Հակավակցինացիոն շարժման մասին

Ներածություն

Մենք սիրում ենք մեզ առանձնացնել՝ ցածրորակ պրեսսայից, մեզ հետ ընդհանուր հետաքրքրություններ չունեցող մարդկանցից, գաղափարներից, որոնք մեզ համար սխալ, խորթ կամ անընդունելի են:

Արդյունքում երբեմն ուշքի ենք գալիս՝ տեսնելով, որ մեր կողքը ձևավորվել են ամբողջ շարժումներ ու գաղափարախոսություններ, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց անդամների, շրջապատող մարդկանց, ու ամենասարսափելին՝ երկու խմբերի երեխաների համար:

Այս հոդվածաշարում ես կանդրադառնամ այդպիսի շարժումներից մեկին, որը կարծես թե հասել ու արմատավորվել է հայ ծնողների շրջանում՝ հակավակցինացիոն շարժմանը:

Առաջին անգամ այս հոդվածաշարը հրապարակվել է իմ Voice of the Nightingale բլոգում: Ես այն գրել եմ Armenian Parents Corner ֆեյսբուքյան խմբի քննարկումներից մտահոգված ու ժամանակ չեմ ունեցել այն խմբագրել ու լրացնել հղումներով:

Այստեղ ես կփորձեմ լրացնել այդ բացը, ինչպես նաև ավելացնել հոդվածաշարի չորրորդ, եզրափակիչ մասը, որը խոստացել էի, բայց այդպես էլ ավարտին չէի հասցրել:

I. Պոլիոյի տարիները. մի հիվանդության պատմություն

«Մանկական կաթված», կարանտինի մասին
զգուշացնող պաստառ, Նյու Յորք։
©March of Dimes
1916 թ. միայն ԱՄՆ-ում գրանցվել էր պոլիոմիելիտի 27.000 դեպք ու 6.000 մահ: Ինչպես 17-րդ դարի «Սև Մահվան» համաճարակի ժամանակ, երբ ընտանիքում ինչ-որ մեկը վարակվում էր, իրենց տան դռներին նշաններ էին փակցնում, որոնց շնորհիվ մարդիկ կարող էին իմանալ այդ տանը հիվանդ մարդ լինելու մասին, իսկ ընտանիքը կարանտինի էր ենթարկվում: Վարակվածների զգալի մասը Նյու Յորք քաղաքում էր: Մարդիկ քաղաքներից փախչում էին առավել առանձնացված լեռնային հանգստավայրեր, դադարել էին հասարակական հավաքները, փակվել՝ կինոթատրոնները:[1]

Պոլիոյի արդյունքում դեֆորմացված
ոտքով երեխա։ Աղբյուր՝ CDC PHIL
Շատ կարևոր է պատկերացնել, թե որքան լուրջ էր իրավիճակը, ու ինչու ես այն համեմատեցի հենց բուբոնային ժանտախտի հետ: Զոհերի մեծ մասը երեխաներ էին, ինչի պատճառով պոլիոմիելիտը հայտնի էր որպես «մանկական կաթված»:
Պոլիոմիելիտի ընթացքը հետևյալն է. վարակման դեպքերի մեծ մասն անցնում է առանց հիվանդության նշանների ու հետևանքների: Որոշ դեպքերում հիվանդությունը, չվնասելով կենտրոնական նյարդային համակարգը, առաջացնում է հարբուխ հիշեցնող սիմպտոմներ՝ վերին շնչուղիների բորբոքում, կոկորդի ցավ, ջերմություն: Այս սիմպտոմները նույնպես արագ անցնում են:

Միայն վարակվածների 0,5%-ի՝ թուլացած դիմադրողականությամբ մարդկանց ու երեխաների մոտ, առաջանում է մկանային թուլություն՝ ընդհուպ մինչև մկանների գործունեության կանգ: Կարող են ախտահարվել ինչպես վերջույթների մկանները, այնպես էլ սիրտը, ստոծանին և այլն՝ մկանային թուլությունը կարող է բերել սրտի, շնչառության կանգի և այլ բարդությունների, այդ թվում՝ մահվան:[2]

Թվում է՝ 0,5%-ը շատ փոքր թիվ է, ու հիվանդությունն այնքան էլ վտանգավոր չի: Ցավոք, 1916-ին հիվանդությունն ախտորոշվում ու գրանցվում էր միայն սիմպտոմների ի հայտ գալու դեպքում: 27.000 վարակված: 6000 մահ: Հոդվածի բերած ժամանակագրության մեջ այս թվերն աճելու են՝ պատմության մեջ թողնելով հաշմված ու մահացած մարդկանց մռայլ հետք:

Սա կարևոր կլինի հիշել, երբ անդրադառնանք մեկ այլ հիվանդության, որը ծնողները հաճախ լուրջ չեն ընդունում՝ կարմրուկը:

1916-ից սկսած, ամեն ամառ տեղի էր ունենում պոլիոմիելիտի համաճարակ: 1949 թ. ԱՄՆ-ում գրանցվեց պոլիոմիելիտի 42.172 դեպք, ու հիվանդությունը տարածվեց դեպի Կանադա ու Միացյալ Թագավորություն: Պետք է նշել, որ այդ երկրների կառավարություններն ու առողջապահական կառույցներն անգործության չէին մատնված ու փորձում էին ինչպես դեղորայքով, այնպես էլ սանիտարիայի միջոցով պայքարել պոլիոմիելիտի դեմ: Նույնիսկ հաջողվեց կրճատել պոլիոմիելիտից մահացության դեպքերի քանակը: Բայց հիվանդությունը շարունակում էր տարածվել։

1952-ի համաճարակի ժամանակ ԱՄՆ-ում վարակվել էր 57.628 մարդ, մահացել՝ 3.145 մարդ, իսկ 21.269-ը հիվանդության արդյունքում մնացել էին տարբեր աստիճանի կաթվածներով:

Ընդհանուր, 1940-50-ական թվականներին պոլիոմիելիտն աշխարհում սպանում էր տարեկան մոտ կես միլիոն մարդ:

Դեռ 1935 թ. Մորիս Բրոդին փորձեց պոլիոմիելիտի վիրուսը ֆորմալդեհիդով սպանելու միջոցով պատվաստանյութ ստանալ: Փորձն ավարտվեց անհաջողությամբ: Վիտամին C-ի միջոցով իմունիտետն ակտիվացնելու փորձերը նույնպես չբերեցին արդյունքների: Պոլիոյից բուժված մարդկանց արյունից ստացված հակամարմինները մարդկանց 80 տոկոսին տալիս էին իմունիտետ պոլիոյի նկատմամբ, բայց ցավոք՝ ընդամենը երկու շաբաթով:[3]

Ամեն ինչ փոխեց Ջոնաս Սալկի դեակտիվացված պոլիովիրուսի պատվաստանյութը (IPV), որը պարունակում էր մահացած վիրուսներ: 1952 թ. Սաիկն իր պատվաստանյութն առաջին անգամ փորձարկեց, 1955 թ. հայտարարեց փորձարկումների դրական արդյունքների մասին: Դրան հաջորդեց մասսայական պատվաստում, որի արդյունքում 1957 թ. պոլիովիրուսով վարակման դեպքերը 58.000-ից նվազեցին մինչև 5.600 դեպք: Վարակվածների մեծ մասն առանձնացված, պատվաստմանը չմասնակցած համայնքներում էին: Սաիկի պատվաստանյութի հայտնագործությունից 8 տարի հետո Ալբերտ Սաբինը ստեղծեց օրալ պատվաստանյութ՝ կենդանի, բայց թուլացրած պոլիովիրուսով: 1961 թ. ԱՄՆ-ում գրանցվեց պոլիոմիելիտի ընդամենը 161 դեպք:

Մղձավանջը կարծես թե մոտենում էր ավարտին:

Ամեն անգամ, երբ քննարկումը հասնում է «մեծ դեղագործական ընկերությունների կողմից պատվաստումները եկամուտի աղբյուր դարձնելուն», հիշեք, որ չնայած դեղագործական ընկերությունները բնավ սրբեր չեն, Ջոնաս Սալկն ու Ալբերտ Սաբինը կարող էին իրենց պատվաստանյութերը պատենտավորել ու վաճառել դրանք պատրաստելու ու կիրառելու իրավունքը: Դա նրանց կդարձներ մուլտիմիլիարդատերեր: Բարեբախտաբար՝ Սաիլն ու Սաբինը որոշեցին, որ պոլիոյի պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին:

Ինչպե՞ս են աշխատում այս պատվաստանյութերը: Նախ՝ պոլիովիրուսը թուլացնում կամ սպանում են, որպեսզի իրենք ի վիճակի չլինեն պատվաստումն ընդունողին վարակել, եթե նույնիսկ վերջինս թույլ կամ լրիվ չկազմավորված իմունային համակարգ ունի: Այն «վախենալի նյութերը», որոնք չնչին քանակով պարունակում են պատվաստանյութերի մեջ, ծառայում են հենց վիրուսը թուլացնելուն կամ սպանելուն: Մարդու օրգանիզմը նույնիսկ սպանված կամ թուլացված վիրուսին արձագանքում է նույն կերպ, ինչպես կենդանի վիրուսին կարձագանքեր. արտադրում է հակամարմիններ ու պայքարում իրենց դեմ: Թուլացված կամ սպանված վիրուսը հաղթահարելուց հետո օրգանիզմը որոշ ժամանակ դեռ «հիշում» է, թե ինչպես ու երբ արտադրել այդ հակամարմինները: Սա անվանում են ժամանակավոր իմունիտետ: Քանի դեռ այդ իմունիտետը գործում է, օրգանիզմը պատրաստ է նոր վարակի ներթափանցմանը:

Հենց պոլիովիրուսի նկատմամբ իմունիտետի ժամանակավոր լինելն է, որ անհրաժեշտ է դարձնում պատվաստումները կատարել պարբերաբար:
Հիշեք, ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել պոլիոմիելիտ տարած մարդու: Դեռ 1988 թ. աշխարհում 350.000 մարդ դեռ տառապում էր պոլիոմիելիտով: 2015 թ.՝ արդեն ընդամենը 74 մարդ: Ու սա՝ միայն համատարած պատվաստումների շնորհիվ:

Միայն 20-րդ դարում 300-ից 500 ՄԻԼԻՈՆ մահվան պատճառ է դարձել սև ծաղիկ հիվանդությունը: Այն հավանաբար ամենաշատ մարդ սպանած հիվանդությունն է մարդկության պատմության մեջ:

Այժմ այլևս կարիք չկա վախենալ սև ծաղիկով վարակվելուց: ՍՍՀՄ ու ԱՄՆ բժիշկների աննախադեպ համագործակցության արդյունքում 1979 թվի տվյալներով այն իսպառ ոչնչացված է: Հաղթահարվել է՝ մասսայական պատվաստումների շնորհիվ:

Ինչու՞ խոսել ամբողջապես կամ գրեթե ամբողջապես հաղթահարված հիվանդությունների մասին: Որպեսզի անդրադառնանք այն հիվանդություններին, որոնք դեռ կան ու տարածված են: Օրինակ՝ կարմրուկը:

Տարածված է կարծիք, որ կարմրուկը համեմատաբար թեթև, վախ չներշնչող հիվանդություն է: Ջերմություն, ցան, վարակվելուց հետո հիվանդը ստանում է կայուն իմունիտետ ու երկրորդ անգամ չի վարակվում: Վերջերս նույնիսկ նկատեցի մի երևույթ, որ ծնողներն անվանում են «կարմրուկ փարթի». ինչպես խոզուկ և ջրծաղիկ հիվանդությունների դեպքում, առողջ երեխայի ծնողներն իրենց երեխային տանում են շփվելու ու խաղալու հիվանդ երեխաների հետ, հաճախ՝ խմբակային: Պատճառաբանությունն այն է, որ ավելի մեծ տարիքում այս հիվանդություններն ավելի ծանր հետևանքների են բերում:

Իսկ վիճակագրորեն կարմրուկը մնում է նորածինների մահացության հիմնական պատճառներից մեկը: Մինչև 1980 թիվը աշխարհում 2.6 միլիոն մարդ էր մահանում այդ հիվանդությունից: 545.000 երեխա կարմրուկից մահացել է 1990 թ.: 2013 թ. գրանցվել է 96.000 մահ:

2015 թ. կարմրուկը սպանել է 134.000 մարդ: Օրեկան միջինում 367 մարդ: Ժամում՝ մոտ 15:[4]

Այս վիճակագրությունը պետք է հիշի ցանկացած ծնող, որը որոշում է, որ «ինքը բոլորից լավ գիտի, թե ինչն է լավ իր երեխայի համար» ու հրաժարվում է պատվաստումից, կամ պատվաստումը փոխարինում է երեխային նպատակային վարակելով: Պետք է հիշի, որ պատվաստման դեպքում երեխայի կենդանի մնալու հավանականությունը գործնականում 100% է: Մահացության վիճակագրության նվազումը պայմանավորված է հենց պատվաստումներով:

II. Բարի նկատառումներով

Հայտնի ասացվածքն ասում է՝ «դժոխքի ճանապարհը սալահատակված է բարի նկատառումներով»: Վստահ եմ՝ այն ծնողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց երեխաները պատվաստումներ ստանան, կարծում են, որ առաջնորդվում են իրենց երեխաների շահերով: Ինչևէ, շարժման պնդումները, թե պատվաստումները պատճառ են դառնում այս կամ այն հիվանդության (աուտիզմի, օրինակ), դժվար թե բխեին հենց ծնողներից:

Փորձենք վերլուծել ու հասկանալ հակավակցինացիոն շարժման ծագումն ու բնույթը, պահանջներն ու նպատակները՝ պահպանելով լրագրողական անաչառությունն ուսումնասիրության օբյեկտի նկատմամբ:
Վիճակագրությունը խոսում է իմ փոխարեն, երբ հարցը վերաբերում է երեխաների շահերով առաջնորդվելուն: Հակավակցինացիոն շարժման տարածմանը զուգընթաց, զարգացած երկրներում նորից աճում են կարմրուկով վարակման դեպքերը:

Սրա պարզ օրինակ է ԱՄՆ Միննեսոտա նահանգի 2017 թ. կարմրուկի համաճարակը, որի զոհ են դարձել հիմնականում Սոմալիից ներգաղթած ընտանիքների երեխաները: Ինչու՞: Պատճառներից մեկն այդ ընտանիքների սերտ շփումն է, որի արդյունքում նրանք կարող են փոխանակվել ոչ միայն հիվանդության հարուցիչներով, այլ նաև հակավակցինացիոն խորհուրդներով: Բայց դրա մասին՝ մի փոքր ավելի ուշ:

Միննեսոտայի համաճարակի արդյունքում վարակված երեխաների քանակը 2017 թ. հուլիսի 10-ի տվյալներով 78 է[5]։ Եթե մինչև հուլիսի 29-ը կարմրուկի նոր դեպքեր չգրանցվեն, իշխանությունները կհայտարարեն, որ համաճարակը կասեցված է: Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի հիվանդացած երեխաներն ապաքինվեն: Հուսով եմ՝ առանց լուրջ հետևանքների:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես հասանք այս խնդրին, հասկանանք Սուաադո Սալեհին՝ 26-ամյա մայր, ով ԱՄՆ է ներգաղթել Սոմալիից: Նա, ինչպես շատ իսլամական երկրներից ներգաղթածներ, նախընտրում է իր երկրից ներգաղթած մարդկանց հանրության մասը լինել:

Սուաադո Սալեհն ԱՄՆ է ներգաղթել՝ փնտրելով անվտանգություն իր երեխաների և իր համար: «Մտածեցի՝ Ամերիկայում եմ: Մտածեցի՝ անվտանգ տեղ եմ, ու իմ երեխաներն այդ հիվանդությամբ երբեք չեն վարակվի», ասում է Սալեհը Washington Post-ին իր հարցազրույցում:

Սուաադո Սալեհին իր հանրության անդամները խորհուրդ են տվել խուսափել կարմրուկի, խոզուկի ու կապույտ հազի (ԿԽԿ) պատվաստումներից՝ պնդելով, որ այդ պատվաստումները երեխաների մոտ աուտիզմ են առաջացնում:

Սուաադո Սալեհը լսել է այդ խորհուրդը:

Այժմ, երբ իր 3 տարեկան տղան ու 18 ամսական աղջիկը վարակված են կարմրուկով, նա ափսոսում է իր որոշման համար:

Սուաադո Սալեհի համար առավել ցավոտ է կարմրուկի թեման. երբ նա երեխա էր ու ապրում էր Սոմալիում, իր 3 տարեկան քույրը մահացել է այդ հիվանդությունից:

Սուաադո Սալեհի աղջկան գարնանը տեղափոխել են հիվանդանոց: Հազ, ցան, բարձր ջերմություն՝ հիվանդության սովորական պատկերը: Երեխային ստիպված են եղել չորս օր ներերակային հեղուկներ ու թթվածին տալ:

Տեղական սոմալիական հանրությունը հաճախ մասնակցում էին հակավակցինացիոն խմբերի հավաքների, հակավակցինացիոն ակտիվիստներն անհանգստացած ծնողների հետ զրուցելու էին կանչում ժամանակակից հակավակցինացիոն շարժման հայր Էնդրյու Ուեյքֆիլդին:

Սուաադո Սալեհն այլևս չի հավատում, որ պատվաստումներն աուտիզմ են առաջացնում: Ցավոք, նա դրա համար չափազանց թանկ գին է վճարել:[6]

Կարմրուկի և իր վտանգների մասին ես արդեն խոսել եմ նախորդ հոդվածում: Պատկերը շատ պարզ ու հասկանալի է. քիչ պատվաստումներ՝ շատ հիվանդներ: Խնդիրն այն է, որ պատվաստումներից խուսափող ծնողները վտանգում են ոչ միայն իրենց երեխաների կյանքն ու առողջությունը: Նույնիսկ պատվաստումներ ստացած երեխաները կարող են վարակվել չպատվաստված երեխաներից, եթե վերջիններս հիվանդ են: Իհարկե, պատվաստումը կօգնի իրենց ավելի արագ ու հեշտ հաղթահարել հիվանդությունը, բայց նույնիսկ դա ռիսկ է, որ պետք է հաշվի առնի ցանկացած ծնող:

Իրենց երեխաներին չպատվաստող ծնողները վտանգում են իրենց շրջապատում ապրող բոլոր երեխաներին: Իսկ մեծ քանակությամբ չպատվաստված երեխաներով հանրություններում նույնիսկ մեկ վարակի դեպքը կարող է վերածվել համաճարակի:

Ինչպես ցանկացած դեղամիջոց, պատվաստանյութերը հազվադեպ կարող են բարդություններ ստեղծել։ Դրա համար էլ ես միշտ պնդել եմ, որ պատվաստելու կամ չպատվաստելու որոշումը պետք է կայացվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո ու բժշկի հսկողության տակ: Արդեն նշել եմ, որ պատվաստումը ենթադրում է մարդու վարակում հիվանդության թուլացրած կամ մահացած հարուցիչներով: Բնականաբար, գրեթե ցանկացած երեխա իմունային արձագանք է տալիս պատվաստմանը՝ կարճատև ջերմություն, վատ տրամադրություն, միգուցե հիվանդության ախտանիշների թույլ արտահայտում լինի նույնիսկ: Սա լրիվ բնական ռեակցիա է, ու իրենից վտանգ չի ներկայացնում ու չպետք է անհանգստության պատճառ դառնա: Պատվաստումներից բարդություններ առաջանում են շատ քիչ մարդկանց մոտ, իսկ պատվաստանյութերի կանխած հիվանդությունների ընթացքն ու հետևանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են:

Հաշվի առնենք նաև հասարակ ծնողական բնազդի գործոնը. պատվաստման գործընթացը տհաճ է գրեթե բոլոր երեխաներին, ավելի մեծ տարիքում՝ նույնիսկ ստորացուցիչ: Հիշում եմ, թե 90-ականներին դպրոցներում ինչ աննրբանկատ էին իրականացնում պատվաստումները՝ հենց դասարանում, պատվաստման պահին պահանջելով, որ մնացած երեխաները պարզապես շրջվեն:

Երեխան լացում է, դիմադրում, մի քանի օր ջերմում ու վատ տրամադրություն ունենում հանուն արդյունքի, որն արտահայտվելու է երեխայի չհիվանդանալու տեսքով: Ծնողները հաճախ մտածում են, որ միգուցե երեխան այդպես էլ չվարակվեր: Ոչ մի նորմալ ծնողի դուր չի գալիս, երբ իր երեխային տհաճություն են պատճառում օտար մարդիկ:

Իհարկե, ես տեսել եմ դեպքեր, երբ պատվաստումներից խուսափող ծնողները չեն խորշում իրենց երեխաներին ծեծել ջղայնացած ժամանակ: Բայց մենք իրենց չենք անդրադառնա:

Մենք արդեն խոսել ենք սև ծաղկի մասին՝ հիվանդություն, որն իսպառ վերացված է, բայց 20-րդ դարում 300-ից 500 միլիոն մարդ է սպանել: Սև ծաղկի պատվաստումը սկսել է այսպես կոչված իննոկուլյացիայից, երբ մարդու մաշկը կտրում էին ու վարակված մարդու մաշկի խոցերի թարախ քսում։ Մարդը վարակվում էր, բայց կենդանի մնալու շատ ավելի մեծ հավանականություն ուներ։ Ամեն ինչ փոխվեց, երբ 1796 թվականին բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջենները, ելնելով կթվորուհիների պնդումից, որ շատ ավելի անվտանգ կովի ծաղիկ հիվանդությամբ վարակվելը պաշտպանում է սև ծաղկից, իր այգեպանի տղային իննոկուլացրեց կովի ծաղկով ու ճիշտ դուրս եկավ։

Բայց, ունենալով գործող պատվաստման եղանակ, հիվանդությունը դրանից 300 տարի հետո 300-ից 500 միլիոն մարդ է սպանել: Մտածեք այդ մասին: Միայն մանկուց մասսայական կերպով պատվաստելու միջոցով է հաջողվել հաղթահարել սև ծաղիկը:

Ահա թե ինչու են երեխաներին պատվաստում մանկուց ու մասսայաբար:

Այս պնդմանը հակավակցինացիոն շարժման կողմնակիցները կարող են փորձել տարբեր կերպ պատասխանել:

Գերմանացի հակավակցինացիոն ակտիվիստ Շտեֆան Լանկան 2011 թ. իր կայքում հայտարարեց, որ պատրաստ է 100.000 եվրո վճարել ցանկացած մարդու, ով իրեն ապացույց ներկայացնի, որ կարմրուկը հարուցվում է վիրուսի կողմից, ու ցույց տա վիրուսի տրամագիծը: Լանկան պնդում էր, որ կարմրուկը պսիխոսոմատիկ հիվանդություն է (հոգեբանական գործընթացների, կենսակերպի և այլ գործոնների հետևանք): Լանկան նաև պնդում էր, որ կարմրուկի վիրուս գոյություն չունի:
Երբ գերմանացի բժիշկ Դևիդ Բարդենը ներկայացրեց անհրաժեշտ բոլոր ապացույցները, Լանկան, բնականաբար, չընդունեց դրանք: Բարդենը ստիպված եղավ դիմել դատարան: Դատարանը Լանկային հարկադրեց վճարել այդ գումարը:[7]

Հակավակցինացիոն շարժման մեկ այլ պնդում կապված է պատվաստումների ու մանկական աուտիզմի միջև ենթադրյալ կապի հետ:

Աուտիզմը դեռևս լրիվ չուսումնասիրված հիվանդություն է, որը մարդկանց հաճախ հանելուկային ու անհասկանալի է թվում, ու մինչ այսօր գիտությունը չի կարողացել լիարժեք բացատրել հիվանդության պատճառներն ու գործողության մեխանիզմները: Լրիվ բնական է, որ նման դիագնոզ ստացած երեխայի ծնողներին չի բավարարի «պատճառը լրիվ չի բացահայտված» պատասխանը: Այդ ծնողներ, չստանալով պատասխան հեղինակավոր աղբյուրներից, հաճախ իրենց հարցերի պատասխանը փնտրում են այլ տեղերում՝ ինտերնետում, այլ ծնողների հետ քննարկումներում, հատկապես՝ նույն դիագնոզով երեխաների ծնողների:

Բայց հարց է առաջանում։ Ինչու՞ հենց աուտիզմ։ Վիճակագրական կապ աուտիզմ ախտորոշումը ու պատվաստում ստացող երեխաների միջև չկա։ Աուտիզմի դիագնոզների քանակի աճն իրականում ոչ թե աուտիզմի դեպքերի ուղղակի աճի մասին է խոսում, այլ նրա, որ մենք բավականին վերջերս ենք սովորել ճանաչել հիվանդությունն ու դիագնոստիկայի մեթոդները զարգանում են։ Ուրեմն փորձենք պարզել, թե որտեղից է հայտնվել այդ շատ կոնկրետ կապը:

Աուտիզմն ու վակցինացիան առաջին անգամ իրար հետ կապել է The Lancet ընդհանուր բժշկական գրախոսվող շաբաթաթերթում 1998 թ. հրապարակված մի ուսումնասիրություն, որի գլխավոր հեղինակն էր բժիշկ-գաստրոէնտերոլոգ (մարսողական համակարգի խանգարումների ու հիվանդությունների մասնագետ) Էնդրյու Վեյքֆիլդը, որին մենք արդեն հիշատակել ենք հոդվածի սկզբում՝ Սոմալիից ներգաղթածների համայնքում կարմրուկի համաճարակի մասին խոսելիս: Վեյքֆիլդի ուսումնասիրությունը պնդում էր, որ 12 երեխաներ Լոնդոնի հյուսիսի հիվանդանոցներից մեկում ստացել են ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում, ինչից 14 օր հետո հետո երեխաներից 8-ի մոտ արտահայտվել են աուտիզմի սիմպտոմներ ու որովայնի բորբոքային հիվանդություն:[8] Հոդվածը միանգամից աղմուկ բարձրացրեց, հեռուստատեսությամբ սկսեցին հարցազրույցներ վերցնել Վեյքֆիլդից: Հաշվի առնենք, որ սա ոչ թե հերթական դավադրությունների տեսությունների երկրպագուի հորինվածքն էր, այլ իսկական բժշկի հոդված՝ հրատարակված հեղինակավոր բժշկական պարբերականում: Այս հայտարարությունը ծնողների մեջ պանիկա առաջացրեց, ու նրանք սկսեցին մասսայական խուսափել ԿԿԽ պատվաստումներից:

Ես լրիվ հասկանում եմ այդ ծնողներին ու չեմ մեղադրում իրենց: Չլինելով բժիշկներ, իրենք լսել էին աղմկահարույց հայտնագործության մասին, որը վերջապես բացատրել էր աուտիզմի պատճառներն ու ցույց տվել, թե ինչքան վտանգավոր են պատվաստումները՝ մի գործողություն, որը նախատեսված էր իբր թե իրենց երեխաներին պաշտպանելու համար:

Ուսումնասիրության նման արդյունքը կարող էր վախեցնել նույնիսկ ինձ:

Վեյքֆիլդի ուսումնասիրությունը հետաքրքրել էր ոչ միայն ծնողներին, այլ նաև այլ հետազոտողների: Ի վերջո, գրախոսվող բժշկական պարբերականները հիմնականում նախատեսված են հենց բժիշկների համար: Ու բազմաթիվ բժիշկներ փորձեցին վերարտադրել Վեյքֆիլդի արդյունքները։ Բայց ոչ մեկին չհաջողվեց ոչ ստուգել Վեյքֆիլդի ներկայացրած տվյալները, ոչ էլ նոր, հաստատող տվյալներ ստանալ:

Ցնցող հայտնագործությունն աստիճանաբար վերածվեց կասկածելի հայտնագործության:

Իսկ հետո ամեն ինչ ավելի մռայլ երանգներ սկսեց ստանալ։ Sunday Times-ի լրագրող Բրայան Դիրի հետաքննությունը պարզեց, որ Էնդրյու Ուեյքֆիլդը շահերի ֆինանսական բնույթի բախում ունի՝ կապված հետազոտության արդյունքների հետ: Այս և մնացած մեղադրանքների հիման վրա Բրիտանական գերագույն բժշկական խորհուրդը հետաքննություն սկսեց, ու 2010 թ. հունվարի 28-ին հաստատեց Վեյքֆիլդի դեմ ներկայացրած ավելի քան երեք տասնյակ մեղադրանքներ, որոնք ներառում էին մասնագիտական անազնվության չորս դեպք ու զարգացման խնդիրներով երեխաների նկատմամբ ոչ էթիկ վարքի 12 դեպք (օրինակ՝ առանց անհրաժեշտության ու բժշկական կոմիտեի թույլատվության իրենց ինվազիվ բժշկական պրոցեդուրաների ենթարկելը): Գերագույն բժշկական խորհուրդը պարզեց, որ Վեյքֆիլդն իր ուսումնասիրության ժամանակ խախտել է մասնագիտական էթիկան ու կեղծել բազմաթիվ տվյալներ:[9]

Խորհուրդի վճռից հետո՝ 2010 թ. փետրվարի 2-ին, The Lancet պարբերականն ամբողջությամբ հերքեց Վեյքֆիլդի հոդվածն ու հրապարակեց վերջինիս 13 համահեղինակներից 10-ի եզրակացությունը, որը ժխտում էր ԿԿԽ վակցինացիայի և աուտիզմի կապը:[10]

Վեյքֆիլդին ջնջեցին Բժիշկների բրիտանական ռեգիստրից, ինչի հետևանքով նա այլևս չի կարող բժշկական գործունեությամբ զբաղվել Մեծ Բրիտանիայի տարածքում: 2001 (ըստ այլ վկայությունների՝ 2004) թվականին Էնդրյու Վեյքֆիլդը տեղափոխվեց ԱՄՆ ու շարունակեց իր հակավակցինացիոն գործունեությունը՝ դառնալով շարժման հայրն ու առաջնորդը:

Վեյքֆիլդի գործունեությունը բերեց ԿԿԽ պատվաստումների քանակի անկման ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում, ինչին հաջորդեցին այդ հիվանդությունների բռնկումներ ու համաճարակներ:

Վեյքֆիլդի հոդվածի նման նյութերն ինտերնետ մտնելուց հետո սկսում են իրենց սեփական կյանքով ապրել: Դեղին պրեսսայի տարբեր ներկայացուցիչներ հավաքվում են «տրենդային», «սկանդալային» թեմային՝ փորձելով հնարավորինս հյութեղ, հաճախ հորինված մանրամասներով հագեցնել իրենց անդրադարձները, ավելացնել սրտաճմլիկ, ճչան, «clickbait» վերնագրեր: Հայտնվում են ծնողներ, որոնք պնդում են, որ իրենց երեխան աուտիզմի սիմպտոմատիկա սկսել է դրսևորել հենց պատվաստումներ ստանալուց հետո (բնականաբար, փոքր է հավանականությունը, որ որևէ լրատվամիջոց սկսի հարցազրույց վերցնել ծնողներից, ում երեխան պատվաստումներ ստացել է, բայց աուտիզմի սիմպտոմատիկա չունի): Հայկական «168 ժամ» ինտերնետային լրատվականը դրա պարզ օրինակ է. նույնիսկ բազմիցս զգուշացվելուց հետո այն շարունակում է վիտամիններով ու սոդայով քաղցկեղ բուժել:

Հետո սկսում է սոցիալական ցանցերով տարածումը: Նյութը միանգամից կլանվում ու շրջանառության մեջ է դրվում այսպես կոչված «այլընտրանքային բժշկության» կողմնակիցների շրջանում, որտեղ կա արդեն փաստացի շահ ու մրցակցություն դասական բժշկության հետ:

Արդյո՞ք այս իրավիճակում մեղքը պետք է գցել հենց ծնողների վրա: Դեպքերի մեծ մասում՝ ոչ: Ծնողներն անհանգստանում են իրենց երեխայի համար ու ցանկանում են ընտրել լավագույն, ամենաանվտանգ տարբերակը: Իհարկե, կան ծնողներ, ում համար հակավակցինացիոն շարժումը գաղափարախոսություն է, ու իրենք գտնվում են գիտակից տգիտության վիճակում, նույնիսկ այստեղ՝ Հայաստանում: Ես ինքս տեսել եմ բազմիցս, ինչպես է ծնողներին տեղեկացնելու փորձը վերածվում կատաղի վեճի ու անձնական վիրավորանքների, ինչպես են մարդիկ իրենց տգիտությունը փորձում փաթաթել ուրիշներին: Նման ծնողները, կարծում եմ, վտանգ են ներկայացնում ինչպես իրենց երեխաների, այնպես էլ ուրիշ ծնողների համար: Չէ՞ որ ծնողը բժիշկ չի ու երեխան իր խոցելի տեղն է: Լսելով երեխային սպառնացող վտանգի մասին, ծնողը բնական ռեակցիա է տալիս՝ անհանգստանում է: Սկսում է կարդալ առավել տարածված նյութերը թեմայով, որոնք, ցավոք, դեղին պրեսսայինն են: «168 ժամ» ինտերնետային լրատվականի կտավատի ձեթով քաղցկեղ բուժելու մասին հոդվածը դիտվել է 83,000-ից ավել անգամ, ունի ավելի քան 16,000 լայք: Նման նյութերը լրատվականին դիտումներ, հետևաբար՝ նաև եկամուտ են բերում:

Բրայան Դիրը՝ հետաքննող լրագրողը, որի աշխատանքն էական դեր ունեցավ Վեյքֆիլդի ուսումնասիրությունը հերքելու հարցում, երախտագիրության նամակներ չի ստանում ծնողներից, ում երեխաներին պաշտպանել է մասնագիտական կեղծիքից: Հակառակը՝ իր էլեկտրոնային փոստարկղը լի է հայհոյանքներով, դեղագործական ընկերությունների կողմից կաշառված լինելու մեղադրանքներով, սպառնալիքներով:

Մարդիկ Բրայան Դիրին հարցնում են, թե ինչպես է ինքը գիշերները քնում իր արածից հետո։

Եկեք ի մի բերենք հակավակցինացիոն շարժման դրույթները.
  1. Պատվաստումներն առաջացնում են աուտիզմ: Հիմնված է Էնդրյու Վեյքֆիլդի ուսումնասիրության վրա: Ուսումնասիրությունը հերքվել է ամբողջությամբ:
  2. Պատվաստանյութերը պարունակում են թունավոր նյութեր, օրինակ՝ ֆորմալդեհիդ ու սնդիկ: Հոդվածի առաջին մասում նշվել է նման նյութերի օգտագործման պատճառը, ու եթե հաշվի առնենք բնական միջավայրում մարդկանց շփումն այդ նյութերի հետ, պատվաստման ժամանակ ստացած չնչին դոզան էական ազդեցություն չի կարող ունենալ մարդու առողջության վրա:
  3. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու մեծ դեղագործական ընկերությունները պատվաստումներն օգտագործում են եկամուտի համար: Պատվաստումների մեծ մասը, մասնավորապես՝ ԿԿԽ պատվաստումները, անվճար են: Պատվաստանյութերի ստեղծման տեխնիկան բաց հասանելի է, դրանց պատրաստմամբ զբաղվում են տարբեր երկրների լրիվ անկախ լաբորատորիաներ:
  4. Հիգիենան բավական է հիվանդությունների մեծ մասից խուսափելու համար, պատվաստումները պարտադիր չեն: Եթե այս պնդումը ճիշտ լիներ, պոլիոմիելիտի սպանած և հաշմած մարդկանց մեծ մասը կփրկվեին: Ցավոք, այն իրականության հետ քիչ կապ ունի: Հիգիենան իրոք պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից, բայց որոշ դեպքերում այն բավարար չի:
  5. Բնության հետ համահունչ ապրելը բավական է առողջ կյանքի համար: Բնության հետ համահունչ ապրելը բազմաթիվ մարդկանց առողջության վրա շատ դրական ազդեցություն է ունենում: Քաղաքային կյանքն իր փոշով, ստրեսներով, արագ ռիթմով, իր խնդիրներն է առաջացնում: Ցավոք, երբ Ամազոնի ջունգլիներում գրեթե լրիվ բնության կանոններով ապրող հնդկացիները բախվեցին թոքախտի վիրուսի հետ, դա գրեթե բերեց ցեղախմբի ոչնչացմանը: Փրկեց միայն ժամանակակից բժշկության միջամտությունն, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Ցեղախմբի բազմաթիվ անդամներ մինչ այժմ տառապում են հիվանդության քրոնիկական ձևով:
  6. Պատվաստումներն ինչ-որ մութ նպատակով գաղտնի նախագծի մաս են, որի միջոցով ինչ-որ գաղտնի խումբ (հարուստները, մասոնները, իլյումինատները, հրեաները, ռեպտիլոիդները՝ ընտրիր ինքդ) փորձում են կառավարել աշխարհը: Այս դրույթը զուտ դավադրաբանական է, հիմնված չի առողջ դատողության վրա, այն քննարկելը կամ հերքել փորձելն անգամ անիմաստ է:
Մարդկանց հավատը հակավակցինացիոն ու նմանատիպ գաղափարների նկատմամբ երբեմն պայմանավորված է հակափաստարկներին ծանոթ չլինելով, իսկ երբեմն մարդիկ պարզապես անտեսում են հակափաստարկները: Էական չի, թե ինչքան կհեղինակազրկվի Վեյքֆիլդի կեղծած ուսումնասիրությունը՝ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կգտնվեն ազնիվ մոլորության մեջ, ու միշտ կգտնվեն ուրիշներն, ովքեր մարտնչող տգիտությամբ կպայքարեն Վեյքֆիլդի «բարի լուրը» տարածելու համար: Եթե Վեյքֆիլդը հայտարարած լիներ, որ ինքը ՁԻԱՀ-ի դեղ է հորինել, ու հետո պարզվեր, որ իր ուսումնասիրությունը կեղծված է, մարդկանց մի մասը, հավանաբար, կկենտրոնանար կեղծիքի ու սկանդալի վրա, ու մի փոքր հատված էլ դավադրությունների տեսություններ կմշակեր նրա մասին, թե ինչպես են դավադիր մասոնաիլյումինատներն աշխարհը կառավարելու համար ստեղծել ՁԻԱՀ-ն ու խանգարում են այն բուժելու բոլոր փորձերին: Հետո կհայտնվեին ՄԻԱՎ վարակակիրներ, որոնք կդիմեին Վեյքֆիլդին՝ խնդրելով օգնել իրենց, քանի որ հուսահատ մարդիկ հաճախ հուսահատ միջոցների են դիմում: Հասարակական մտածողության այս մոդելը մի անգամ չի, որ իրեն դրսևորել է: Բացի դրանից, սկանդալը միշտ հերքումից ավելի բարձր աղմուկ է բարձրացնում: Սկանդալը պայթյուն է, հերքումը՝ դանդաղ, բարդ պրոցես։

III. «Ես հակավակցինացիոն շարժման անդամ էի»

 Հակավակցինացիոն շարժումը շատ դեմքեր ունի՝ «es chem patvastelu im erexayin u es el patvastvac chem, im mayr@ bjishk e inqn el e dem» ասող մայրերից մինչև իսլամիստ զինյալներ: Վերջինիս օրինակ է Պակիստանի վիճակը: Այնտեղ իսլամիստները համարում են, որ պատվաստումներն արևմտյան դավադրության մաս են՝ ուղղված երեխաներին անպտուղ դարձնելուն: Այն դեպքում, երբ Պակիստանը միակ երկու երկրներից է, որտեղ դեռ կա պոլիոմիելիտի օջախ: 2014 թվականին այնտեղ գրանցվել է պոլիոյի 300-ից ավել դեպք: Պոլիոյի դեմ պատվաստում իրականացնող բժիկներին ստիպված են ոստիկաններ պաշտպանել, բայց երբեմն դա էլ բավարար չի լինում: 2012 թ. դեկտեմբերին իսլամիստները սպանել են պոլիոյի դեմ պատվաստում իրականացնող հինգ մասնագետների: 2014-ի նոյեմբերին՝ ևս չորսին: 2015-ի հունվարին իսլամիստ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է պատվաստման կենտրոնի մոտ՝ սպանելով 15 մարդ: 2015-ի փետրվարին հայտնաբերվեցին իսլամիստների առևանգած պոլիոյի դեմ պատվաստում իրականացնող չորս մասնագետների դիակները: 2016-ի ապրիլին ութ իսլամիստ զինյալ, մոտոցիկլետների վրա, կրակեցին պատվաստում իրականացնող մասնագետների ու իրենց պաշտպանող ոստիկանների ուղղությամբ: Սպանվեցին յոթ մարդ:

Եթե փորձենք հասկանալ հակավակցինացիոն շարժման մեջ մտած ու հետագայում շարժումից դուրս եկած մարդկանց, միգուցե դա մեզ կօգնի ավելի լավ հասկանալ բուն շարժումը:

Ստորև մեջբերում եմ հատված "What's behind the anti-vax movement?", BBC 2015 հոդվածից:[11]
Ջունիպեր Ռուսսոն միայնակ մայր է ԱՄՆ Թեննեսի նահանգի Չատանուգա քաղաքից: Նա հակավակցինացիոն շարժման անդամ էր:

«Էնդրյու Վեյքֆիլդի ուսումնասիրությունն այն բաներից էր, որ ինձ իրոք վախեցնում էին: Հակավակցինացիոն շարժման մեջ մտնող մարդիկ մեծ մասամբ կարծում են, որ նրան լռեցրել են, ու որ նա իրականում շատ կարևոր բանի մասին խոսող հերոս էր»:


Լրագրող Բրայան Դիրի նման, Ջունիպերն էլ է բացասական արձագանքի ու անգամ սպառնալիքների արժանացել հակավակցինացիոն շարժման կողմնակիցների կողմից՝ իր տեսակետը փոխելու համար: Բայց կար ժամանակ, երբ իր մտքում կասկածներ չկային. նա համարում էր, որ վակցինաները դավադրություն են:


«Ես ընդամենը 20 տարեկան էի, երբ հղիացա, ու շատ երիտասարդ ու նաիվ էի, ու տարված էին այն աշխարհայացքով, թե բնությունը պարզապես հիասքանչ բան է, ու որ մեր մեծ, վախենալի, ինդուստրիալացված աշխարհի հետ կապված ամեն ինչ վատ է»:


«Կարծում էի՝ կառավարությանը պետք չի վստահել, ու հավատում էի այն գաղափարին, որ մեծ դեղագործական կազմակերպություն կա, որը պատրաստ է իմ երեխային վնասելու գնով փող աշխատել»:


«Միակ բանը, որ իմ մտքով անցնում էր, այն էր, որ ես ամեն ինչ անում էի իմ երեխային ժամանակակից բժշկության հրեշից պաշտպանելու համար: Ես չէի մտածում, որ մեկ ուրիշին վտանգում եմ, բայց հիմա ես դա գիտեմ»:


Ջունիպերի տեսանկյունը փոխվեց, երբ իր երեխային, ով երբեք վակցինացիա չի ստացել, աուտիզմ ախտորոշեցին:


«Ես դեմ առ դեմ դուրս եկա այն մտքին, որ ես սխալվել եմ՝ կարծելով, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, ու որ ոչ մի վատ բան չէր կարող պատահել իմ երեխաներին»:


«Ես հաճախ էի տեսնում թեման նորություններով, ու հիմա հասկանում եմ, թե պրեսսան ինչքան անպատասխանատու էր: Նրանք մի կողմից ներկայացնում էին Համաշխարհային առողջապահական կազմակերպության հետ աշխատող բժիշկ, ու նրա հետ բանավեճի էին դնում մի մայրիկի, ով պնդում էր, թե իր երեխան պատվաստումներից աուտիզմ է ստացել»:


«Ինձ համար շատ հեշտ էր ընդունել այն մարդու կողմն, ում հետ ավելի շատ ընդհանուր բան ունեի, ի հակադրություն բժշկի, ում, իմ այդ ժամանակվա կարծիքով, կաշառել էր պետությունը»:
Անտրոպոլոգ Հայդի Լարսոնը պնդում է, որ հակավակցինացիոն շարժման անդամների խնդիրն այն է, որ իրենք կարծում են՝ իրենց չեն լսում: Այդ առումով նա այն կարծիքին է, որ իրենց պարզապես ինֆորմացիա տրամադրելն (ու, այդ կոնտեքստում, նաև իմ այս հոդվածաշարը) արդյունավետ չի, ու որ առողջապահության ոլորտի աշխատողները պետք է սկսեն լսել մարդկանց, ում սպասարկում են:

Մեգան Սենդլինը 20-ամյա երկու երեխայով մայր է: Նա որոշել էր ծննդաբերել տանն ու առավել լիարժեք ծնող լինել իր երեխաների համար: Ու, բնականաբար, նա սկսեց շփվել մարդկանց հետ, որոնք նույնպես փորձում էին նույն մոտեցումը ցուցաբերել ծնողության նկատմամբ: Մեգանը նկատեց, որ իր ծանոթներից շատերը դեմ են վակցինացիային, ու հարցրեց դրանից իր ընկերներից մեկին: Ընկերն առաջարկեց կարդալ, թե ինչ բաղադրամասեր կան վակցինաների մեջ, կարդալ փաթեթների ներդիրներն ու հնարավոր կողմնակի էֆեկտների մասին: Մեգանը կարդաց... ու սարսափեց: Չնայած կարդացածի մեծ մասը չհասկանալուն: Հետո նայեց, թե ինչքանով են տարածված հիվանդությունները, որոնց դեմ պատվաստում են երեխաներին: ԱՄՆ-ում տարիներով դիֆտերիայով վարակվելու դեպք չէր եղել:

Մեգանի պատմությունը երկրորդ աղբյուրից հակավակցինացիոն գաղափարներ ձեռք բերելու դեպք է, երբ արդեն հակավակցինացիոն շարժման մաս կազմող մարդիկ խաղում են անփորձ ծնողների վախերի վրա ու նրանց մղում դեպի իրենց շարժումը:

Մեգանի ընկերներն իրեն համոզում էին չվստահել պաշտոնական կայքերին ու ինֆորմացիան փնտրել Google-ի միջոցով ու ֆեյսբուքյան էջերից, ասում էին իրեն, թե ինչպես է իր մայրական կաթը երեխային պաշտպանում բոլոր հիվանդություններից, ամեն կերպ հոգեբանական աջակցություն ցույց տալիս ու ներկայացնում իր երեխային որպես իդեալական առողջ չվակցինացված երեխայի օրինակ: Դա հաճելի զգացողություն էր՝ լինել մեծ, բարեկամաբար տրամադրված հանրության մասը:

Ինչևէ, որոշ ժամանակ շարժման մեջ անց կացնելուց հետո Մեգանը, ով իր բնույթով սկեպտիկ էր, նկատեց, որ շարժման մյուս անդամները հավատում են նաև այլ դավադրությունների տեսությունների, որոնք տրամաբանությունից ավելի հեռու են, քան հակավակցինացիոն գաղափարները: Օրինակ՝ «քիմիական հետքերի» դավադրությունների տեսությունն, ըստ որի ինքնաթիռների երկնքում թողած հետքերը ոչ թե դիզելային վառելիքի այրման հետևանքով արտանետված նյութերի շուրջ գոլորշու խտացման հետևանք են, այլ հատուկ քիմիական նյութեր, որոնք իշխանություններն օգտագործում են մեզ կառավարելու համար:

Կասկածները բերեցին ուսումնասիրությունների, իսկ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքը պատվաստանյութերի բաղադրիչներից ավելի վախենալի էր: Ոչ, հիգիենան չէր պատասխանատու հիվանդությունների նվազման համար՝ դա պատվաստումների շնորհիվ էր: Ոչ, պատվաստանյութերը չէին գերբեռնում իմունային համակարգը՝ ժամանակի հետ կատարելագործվելով, իրենք ավելի քիչ անտիգեներով պաշտպանում էին ավելի շատ հիվանդություններից: Ոչ, աուտիզմը կապ չուներ պատվաստումների հետ:

Երբ Մեգանի փոքր աղջիկը տաս ամսեկան էր, նա որոշեց վերսկսել պատվաստումները: Երբ դրա մասին հայտնեց Ֆեյսբուքում, կորցրեց միանգամից 50 ընկեր: Մարդիկ, ովքեր ողջունում էին նրա երեխա տանն ունենալու միտքը, ասում էին, որ ինքը հիանալի մայր է ու ոգեշնչող մարդ, պարզապես ջնջեցին իրեն: Մեգանին հեռացրեցի խմբերից, արգելափակեցին մարդիկ, որոնց ինքն ընդհանրապես չէր ճանաչում:

Ինչևէ, Մեգանի երեխաներն այժմ վակցինացված առողջ երեխաների փայլուն օրինակներ են, իսկ դա երևի ամենակարևորն է:[12]

Նաոմի Մյուրրեյը հակավակցինացիոն շարժման անդամ դարձավ Ջեննի ՄակԿարթիի գիրքը կարդալուց հետո (ևս մեկ փաստարկ հօգուտ նրա, որ ֆոտոմոդելը չի կարող ձեզ ավելի լավ առողջապահական խորհուրդներ տալ, քան բժիշկը): Ամուսինը կարողացավ նրան համոզել երեխային պատվաստել, ու դա հավանաբար փրկեց երեխայի կյանքը:

Չորս ամսեկանում Նաոմիի աղջիկը վարակվեց կապույտ հազով, որի դեմ պատվաստված էր: Կապույտ հազը վարակիչ օդակաթիլային հիվանդություն է, որի ժամանակ մարդն այնքան է հազում, որ օդը լքում է նրա թոքերը: Փոքր երեխաների դեպքում դա առավել վտանգավոր է՝ 2000-2014 թթ. ԱՄՆ-ում 241 երեք ամսեկանից փոքր երեխա է մահացել այդ հիվանդությունից: Պատվաստման շնորհիվ հիվանդության ընթացքը թեթև էր, ու հիվանդությունը բարդացումների չբերեց (կարող էր թոքաբորբ առաջանալ ու նույնիսկ ուղեղի վնասվածք՝ թթվածնային քաղցի պատճառով):

Այժմ Նաոմին վիրավորական է համարում, որ մարդիկ կարող են գիտակցաբար հրաժարվել պատվաստումներից: Հակավակցինացիոն շարժման անդամ ընկերների արձագանքը, բնականաբար, կանխատեսելի  ագրեսիվ է: Բայց երեխային շատ վտանգներ այլևս չեն սպառնում:[13]

Ես բերեցի երեք լրիվ տարբեր ծնողների օրինակներ: Երեքն էլ իրենց կյանքի ինչ-որ շրջանում եղել են հակավակցինացիոն շարժման մասնակիցներ, երեքն էլ գիտակցաբար լքել են շարժումը: Երեքն էլ բախվել են գրեթե կրոնական շարժման ռեակցիա հիշեցնող արձագանքի՝ տարբեր չափերով:

Իսկ ես արդեն ցույց եմ տվել հակավակցինացիոն շարժման ամենատգեղ, ծայրահեղական դեմքը:

IV. Նրանց հնարավոր էր փրկել

2015 թվականի սեպտեմբերին Ռումինիայում տեղի ունեցավ կարմրուկի բռնկում: Այն վարակեց հազարավոր մարդկանց ու դարձավ 17 երեխայի մահվան պատճառ:
Այդ երեխաներից ոչ մեկը, ինչպես նշեց Ռումինիայի առողջապահության նախարարը, կարմրուկի պատվաստում չէր ստացել:[14]

Այդ երեխաներին հնարավոր էր փրկել:

Այդ երեխաների ծնողներն ամենայն հավանականությամբ նույնիսկ հակավակցինացիոն շարժման անդամներ չէին: Պարզապես Ռումինիոայում բնակչության ընդամենը 80 տոկոսին են հասանելի հանրային բժշկական ծառայությունները:

Այդ երեխաների ծնողները չէին կարող իրենց թույլ տալ պատվաստումներից հրաժարվելու շռայլությունը: Այդ որոշումն իրենց փոխարեն կայացրել էին հանգամանքները:

Վերջերս հակավակցինացիոն շրջաններում սկսեցին խոսել այն մասին, որ Հյուսիսային Իտալիայում 130 ընտանիք պատրաստ են ապաստան փնտրել հարևան Ավստրիայում՝ պարտադիր պատվաստումներից խուսափելու համար: Բայց ոչ ոք չխոսաց այն մասին, թե ինչ պատճառով էր սկսել պարտադիր պատվաստումների քննարկումը:

Վեց տարեկան: Այդ տարիքի էր իտալացի երեխան, որը մահացավ կարմրուկի բարդություններից: Կարմրուկ նա վարակվել էր իր մեծ եղբորից, ով, ծնողների որոշմամբ, կարմրուկից չէր պատվաստված:[15]

Երեխան լեյկիմիա էր տանում, ինչից նրա իմունային համակարգը թուլացել էր:
Նա նույն կերպ կարող էր վարակվել իր հետ շփվող ցանկացած չպատվաստված երեխայից: Ահա թե ինչը վերսկսեց բանավեճերն Իտալիայում պարտադիր պատվաստումների մասին:

Ծնողները, որոնք Իտալիայում պայքարում են իրենց երեխաներին չպատվաստելու իրավունքի համար, կարծում են, որ իրենք իրենց երեխայի առողջության մասին են որոշում կայացնում:

Իսկ հիմա մտածենք, թե ինչպիսի հետևանքներ կարող է իրենց որոշումն ունենալ քաղցկեղով, ՄԻԱՎ-ով, այլ իմունային համակարգը թուլացնող հիվանդություններով տառապող երեխաների կյանքի և առողջության համար:

Այդ երեխային նույնպես հնարավոր էր փրկել:

Ես չեմ սիրում գրել երեխաների մասին, ովքեր մահացել են: Հատկապես երբ իրենց հնարավոր էր փրկել:

Բայց հավանաբար ստիպված եմ, եթե սա գոնե ինչ-որ մեկին կբացատրի, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց որոշումները:

Իմ սիրտը ցավում է ամեն մի երեխայի համար, ով իր ծնողների որոշման պատճառով տառապում է կապույտ հազից: Իմ սիրտը կոտրվում է ամեն երեխայի համար, ով մահացել է անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու պատճառով, ծնողների ու առողջապահական համակարգի թերություններից:

Հայաստանում երեխային պատվաստելու կամ չպատվաստելու որոշումը ծնողներինն է: Ինչպես նաև այդ որոշումից բխող բոլոր հետևանքները: Կարծում եմ՝ ես բավականաչափ ընդարձակ եմ դրանք ներկայացրել, միգուցե՝ չափազանց ընդարձակ: Ինչ էլ լինի, մենք պարտավոր ենք կայացնել ինֆորմացված որոշումներ, ու պատասխանատու ենք նրանց համար, ում աշխարհ ենք բերել:

Այսքանով ես կավարտեմ այս հոդվածաշարը: Սա ծանր ու բարդ աշխատանք էր: Հուսով եմ՝ այն գոնե ինչ-որ մեկին կօգնի:

Առողջություն ձեզ ու ձեր երեխաներին:




[1] Medicine: Polio Year, Time, November 11, 1946

[2] Hamborsky J, Kroger A, Wolfe C, eds. (2015), "Poliomyelitis", Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (The Pink Book) (13th ed.), Washington DC: Public Health Foundation, (chap. 18).

[3] Rainsberger M (2005-06-27). "More than a March of Dimes". The University of Texas at Austin.

[4] World Health Organization, “Measles”, http://www.who.int/mediacentre/factsheets/fs286/en/

[5] Minnesota Public Radio, 10 July 2017, “Minnesota could get the 'all clear' on measles outbreak by end of month”

[6] Washington Post, May 5 2017, “Anti-vaccine activists spark a state’s worst measles outbreak in decades”

[7] International Business Times, 13 March 2015, "Who Is Stefan Lanka? Court Orders German Measles Denier To Pay 100,000 Euros"

[8] The Lancet, 28 February 1998, Volume 351, No. 9103, p637–641, “Ileal-lymphoid-nodular hyperplasia, non-specific colitis, and pervasive developmental disorder in children”

[9] Deer, Brian. "General Medical Council, Fitness to Practise Panel Hearing, 28 January 2010, Andrew Wakefield, John Walker-Smith & Simon Murch"

[10] The Guardian, 2 February 2010, "Lancet retracts 'utterly false' MMR paper"

[11] BBC News, 5 August 2015, “What’s behind the anti-vax movement?”

[12] Voices for Vaccines, “Leaving the Anti-Vaccine Movement”

[13] Huffington Post, 11 October 2015, “Naomi Murray, Ex-Anti-Vaxxer, Now Says Shots Saved Her Baby Girl's Life”

[14] RTE.IE, 12 March 20

[15] Euronews, 23 June, 2017, “Child's death from measles caught from unvaccinated brother reignites debate in Italy”

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։