COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք ծխելը պաշտպանում է COVID-19-ի դեմ

Պնդում. ծխողներն ավելի դժվար են վարակվում COVID-19, կամ ավելի հեշտ են բուժվում։
Եզրակացություն. հիմք չկա համարել, որ համապատասխանում է իրականությանը։ Ավելին՝ բոլոր հիմքերը կան համարել, որ ծխելը ձեզ ավելի խոցելի է դարձնում շնչառական համակարգի խնդիրների նկատմամբ։

Ծխախոտը ոչ մի դրական ազդեցություն չունի ու չի կարող ունենալ մարդու շնչառական համակարգի համար։ Ծխելիս ձեր օրգանիզմ է մտնում ոչ միայն նիկոտին (որն առաջացնում է ծխախոտային կախվածություն), այլ նաև բազմաթիվ այլ, շատ ավելի վնասակար նյութեր՝ խեժ, մուր, ծանր մետաղներ, ֆորմալդեհիդ և այլն։

Այս ամենը, հատկապես երկար ժամանակ ծխելու դեպքում, թուլացնում է ձեր շնչառական համակարգը՝ նրա թթվածին կլանելու ունակությունը (ինչը շատ կարևոր է լինելու COVID-19-ի պնևմոնիայի զարգացման ժամանակ), դիմադրողականությունը, և այլն։ Ծխախոտը բարձրացնում է քաղցկեղի ռիսկն ու բացասական է ազդում սրտանոթաային համակարգի աշխատանքի վրա։

ԱՄՆ FDA-ն եզրակացության է եկել, որ ծխախոտային պրոդուկտների օգտագործումը կարող է բարձրացնել COVID-19-ով վարակվելու հավանականությունը, ինչպես նաև բարդացնել հիվանդության ընթացքն ու ավելի վատ ելքերի բերել։ Այլ կերպ ասած, ծխող մարդիկ կարող են ավելի հեշտ վարակվել COVID-19-ով, ավելի ծանր տանել հիվանդությունն ու ավելի հաճախ մահանալ իրենից։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։