Ինչի մասին ձեզ չի պատմի աթեիստը

Վերջերս ֆեյսբուքում նախկին աթեիստի վերագրվող մի տեքստ է պտտվում՝ «Ինչի մասին ձեզ չի պատմի աթեիստը» վերնագրով, ու չնայած ես չգիտեմ, արդյոք այն իրոք նախկին աթեիստ է գրել, թե հերթական ֆաբրիկացիան է (տեքստն առանց հեղինակի անվան է տարածվում), փորձեմ պատասխանել տեքստի հիմնական կետերին:
Ինչի մասին ձեզ չի պատմի աթեիստը
Ինչու չէ: Հենց հիմա փորձեմ սիրուն պատմել ամեն ինչ:
Աթեիզմի խնդիրը հիմնականում ժամանակակից է: Հնադարում այն այսքան տարածված չի եղել:
Պնդումն այնքան էլ ճշմարտացի չի: Չնայած կոնֆլիկտը կրոնի ու աթեիզմի միջև համեմատաբար նոր երևույթ է (ու բխում է երկաթի դարում մոնոթեիզմի տարածման ու կրոնի դոգմատիզացման երևույթներից, երբ կրոնը պարտադիր սկսեց դառնալ), աթեիստական փիլիսոփայական դպրոցները պատմականորեն շատ հին են:

Ուշագրավ է, որ տեքստի որոշ տարբերակներ սկսում են Սաղմոսներ 14:1-ով՝ «Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ բարի գործէ»: Ինչը ցույց է տալիս, որ աթեիզմի խնդիրն առկա է եղել նույնիսկ Հին Կտակարանի գրի առնվելու պահին, ու հերքում է այս պնդումը:

Հինդուիստական փիլիսոփայությանա վեց օրթոդոքս դպրոցներից մեկը (Սամխյան) ու մյուսի առավել վաղ ձևը (Միմամսան) աթեիստական են: Ու իրենք ամենավաղ փիլիսոփայական դպրոցներից են: Ջայնիզմն ու բուդդիզմը ժխտում են արարիչ աստծո գոյությունը: Նախասոկրատյան հունական փիլիսոփայությունը (Դեմոկրիտի մատերիալիզմը և այլն), ընդհանուր առմամբ, աթեիստական են:

Սեքստուս Էմպիրիկուս 9.54-ը պարունակում է Կրիտիուսին ու Եվրիպիդեսին վերագրվող «Սիզիփոս» կորած պիեսի հատված, որը պարունակում է հետաքրքիր պնդում. խորամանկ մարդիկ հորինել են աստվածներին, որ իրենց նկատմամբ վախի միջոցով մարդկանց ստիպեն բարոյական կյանք վարել:

Մ.թ.ա. 4-րդ դարում Էվհեմերուսը պնդում է կատարել, որ աստվածներն իրականում անցյալի ժամանակի ընթացքում աստվածացված իշխաններ ու նվաճողներ են: Աթեիզմն, ինչպես տեսնում եք, հին է:
Այսօր աթեիստները «անցել են գրոհի»՝ գովազդելով իրենց գաղափարները: Բայց որպես նախկին աթեիստ և մարդ, ով հանդիպում է աթեիստների, ես տեսնում եմ նրանց դժբախտություններն ու խնդիրները: Թույլ տվեք թվարկել դրանցից մի քանիսը:
Երևի խոսքը գնում է նոր աթեիստական շարժման ու աշխարհիկ հումանիզմի մասին: Հակառակ դեպքում այս պարագրաֆը երևի շատ չտարբերվի, օրինակ, Ջորդանո Բրունոյի մեղադրական եզրակացության տեքստից: Կոնկրետացումը կարևոր է շփոթությունից խուսափելու համար:
Աթեիստը ոչ մի ապացույց չունի Աստծո բացակայության վերաբերյալ (Աստվածաշունչն և իսրայելական հնագիտությունը լի են Աստծո մասին վկայություններով):
Ընդհանուր առմամբ, կարիք չկա ունենալ ապացույցներ ինչ-որ բանի բացակայության վերաբերյալ: Պնդում կատարողը (թե աստված գոյություն ունի) ինքն է կրում ապացուցման բեռը (ինչպես անմեղության կանխավարկածն, այնպես էլ Ռասսելի թեյամանի գաղափարները սա ավելի լավ ու մանրամասն են բացատրում իրավական ու տրամաբանական տեսակետներից):

Չնայած տեքստի պնդմանը, հնագիտությունն ու աստվածաշունչը չեն պարունակում աստծո, այն էլ կոնկրետ քրիստոնեական աստծո գոյության ապացույցներ: Աստվածաշունչն ու կրոնական այլ տեքստերը պարունակում են միայն սուբյեկտիվ վկայություններ, որոնք հաճախ հակասում են հնագիտական տվյալներին (Ծննդոց-Ելից գրքերը դրա օրինակ են) ու փաստական փոքր արժեք են ներկայացնում:
Աթեիստը մշտապես ասում է «փառք Աստծուն» և ոչինչ չի կարողանում անել դրա դեմ:
Սովորությունն ու խոսքի մեջ արվող արտահայտությունը ոչ աստծո գոյության, ոչ էլ մարդու հավատի ապացույց չեն: Միակ բանը, որ իրենք ցույց են տալիս, այն է, որ տարիների ընթացքում կրոնական պատկերները խորը արմատավորվել են մարդկանց լեզվամտածողության մեջ: Իսկ դա, կարծում եմ, ոչ մեկն առանձնապես չի էլ վիճարկում:
Աթեիստը ոչ մի վստահություն չունի վաղվա օրվա հանդեպ:
Բավականին զվարճալի է լսել նման մեղադրանք մի կրոնի կողմից, որը ներառում է Մատթեոս 6:34-ը (վաղվա օրվա անորոշության մասին), աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31), ամբողջ Հայտնության գիրքն աշխարհի ապոկալիպտիկ վերջի մասին: Ընդհանուր առմամբ, կրոնը, որը քարոզում է, թե նյութական աշխարհը չար է ու բռնի ավարտ է ունենալու իր աստծո կամքով, մեղադրում է աթեիստներին, որ իրենք հրաժարվում են վստահ դատել մի բանի մասին, որի մասին բավարար ինֆորմացիա չունեն:
Աթեիստին դուր են գալիս Աստվածաշնչի բարոյական պատվիրանները, և նա անգամ պատրաստ է ճանաչելու «որոշակի զորության» գոյությունը, որովհետև չի ցանկանում, որ իր հետ չարիք պատահի:
Աստվածաշունչը, լինելով իր ժամանակների էթիկ ու իրավական կոդեքս, պարունակում է որոշ կանոններ, որոնք բավականաչափ ունիվերսալ են, որ դուր գան ամենատարբեր մարդկանց, բայց ես նույնիսկ հավատացյալ չեմ հանդիպել, որին դուր գան Ղևտացիների գրքի բարոյական պատվիրանները: Օրինակ՝ երկու տարբեր կտորից կարված զգեստներ հագնող մարդկանց մասին (Ղևտացիներ 19:19): Կամ հենց առաջին պատվիրանը:
Աթեիստը հասկանում է, որ աշխարհում չարն է տիրում, այդ պատճառով անգամ եթե ինքը հավատում է, որ Աստված չկա, նա կցանկանար, որ Աստված լիներ:
Էհ, որտեղից սկսեմ: Ընդհանուր առմամբ, աստծո գոյության գաղափարն իրենով բավականին վախեցնող է (ազատ կամքի խնդիր, գիտակցություն, որ չվերահսկվող ու պատասխանատվություն չկրող ինչ-որ ուժ կարող է քո կյանքը տնօրինել սեփական նախասիրությամբ): Ընդհանուր առմամբ, բացարձակ իշխանությունն բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում (օրինակ՝ այդ իշխանությունը ցեղասպանության նպատակով օգտագործելն, ինչպես համաշխարհային ջրհեղեղի դեպքում):

Եթե մի կողմ դնենք սիրուն բառերը, այս կետը ոչ թե ապացուցում է աստծո գոյությունը (հակառակ դեպքում իմ շաուրմա ուզելը կենթադրեր, որ իմ ձեռքում շաուրմա կա), այլ ենթադրում է, որ մարդիկ իրականում ավտորիտար իշխանության կարիք ունեն: Պնդումը հակաաթեիստական չի, այն հակադեմոկրատական է (մարդիկ չեն ցանկանում ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը):
Աթեիստը ամենակրոնական իմաստով հիանում և խոնարհվում է տարբեր բաների. Գաղափարների, մարդկանց, նյութական առարկաների և իհարկե, իր սեփական անձին:
Պնդումը, որը բերված է առանց հիմնավորումների, հավանաբար հիմնված է մասամբ խիստ մասնավոր դեպքերի, մասամբ՝ թյուր ընկալումների վրա: Բայց եթե նույնիսկ այն հիմնավորված լիներ, ոչ թե աթեիզմը սխալ կհայտարարեր, այլ ցույց կտար, որ կրոնը շահագործում է մարդկանց հավատալու ունակությունը:
Աթեիստը մշտապես ստիպված է կրկնելու ինքն իրեն, որ Աստված չկա:
Անձամբ ես նման աթեիստներ չեմ ճանաչում: Բայց վստահ եմ, որ կան աթեիստներ, որոնք իրենց աթեիզմին նույն կերպ են վերաբերվում, ինչպես վեգաններն իրենց վեգանիզմին: Բայց դա էլ ոչ մի բան չի ապացուցում, ընդամենը ցույց է տալիս տարիներով ներարկված կրոնական դոգմաներին հակադրվելու դժվարությունները:
Աթեիստին կարելի է ճանաչել ամբոխի մեջ` դեմքի ամենադժբախտ արտահայտությամբ:
Այդ աթեիստը հավանաբար այդ պահին կարդում է «ինչի մասին ձեզ չի պատմի աթեիստը» տեքստը:
Աթեիստը հոգու խորքում նախանձում է նրանց, ովքեր հավատում են Աստծուն: Հանդիպելով հավատացյալների, նա անմիջականորեն խոսում է այդ մասին:
Աթեիստների մի մասը (ռադիկալները) աստծուն հավատացող մարդկանց ապուշ են համարում: Առավել չափավորները հանդուրժողական են ու հարգում են մարդու իրավունքը հավատալ նրան, ինչին իրենք ուզում են հավատալ:
Աթեիստն այն մարդն է, ով իրականում հավատում է Աստծուն, բայց նեղացած է Նրանից և վախենում է խոստովանել դա:
Պնդում՝ առանց հիմնավորման:
Աթեիստը չի կարող բացատրել խիղճ ասվածը:
Հիմա ես ֆենոմենալ բան կանեմ՝ կբացատրեմ խիղճ ասվածը մեկ բառով: Էմպատիա: Ընդհանուր առմամբ, հոգեբաններն ոլորտի մնացած գիտնականներն ավելի սպառիչ պատասխան կարող են ներկայացնել, բայց կարճ ասած, այն էվոլյուցիոն մեխանիզմ է, որն օգնում է մարդկանց համագոյակցել ու համագործակցել:
Աթեիստը պատրաստ է խոսելու ուրիշ մարդկանց մեղքերի մասին, բայց ոչ իր սեփականների, որովհետև դա հանգեցնում է Աստծո գոյության ճանաչմանը և ապաշխարության անհրաժեշտությանը:
Ընդհանուր առմամբ, աթեիզմը հակադրվում է մեղքի գաղափարին, բայց եթե խոսքը գնում է սեփական սխալները չնկատելուն, ապա չեմ տեսնում վկայություն, թե դա հատուկ է զուտ աթեիստներին, կամ նույնիսկ վկայություն, թե այն առանձնապես հատուկ է աթեիստներին:
Աթեիստը երբեմն «տրտմում» է, որովհետև անկարող է փոխելու ինքն իրեն:
Աթեիստը երբեմն տրտմում է, երբ նման մանիֆեստ է կարդում: Որովհետև սա աթեիստների ու հավատացյալների միջև չկայացած երկխոսության նշան է:
Աթեիստը երբեմն սպառվելու չափ վիճում է Աստծո գոյության մասին, բայց խուսափում Հիսուսի խոսքերն ու անձնավորությունը լրջորեն քննելուց:

Աթեիզմը մտքի բռնության տեսակ է. օրինակ, ԽՍՀՄ-ի ժամանակներում մարդը չէր կարող ծառայողական սանդուղքով բարձրանալա, եթե ինքը չէր ընդունում պետական գաղափարախոսությունը, որը հիմնվում էր աթեիզմի վրա;
Չնայած ՍՍՀՄ շրջանում գիտական աթեիզմը որպես պետական գաղափարախոսություն ընդունելն ու կրոնական համայնքների նկատմամբ հալածանքները կրոնական ազատության խախտումներ են, ընդհանուր առմամբ, քրիստոնեությունը ոչ մի իրավունք չունի բողոքել սրա դեմ. կոմունիստները գոնե հավատացյալներին չէին այրում խարույկների վրա հերետիկոսության համար ու իրենց դեմ խաչակրաց արշավանքներ չէին սկսում (կատարների, պավլիկյանների, թոնդրակյանների, նեստորականների, հերմետիկների, գնոստիկների, արիանականների և այլոց օրինակներով):
Աթեիզմը վերանում է Նոր Կտակարանի բարեխիղճ ուսումնասիրության դեպքում:
Կարծես թե տեքստի հեղինակը սկսում է «բարոյական հաղթանակ» տանել: Ասել է թե՝ ինքը խոսեց, ինքը ծափահարեց, ինքն իրեն հաղթող հայտարարեց:

Վստահեցնում եմ՝ շատ մարդկանց համար աթեիզմը սկսել է հենց աստվածաշնչի բարեխիղճ ուսումնասիրությունից:
Աթեիզմը վերանում է, երբ մարդու համար աղոթում են Հիսուսի անունով, և վերջինս ստանում է աղոթքի պատասխանը:
«Բարոյական հաղթանակը» կարծես թե խորանում է:
Աթեիզմը գործում է ինչպես դևերը՝ կաթվածահար անելով մարդու կամքը, իսկ Հիսուսը իշխանություն ունի դևերի վրա՝ դրանք վռնդելու:
Տեքստի հեղինակը կարծես թե ինչ-որ վերին ոլորտներ է համբարձվում, ու կորցնում իրականության հետ կապը:
Հիսուսը բերեց խոսքը, որ «կենդանացնում» է աթեիստին և գրավում Նրա ուշադրությունը:
Ձեզ միգուցե թվա, որ սա մառազմ է, բայց խոստանում եմ՝ վերջում կբացատրեմ, թե ինչ նպատակ ունի:
Հիսուսը բացահայտում է մեզ Աստծուն, որովհետև Ինքը՝ Աստված է:

Հիսուսը աթեիզմի մահն է:

«Դուք եք այն մարգարեների որդիքը՝ և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց, և Աբրահամին ասեց. և քո զավակովը պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Աստված առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Հիսուսին, և նրան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնի, որ ամեն մեկը ետ դառնաք ձեր չարություններիցը» (Գործք 3.25--26):
Տեքստի վերջում ակնհայտ է դառնում, որ այս տեքստն աթեիզմի քննադատություն չի: Այն ուղղված չի աթեիստներին: Այն ուղղված է հավատացյալներին, որ ամրապնդի իրենց կամքը հեղինակի ընկալած պատերազմի կոնտեքստում:

Որ ճակատամարտից առաջ զինվորներին ասում են՝ մեր թշնամիների սրտերը լի են վախով, քանի որ իրենք տեսնում են մեր քաջությունը, քանի որ իրենք չեն կարող արդարության դեմ պայքարել: Ու չգիտես ինչու՝ երկու կողմերի հրամանատարներն էլ գրեթե նույնն են ասում իրենց զինվորներին:

Այո: Սա ընդամենը քարոզ է: Պրոպագանդա: Ուղղված հավատացյալներին: «Մենք ուժեղ ենք, իրենք՝ թույլ: Մենք ճիշտ ենք, իրենք՝ սխալ: Մենք դրախտ ենք գնալու, իրենք՝ դժոխք: Մեր հիսուսն իրենց հիսուսից ավելի մեծ է»: Ես լրիվ կարող եմ պատկերացնել, որ այս քարոզը ինչ-որ խարիզմատ եկեղեցու հովիվ քարոզի ժամանակ ասեր իր հոտին: Վերջին պնդումները ոգեկոչումներ են, իրենք փաստական կամ բանավեճային արժեք չունեն: Տեքստը, սկսելով տրամաբանական կետից, աստիճանաբար քննարկումը տանում է հավատի ոլորտ:

Ու այդ առումով այն բավականին լավ կազմված ու մանիպուլյատիվ է: Ու շատ վտանգավոր է նման տեքստերը թերագնահատելը. երբ աթեիստը կարդում է նման տեքստն ու մտածում, որ նման թերի արգումենտացիան երբեք չէր կարող իրեն համոզել, ինքը մոռանում է, որ այս տեքստն իրեն չի ուղղված: Աթեիստները հիշատակված են նույնիսկ երրորդ դեմքով:

Ու եթե տեքստը ձեզ վրա ձեր ընկալած ազդեցությունը չի ունենում, մտածեք. իսկ ի՞նչ ազդեցություն այն կունենար ուրիշ հանգամանքներում, իր հասցեատիրոջ վրա:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։