COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք բժշկական դիմակներն առաջացնում են սնկային թոքաբորբ

Եզրակացություն՝ ոչ մի հիմք չկա համարել, որ համապատասխանում է իրականությանը։

2020 թ. հունիսի 19֊ին «Հայելի» ակումբի Youtube ալիքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր֊նախագահ Նունե Ներսիսյանը պնդում է, թե դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից ու առաջացնում են սնկային թոքաբորբ։

Սնկային թոքաբորբն այն է, երբ թոքերի ախտահարումը կոնկրետ սնկային օրգանիզմներով առաջացնում է պնևմոնիա/թոքաբորբ։ Սնկային վարակումները լինում են երկու տեսակի՝ էնդեմիկ կամ օպորտյունիստիկ։ Էնդեմիկ դեպքերում սնկային օրգանիզմներն օրգանիզմում առկա են, բայց հնարավորություն են ստանում վարակել օրգանիզմը, երբ մարդու իմմունային համակարգը թուլացած է, օրինակ՝ ուրիշ վարակի դեմ պայքարելու հետևանքով։ Օպորտյունիստիկ դեպքերում վարակը մարդու օրգանիզմում առկա չի, բայց վարակելու համար օգտվում է հատուկ հանգամանքներից՝ թուլացած իմմունիտետ, փոխված միկրոֆլորա և այլն։

Ժամանակակից վիրաբուժական դիմակներն օգտագործվում են 1960֊ական թվականներից՝ զարգացած աշխարհում ամբողջապես փոխարինելով կտորե դիմակներին։ Այդ դիմակներն օգտագործվում են ինչպես բժիշկների կողմից՝ հիվանդից հիվանդ, հիվանդից բժիշկ, բժշկից հիվանդ հիվանդությունների հարուցիչների փոխանցումը կանխելու համար, այնպես էլ բազմաթիվ ասիական երկրներում՝ օդի աղտոտվածության, հակահամաճարակային ու մշակութային նկատառումներով (օրինակ՝ Ճապոնիայում դիմակների կրումը սկսել է 1918 թ. իսպանական գրիպից ու նաև հանդիսանում է փողոցում ու ինտերնետում անոնիմության պահպանման միջոց)։

Վիրաբուժական դիմակների մոտ 60 տարի շրջանառության մեջ լինելն իրենց երկարատև ու կարճատև օգտագործուման մասին էպիդեմիոլոգիական ինֆորմացիա հավաքելու հնարավորություն է տվել։ Բայց ոչ մի բժշկական պարբերականում, գիտական հոդվածների ոչ մի շտեմարանում ես չեմ կարողացել գտնել վկայություն, թե բժշկական դիմակները առաջացնում են սնկային թոքաբորբ։

Հետևաբար՝ ոչ մի հիմք չկա համարել, թե բժշկական դիմակներն առաջացնում են սնկային թոքաբորբ։ Իհարկե՝ սա նաև ենթադրում է, որ դիմակների պահպանումն իրականացվում է խելամիտ անվտանգության կանոնների պահպանմամբ։

Տեսանյութում ես ակնկալում էի, որ Նունե Ներսիսյանը կներկայացնի մասնագիտական հիմնավորումներ իր արտահայտած կարծիքի համար։ Ցավոք՝ այդպիսիք տեսանյութում չէին ներկայացված։

ՈՒ եթե Նունե Ներսիսյանը որոշի բողոքել, թե ես, չունենալով բժշկական կրթություն, քննադատում եմ 12 տարի բժշկական կրթություն ստացած մարդու, հիշեցնեմ, որ Նունե Ներսիսյանը ոչ աշխարհի միակ բժիշկն է, ու ոչ էլ լավագույնը, ու որ գոյություն ունի գիտական կոնսենսուս, ու երբ բժիշկը հակադրվում է բժշկական հանրության գիտական կոնսենսուսին, ինքը պետք է դրա համար լուրջ հիմնավորումներ բերի, ինչպես նաև peer review-ի ենթակա ու կոնկրետ գիտական չափանիշների համապատասխանող հետազոտություններ։ Որոնք Նունե Ներսիսյանը չի ներկայացրել։ Ես նաև պատկերացում չունեմ, արդյոք Նունե Ներսիսյանի մասնագիտացումն ու աշխատանքային փորձն առընչվում են վարակաբանության ու համաճարակաբանության ոլորտների հետ։ Հետևաբար, ես ինձ իրավունք եմ վերապահում քննադատել ու, ինչու ոչ, ինֆորմացված եզրակացություն տալ, որ իր հայտարարությունները գիտական տեսանկյունից հիմնավորված չեն։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։