Հավատի երեսպաշտությունը

Ընդհանուր առմամբ, բավականին տարածված կարծիք կա, թե հավատը լավ բան է, բայց կազմակերպված կրոնն աղավաղել է հավատի իրական նշանակությունը:

Ես կազմակերպված կրոնը տեսնում եմ որպես կոմպրոմիս՝ իռացիոնալ հավատի ու իրականության միջև: Եթե աստվածաշունչն, օրինակ, նկարագրում է, թե ինչին պիտի հավատա քրիստոնյան, ապա եկեղեցին որոշում է, թե իրատեսորեն դրա որ մասն է կիրառելի կրոնական ու մշակութային տեսակետներից, ու ինչպես է այն պետք կիրառել: Աստվածաշնչի բազմաթիվ պնդումներ բառացի կիրառելը ժամանակակից հասարակությունում կդիտարկվեր որպես բարբարոսություն, հատկապես Հին Կտակարանի օրենքները։

Այս հոդվածում ես ցույց կտամ, թե ինչպես է «մանանեխի հատիկի չափ» հավատը հաճախ փչացնում ձեր կյանքն ու դարձնում ձեզ ավելի վատ մարդ:

Բայց նա՝ մի փոքր անեկդոտ, որը հետագա տեքստի հետ առանձնապես կապ չունի։ Իչմա հարավամերիկյան հնագույն քաղաքակրթության գլխավոր աստծո անունն, ինչքան էլ զվարճալի չհնչի հայերեն, Պաչաքամակ էր: Ու չնայած իրենց լեզվով դա թարգմանվում էր որպես «տիեզերքի արարիչ», հայերեն հնչողությունն ավելի լավ է բնութագրում կրոնի էությունը:

Ֆեյսբուքում կա «Նարեկ» աղոթքների խումբ, որտեղ տարբեր նեղությունների մեջ ընկած մարդիկ մտնում ու խնդրում են աղոթել իրենց և իրենց մերձավորների համար: Օրինակ՝ մի կին պատմում է, որ իր երեխան քաղցկեղից է բուժվում, ու խնդրում աղոթել երեխայի ապաքինման համար:

Եթե եղել եք ցանկացած մանկական օնկոլոգիական կամ արյունաբանական բաժնում, կտեսնեք, որ այնտեղ լիքը երեխաներ են պառկած, որոնց մի մասը կբուժվի հիվանդությունից, մի մասը՝ ոչ: Ես պատկերացնում եմ ծնողների մտածելակերպը, երբ իրենց երեխան իրոք սարսափելի հիվանդություն ունի, ու իրենք պատրաստ են կառչել ցանկացած բանից՝ իրենց երեխայի կյանքը փրկելու հույսի փոխարեն:

Բայց հիշեք, որ հիվանդանոցի նույն բաժնում պառկած են լիքը երեխաներ, որոնց մի մասը չի ապրելու: Եթե աստված հնարավորություն ունի բուժել հիվանդ երեխաներին, բայց պահանջում է, որ իրեն աղոթեն դրա համար, «պաչաքամակ» անեն, երևի աստված այնքան էլ լավ կերպար չի ու բավականին երեսպաշտ է: Ու եթե ծնողն ասում է՝ ոչինչ, որ ուրիշների երեխաներ չեն ապրելու, թող իմը փրկվի, ինքն էլ իրականում վարակված է նույն երեսպաշտությամբ:

Երբ դասարան ինչ-որ մոլագար է մտնում ու կրակում երեխաների վրա, ու ողջ մնացածների ծնողները շնորհակալություն են հայտնում աստծուն, իրենք շնորհակալություն են հայտնում աստծուն, որը թույլ է տվել, որ ուրիշների երեխաները մահանան: Երբ հարևանների տունը հրդեհվում է, իսկ քոնը՝ ոչ, դու շնորհակալ ես աստծուն, որ թույլ է տվել, որ հարևանների տները վառվեն, իսկ քոնը՝ ոչ:

Վերևում մի աղոթքի տեքստ եմ կցել, որը խմբում խորհուրդ էին տալիս կարդալ քաղցկեղից մահացող երեխաների համար: Վստահ եմ՝ այն դեռ ոչ մեկին չի բուժել քաղցկեղից։

Ինչ-որ մեկը կվիճի՝ մահացած երեխաները գնում են դրախտ, նստում աստծո գիրկը և այլն: Այդ դեպքում ինչու՞ մարդիկ իրենց երեխաներին կնքվելուց անմիջապես հետո չեն սպանում: Իհարկե, իրենց սեփական անմահ հոգիները կդատապարտեն դժոխքի՝ իրենց երեխաների դրախտում տեղը երաշխավորելով: Գիտե՞ք ինչու: Որովհետև մարդիկ, մեծ մասամբ, հոգու խորքում բավականաչափ ադեկվատ են, որ իրենց երեխաներին չսպանեն հանուն հեքիաթի: Ուրեմն պետք չի հիմա հեքիաթ կարդալ ուրիշների մահացող երեխաների ճակատագրի մասին:

Բայց այդ ադեկվատությունը չի պաշտպանում ծնողներին «ավելի լավ է երեխաս մեռնի, քան...» մտածելակերպի ավելի մեղմ ձևերից: Երբ համարում եք, որ ձեր երեխային սեռական դաստիարակություն պետք չի, քանի որ դրա արդյունքում նա կարող է սկսել արտամուսնական սեռական կապեր ունենալ, չնայած ՁԻԱՀ-ի ռիսկին, դուք փաստացի սիրուն բառերով ասում եք շատ տգեղ բան. ավելի լավ է՝ իմ երեխան մեռնի, քան բարձրանա իր արտամուսնական սեռական կյանք ունենալու հավանականությունը: Ավելի լավ է՝ իմ երեխան մեռնի, քան խայտառակ անի ինձ: Ու սա ընդամենը  մի օրինակ է: Քանի՞ անգամ եք տեսնում, որ ծնողն ասի՝ եթե երեխաս գեյ լինի, իմ ձեռքով կսպանեմ: Ավելի լավ է՝ մեռնի, քան նույնասեռական լինի: Ավելի լավ է՝ մեռնի, քան դժո՞խք գնա: Քան խայտառա՞կ անի: Դժվար է ասել, արդյոք խնդիրը հավատն է, թե կեղծ հավատի տակ թաքցնում են իրենց հասարակությունից մերժված լինելու վախը:

Լավ, իսկ ի՞նչ է ասում աստվածաշունչը նման դեպքերի կապակցությամբ:
«Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց, ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ, եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։ Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան»։
(Բ.Օր 21:18-21)

Ահ: Դժվար չէր գուշակել:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։