Բաց նամակ մանկապղծության մասին PAN-ի հոդվածի մեկնաբաններին

Յուլյան հոդված էր գրել մանկապղծության զոհերի պատմություններով: Իմ կարծիքով, այն այս տարվա ամենակարևոր հրապարակումներից մեկն է:
 
Ես լրիվ հասկանում եմ, որ սա շատ բևեռայնացնող, հակասական թեմա է, ու երաշխավորում եմ, որ Յուլյան հոդվածը չի գրել «SOROSI GRANTNEROV», այլ նրա համար, որ թեման իրեն հուզում էր, ու ինքը ցանկանում էր, որ սրա մասին խոսվի:

Ավելի լավ աշխարհում այս հոդվածը կհրապարակվեր գրքի շնորհանդեսից առաջ, ոչ թե հետո:

Ես չեմ պատրաստվում վիրավորել այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս թեման բարձրաձայնելն ավելի ընդունելի ու ավելի տարածված կդարձնի մանկապղծությունը: Ես վստահ եմ, որ իրենց մեծ մասն իրոք ընդամենը վախենում է, որ մանկապղծությունն ավելի լայն տարածում կստանա:

Մանկապղծության թեմայի հետ առաջին անգամ ես առնչվել եմ 90-ական թվականներին: Ձեռքս ոստիկանության 02 շաբաթաթերթն էր ընկել, որտեղ էջերից մեկում գրված էր նրա մասին, թե ինչպես է մեկն իր ընկերոջ աղջկան ուղեկցել խանութ, հետո, ըստ իր ցուցմունքի, ինչ-որ շինության կողքով անցնելիս «ուզել է հետը կենակցի», արդյունքում բռնաբարել է աղջկան: Նյութը գրված էր բավականին բացահայտ, ոչ էմոցիոնալ տոնով, առանց որակումների, կարծես սովորական առօրեական միջադեպ նկարագրեր:

Կամ մարդիկ էին այդ ժամանակ ավելի ազատամիտ, կամ թերթերն էին միայն ազատամիտ մարդկանց հասանելի, ու ոչ մեկը դավադրություններ չէր փնտրում ոստիկանության շաբաթաթերթում:

Ինչ էի ուզում ասել: Ես հասկանում ու կիսում եմ ձեր վախը: Բայց վախը վատ խորհրդատու է: Եկեք խոսենք դրա մասին:

Այս հոդվածը չէր կարող կանխել իր մեջ նկարագրած մանկապղծության դեպքերը: Իրենց, բացի մեկից, երբ մայրը հանցավոր անգործության էր մատնված, երևի ոչինչ չկարողանար կանխել:

Կան բաներ, որոնք մենք անզոր ենք կանխել: Մենք ամենազոր, ամենատես արարածներ չենք:

Բայց եկեք չհերքենք մի օրինաչափություն. հոդվածի հերոսուհիներից ոչ մեկը միջադեպից հոգեբանական օգնություն չի ստացել: Հերոսուհիներից շատերն իրենց կյանքում խնդիրներ են ունեցել, որոնք մասնագիտական օգնության դեպքում կարող էին հարթվել:

Մենք հաճախ չունենք հոգեբանի դիմելու, հոգեկան առողջության մշակույթ. շատերի համար հոգեբանի դիմող մարդը «հոգեկան» է: Մեզ սովորեցնում են մեր խնդիրները թաղել ու լուռ առաջ գնալ: Մենք ծխում ենք, խմում, գոռգռում իրար վրա, որովհետև այդ ամբողջ բեռը դժվար է տանել:

Դուք էլ, ես էլ:

Մենք շատ բաներ կանխել չենք կարող, բայց փոխարենը կարող ենք օգնել վերացնել հետևանքները: Այս կանայք պարտավոր չէին ամբողջ կյանքը հետները տանել այն բեռը, որն ընկել էր իրենց ուսերին: Իրենք անմեղ զոհեր են, ու մենք առաջին հերթին պետք է առաջնորդվենք իրենց շահերով:

Ես վստահ եմ՝ դուք այն մարդիկ չեք, ովքեր կասեն «ոչինչ, թող զոհ գնան, միայն թե պրոպագանդա չլինի»: Վստահ եմ, որ դուք էլ եք կարեկցում այս մարդկանց, դուք էլ պատրաստ եք ձեր մասն անել իրենց օգնելու համար:

Ես գիտեմ, որ մանկապղծությունը դժվար, ծանր, վախենալի թեմա է: Բայց եթե երեխան ենթարկվել է սեռական բռնության, նա պետք է կարողանա ծնողի հետ խոսել դրա մասին: Այո, դա շատ ցավոտ է, մեծ ողբերգություն է, շատ բան կտայիք, որ նման բան չլսեիք, երբեմն պատրաստ եք ականջները փակել, որ չլսեք, ձևացնել, որ չկա: Որովհետև մանկապղծությունն առասպելաբանական վիշապ չի, որին կարելի է գնալ հաղթել: Այն չարիք է, որը պարզապես կա:

Ու մենք պարտավոր ենք լսել: Պարտավոր ենք թույլ տալ, որ խոսեն սրա մասին: Հանուն մանկապղծության զոհերի: Հանուն մեր սեփական երեխաների: Որովհետև եթե մեր երեխաները ողբերգության զոհ դառնան, մենք պարտավոր ենք ուժեղ լինել, կանգնել իրենց կողքը, օգնել բարձրանալ, ոչ թե ստիպենք, որ փակվեն իրենց գլխի մեջ:

Ու լռեն:

Որովհետև որքան էլ լռեցնենք իրենց ձայները, իրենց գլխի միջի ձայները լռեցնել մենք չենք կարող: Ու մի օր մեր երեխաները կարող են նայել մեզ, ինչպես այս պատմությունների հերոսուհիներն, ու ասեն. դուք պետք է մեզ օգնեիք, պաշտպանեիք, բայց դուք մեզ լռեցրել եք:

Սա իմ կարծիքն է, որը կարող եք ընդունել, չընդունել, հայհոյել, եթե այդպես ցանկանաք: Ձեր իրավունքն է: Ես ընդամենը հույս ունեմ, որ ձեր սեփական կարծիքը կազմելիս, դուք ճիշտ ընտրություն կկայացնեք, ինչպիսին էլ այն լինի:

Ողջ եղեք:

Comments

  1. Բարև Ձեզ, ինձ հետաքրքրեցին Ձեր նյութերը։ Դուք Newsletter ունե՞ք։

    ReplyDelete
    Replies
    1. Ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար: Ցավոք՝ ոչ: Բայց գրեթե ցանկացած RSS Reader-ով կարող եք բաժանորդագրվել ու ստանալ նոր նյութերը:

      Delete

Post a Comment

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։