COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք COVID-19-ը նույնքան կամ պակաս վտանգավոր է, ինչքան սեզոնային գրիպը

Պնդում. COVID-19 կորոնավիրուսը նույնքան վտանգավոր է, ինչքան սեզոնային գրիպը, կամ պակաս վտանգավոր։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը։

Աջ կողմում նկար է, որում պատկերված են COVID-19-ի զոհերի մասսայական գերեզմաններն Իրանի Քոմ շրջանում՝ նկարված տիեզերքից։ Իրանը COVID-19 կորոնավիրուսային հիվանդությունից առավել տուժած երկրներից մեկն է։ Սեզոնային գրիպը դեռ ոչ մի երկրի չի ստիպել մասսայական գերեզմաններ փորել։ Մասսայական գերեզմանները ցույց են տալիս, որ երկրում կարճ ժամանակահատվածում նորմայից շատ մարդիկ են մահացել։ Իսկ շնչառական տարբեր հիվանդությունները, ներառյալ սեզոնային գրիպը, նորմայի մեջ են։

Իսպանիայում օլիմպիական սահադաշտը սկսել են օգտագործել որպես մորգ։ Սա ևս մեկ օրինակ է, որ COVID-19-ից մահացությունը գերազանցում է նորմալ մահացությունն իր ժամանակահատվածի համար։

Բայց եկեք նայենք գիտական տեսանկյունից։ Ցանկացած հիվանդության համար դիտարկենք երկու չափորոշիչ. վարակչություն ու մահացություն։ Վարակչությունը չափելու համար օգտագործվում է R-0 գործակիցը (կարդացվում է՝ ար֊նոթ)։ Այն ցույց է տալիս, թե մեկ վարակված մարդն իր վարակակիր լինելու ընթացքում մոտավորապես քանի մարդ կվարակի։

Երբ մենք պայքարում ենք համաճարակի դեմ, մեր նպատակն այդ համաճարակի R-0 գործակիցը 1֊ից ցածր պահել, երբ առողջացող մարդկանց քանակը կգերազանցի նոր վարակվող մարդկանց քանակին, ու համաճարակը կմարի։

COVID-19-ի R-0 գործակիցը 2֊2.5 է։ Princess Diamond նավի վրա վատ իզոլյացիայի պատճառով վարակի գրեթե անարգելք տարածումը տվեց մեզ R-0 2.2 թիվը։

H1N1 սեզոնային գրիպի R-0 գործակիցն ընդամենը 1.2֊1.6 է։

Այսինքն՝ COVID-19-ը շատ ավելի սուր վարակիչ, արագ տարածվող ու դժվար վերահսկելի հիվանդություն է։ Հիշու՞մ եք՝ քանի մարդ է ամեն սեզոնի գրիպ տանում։ Հիմա պատկերացրեք՝ ամեն մարդ երկու անգամ շատ մարդ վարակի, ու հիվանդությունը երկու անգամ արագ տարածվի։

Նայենք մահացությանը։ Սեզոնային գրիպն ԱՄՆ֊ում մոտ 0.1 տոկոս մահացություն ունի։ COVID-19-ի մահացությունը դեռ հաշվարկվում է, բայց կազմում է մոտավորապես 3֊5 տոկոս։

Այսինքն՝ երկու անգամ արագ տարածվող հիվանդությունը նաև երեսունից հիսուն անգամ շատ մարդ է սպանում։

Այնպես որ, COVID-19 համաճարակը սեզոնային գրիպի հետ համեմատելի չի։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։