COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք COVID-19 համաճարակն աշխարհի վերջն է

Պնդում. COVID-19 համաճարակը կարող է ոչնչացնել մարդկությանը։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը։

Ամբողջ աշխարհում գրառումը կատարելու դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2,494,915 դեպք, առողջացել է 658,009 մարդ, մահացել՝ 171,249 մարդ:
Վարակվել է աշխարհի բնակչության 0,033 տոկոսը, մահացել՝ 0,0023 տոկոսը:
Համաճարակը դեռ չի ավարտվել, բայց հատուկ նրանց համար, ովքեր կարծում են, որ սա աշխարհի վերջն է, եկեք հիշենք պատմությունը:

1918֊1920 թվականների իսպանական գրիպի համաճարակը վարակել է մոտ 500,000,000 մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 25 տոկոսը: Իսպանական գրիպի համաճարակից մահացել են, եթե վերցնենք հաշվարկների ստորին շեմը, մոտ 17-50 միլիոն մարդ, այսինքն՝ կամ ավելի շատ, քան առաջին համաշխարհային պատերազմից, մինչև 100 միլիոն մարդ՝ եթե վերցնենք հաշվարկների վերին շեմը, ավելի շատ, քան երկու համաշխարհային պատերազմներից՝ միասին վերցրած:

Ամբողջ աշխարհի այդ ժամանակվա բնակչության 2,5֊5 տոկոսը:

Ոչ այդ համաճարակը, ոչ էլ այս մեկը աշխարհի կամ մարդկության վերջը չի: Մենք պայքարում ենք մեր մերձավորների կյանքի ու առողջության համար, մարդկանց, ում կյանքն ու առողջությունը կարող է վտանգվել այս համաճարակից:

COVID-19 համաճարակից մահացածներից ամեն մեկն առանձին մարդ էր՝ իր ապրած կյանքով, իր ընտանիքով, հարազատներով, ծնողներով, երեխաներով սիրածներով: Ու հիմա նրանք չկան:
Սա աշխարհի վերջը չի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք փրկել այն բոլոր մարդկանց, ովքեր հակառակ դեպքում կարող են զոհ գնալ համաճարակին:

Հիվանդության առաջին մեզ հայտնի զոհն իմ տարիքի էր, ոչ թե ծեր մարդ: Բժիշկ, որն առաջինն էր բարձրաձայնել հիվանդության մասին, առանց լրացուցիչ առողջական խնդիրների: Ինչու՝ որովհետև կա նաև viral load հասկացություն, վիրուսի ինչ դոզա է ստանում վարակվող մարդը, ու բարձր viral load ստացած մարդու հիվանդությունն ավելի ագրեսիվ ու ծանր ընթացք է ունենում՝ անկախ իր տարիքից ու առողջական խնդիրներից: Ու ինչքան շատ են շրջապատում վարակված մարդիկ, ինչքան ավելի լուրջ են վարակված, այնքան բարձրանում է viral load-ը:
Այնպես որ, մենք իրավունք չունենք հանձնվել կամ հուսահատվել:

Կարևոր է հասկանալ, որ ամեն գնով պետք է խուսափել պանիկայից։

Նայենք՝ ինչի կարող է բերել պանիկան:
  1. Հուսահատության. ինչ իմաստ ունի պայքարելը, եթե մեկ է՝ բոլորս վարակվելու ենք: Եթե նույնիսկ դա ճշմարիտ լիներ, հիշեք, որ հետաձգելով մեր հիվանդանալը մենք հարթեցնում ենք հիվանդության տարածման կորը։ Դրա շնորհիվ առողջապահական համակարգը ստիպված չի լինում Իտալիայի նման ավելի շատ հիվանդներ ունենալ, քան կարող է բուժել։ Եթե բոլորս միանգամից վարակվենք, առողջապահության համակարգը պարզապես ի վիճակի չի լինի բոլորին օգնել, ու կլինի ահավոր բարձր մահացություն։ Իտալիայի նման։ Բայց եթե պահպանենք կարանտինը, կարող ենք նույնիսկ սահմանափակել վարակման չափը մինիմումի, մինչև հիվանդության բուժման կամ կանխարգելման միջոցներ կլինեն:
  2. Պանիկայի մեջ մարդիկ կարող են վնասել իրար: Օրինակ՝ Ուկրաինայում Չինաստանից էվակուացված ուկրաինացիներով ավտոբուսի վրա հարձակումը: Իրանում հիվանդանոց հրկիզելը: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրն իջնի նման բարբարոսության:
  3. Պանիկայի մեջ մարդիկ կարող են վնասել իրենք իրենց: Ալկոհոլով ինհալյացիաները: Խմելու համար չնախատեսված հեղուկներ, օրինակ՝ տեխնիկական սպիրտ, խմելը: Ժավելով բերանը ողողելը: Սրանք բաներ են, որ իրական մարդիկ արել են կորոնավիրուսի հետ կապված պանիկայի պատճառով:
  4. Պանիկայի մեջ մարդիկ պատրաստ են հավատալ ցանկացած բանի, որն իրենց անվտանգության զգացողություն կտա, թեկուզ կեղծ, ու դա կարող է իրենց մղել անզգույշ, անպատասխանատու վարքի: Կարող են սխտոր ուտել, համարել, որ պաշտպանված են, սկսել իրենց անզգույշ պահել ու վարակվել:
  5. Պանիկայի մեջ կորոնավիրուսով վարակված մարդիկ կարող են թաքցնել իրենց վարակված լինելն ու վարակել ուրիշներին:
Պանիկայից պետք է խուսափել միշտ, պանիկայից երբեք ու ոչ մի հանգամանքներում օգուտ չկա:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։