Խաչատուրյան քույրերի մասին

2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆյևո մայրուղու տներից մեկում սպանվեց 57-ամյա Միխաիլ Խաչատուրյանը: Նրա մարմնի վրա հայտնաբերվեցին տարբեր աղբյուրներով 36-45 կտրող-ծակող վերքեր:

Սպանության համար պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին Խաչատուրյանի երեք աղջիկները:

Խաչատուրյան քույրերի հետ կապված:

Եկեք ֆիքսենք, որ սպանությունը մնում է սպանություն՝ անկախ կոնտեքստից (բացի անհրաժեշտ ինքնապաշտպանության դեպքերից, դրա մասին առանձին կխոսենք):

Սպանությունը հանցագործություն է: Որը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Բայց եկեք նաև ֆիքսենք, որ ոչ բոլոր սպանություններն են իրար հավասար: Ինչպես քրեական իրավունքի մնացած սուբյեկտները, սպանությունը նույնպես ունի իր «երանգները»:

Սպանությունը, օրինակ, աստիճաններ ունի ԱՄՆ օրենսդրության մեջ. առաջին ու երկրորդ: Առաջինը գիտակցված սպանությունն է, որը պլանավորվել է նախապես, չարամիտ նպատակով: Երկրորդը գիտակցված սպանությունն է, որը նախապես չի պլանավորվել չարամիտ նախանպատակով: Առաջին աստիճանի սպանության համար առավելագույն պատիժ է նախատեսվում՝ կախված նահանգից, մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:

Իհարկե, Խաչատուրյան քույրերին ԱՄՆ օրենքով չեն դատում, այլ ՌԴ: ՌԴ ՔՕ 105 հոդվածի առաջին կետը սահմանում է սպանությունն ու նախատեսվող պատիժը որպես.
«Սպանությունը, այսինքն այլ մարդու գիտակցաբար մահ պատճառելը,
պատժվում է ազատազրկմամբ վեցից տասնհինգ տարի ժամկետով՝ մինչև երկու տարի ազատության սահմանափակմամբ կամ առանց դրա»:
Նույն հոդվածի երկրորդ կետում նշվում է.
«Սպանությունը, որն իրականացվել է.
...
ж) մարդկանց խմբի կողմից, մարդկանց խմբի կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից
...
պատժվում է ազատազրկմամբ ութից քսան տարի ժամկետով՝ մեկից երկու տարի ազատության սահմանափակմամբ, կամ ցմահ բանտարկությամբ, կամ մահապատժով»:
(ՌԴ սահմանադրության 20-րդ հոդվածը ենթադրում է մահապատիժ միայն կոնկրետ խիստ ծանր հանցանքների համար, որոնցից ամեն մեկը դատաքննություն է պահանջում: 1996 թ. Եվրոխորհուրդ մտնելու կապակցությամբ Բորիս Ելցինը մորատորիում է անց կացրել, որով կասեցրել է մահապատիժների իրականացումը, իսկ 1999 թ. ՌԴ Սահմանադրական դատարանը մորատորիումին անվիճարկելի, թեև ժամանակավոր կարգավիճակ է տվել):

Միանգամից երկու նարրատիվ բացառվում է:
  • Ոչ, Խաչատուրյան քույրերը չէին կարող հորը սպանել փողերին տիրանալու համար, որովհետև ոչ մեկը փողերին տիրանալու համար: Ոչ ոք սպանություն չի կատարում ու հետո ընդունում մեղքը, հետևաբար՝ դրանից բխող անխուսափելի պատիժը, որպեսզի «փողերի տիրանա»:
  • Ոչ, Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել: Հանցագործությունը մնում է հանցագործություն: Եթե նույնիսկ կատարվել է հանցագործի նկատմամբ:
Բնականաբար, գրեթե ցանկացած մարդ, ով սպանություն է իրականացրել, նամանավանդ եթե սպանությունն իր կարծիքով անհրաժեշտ էր, կփորձի ընտրել պատմության այն տարբերակը, որն իրավական տեսանկյունից իր շահերից է բխում: Այնպես որ, կառչել դատարանում տրված ցուցմունքների ու պաշտպանության ստրատեգիայի փոփոխություններից անիմաստ է:

Թե ինչ տիպի մարդ էր Միխաիլ Խաչատուրյանը՝ բազմիցս ասվել է: Այստեղ կարող եք լսել, թե ինչպես է նա խոսում իր երեխաների հետ: Խաչատուրյանի ազգականներից մեկն աղջիկների կողմից նման տվյալներ հավաքելը ներկայացրել է որպես սպանության պլանավորման ապացույց, բայց ես իր հետ չեմ համաձայնի: Աղջիկները հավաքել են իրենց հոր վարքի ապացույցներ, բայց թե ինչ նպատակով՝ դա մեզ դեռևս անհայտ է:

Խաչատուրյանը, չնայած պաշտոնապես գործազուրկ լինելուն, ապրում էր համեմատաբար անկարիք կյանքով: Լուսանկարվում էր հայտնի մարդկանց հետ, սկանդալներ կազմակերպում, օրինակ, Սոլովյովի անվան գիտա-կիրառական նևրոլոգիական կենտրոնում, որտեղ բուժվում էր: Սերբսկու անվան կենտրոնի մասնագետների փորձագիտական եզրակացությունն այնպիսին է, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում կարդալուց.
«Վերջին տարիներին անհատական ու սոմատո-նևրոլոգիական պաթոլոգիայի ֆոնի վրա (էնցեֆալոպաթիա, խոցային հիվանդություն և այլն), որոնք ուղեկցվում էին քնի խանգարումներով, հեշտ հոգնելով, գլխի ծանրությամբ, Խաչատուրյանի համար տիպիկ էր դարձել... աղջիկների ու համաբնակչուհու նկատմամբ իշխելու ձգտումը, ինչի համար նա կիրառում էր վիրավորանքներ, ստորացումներ, կոպիտ ֆիզիկական ագրեսիա (նաև զենքի տարբեր տեսակների կիրառմամբ): Բացի դրանից, Խաչատուրյանն իր աղջիկներին ենթարկում էր ֆիզիկական ու սեռական բռնության»:
Բնական է, որ ընկերներն ու ազգականները կփորձեն սպիտակեցնել Խաչատուրյանի հիշատակը: Չէ՞ որ Խաչատուրյանը «սուրբ» էր՝ տարբեր վկայություններով, 90-ականներին ռեկետով էր զբաղվում, կապեր ուներ հանցավոր աշխարհի հետ, կալանավորվածներին ապահովում էր թմրադեղերով և այլ «անհրաժեշտ» պարագաներով, Երուսաղեմ ուխտագնացությունների էր գնում, նվիրատվություններ էր կատարում եկեղեցուն, պահում բոլոր պասերն ու ծոմերը, կալանավայրերում հոգևոր ծառայություններ մատուցում, հաճախ բակում հայտնվում հոգևորականի հագուստով:

Այնպես որ, Խաչատուրյանն «անբարո գեյրոպաների բարոյական քայքայման» պրոդուկտը չէր: Խաչատուրյանն առաջին քրիստոնյա ազգի ավանդապաշտ զավակ էր, որը բացի իր տհաճ բնավորությունից տառապում էր հոգեկան խնդիրներով, ու քանի որ, ասած ոմն Ռ. Ահարոնյան, օրենքը հայ ընտանիք չպիտի մտնի, դարձել էր անպատժելի, բացարձակ իշխանություն ստացել մարդկանց նկատմամբ, ում պիտի պաշտպաներ: Աստծո ծառա, սեփական տան սուլթան: Քի՞չ եք ճանաչում նման մարդկանց, բարեպաշտ, հավատացյալ, միայն աստծո առաջ պատասխանատու, սեփական տանը՝ թագավոր, ախպերների համար՝ թագավոր ախպեր, ու իրենց օրենքի դաշտ բերողներին «գործ տվող» կամ ավելի խիստ բաներ ասող:

Արդյունքում տեղի էր ունեցել այն, ինչ դժվար է այլ բառերով անվանել: Սեփական երեխաների սիստեմատիկ խոշտանգում, ֆիզիկական ու սեռական էքսպլուատացիա:

Էական չի, թե «բարի սուլթանն» անհայտ աղբյուրներից ստացված փողերից որքան էր ողորմածաբար փոխանցում իր աղջիկների քարտերին: Ծիծաղելի է այն արդարացումը, երբ նկարագրում են «հրեշ հոր» կոնկրետ ստերեոտիպ, հետո ասում, որ քանի որ Միխաիլ Խաչատուրյանը չի համապատասխանում այդ ստերեոտիպի մի քանի կետերի, ուրեմն ինքը «հրեշ հայր» չի, ու մնացածն էլ չէր կարող արած լինել:

Ես ինքս իմ կյանքի ընթացքում տեսել եմ մի քանի պոտենցիալ Խաչատուրյան:

Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի՝ արդյոք չէի՞ն կարող աղջիկները ոստիկանություն դիմել, դրան հեշտ է պատասխանել: Խաչատուրյանը հարևանների ու ընտանիքի մոտ, ըստ վկայությունների, ստեղծել էր իր անձեռնմխելիության տպավորություն: Աղջիկները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ հայրը կարող է դրա համար անպատիժ մնալ ու վրեժ լուծել, ընդհուպ մինչև սպանություն:

Ու քանի՞ մարդ իրենց կմեղադրեր «սեփական հոր դեմ գործ տալու» մեջ:

Իսկ աղջիկները դարձել են զոհերը մի համակարգի, որն իրենց չի պաշտպանել խոշտանգումներից, ինչը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, ֆիզիկական ու սեռական բռնությունից:

Ու հիմա համակարգը, որը չի պաշտպանել աղջիկներին, կպատժի նրանց, ինչպես նախատեսվում է օրենքով: Արդյո՞ք սա օրինական է: Այո: Արդյո՞ք սա արդարացի է: Իհարկե ոչ:

Ահա թե ինչ նկատի ունեմ ես ասելով, որ ժողովրդավար երկրում օրենքները պետք է բխեն ոչ թե մեղավորին պատժելու մղումից, այլ անմեղին պաշտպանելու մղումից:

Comments

Post a Comment

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։