COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք ալկոհոլ խմելը կամ շնչելը կարող է ձեզ պաշտպանել կորոնավիրուսից

Պնդում. ալկոհոլ խմելը կամ շնչելը ախտահանում է ձեր մարմինն ու պաշտպանում կորոնավիրուսից։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը։

Առաջին հայացքից այս պնդումը շատ տրամաբանական է թվում. ալկոհոլներն օգտագործվում են վիրուսային հարուցիչների (SARS-CoV-2 կորոնավիրուսը ներառյալ) դիզինֆեկցիայի ժամանակ: Ալկոգելը, ալկոհոլով մաշկը շփելը, դրսից բերված պարագաները մաքրելը օգնում է խուսափել վարակից ու առողջապահական կառույցները խորհուրդ են տալիս օգտվել այս եղանակից։ Ընդ որում, ավելի ուժեղ ալկոհոլը բնավ չի նշանակում ավելի էֆեկտիվ. 70 տոկոսանոց ալկոհոլն օպտիմալ տարբերակ է:

Ալկոհոլը փոխազդում է սպիտակուցների հետ, մասնավորապես՝ կորոնավիրուսի թաղանթի «թագի», որից ծագում է վիրուսի անունը, ինչի պատճառով կորոնավիրուսը կորցնում է մարդկանց վարակելու ունակությունը:

Օճառն աշխատում է այլ կերպ. բջիջների, բակտերիաների, վիրուսների թաղանթները պարունակում են ճարպեր, իսկ այդ ճարպերը հիդրոֆոբ հեղուկներ են, չեն խառնվում ջրի հետ. դրա համար ջրի մեջ լցրած ձեթը չի խառնվում ջրի հետ: Բայց օճառի մոլեկուլի մի կողմը հիդրոֆիլ է (կապվում է ջրի մոլեկուլի հետ), մյուս կողմը՝ լիպոֆիլ (կապվում է ճարպի մոլեկուլի հետ), ինչի շնորհիվ ճարպն օճառաջրում էմուլսիա է ստեղծում: Դրա համար էլ յուղոտ ամաններն օճառով ստացվում է լվանալ: Տանը կարող եք փորձ դնել սա տեսնելու համար՝ ափսեի մեջ լցնել ջուր, ձեթ, փորձել խառնել, հետո հեղուկ օճառ կաթացնել ջրի մեջ ու նորից փորձել խառնել։

Ինչպես նշեցինք, բջիջների, նաև՝ բակտերիաների թաղանթները պարունակում են ճարպեր, իսկ օճառը կապում է իրենց ջրի հետ։ Այդ կապը բավականաչափ ուժեղ է, որ պատռի բջջի թաղանթը:

Մարդու մաշկի բջիջները պարունակում են կերատին, որն իրենց պաշտպանում է օճառի ազդեցությունից, բայց, օրինակ, աչքերի վրա կերատին չկա, ու բոլորդ գիտեք, թե ինչ է լինում, երբ օճառ է ընկնում աչքի մեջ:

Դրա համար էլ օճառ չի կարելի ուտել, խմել կամ շնչել:

Իսկ հիմա վերադառնանք ալկոհոլին: Նախ՝ ֆիքսենք, թե կոնկրետ ինչ ալկոհոլի մասին է խոսքը, քանի որ ալկոհոլները տարբեր են լինում:

Խոսենք ալկոհոլի ամենատարածված երեք տեսակների մասին. մեթանոլ (տեխնիկական), էթանոլ (խմիչքների միջինը) և իզոպրոպիլ (սովորաբար բժշկական, դիզինֆեկցիայի համար, բայց ես օգտագործում եմ այն, օրինակ, ռադիացիան օդում ցուցադրելու համար՝ երկար պատմություն է):

Ինչպես ասեցինք, ալկոհոլը վատ է ազդում սպիտակուցների վրա:

Երբ դուք խմում եք ալկոհոլ, այն գնում է ստամոքս, որտեղից անցնում է լյարդ: Լյարդում արտադրվում է հատուկ էնզիմ՝ ալկոհոլի դեհիդրոգենազ, որը պատասխանատու է ալկոհոլը քայքայելու համար: Այս պրոցեսի նպատակն այն է, որ ալկոհոլը քայքայվի մինչև ջրում հեշտ լուծելի նյութ, որը հեռացվի օրգանիզմից երիկամների միջոցով: Ձեր խմած ալկոհոլը մարդու օրգանիզմում չունի ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն: Լյարդում ալկոհոլի մետաբոլիզմի արդյունքները հայտնվում են արյան մեջ ու գնում դեպի երիկամներ: Եթե դուք ավելի շատ ալկոհոլ եք խմում, քան ձեր լյարդը կարող է մշակել, այն հայտնվում է ձեր արյան մեջ, անցնում ուղեղ ու հետևանքներ ունենում: Օրինակ՝ դուք հարբում եք: Ավելի կոնկրետ՝ ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը ճնշում է, ինչը դուք ընկալում եք որպես հարբած վիճակ: Իրական ազդեցություններն ավելի բարդ ու բազմակողմանի են, բայց հիմա դրանց մասին չենք խոսի:

Կախված ալկոհոլի տեսակից, ալկոհոլի մետաբոլիզմի արդյունքները տարբեր են:

  • Էթանոլը («գինու սպիրտ») քայքայվում է մինչև ացետալդեհիդ (որի կուտակումը ձեր օրգանիզմում բերում է պախմելի սիմպտոմների), իսկ հետո ացետալդեհիդը քայքայվում է մինչև ացետատ (քացախաթթվի անիոն): 
  • Իզոպրոպիլ ալկոհոլը քայքայվում է մինչև ացետոն, իսկ ացետոնը չափազանց կայուն միացություն է, որ լյարդն այն քայքայի: Արդյունքում այն հայտնվում է ձեր արյունատար համակարգում ու կարող է բերել, օրինակ, կոմայի: Ինչու ես սա գիտեմ՝ որովհետև ԱՄՆ-ում մի դեռահաս ինտերնետում գրված խորհուրդները կարդացել, կորոնավիրուսից պաշտպանվելու համար իզոպրոպիլ ալկոհոլ է խմել ու կոմայի մեջ ընկել: 
  • Մեթանոլը (տեխնիկական սպիրտ) քայքայվում է լյարդում ու դառնում ֆորմալդեհիդ, որը վերջին նյութերից է, որ կցանկանաք ձեր օրգանիզմում ունենալ: Լյարդը դա գիտի ու երկրորդ նյութ է արտադրում՝ ֆորմալդեհիդի դեհիդրոգենազ, որը ֆորմալդեհիդը քայքայում է մինչև մրջնաթթու (մետանոիկ կամ ֆորմիկ թթու): Չնայած օրգանիզմը փոքր քանակի մրջնաթթուն կարող է անվտանգ հեռացնել օրգանիզմից, մեթանոլից առաջացած քանակը մտնում է արյան մեջ, առաջացնում ացիդեմիա (արյան թթվայնության բարձրացում) ու կարող է բերել կուրության կամ մահվան:
Նորից կրկնեմ. մեթանոլն ու իզոպրոպիլ ալկոհոլը նախատեսված չեն խմելու համար, ոչ մի հանգամանքում:

Մյուս կողմից, երբ ալկոհոլով շփում եք ձեր ձեռքերը, վիրուսը գտնվում է ձեր մաշկի մակերևույթին ու անպաշտպան է ալկոհոլի նկատմամբ։ Երբ վիրուսը գտնվում է ձեր թոքերում կամ աղեստամոքսային համակարգում, այն վարակում է ձեր բջիջներն ու հայտնվում իրենց ներսում։ Որպեսզի ալկոհոլը փոխազդի վիրուսի հետ, այն պիտի մտնի բջջի ներսը, ինչը բջջի համար նույնպես լավ չի վերջանա: Արդյունքում, ալկոհոլով ախտահարված բջիջներն ախտահանելը կնմանվի եղունգը կտրելու համար ոտքը կտրելուն։

Լավ, իսկ ի՞նչ կլինի, եթե շնչեք ալկոհոլի գոլորշիներ: Իզոպրոպիլն ու մեթանոլը, կարծում եմ, հասկացել ենք, որ մեր օրգանիզմում տեղ չունեն։ Ուրեմն խոսենք էթանոլից։


Որպեսզի դիզինֆեկցիա անեք ձեր թոքերը, դուք ստիպված կլինեք էթանոլի գոլորշիներով սպանել ձեր թոքերի ներսի ամբողջ մակերևույթը։

Կարճ ասած, ներշնչած ալկոհոլային գոլորշիները, նախքան վիրուսին հասնելը, ձեր թոքերը կվառեն, կառաջացնեն քիմիական այրվածքներ և այլ վատ հետևանքներ: Ու կարող են բերել սուր շնչառական անբավարարության: Որը, մեր մեջ ասած, կորոնավիրուսի ամենածայրահեղ արտահայտումն է ու կարող է բերել մահվան:


Ու նույնիսկ եթե դուք այնքան ալկոհոլ չներշնչեք, որ ձեր թոքերին այդքան վնաս տա, շրջանցելով լյարդը, ալկոհոլը կհայտնվի ձեր արյան մեջ ու ուղղակիորեն կազդի ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչը կարող է սուր ալկոհոլային թունավորման բերել ալկոհոլի ավելի փոքր քանակով ու առանց նախազգուշացնող սիմպտոմների (սրտխառնոց և այլն):

Կարճ ասած՝ երբեք ալկոհոլի գոլորշիներով ինհալյացիա մի արեք՝ դա կարող է ձեզ սպանել կամ ավելի վատ վիճակի մեջ գցել, քան կորոնավիրուսը:

Մեր հարևան Իրանում քաղաքացիները շատ ցածր վստահություն ունեն իշխանության նկատմամբ: Արդյունքում կորոնավիրուսի մասին ինֆորմացիան իրենք ընկալում են իրարից կամ ինտերնետից: Ինչն իրենց դարձնում է առավել խոցելի պանիկայի ու կեղծ նորությունների համար:

Associated Press-ը, Times of Israel-ը, The Independent-ը ու բազմաթիվ այլ աղբյուրներ մարտի մեկին հաղորդել են Իրանի սոցիալական ցանցերում կեղծ ինֆորմացիայի տարածման մասին, իբր մեթանոլը (տեխնիկական սպիրտը) պաշտպանում է կորոնավիրուսից:

Ես արդեն պատմել եմ, թե ինչ է լինում, երբ մարդը մեթանոլ է խմում. այն լյարդում վերածվում է ֆորմալդեհիդի: Ֆորմալդեհիդը՝ մրջնաթթվի: Մրջնաթթուն կարող է առաջացնել կուրություն կամ մահ:

Ու մարդիկ մասսայական հավատացել են այդ կեղծ նորությանը: Խմել են իրենք, խմեցրել են իրենց երեխաներին: Լավագույն նկատառումներով: Չվստահելով իրենց տարիներով խաբած, արյան մեջ իրենց բողոքը խեղդած, նույնիսկ կորոնավիրուսի մասին իրենց խաբած իշխանություններին՝ ինֆորմացիայի պակասը լցնելով այլ աղբյուրներից:

Տարբեր աղբյուրներով՝ 300-480 մարդ մահացել է: Շատերը՝ երեխաներ, որոնց իրենց ծնողները փորձում էին պաշտպանել կորոնավիրուսից: Ավելի քան 2000 մարդ տարբեր մակարդակի թունավորումներ է ստացել, շատերը հայտնվել են կրիտիկական վիճակում:

Իրանը, շատ առումներով՝ իր իշխանությունների անպատրաստության ու ինկոմպետենտության պատճառով, կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրներից է: Այնտեղ գրանցվել է 70,029 վարակման դեպք, 4,357 մահ: Ու նույնիսկ այս տվյալները ես չգիտեմ, թե որքանով են արժանահավատ:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։