Նաոմի Վուլֆի վերջին գրքի մասին

Պրոգրեսիվ ֆեմինիստ գրող Նաոմի Վուլֆը վերջերս հրատարակեց իր «Outrages: Sex, Censorship and the Criminalization of Love» գիրքը: Որի կենտրոնական հատվածներից մեկն անդրադառնում էր վիկտորիական շրջանում ԼԳԲՏ անձանց մահվան դատավճիռներին:

Ընդհանուր գրքի ասելիքը տիպիկ դավադրությունների տեսություն էր՝ կողմնակի ինֆորմացիայի հիման վրա հետևություն էր արել, թե վիկտորիական շրջանում պատրիարխալ պատգամավորները ստեղծել են հակա-ԼԳԲՏ հիստերիա, որպեսզի ուշադրությունը շեղեն պրոտո-ֆեմինիստական բողոքից հետերոսեքսուալ տղամարդկանց սեռական ոտնձգությունների դեմ: Գիտեմ, դժվարընթեռնելի նախադասություն է, փորձեմ ավելի պարզ: Հետերոսեքսուալ տղամարդիկ սեռական ոտնձգություններ են անում կանանց դեմ: Կանայք բողոքում են դրա դեմ: Պառլամենտն արհեստական հիստերիա է ստեղծում, կապված հոմոսեքսուալիզմի հետ, որպեսզի հանրային ուշադրությունը շեղի դրանից:

Նաոմի Վուլֆը ֆեմինիզմի երրորդ ալիքի ամենաակնառու դեմքերից է, ալիքի ծագման շրջանում համարում էր շարժվման ոչ պաշտոնական խոսնակը: Նա եղել է նաև ԱՄՆ նախագահ Բիլլ Կլինտոնի ու փոխնախագահ Ալ Գորի խորհրդականը:

Ուրեմն եկեք խոսենք ինկոմպետենտության մասին: Նաոմի Վուլֆը որպես ինֆորմացիայի աղբյուր օգտվել է Հին Բեյլիի դատարանի թվայնացված արխիվից: Հանդիպելով «death recorded» դատավճիռը 1859 թ. 14-ամյա Թոմաս Սիլվերի անվան դիմաց:

Նույնասեռականության մասին առաջին բրիտանական օրենքը 1553 թ. Buggery Act-ն էր, երբ արդարադատությունը դեռ իրականացվում էր կրոնական հեղինակությունների կողմից: «Buggery»-ն ինքը, չնայած չի սահմանվում բուն օրինագծի մեջ, այլ աղբյուրներում նշվում է որպես «աստծո ու մարդկային բնությանը դեմ գնացող սեռական ակտ»: Օրենքը գործել է, մինչև 1828 թ. Offences against the Person Act-ով փոխարինվելը, որի սահմաններում այն նույնպես մահվան դատավճիռ ենթադրող արարք էր: Այն շարունակել է այդպիսին լինել մինչև 1861 թ.:

Իսկ հիմա եկեք հասկանանք, ինչպես է աշխատում դատարանը անգլիական իրավունքի կոնտեքստում: Փաստացի, մենք ունենք երկու իրավական համակարգ, որոնք չպետք է իրար հակասեն. պառլամենտի օրենքները (Acts of Parliament), ու այսպես կոչված «ընդհանրական օրենք» (common law)՝ օրենք, որը ստեղծվում է դատական նախադեպի միջոցով:

Քանի որ օրենք փոխելը բարդ ու ժամանակատար պրոցես էր (ու ենթադրում էր, որ իշխող ու ընդդիմադիր քաղաքական ուժերը կկարողանան կոնսենսուսի գալ այդ կապակցությամբ ու սաբոտաժ չեն անի իրար աշխատանքը), Judgment of Death Act օրենքով դատավորները հնարավորություն ստացան կայացնել «death recorded» դատավճիռը: Փաստացի սա նշանակում էր, որ մարդու արարքն օրենքով ենթադրում է մահվան դատավճիռ, որը դե յուրե կայացվել է, բայց քանի որ շատ մեծ էր հավանականությունը, որ մեղադրյալը թագավորական ներում կստանա, այն կայացվել է առանց իրականացվելու նպատակի:

Կոնկրետ Թոմաս Սիլվերը, իր ժամանակակից հրապարակումներից ելնելով, ոչ թե 14 տարեկան էր, այլ 17, ու մեղադրվում էր վեց տարեկան երեխայի նկատմամբ սեռական հարձակման համար: Դատարանը համարել է, որ Թոմասին պետք է խնայել, հաշվի առնելով նրա երիտասարդությունը, կայացրել է «death recorded» դատավճիռ, ինչին հաջորդել է թագավորական արդարացումը: Արդյունքում Թոմասին ուղարկել են Նյուգեյթի բանտ:

Ընդհանուր առմամբ, 1806-1860 թթ. Բրիտանիայում նույնասեռականության մեջ մեղադրվել են 8192 մարդ, 404-ը դատապարտվել են մահվան, 56-ի դատավճիռն իրականացվել է: Վերջին մարդիկ, ում կախաղան են հանել նույնասեռականության համար, Ջեյմս Պրատն ու Ջոն Սմիթն էին (1835 թ. նոյեմբերի 27):

Նաոմի Վուլֆը, ոլորտի մասնագետ չլինելով ու մասնագետների հետ չխորհրդակցելով, «death recorded»-ը մեկնաբանել է որպես մահվան դատավճռի իրականացման փաստի հիշատակում: Ու դրա հիման վրա ամբողջ գիրք է գրել, տեսություն կառուցել և այլն:

Իհարկե, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ վերաբերմունքը վիկտորիական շրջանում ժամանակակից չափանիշներով բնավ ամենահանդուրժողականը չէր, բայց փաստերի նման անզգույշ ու ինկոմպետենտ մեկնաբանությունն ու մարդիկ, ովքեր պատրաստ են դրան հավատալ ստեղծում են ռադիկալացված, իրականությունից կտրված տեսանկյուններ, որոնք դժվարացնում են առանց այդ էլ բարդ երկխոսությունը սեռերի միջև:

Ու բավականին մտահոգիչ է, որ այս ոլորտում ազդեցիկ ձայներից մեկը պատկանում է Նաոմի Վուլֆին:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։