COVID-19 փաստերի ստուգում. արդյոք կորոնավիրուսը 5g տեխնոլոգիայի հետևանք է

Պնդում. COVID-19 համաճարակի պատճառը  5գ տեխնոլոգիան է։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը։

5g-ի ու կորոնավիրուսի կապը հերքելու համար բավական է հիշեցնել, որ Հայաստանը դեռ 5g տեխնոլոգիա չունի (VivaCell MTS-ը պատրաստվում է այս տարի սկսել տեղադրել անտենաներ, բայց դրանից քիչ օգուտ կա, քանի դեռ մարդկանց զգալի մասը 5g սմարտֆոնների չի անցել՝ մենակ անտենան չի, հեռախոսն էլ պիտի ապահովի):
Նորից կրկնենք։ Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ COVID-19 համաճարակը 5g տեխնոլոգիայի հետևանքով է, ոչ թե SARS-CoV-2 վիրուսի։ Բայց Հայաստանն ունի COVID-19 համաճարակ, չունենալով 5g տեխնոլոգիա։

Ինչ է 5G-ն

5g֊ն բջջային ցանցերի անլար հաղորդակցության հերթական սերունդն է:
Անլար հաղորդակցության ժամանակ ինֆորմացիան փոխանցվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով: Ժամանակակից անլար հաղորդակցության դեպքում օգտագործվում են մի քանի հաճախականություններ՝ ցածր, միջին, բարձր: Ինչու՝ որովհետև ցածր հաճախականությունները դանդաղ են, բայց խոչընդոտները լավ են շրջանցում: Դրա համար էլ որոշ տեղեր ձեր կապն արագ է, ուրիշ տեղեր՝ դանդաղ:
Բարձր հաճախականային ալիքներն ավելի շատ էներգիա ունեն ու ավելի հակված են փոխազդել այն ամեն ինչի հետ, ինչ կանգնած է իրենց ճանապարհին:
5G-ի միջին ու ցածր հաճախականային ալիքները նույնն են, ինչ 4G-ինը: Բարձր հաճախականայինը ավելի բարձր է ու հասնում է գերբարձր հաճախականային ալիքների ստորին սահմանին (UHF):
Ու սա միգուցե վախենալի հնչի մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում էլեկտրամագնիսական ալիքների սպեկտրը:


Սպեկտրի ներքևում ռադիոալիքներն են: Իրենք բավականաչափ ցածր էներգիա ունեն, որ առանց փոխազդելու անցնեն խոչընդոտների միջով: Հետո գալիս է միկրոալիքային ճառագայթումը: Սովորաբար անվնաս է, բայց եթե կենտրոնացնեք մի կետում, կարող է, օրինակ, տաքացնել ձեր պիցցան։ Կամ էլեկտրական լիցք առաջացնել մետաղե իրերի եզրերին:
Ու հիշեք՝ խոսքը գնում է չափավոր քանակությամբ ճառագայթման մասին, եթե կանգնեք բավականաչափ հզոր միկրոալիքային անտենայի ուղիղ դիմաց, այն ձեզ կարող է պարզապես եփել:
Միկրոալիքային ճառագայթումից վերև ինֆրակարմիր ճառագայթումն է: Այն կլանվում կամ անդրադարձվում է մակերևույթների կողմից, կլանվելու դեպքում բարձրացնում իրենց ջերմաստիճանը: Երբ դուք տաք բանի մոտ պահում եք ձեր ձեռքն ու ջերմությունը զգում, դա տեղի է ունենում հենց ինֆրակարմիր ճառագայթման միջոցով:
Հետո գալիս է տեսանելի լույսը: Այո, տեսանելի լույսը լրիվ նույն բնույթն ունի, ինչ 5G անլար կապը, պարզապես լույսի ալիքներն անհամեմատ ավելի մեծ էներգիա ունեն:
Իսկ այ հետո գալիս են մի քիչ ավելի վտանգավոր ճառագայթումները, որոնք ոչ թե մոլեկուլների էներգետիկ վիճակն են փոխում, այլ կարող են ատոմներից էլեկտրոններ պոկել ու իոնիզացնել նյութը: Ուլտրամանուշակագույն ճառագայթում, ռենտգենյան ճառագայթներ և այլն:
Կարճ ասած, եթե դուք լամպն անջատել-միացնելով ինչ-որ մեկին հաղորդագրություններ եք փոխանցում, դուք օգտագործում եք ավելի բարձր հաճախականային էլեկտրամագնիսական ճառագայթում, քան 5G-ն:
Այնպես որ՝ կարիք չկա լսել վախավաճառներին, ովքեր փորձում են շահագործել ինժեներական գիտելիքների ձեր պակասը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ էլեկտրամագնիսական ճառագայթման ցանկացած քանակ անվտանգ է: Այդ թեմայով լուրջ գիտական հետազոտություններ կան, որոնք ուսումնասիրում են էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա (օրինակ՝ ջերմային, կամ նյարդային համակարգի վրա և այլն): Բոլոր ուժեղ անտենաներն ունեն աշխատանքի ընթացքում անվտանգ զոնաներ՝ կարճատև կամ երկարատև ազդեցության համար: Որ պատկերացնեք՝ անտենայից մեկուկես մետր հեռավորության վրա էլեկտրամագնիսական ճառագայթումը նվազում է մոտ յոթ անգամ: Բայց 5G-ն բնավ ավելի պրոբլեմատիկ չի, քան մնացած ռադիոալիքները, ու եթե ուզում եք լրիվ նեյտրալիզացնել մարդու վրա էլեկտրամագնիսական ալիքների ԵՆԹԱԴՐՅԱԼ ազդեցությունը, կարող եք վերադառնալ ծխային ազդանշաններով կամ շենքից շենք գոռալով շփվելուն: Մյուս կողմից, 5G-ն միայն հաճախականությունների խումբ չի. ավելին՝ 5G բազմաթիվ կայաններ իրականում թարմացված 4G կայաններ են՝ նույն հաճախականություններով: 5G-ն հաղորդակցության պրոտոկոլ է, որը ենթադրում է իր մեջ օգտագործվող սարքավորումներ, ծրագրային ապահովում, կապի մեթոդներ, գաղտնագրում և այլն:


5g տեխնոլոգիան շատ կարևոր է ապագայի համար, երբ անլար ցանցերին միացած սարքերի քանակն ավելի մեծ կլինի, քան 4g տեխնոլոգիան կարող է ապահովել, ու 5g ցանցից է կախված լինելու ամեն երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու հասանելիությունը։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։