COVID-19 փաստերի ստուգում. արդյոք SARS-CoV-2 կորոնավիրուսը վարակում է արյան կարմիր բջիջները

Պնդում. SARS-CoV-2 կորոնավիրուսն ուղղակիորեն վնասում է արյան կարմիր բջիջներին (էրիթրոցիտներին)՝ պակասեցնելով իրենց քանակն ու իջեցնելով թոքերի թթվածին ստանալու ունակությունը։
Եզրակացություն. իրականությանը չի համապատասխանում։

Այս «լուրը» տարածվել է տարբեր ռուսական լրատվականներով, այնտեղից անցնելով հայկական պրեսսա («Հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան» կարգի)։ Լուրի աղբյուրը Medium.com կայքում տեղադրված հոդված էր, որն այժմ հեռացվել է։ Այդ հոդվածը երբևէ չի հանդիսացել գիտական աշխատանք կամ գիտական հետազոտության հետևանք։ Ոչ մի հիմք չկա համարել, որ կորոնավիրուսն ուղղակի ախտահարում կամ վնասում է էրիթրոցիտներին։ Ավելին՝ մենք գիտենք, թե կորոնավիրուսն ինչպես է վարակում մարդու բջիջները. նրա «թաղանթի» վրա «պոզիկների» այսպես կոչված «թագ» կա (կորոնա, որտեղից էլ գալիս է վիրուսի անունը)։ «Պոզիկները» կոնկրետ սպիտակուցից են, որը կպնում է մարդու շատ կոնկրետ բջիջների թաղանթի ռեցեպտորների։ Այսինքն՝ մենք գիտենք, թե հենց մարդու որ բջիջները կարող է վարակել կորոնավիրուսը։ Այդ բջիջները մեծ մասամբ գտնվում են շնչառական ու աղեստամոքսային համակարգում։

ԱՀԿ բրիֆինգի ժամանակ մեքսիկական լրագրողը հնչեցրեց այդ հարցը, ու բնականաբար ԱՀԿ ղեկավարությունը տեղյակ չէր ոչ գիտական աղբյուրում հրապարակված նյութից (օրեկան մի քանի հազար նման հակագիտական նյութեր են հրապարակվում) ու սկսեց խոսել օրգանիզմի վրա վիրուսի արձագանքից, ինչը լրիվ ուրիշ թեմա է։

Այս հարցին անդրադարձել են նաև այլ փաստեր ստուգող կայքեր ու մասնագետներ, ու ես կկցեմ երկու հղում՝ ավելի մանրամասն թեմային տեղեկանալու համար։

https://healthfeedback.org/claimreview/claim-that-sars-cov-2-binds-to-hemoglobin-in-red-blood-cells-unsupported-and-implausible-andrew-gaiziunas/

https://medium.com/@amdahl/covid-19-debunking-the-hemoglobin-story-ce27773d1096

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։