Չակ Պալանիկ, «Lullaby»


Եզրակացություն. ԲԱՑԱՍԱԿԱՆ:

Պալանիկի «Lullaby» («Օրորոցային») գիրքը բավականին խոստումնալից է սկսում. կա օրորոցային, որ հին ժամանակ երգում էին մահացու հիվանդ կամ վիրավորված մարդկանց համար, որպեսզի իրենք խաղաղ մահանան: Ու օրորոցայինը գրքի կոնտեքստում չբացատրվող մոգական ուժ ունի սպանել մարդկանց:

Ու գիրքը կարող էր լավ թրիլլեր լինել: Բայց Պալանիկը փորձում է սոցիալական քննադատությամբ զբաղվել: «Ի՞նչ կլինի, եթե մարդկանց ձեռքում հայտնվի ուրիշ մարդկանց անպատիժ սպանելու գործիք»:

Ու ափսոս, որ նույն հարցը տվել է Ալբերտ Քամյուն՝ իր «Պաշարման դրություն» գրքում, ու կոմցեպտի վրա շատ ավելի հասնուն ու ամբողջական պատմություն է կառուցել, քան Պալանիկը:

Չակ Պալանիկի գրքերը ևս մի բացասական գիծ ունեն՝ հեղինակը չափազանց ներկա է գրքերի մեջ, ու զգացողություն է առաջանում, որ հեղինակն ամեն ինչ ատում է: Այն աստիճանի, որ ուզում ես իրեն ասել՝ շունչ քաշիր, հանգստացիր, նոր շարունակիր գրել:

Գիրքը հագեցած է տոնալ առումով իրար չհամապատասխանող հատվածներով: Մի պահ այն էժանագին սենտիմենտալիզմ է օգտագործում, հետո սեռական ակտի անատոմիական մանրամասներ նկարագրում, ու ամենավատը՝ Պալանիկն իր ընթերցողին չի հարգում: Որտեղ պետք է ընթերցողին հիշեցնել ինչ-որ բան, որ տեղի է ունեցել ավելի վաղ, Պալանիկն ամբողջ պարագրաֆներ է copy-paste անում:

Պալանիկը, փաստորեն, հատկապես ատում է Ջորջ Օրվելի «1984»-ը, ու փոխանակ իր գրքում վերլուծի Օրվելի գաղափարներն ու անտիթեզիս ներկայացնի, ինքը պարզապես պնդում է, թե Օրվելը սխալ էր, ու անցնում առաջ:

Պալանիկը նաև մաքսիմալ խուսափում է օրորոցայինի բուն տեքստը ցույց տալուց, որովհետև Պալանիկի գրական ունակությունների դեպքում տեքստը պակաաս տպավորիչ կլիներ, քան ներկայացվում է: Բայց Պալանիկը փորձում է դա արդարացնել նրանով, թե օրորոցայինն իսկական է, ու եթե ինքը մեզ ցույց տա այդ տեքստը, մենք կսկսենք իրեն կիրառել մեր իրական աշխարհում:

Պալանիկը երբեմն լավ գաղափարներ է ունենում, գրքի առանձին հատվածներ վատը չեն: Բայց, ամբողջական վերցրած, Պալանիկը չի հարգում իր աշխարհը, իր ընթերցողին, իր մատերիալը, ու ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մարդ պիտի իր ժամանակը վատնի նման գրքի վրա: Բացի մի դեպքից, երբ դուք ոչ թե լավ գիրք եք ուզում կարդալ, այլ հենց Չակ Պալանիկի գիրք:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։