մեջ ներգրավելուն: Գործունեությունն իրականացնում է (նախկին հանրապետական, ծ.թ.) նախագահի աշխատակազմի աջակցությամբ:
  • Տիգրան «Փիղ» Քոչարյանը խոշոր բլոգեր ու հասարակական-քաղաքական ակտիվիստ է: Բացահայտվել է, որ նա խորհրդատվություն էր տրամադրում ռուսական պրեսսային 2015-ի ElectricYerevan ցույցերի ժամանակ: Մասնավորապես, մասնակցում էր ինֆորմացիոն մանիպուլյացիայի, որի նպատակն էր կանխել հակառուսական ու հակապուտինյան տրամադրությունների ծագմանը բողոքող սեգմենտի մեջ: Հայտնի է, որ կայուն կապեր ունի ՌԴ դեսպանատան հետ: Հրանտ Մելիք-Շահնազարյանի մոտիկ ընկերն է:
  • Արման Բոշյանը «Երևան» գեոպոլիտիկ ակումբի նախագահն է: Ռուսական շահերի ակտիվ քարոզողներից մեկն է: Բոշյանը մեկն էր նրանցից, ովքեր սոլիդարության կոչ արեցին Դոնեցկի ու Լուհանսկի անջատողական շարժման նկատմամբ: Նրա կազմակերպությունը վայելում է Գազպրոմի ֆինանսական աջակցությունը:
  • Միհրան Հակոբյանը (նախկին, ծ.թ.) իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր է: Հաղորդավար է պրո-իշխանական Արարատ հեռուստաընկերությունում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ֆակուլտետի դասախոս է: Դիրքավորվում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների մասնագետ: Ակտիվորեն քարոզում է ռուսական դիրքորոշումն ուկրաինական ու վրացական հարցերում, շեշտադրում ՀՀ անդամակցությունը ռուսական Եվրասիական միության մեջ՝ որպես ՀՀ միակ խելամիտ քաղաքական կուրս:
  • Արամ Անանյանը (նախկին, ծ.թ.) պրո-իշխանական Արմենպրես լրատվական գործակալության ղեկավարն է: Գործակալությունը ոչ միայն զբաղվում է Սերժ Սարգսյանի ռեժիմի շահերի պաշտպանությամբ, այնպես էլ ռուսական պրոպագանդայի ցրման կոորդինացիայով:
Այս մարդկանցից շատերը, նշվում է ցուցակում, հանդիսանում են ՌԴ դեսպանատան աջակցությամբ գործող «Գրիբոեդով» ակումբի անդամներ: Արամ Անանյանը, Միհրան Հակոբյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը գործում են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի վերահսկողության ներքո:

Ինչ կարող եմ ասել. այս անուններն ու իրենց պրո-ռուսական շահեր սպասարկելը նորություն չի: Ես կարող էի այս ցուցակին էլի անուններ ավելացնել, ինչպես նաև նշել, թե ինչպիսի կազմակերպությունների ու բջիջների միջև է բաշխվում պրոպագանդիստական աշխատանքը, ներկայացնել լիքը տեսանյութեր, հոդվածներ և այլ ապացույցներ: Եթե սա իրոք Integrity Initiative-ի հավաքած ցուցակն է, ապա այն մի քիչ ծույլ է:

Նորից կրկնեմ՝ դեռևս դիտարկեք սա որպես չստուգված ինֆորմացիա ու խուսափեք միակողմանի մեկնաբանություններից, նամանավանդ ռուսական կամ անհայտ աղբյուրների կատարած:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։