COVID-19 փաստերի ստուգում. Ռուդոլֆ Մելիքյանի հարցազրույցը Նոյյան Տապանին

Տեսանյութը.
Եզրակացություն. պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

Ռուդոլֆ Մելիքյանը ներկայանում է որպես կենսաքիմիկոս ու գյուտարար։ Ես փորձեցի գտնել իր գիտական աշխատանքները Google Scholar, ScienceDirect, JSTOR, Academia.edu համակարգերի միջոցով։ Փորձել եմ գտնել իրեն ՀՀ ԳԱԱ անդամների ցանկում։ Ոչ մի արդյունք։ Որպես գիտնական, այն էլ հեղափոխական նորարարությունների մասին խոսող, Ռուդոլֆի անցած գիտական ուղին ու գիտական աշխատանքի մարմինն անտեսանելի են, ինչից հետևում է, որ միգուցե նա ՍՍՀՄ տարիներին ինչ֊որ գիտական աստիճան ստացել է, չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց վերջին շրջանում չի զբաղվել գիտահետազոտական աշխատանքով կամ չի հրապարակել իր արդյունքները գիտական հանրության մեջ։ Ինչն իրենով բավարար է այս մարդու խոսքերի հեղինակության վրա կասկած գցելու համար։ Թեմաները, որոնց մասին Ռուդոլֆը խոսում է, հետազոտվում են աշխարհի լավագույն լաբորատորիաներում, լուրջ ֆինանսավորում ունեն։ Ցանկացած գիտական առաջխաղացում իրականում ոչ թե մեկ գյուտարարի, այլ բազմաթիվ գիտնականների աշխատանքի արդյունք է։ Գիտական հեղինակություն ու ռեսուրսներ չունեցող մարդը ֆիզիկապես չէր կարող նման բարդ ոլորտում առաջ լինել գիտական ամենաառաջատար կառույցներից։ Այլ կերպ ասած՝ ներկայումս Ռուդոլֆի ասածն ավելի հեղինակավոր չի, քան ձեր բակում բլոտ խաղացող Գեղամ պապի ասածը։

Ու եթե նույնիսկ Ռուդոլֆը կենսաքիմիայով է զբաղվել կամ զբաղվում, ոլորտները, որոնց մասին նա խոսում է, բժշկության ոլորտին են պատկանում, իսկ Ռուդոլֆը բժիշկ չի։ Բժշկությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ու լիցենզավորման ենթակա գործունեությամբ առանց լիցենզիայի զբաղվելը օրենքով պատասխանատվություն է ենթարկում (ՀՀ օրենքը լիցենզավորման մասին):

Ինչու՞ Ռուդոլֆին չեն տրամադրում մի քանի հիվանդ, հիվանդասենյակ ու ստուգում իր պնդումները։ SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված COVID-19 հիվանդությունը սուր վարակիչ լուրջ հիվանդություն է։ Իրենով հիվանդացած մարդկանց հաճախ անհրաժեշտ է բժշկական վերահսկողություն ու բուժում։ Ռուդոլֆը չունի իր բժշկական ունակությունները հաստատող ոչ մի բան՝ ոչ կրթություն, ոչ դիպլոմ, ոչ լիցենզիա։ Ոչ մի բժիշկ իրավունք չունի մարդկանց վրա անպատասխանատու փորձեր դնել՝ հիվանդի կյանքն ու առողջությունը հանձնելով Ռուդոլֆի նման չկվալիֆիկացված մարդուն։ Ցանկացած բժիշկ մասնագիտական պատասխանատվություն է կրում իր հիվանդի կյանքի և առողջության համար։ Ենթադրենք՝ Ռուդոլֆին հանձնեցին հիվանդներին, ու արդյունքում այդ հիվանդների կյանքին ու առողջությանը վնաս հասցվեց, վատագույն դեպքում՝ հիվանդը մահացավ։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար։ Եթե ձեզ համար ակնհայտ անհուսալի մարդու պնդումները ստուգելու համար մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգելն ընդունելի է, ապա ինձ համար, ու բժշկական ամբողջ մասնագիտության համար՝ ոչ։

Ռուդոլֆը նաև ցեխ է շպրտում բժիշկների վրա, չհիմնավորելով իր պնդումները ոչ մի փաստով, հղվելով ձեր անվստահությանն առողջապահական համակարգի ու բժիշկների նկատմամբ։ Բժշկությունն, իհարկե, երբեք կատարյալ չի եղել, ու այն շարունակում է զարգանալ ու կատարելագործվել, բայց բժշկությունը սովորաբար աշխատում է։ Ռուդոլֆ Մելիքյանի մեթոդներն, ամենայն հավանականությամբ, չեն աշխատում։

Իսկ հիմա նայեք Նորքի ինֆեկցիոնում սեփական կյանք ու առողջությունը վտանգող, կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարող բժիշկներին, ու տեսեք, թե ինչ ապերախտ ու վիրավորական են այս մարդու հայտարարությունները բժիշկների մասին:

Ռուդոլֆը պնդում է, որ ինքը կարողանում է շաքարախտ բուժել: Նախ հակասում է շաքարախտի մասին վերջին հազար տարում արված ամբողջ գիտական առաջընթացին, հետո պնդում, որ բուժում է, ինչպես Ասմիդովլաթ Ամասիացին, Ավիցեննան, տենց անուններ է տալիս: Ավիցեննայի ժամանակ պատկերացնու՞մ եք շաքարախտից մահացության թվերն ու կյանքի որակը: Ավիցեննան շաքարախտը համարում էր երիկամների հիվանդություն: Ավիցեննայի մեթոդները 1000 տարի հասանելի են եղել ու կիրառվել են, մինչև բժշկությունը չի սկսել ավելի լավ հասկանալ շաքարախտն ու բուժման նոր, ավելի էֆեկտիվ մեթոդներ մշակել:

Շաքարախտը շատ վատ հիվանդություն է։ Շաքրախտի ձևեր կան, որոնք հնարավոր չի բուժել, ու ցանկացած բուժում ուղղված է զուտ սիմպտոմները մեղմացնելուն ու մարդու կյանքի որակն ու տևողությունը երկարացնելուն։ Շաքարախտ դիագնոզը լսելը վախենալի է։ Հենց դրա համար էլ Ռուդոլֆի «ամեն ինչ, միանգամից, ու առանց բացասական կողմերի» խոստումն առավել վտանգավոր է։ Բայց երբ դուք գնում եք իր միջոցներով բուժվելու, դուք կորցնում եք թանկարժեք ժամանակ, որը պետք էր հիվանդության ընթացքը հնարավորինս վաղ փուլում կարգավորելու համար։

Նույնը վերաբերում է քաղցկեղին։ Ավելի փոքր չափով, նույնը վերաբերում է COVID-19 հիվանդությանը։

Թույլ մի տվեք, որ ձեր վախը շահագործեն։ ՈՒ առողջ եղեք։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։