Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն

Աշխարհում մի քանի հավերժական բան կա. տիեզերքն ու Ալբերտ Էյնշտեյնին վերագրվող հիմար պատմությունները: Ու ես վստահ չեմ տիեզերքի առումով:

Պատմությունները սովորաբար ընդհւնուր սցենար ունեն: Համալսարանում դասախոսություն է, դասախոսն ինքնահավան աթեիստ է, դասախոսն ինչ-որ բան է ասում, ուսանողներից մեկը սրամտորեն իր «պորտը տեղն է դնում» ու ապացուցում, որ աթեիստը սխալ է, իսկ աստված գոյություն ունի:

Հետո գնում են լիքը վեճեր պատմության թեմայով, մինչև պատմությունը մեռնում է, թաղվում, մինչև հերթական դիլետանտ ապոլոգետն այս պատմության զոմբին չարթնացնի՝ մի քանի փոքր մանրուքներ մեջը հղկելով:

Ես երբեք չեմ տեսել, որ պատմությունը ցիտողները նշեն, թե կոնկետ որ թվականին ու որ համալսարանում է տեղի ունեցել միջադեպը, ինչ էր դասախոսի անունը, որն է պատմության աղբյուրը: Այսինքն՝ մենք չենք կարող նույնիսկ հաստատել, որ միջադեպն իրոք տեղի է ունեցել:

Մենք կարող ենք ենթադրել, թե ինչու հենց Էյնշտեյնը. կրոնին սովորաբար հակադրում են գիտական դրույթներ, ու երբ չես կարող գիտական դրույթներին գիտականորեն հակադարձել, շատ հարմար է ձեռքի տակ ունենալ պատմություն, որի մեջ խիստ հեղինակավոր գիտնական կպաշտպանի կրոնը: Էյնշտեյնը շատ հեղինակավոր ու պոպուլյար գիտնական է, որի անունը գրեթե բոլորը գիտեն, բայց գրեթե ոչ մեկը, բացի կոնկրետ նեղ մասսայից, իրականում չի հասկանում իր գիտական աշխատանքը: Իդեալական թեկնածու՝ իր շուրջ միֆեր հյուսելու համար: Եկեք համաձայնենք, որ պատմությունն այդքան տպավորիչ չէր լինի, եթե այն վերագրվեր, ասենք, Սատյենդրա Նաթ Բոզին:

 Ու ու դեռ պատմության տեքստը չկարդացած՝ մենք արդեն կարող ենք որոշակի վստահությամբ պնդել, որ ոչ մի հիմք չկա համարել, թե պատմությունն իրոք տեղի է ունեցել, ու որ տեղի է ունեցել Էյնշտեյնի հետ:

Բայց անցնենք պատմությանը: Միգուցե պատմությունը հորինված է, բայց որպես առակ իր մեջ ինչ-որ խելացի իմաստ է պարունակում: Եկեք շանս տանք իրեն:

Այս անգամ պատմությունն ինձ հասել է հետևյալ տեքստով.

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իրուսանողներին.
- Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստծո կողմի՞ց է ստեղծված:

Ու ես միանգամից ստիպված եմ ընդհատել պատմությունն ու հարցնել. ո՞ր առարկայի դասախոսության ժամանակ, ի՞նչ կոնտեքստում: Ինչքանո՞վ դասախոսի կվալիֆիկացիան կապ ունի կրոնի ու աստվածաբանության հետ:

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

- Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:

Ըստ քրիստոնեության, թե ինչ ու ինչպես է ստեղծել աստված՝ առաջին անգամ նկարագրված է Հին Կտակարանի առաջին գրքի ամենասկզբում (Ծննդոց 1, 2): Դասախոսը հարց է տալիս, ուսանողը պատասխանում է մի քիչ մակերեսային, բայց, ընդհանուր առմամբ, ըստ քրիստոնեական հավատի:

- Մի՞թե այն ամենը, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել:

- Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը:

Մենք նորից վերահաստատում ենք պատմության սկիզբն ու կարող ենք ենթադրել շարունակությունը: Պրոֆեսորը, թույլ տալով ուսանողին վերահաստատել իր պնդումն իր ձևակերպմամբ, իրեն տրամաբանական թակարդի մեջ է գցել, որ ուսանողը չկարողանա իր պնդումը փոխել կամ վերամեկնաբանել: Շարունակենք:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
- Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:

Այս հատվածում ես շատ մեծ խնդիր եմ տեսնում պատմության ներքին տրամաբանության մեջ, ու ինձ ակնհայտ է, որ հեղինակի ունակությունն ու գիտելիքներն այստեղ սպառվել են:

Նախ՝ որտեղի՞ց ծագեց այդ սկզբունքը: Արդյո՞ք հնարավոր է մեկին սահմանել իր մի արարքով՝ անտեսելով իր մնացած բոլոր արարքները: Արդյո՞ք ենթադրյալ սկզբունքը, որ կիրառելի է մարդկանց նկատմամբ, կիրառելի է բոլոր էակների նկատմամբ, ներառյալ աստվածներին:

Բացի դրանից, հեղինակն ակնհայտորեն Աստվածաշնչից անգրագետ է, հակառակ դեպքում կիմանար Եսայի 45:7-ի մասին, որտեղ ասվում է՝ «Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը»: Ու Աստվածաշնչի ընդամենը մեկ տողը պատմության ամբողջ հետագա տրամաբանությունը քանդում է: Աստված բառացի ասում է, որ ինքն է հաստատում չարը:

Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է:

Մենք հասել ենք պատմության կուլմինացիային նախորդող կետին, որտեղ կեղծ տպավորություն է ստեղծվում, թե «չար պրոֆեսորը» հաղթել է, «բարի հավատացյալները»՝ պարտվել: Սա անմիջապես պիտի նախորդի հաղթական կուլմինացիային՝ հեղինակը մի քիչ հասկանում է, թե ինչպես դրամատիզմ ստեղծել իր պատմության մեջ: Վան Դամի կռիվ-կինոների նման. չարը ծեծում է Վան Դամին, թվում է՝ ամեն ինչ կորած է, հետո կինոյի տղան իր մեջ ուժ է գտնում վեր կենալ ու հաղթել չարին՝ հանդիսատեսի մոտ էյֆորիկ, հաղթական զգացողություն ստեղծելով:

Բայց ես պատմության այս հատվածի մեջ նույնպես խնդիր եմ տեսնում: Եթե նույնիսկ դասախոսի ասածը ճիշտ լիներ (իսկ մենք արդեն ֆիքսել ենք, որ այն թե՛ խորքային տրամաբանության խնդիր ունի, թե՛ հարցն իր պատասխանն ունի Աստվածաշնչում), ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է աստծո բարի կամ չար լինելու մասին պնդումից բխել, արդյոք աստված կա, թե չկա:

Ու իրականում երևում է, որ աստծո գոյության մասին բանավիճող հավատացյալների համար շատ բանավեճեր այսպես են ընկալվում. դիմացինն ինչ-որ բարդ բան է ասում, դու չես հասկանում իր ասածը, չես ուզում հասկանալ, բայց ուզում ես հակադարձել, ու չես կարողանում:

Ու մնում է հորինել պատմություններ, հորինել բանավեճեր, որտեղ հորինված հերոսը բոլոր հավատացյալների անունից վերջապես կհաղթի «չար աթեիստներին»: Ինչպես դպրոցում քնելուց առաջ պատկերացնում էիք, թե ինչպես եք ձեզ նեղացնող, ձեզանից ուժեղ երեխաներին ծեծում:

Բայց ուշադիր զննության դեպքում պատմության ներքին տրամաբանությունն արդեն քանդվել է, կարիք չկա այն շարունակել: Բայց մենք, քանի որ մազոխիստ ենք, կշարունակենք:

Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

- Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ:

- Ի՞նչ հարց: Իհարկե, կարող ես, համեցիր:

Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.

- Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞:

- Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե:

Այստեղ մենք կարող ենք որոշակի վստահությամբ ասել, որ պատմությունը գրված է եղել այլ լեզվով, հետո թարգմանվել հայերեն, որովհետև բառախաղը, որն օգտագործում է մեր երևակայական ուսանողը, հայերենում այնպես չի աշխատում, ինչպես, օրինակ, անգլերենում, որտեղ «սառը» և «ցուրտ» բառերը երկուսն էլ cold են:

Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա:

Մենք շարունակում ենք աճեցնել underdog հերոսի պատկերը՝ ինքը, թվում է, արդեն պարտված է, ոչ ոք իր ուժերին չի հավատում, բայց դրանից իր հաղթանակն էլ ավելի դրամատիկ, էլ ավելի հերոսական է դառնալու:

Երիտասարդը պատասխանեց.

- Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:

 Ու նորից՝ պատմության ներքին տրամաբանությունը շարունակում է քանդվել, քանի որ հեղինակը բնավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ու ոլորտից շատ կցկտուր գիտելիքներ ունի:

Պրոֆեսորը խոսում է ցրտի մասին՝ որպես զգացողություն, ուսանողը խոսում է սառնության մասին՝ որպես ֆիզիկական նկարագիր: Ու ոչ, սառնությունը տաքության բացակայությունը չի: Եթե գիտականորեն խոսենք, ամեն նյութ ունի ջերմային էներգիա՝ իր մոլեկուլները շարժվում են կոնկրետ էներգիայով: Բացարձակ զրոյի դեպքում մոլեկուլները չեն շարժվում: Ցուրտն ու տաքը հարաբերական հասկացություններ են, ու նյութի ֆիզիկական հատկանիշները չեն բնութագրում:

Ուսանողը շարունակեց. 
-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞: 
- Իհարկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

Ու նորից՝ մենք չենք ֆիքսում, թե ինչ է խավարը՝ երևույթ, ընկալում, փիլիսոփակայական հասկացություն, թե ինչ:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևույթների էությունը:

Ու նորից՝ հեղինակը ցուցադրում է իր անգրագիտությունը ոլորտում: Այո, կոնկրետ իմաստով խավարը լույսի բացակայությունն է: Մենք սահմանեցինք խավարը որպես երևույթ ու հաստատեցինք, որ այն որպես երևույթ գոյություն ունի (լույսի բացակայությունն է): Այո, լույսի բացակայությունը հնարավոր չի ուսումնասիրել նույն սկզբունքներով, ինչով լույսն ենք ուսումնասիրում, ինչպես վակումը (նյութի բացակայությունը) չենք կարող ուսումնասիրել նույն սկզբունքներով, ինչ ուսումնասիրում ենք նյութը: Նյուտոնի պրիզմայի միջոցով հնարավոր չի լույսի ալիքի երկարությունն ուսումնասիրել, լույսի ալիքի երկարությունն առաջին անգամ հաշվարկել է Թոմաս Յունգը՝ ինտերֆերենցիայի նախշերի միջոցով:

Ինձ առնվազն տարօրինակ է թվում, որ մարդիկ խցկվում են մի ոլորտ, որից չեն հասկանում, համեմում են իրենց տեքստը տերմիններով, որոնցից տեղյակ չեն, միայն որ տեքստն ավելի համոզիչ հնչող ու գիտական դարձնեն: Ու դա, իմ կարծիքով, ինտելեկտուալ առումով շատ, շատ անազնիվ է:

Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.

-Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի՞:

Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.

- Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:

Ուսանողը պատասխանեց.

-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված, բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի
աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…

Կարծում եմ՝ բոլորս էլ կարող ենք համաձայնել, որ չարիքը բառ է, որով մարդիկ բարոյական դատողություն են կատարում այս կամ այն երևույթի մասին: Ինչպես բարիքը: Սերը նույնպես բառ է, որով մարդիկ բնութագրում են կոնկրետ երևույթներ: Իրենք ավելի սուբյեկտիվ, մարդուն հատուկ բնութագրեր են, որոնք հնարավոր չի հավասարեցնել լույսի առկայությանն ու բացակայությանը:

Պատմության այս մասը մի անեկդոտ է հիշեցնում, որ մեկը տրամաբանության գիրք է կարդում: Էն որ վերջում ասում է՝ «ի՞նչ ա լոգիկան - ապեր, որ շատ երկար չբացատրեմ, դու նույնասեռական ես»:

Ուսանողը կատարում է Ա պնդում, Բ պնդում, որոնք արդեն շատ մեծ տրամաբանական սխալներ ունեն, հետո դրանցից ելնելով կատարում է Գ պնդում՝ օգտվելով ձևակերպումների նմանությունից, բայց ցույց չտալով, թե ինչպես է Գ պնդումը բխում Ա ու Բ պնդումներից:

Ու սա իրականում շատ լավ բնութագրում է կրոնի թեմայով բանավեճերի մեծ մասը: Դու տրամաբանական շղթաներ ես կառուցում, փաստերով հաստատում ասածդ, իսկ դիմացինը ցատկոտում է իրար հետ կապ չունեցող հասկացությունների միջև:

Պատմությունն, իհարկե, ավարտվում է ուսանողի տրիումֆով:

Պրոֆեսորը նստեց:

Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:

 Այդ ուսանողը, կներեք, բայց անգրագետ իդիոտ էր, իսկ այս ամբողջ պատմությունը՝ բանավեճերում բազմիցս պարտված կիսագրագետ մարդու ֆանտազիա, որովհետև պատմությունն այնպիսին է, ինչպիսին իրեն գրում ես: Պատմության մեջ շատ հեշտ է օպոնենտին հաղթել՝ ինքը քեզ չի պատասխանում, ինքն ասում է այն բառերը, որոնք դու ինքդ կդնես իր բերանի մեջ:

Այս պատմությունը նրա մասին չի, թե ինչպես են իրար հետ բանավիճում աթեիստն ու հավատացյալը: Այս պատմությունը նրա մասին է, թե ինչպես է հավատացյալը կռիվ տալիս սեփական շողքի հետ: Որովհետև «խելացի պրոֆեսորն» ու «հնարամիտ ուսանողն» ընդամենը հեղինակի էգոյի իրար դեմ կռվող մասեր են, ու երկուսն էլ նույն արատավոր, հակատրամաբանական մտածողական մոդելներն են արտահայտում:

Բայց ինչու՞ կանգ առնել սրա վրա: Ինչու՞ չհորինել պատմություն, որտեղ սատանան գալիս է քո հոգին խաթարելու, ու դու կռվում ես իր հետ՝ Մորտալ Կոմբատի լավագույն ավանդույթներով, հաղթում ու փրկում ամբողջ մարդկության հոգիները: Նրանք, ովքեր ուզում են հավատալ, որ այս հիմար պատմությունն իրոք ապացուցում է աստծո գոյությունն ու աթեիզմի գաղափարական սնանկությունն ու իրոք Ալբերտ Էյնշտեյնի կյանքի էպիզոդ է, կարծում եմ՝ շատ դեպքերում դրան էլ կհավատան:

Ես խնդիր չունեմ մարդկանց հավատի հետ: Հավատն ու գիտությունը կոնֆլիկտ չունեն, քանի դեռ մարդիկ չեն փորձում հավատը մտցնել գիտության ոլորտ, չեն փորձում գիտական երևույթների մասին դատողություններ անել՝ հավատի հիման վրա: Ես մարդկանց հավատի հետ խնդիր չունեմ, ես խնդիր ունեմ մարտնչող տգիտության հետ: Իսկ այս պատմությունը հենց մարտնչող տգիտության ծնունդ է, ոչ թե հավատի:

Ու միայն մարտնչող տգետները կարող էին նման հիմար պատմության հիման վրա մի ամբողջ ֆիլմ նկարահանել (Հարոլդ Կրոնկ, God is not dead, 2014)։

Իսկ այ սա հավատի ծնունդ է.

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։