Նկատողություններ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տեղի ունեցող տրագիկոմեդիան արդեն չափից դուրս երկար տևեց՝ առանց կոնվենցիայի շուրջ բովանդակային բանավեճի, մի քիչ ծավալուն արտահայտվեմ այս թեմայով:

Հայաստանում ընտանեկան բռնությունն իրական է: Հուսով եմ՝ ոչ ոք չի առարկի սրա դեմ: Ընտանեկան բռնության դեմ պետական մակարդակով պայքարն՝ անհրաժեշտ: Դրա դեմ, կարծում եմ, առարկողներ, բացի Ռոբերտ Ահարոնյանից, դժվար թե լինեն:

Իհարկե, այս հարցում տարբեր տեսակետներ կան: Ֆեմինիստները կպնդեն, որ ընտանեկան բռնությունը կանանց իրավունքների խնդիր է: Անձամբ ես հակված եմ համարել, որ ընտանեկան բռնությունն ավելի հաճախ ուղղված է երեխաների դեմ ու ավելի շատ պիտի քննարկվի երեխաների իրավունքների կոնտեքստում:

Բայց այս քննարկումները կոնվենցիայի հետ կապ չունեն:

Նախ՝ եկեք հասկանանք, ինչ է կոնվենցիան, ինչ նպատակ ունի, ինչ է կարգավորում, ինչի համար է անհրաժեշտ:

Ընտանեկան բռնության դեմ պետական մակարդակի պայքարի համար անհրաժեշտ են որոշակի ռեսուրսներ: Փող: Մասնագետներ: Փորձի վրա հիմնված ինֆորմացիա՝ ընտանեկան բռնության ձևերի, դրանց պատճառների, դրանց դեմ պայքարի մեթոդների էֆեկտիվության վերաբերյալ:

Եթե նույնիսկ ֆինանսական մասը մի կողմ դնենք, ենթադրելով, որ մեր հարկատուները պատրաստ են իրենց հարկերով ֆինանսավորել այդ բավականին թանկարժեք գործընթացը (ամբողջ աշխարհում երեխաների դեմ բռնության բոլոր ձևերի ազդեցությունը գնահատվում է մինչև մոտ 7 տրիլիոն ԱՄՆ դոլար) մասնագետներն ու ինֆորմացիան պահանջում են ընտանեկան բռնության դեմ պայքարի դրական փորձ: Որը մենք դեռ չունենք:

Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է համագործակցություն: Ու պատկերացրեք՝ 2001 թվի հունվարի 25-ից մի կառույցի լիարժեք անդամ ենք, որի անունն է Եվրոպայի խորհուրդ: Ու Եվրոպայի խորհուրդը, մեր մասնակցությամբ, 2011 թ. մայիսի 11-ին ստորագրել է Կանանց դեմ և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստամբուլյան կոնվենցիան:

Սուտ համար մեկ՝ թե կոնվենցիան մեզ պարտադրվում է արտաքին դավադիր քաղաքական կառույցների, հիմնադրամների, Սորոսի կամ այլոց կողմից: Կոնվենցիան ստեղծել է մի կառույց, որի լիարժեք անդամ է Հայաստանը: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է:

Սուտ համար երկու՝ Ստամբուլյան կոնվենցիան չի կարգավորում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքն ու իրավունքները: Կոնվենցիան կարգավորում է այն ստորագրած ու վավերացրած երկրների համագործակցությունը կանանց դեմ ու ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում:

Բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել կոնվենցիայի այն ձևակերպումը, որով չեն բացառվում նույնասեռ ամուսնությունները, բայց դրա իրական պատճառը կոնվենցիայի ունիվերսալությունն է. այն պետք է կիրառելի լինի բոլոր ստորագրած ու վավերացրած երկրներում, ներառյալ այն երկրները, որոնք օրինականացրել են նույնասեռականների ամուսնությունները: Այնպես որ, անցնենք երրորդ ստին:

Սուտ համար երեք՝ Ստամբուլյան կոնվենցիան կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանում օրինականացվեն նույնասեռ ամուսնությունները: Ստամբուլյան կոնվենցիան, նախքան վավերացվելը, քննարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում: ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային համաձայնագրերը գերակա են Հայաստանում գործող օրենսդրական ակտերի նկատմամբ, հետևաբար ցանկացած միջազգային կոնվենցիա կարող է վավերացվել միայն եթե այն չի հակասում գործող սահմանադրությանը: Գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը սահմանում է ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև: Ստամբուլյան կոնվենցիան չի կարող իր բնույթով չեղյալ հայտարարել սահմանադրության հոդվածը, ու սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար ի՞նչ է պետք, հիշու՞մ եք: Ճիշտ է՝ հանրաքվե: Այսինքն՝ նույնասեռական ամուսնությունները կարող են օրինականացվել միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դրան կողմ լինի: Ու Ստամբուլյան կոնվենցիան չի կարող դա փոխել:

Ի՞նչ է լինելու կոնվենցիան վավերացնելուց հետո: Կոնվենցիան սահմանում է այն պլատֆորմը, որի հիման վրա այն ստորագրած ու վավերացրած երկրները պայքարելու են ընտանեկան բռնության դեմ: Կոնվենցիան իր մեջ պատունակում է այսպես կոչված «placeholder term»-եր: Օրինակ՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածն ասում է.
Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց եւ  տղամարդկանց  վարքագծի  սոցիալական  եւ  մշակութային  վարվելակերպերում փոփոխություններ  մտցնելու  նպատակով՝  այն  հաշվով,  որպեսզի  արմատախիլ արվեն  այն  նախապաշարմունքները,  սովորույթները,  ավանդույթները  եւ  մյուս բոլոր  այն  երեւույթները,  որոնք  հիմնված  են  կանանց  ստորադասվածության  կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
Սուտ համար չորս. Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի առաջին կետն ուղղված է հայու գենն ու արժեհամակարգը քանդելուն:

Սա իրավաբանական լեզվով գրված ձևակերպում է, որը ոչ ֆորմալ լեզվով նշանակում է՝ մասնակից պետությունները պարտավոր են պարզել, թե ինչն է իրենց մոտ պատճառ դառնում ընտանեկան բռնության համար, ու պայքարել այդ պատճառների վերացման համար: «նախապաշարմունքները,  սովորույթները,  ավանդույթները  եւ  մյուս բոլոր  այն  երեւույթները» հենց placeholder term է: Այս հասկացությունները չեն սահմանված կոնվենցիայի կամ հարակից փաստաթղթերի տեքստում: Իրենց սահմանելու պարտավորությունն ընկնում է ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների վրա: Կոնվենցիայով Հայաստանը ոչ մի պարտավորություն չի վերցնում պայքարել ոչ մի կոնկրետ ավանդույթի, սովորույթի, նախապաշարմունքի կամ այլ երևույթի դեմ: Հակառակ դեպքում մենք կունենայինք ավանդույթների, սովորույթների, նախապաշարմունքների կամ այլ երևույթների ցանկ: Որը չունենք:

Ստամբուլյան կոնվենցիայի շրջանակներում պետք է ձևավորվի համապատասխան օրենսդրական դաշտ, որը կկարգավորի պայքարն ընտանեկան բռնության դեմ: Ձևավորողը ՀՀ Ազգային ժողովն է, կիրառողը՝ ՀՀ Կառավարությունը: Ոչ ՀԿ-ները, ոչ Սորոսը, ոչ Եվրոպայի խորհուրդը:

Իսկ հիմա անդրադառնամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք աղմուկից հետո սկսել են մտածել՝ արդյոք լավ միտք է կոնվենցիային կողմ քվեարկելը, թե ոչ, ու ովքեր միգուցե վախենում են կոնվենցիային կպցված պիտակներից:

Հարգելիներս, ձեզանից շատերին նույնպես պիտակներ են կպցված, ու պիտակներից մեկը «պոպուլիստն» է: Պոպուլիզմը հռետորաբանական կուրս է, որի ժամանակ խոսողն իրեն ներկայացնում է որպես հասարակ քաղաքացու հայացքների ու շահերի ներկայացուցիչ: Ինքը սարսափելի բան չի, բացի դեպքերից, երբ պոպուլիզմի տակ չկա իրական մտահոգվածություն քաղաքացիների շահերով ու կյանքի որակով: Երբ դուք պատրաստ եք քաղաքացու շահերին ու կյանքի որակի բարելավմանը դեմ գնացող որոշում կայացնել՝ քաղաքացիների ռադիկալ, աղմկոտ խմբի հետ կոնֆրոնտացիայից խուսափելու, «բոլորին հաճելի լինելու» մղումից:

Հետաքրքիր է, երբ «Դուխով» կոչով իշխանության եկած խմբակցության պատգամավորները մի տեսակ բավականաչափ «դուխով» չեն:

Երբ ԱԺ պատգամավորը խրուշովյան շրջանի «не читал, но осуждаю» տոնով է արտահայտվում Ստամբուլյան կոնվենցիայի մասին, դա ինձ մոտ խորը մտահոգություն է առաջացնում, թե ինչպիս մարդիկ են նստած մեր խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը վայելող կուսակցությունում: Ու եթե այդպիսի մարդիկ հրաժարվեն մանդատից, ես միայն ուրախ կլինեմ դրա համար, ու կհուսամ, որ իրենց փոխարինողները կարդալու ու հասկանալու հետ ավելի մեծ սեր կունենան:

Կարդացեք, հասկացեք, գնահատեք, թե ինչ է տալու մեզ կոնվենցիան ստորագրելը, ինչ ենք կորցնելու կոնվենցիան ստորագրելու դեպքու, հետո գնահատեք, թե ինչ է տալու չստորագրելը, ինչ ենք կորցնելու չստորագրելուց հետո, դրեք կշեռքի նժարներին ստորագրելն ու չստորագրելը, ու կայացրեք ինֆորմացված որոշում, ոչ թե տրվեք տակը ոչ մի բան չունեցող, դատարկ պոպուլիզմի: Դուխով:

Ֆիքսեմ, որ ես ողջունում եմ ցանկացած հարցով բովանդակային բանավեճը, բայց ոչ մասսայական հիստերիան, կոնֆլիկտ հրահրելը, կոնվենցիան կարդալ ուզողներին հայհոյելը, կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին մասնակցել չուզողներին մեղադրելն ու մնացած արատավոր երևույթները: Ու ես անվստահություն եմ հայտնում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ինձ հայտնի երկու ստորագրահավաքներին՝ ելնելով նրանից, որ ստորագրահավաքն իրականացնողները չեն նպաստել կոնվենցիայի շուրջ բովանդակային բանավեճին, վերբալ հարձակումներ են գործել իրենց օպոնենտների նկատմամբ, չեն նպաստել կոնվենցիայի շուրջ տեղեկացվածության աճին ու օբյեկտիվ կարծիքի ձևավորմանը, թափանցիկություն չեն ապահովել ստորագրահավաքի մեթոդաբանության ու վերիֆիկացիայի մեխանիզմների կապակցությամբ:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։