COVID-19 փաստերի ստուգում. արբիդոլ

Պնդում. արբիդոլ դեղամիջոցն էֆեկտիվ է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության բուժման ժամանակ։
Եզրակացություն. սխալ է։

Ինչպես եմ ես լսել սրա մասին

Մի քանի աղբյուրներից։ Մեկն ինչ֊որ ռուս տղամարդու տեսանյութ է, որտեղ նա ասում է, որ կորոնավիրուսի դեղն արդեն ստեղծվել է, ու 2019 թ. արտադրության Արբիդոլի տուփ է ցույց տալիս ու դեղի ներդիրը կարդում:
Մյուս աղբյուրն իտալացի բլոգերի տեսանյութն է, որտեղ նա Մոսկվայի օդանավակայանի դեղատնից արբիդոլ է գնում ու պնդում, որ կորոնավիրուսի դեղն արդեն հասանելի է։

Ինչ է արբիդոլը

Ումիֆենովիրը լայն սպեկտրի հակավիրուսային դեղամիջոց է, վաճառքի անունները՝ «Арбидол», «Арпетолид», «Арпефлю», «ОРВИтол НП», «Арпетол» և «Иммустат»։ Այն ստեղծվել է 1975 թ. ՍՍՀՄ֊ում։
Կոնկրետ «Արբիդոլ» վաճառքի անունի իրավունքները պատկանում են ռուսական Օստիֆարմ ընկերությանը։
Արբիդոլը բավականին հայտնի դեղամիջոց է, բայց անսպասելի ու դեղորայքի համար ոչ ամենալավ պատճառներով։
Նախ՝ այն լայն սպեկտրի հակավիրուսային դեղամիջոց է 2011 թվականից, մինչ այդ դասակարգված էր որպես իմունոստիմուլյատոր (իմունային համակարգը խթանող դեղամիջոց)։ Իրականում իր գործունեության սկզբունքը լավ ուսումնասիրված չի։ Այդ կապակցությամբ նրա կիրառումը չի թույլատրված ԵՄ, ԱՄՆ և այլ տարածքներում, ու հիմնականում կիրառվում է ՌԴ ու Չինաստանում։ Ու նույնիսկ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիան առարկություններ ունի դեղամիջոցի դեմ։ Կլինիկական էֆեկտիվությունը հաստատող անհրաժեշտ փորձարկումները նույնպես բացակայում են։
Ուրեմն ինչպես է ստացվել, որ այս չստուգված դեղամիջոցը շրջանառության մեջ է։ Պատասխանը պարզ է՝ 2007-2012 թվականներին ՌԴ առողջապահության ու սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի լոբբինգի հաշվին: Տատյանա Գոլիկովան իր հերթին կապված է Օստիֆարմ ընկերության հետ, ինչի համար ռուսական պրեսսայից ստացել է «Մադամ Արբիդոլ» ծաղրական մականունը:
Ներկայումս «Մադամ Արբիդոլ» Տատյանա Գոլիկովան հանդիսանում է ՌԴ վարչապետի տեղակալ՝ սոցիալական քաղաքականության գծով:
2007 թվականին Արբիդոլը եղել է ՌԴ տարածքում առանց բժշկի նշանակման ամենաշատ վաճառված դեղամիջոցը: Ինչպես՝ վաճառվել է որպես գրիպի դեղ: Պնդումներ կան, թե այն էֆեկտիվ է հեպատիտի, էբոլայի, ձիահի ու այլ բաների դեմ պայքարի ժամանակ: Ինչպես է հիմնավորվում՝ ինչքան հասկացա, ոչ մի կերպ:

Ահա թե ինչու ՌԴ ու Չինաստանի տարածքից դուրս որպես դեղամիջոց վաճառքը չի թույլատրված:
Արդյո՞ք Արբիդոլը կարող է բուժել գրիպը: Հեպատիտը: Էբոլան: SARS-CoV-2 կորոնավիրուսը:

Ես չգիտեմ: Ու երևի ամբողջ աշխարհում ոչ մեկը չգիտի ու չի իմանա, մինչև նորմալ կլինիկական փորձարկումներ չլինեն տարբեր դեպքերում դեղի էֆեկտիվությունը ստուգելու նպատակով: Մինչև այդ փորձարկումներն իրար հետ կոնսիստենտ չլինեն: Մինչև չհաստատվի, որ դեղամիջոցի էֆեկտիվություն/ռիսկեր գործակիցն ավելի բարձր է, քան այլ բուժման եղանակներինը:
Առանց այդ տվյալների Արբիդոլը բուժման նույնքան հուսալի միջոց է, ինչքան ձեր մերձավորների սերն ու բարեմաղթանքները:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։