COVID-19 փաստերի ստուգում. միկրոֆլյուիդային չիպեր

Պնդում. մարդկանց COVID-19 պատվաստման անվան տակ սրսկելու են միկրոֆլյուիդային (միկրո՝ փոքր, ֆլյուիդ՝ հեղուկ) չիպեր։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը։

Ու «չի համապատասխանում իրականությանը» արտահայտությունն այստեղ շատ մեղմ է։


Նման եզրակացություն անելու համար մարդ պետք է առնվազն պատկերացում չունենա, թե ինչ է միկրոֆլյուիդային տեխնոլոգիան ու ինչ տեսք ու չափսեր ունի միկրոֆլյուիդային չիպը։ Այն պատկերված է աջ կողմում։

Միկրոֆլյուիդիկան գիտության ճյուղ է, որն ուսումնասիրում է հեղուկների վարքը շատ նեղ խողովակներում։ Ընդհանուր առմամբ, հեղուկների հոսքը լինում է երկու ձևի՝ լամինար (երբ հեղուկի մոլեկուլները շարժվում են միայն մեկ ուղղությամբ) ու տուրբոլենտ (երբ հեղուկի մոլեկուլները հոսքի ընթացքում շարժվում են տարբեր ուղղություններով)։ Իսկ թե ինչպես են աշխատում միկրոֆլյուիդային չիպերը՝ կարող եք տեսնել ստորև բերված տեսանյութում։
Պատկերացրեք՝ դուք հիվանդանոցում եք, ու բժիշկները պետք է պարզեն, թե դուք ինչ հիվանդություն ունեք։ Նրանք ստիպված են ձեզանից անալիզի համար արյուն վերցնել, արյունը բաժանել մասերի, խառնել ռեագենտներ, որոնք տարբեր վարակակիրների մարկերների տարբեր ռեակցիա են տալիս, ու սպասել արդյունքներին, հետո՝ նոր անալիզներ, և այլն։ Նորածինների դեպքում սա էլ ավելի դժվար է, քանի որ իրենցից շատ ավելի քիչ արյուն է հնարավոր վերցնել։ Բայց միկրոֆլյուիդային դիագնոստիկ չիպերը շուտով թույլ կտան ձեզանից վերցնել քիչ արյուն, այն բաժանել միկրոկաթիլների, միկրոկաթիլներից ամեն մեկը խառնել ռեագենտի հետ ու հատուկ սկաներով կարդալ արդյունքները։ Իրենք նաև թույլ կտան նույն թեստը անց կացնել մի քանի անգամ, որպեսզի խուսափեն կեղծ դրական արդյունքներից։ Փաստացի, իրենք թույլ կտան հարյուրավոր թեստեր անց կացնել՝ ավելի արագ, ավելի էժան, ավելի ճշգրիտ, քան հնարավոր էր մինչ այժմ։

Միկրոֆլյուիդային տեխնոլոգիան կիրառվել ու խոստումնալից արդյունքներ է ցույց տվել, օրինակ, Լայմի հիվանդության դիագնոստիկայի ժամանակ։
 

Ինչպես տեսաք, բուն միկրոֆլյուիդային չիպը կիսահաղորդչային չիպ չի, որոնք օգտագործվում են հաշվիչ տեխնիկայի մեջ, բայց կարող է համարվել պարզ հեղուկային (ոչ էլեկտրական) համակարգիչ՝ խողովակների բարդ համակարգ, որը հնարավորություն է տալիս իր ներսում միկրոֆլյուիդային հոսքերին ընթանալ շատ կոնկրետ ձևով։

Չնայած մարտի վերջին գիտական շրջաններում խոսվում էր կորոնավիրուսի միկրոֆլյուիդային թեստերի հնարավորության ու էֆեկտիվության մասին, իմ տվյալներով, տեխնոլոգիայի կիրառումը դեռ սահմանափակ է: Օրինակ՝ Cepheid-ի Xpert® Xpress SARS-CoV-2 թեստը, որն արդյունքներ է տալիս 45 րոպեում, արտադրության ու վաճառքի թույլատվություն է ստածել FDA-ից միայն մարտի 21-ին: Աջ կողմում կարող եք տեսնել թեստի տեսքն ու չափսը: Այն մարդու մեջ ոչ մի բան չի ներարկում, այլ ընդունում է հեղուկի փոքր քանակ, այն վերլուծում մոլեկուլյար մակարդակի վրա, 45 րոպեում արդյունք տալիս:

Մենք կարող ենք վստահորեն ասել, որ միկրոֆլյուիդային չիպերի մասին դավադրությունների տեսություններ տարածողները շփոթել են իրենց այսպես կոչված «ներարկվող դիագնոստիկ նանոչիպերի» հետ, որոնք ներկայիս տեխնոլոգիայի պայմաններում անհնարին են ու պատկանում են գիտական ֆանտաստիկայի ժանրին։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։