(Հավանաբար) ամենակարևոր գրառումը, որ դուք կկարդաք քաշ կորցնելու մասին

Եթե դուք կարդում եք այս գրառումը, հնարավոր է, որ անհանգստանում եք ձեր քաշի մասին։

Ինտերնետը հեղեղված է քաշի կորստի միջոցների գովազդներով, լիքը կազմակերպություններ գիշատիչ մեթոդներ են օգտագործում, որ թիրախավորեն ձեր սեփական մարմնի մասին ընկալումներն ու ձեզ ինչ֊որ բան վաճառեն։

Ես, բարեբախաբար, ձեզ ոչինչ չեմ պատրաստվում վաճառել, ընդամենը ուզում եմ ձեզ մի քիչ zero bullshit ինֆորմացիա տալ մարդու քաշի ու քաշ կորցնելու մասին։

Սկզբի համար, եկեք հիշենք, որ մարդկային մարմինները գալիս են տարբեր չափսերով ու ձևերով։ Տարբեր մարդկանց տարբեր քաշերի ու ձևերի մարմիններ են դուրս գալիս։ Այսպես կոչված «մոդելային կազմվածքը» բնավ միակ ճիշտ ու գեղեցիկ տարբերակը չի։

Նիհարելու անառողջ պահանջն ինքը կարող է հոգեկան առողջության ու սնվելու խանգարման խնդիրների բերել, օրինակ՝ անորեքսիա, բուլիմիա և այլն։

Մյուս կողմից, ճարպակալումը «մարմնի ձև» չի։ Այն առողջական խնդիր է։ Խնդիր, որն ազդելու է ձեր կյանքի ակնկալվող տևողության ու որակի վրա։ Ստեղծելու է շաքարային դիաբետի, սրտանոթային, հենաշարժական համակարգի և այլ խնդիրների բարձր ռիսկ։

Արդյոք դուք ունեք ճարպակալում, թե ոչ՝ խորհուրդ կտամ խոսել բժշկի հետ։ Իհարկե, կա BMI (body mass index) չափանիշ, որը հնարավորություն է տալիս պատկերացնել, արդյոք ձեր քաշը ձեր հասակի ու տարիքի համեմատ առողջ միջակայքում է, բայց, քանի որ մարդու օրգանիզմը կարող է խիստ անհատական առանձնահատկություններ ունենալ, իրական պատկերն ունենալու համար ավելի ճիշտ է բժշկի կարծիք լսել։

Իսկ հիմա՝ քաշ կորցնելու մասին։

Ֆիզիկայի մի ոլորտ կա, որ կոչվում է թերմոդինամիկա։ Թերմոդինամիկայի առաջին օրենքը նկարագրում է էներգիայի պահպանման սկզբունքը՝ հարմարեցված թերմոդինամիկ պրոցեսներին։

Ավելի պարզ ու հասկանալի տեսքով եթե ներկայացնեմ այն՝ էներգիան չի կարող առաջանալ ոչ մի տեղից, էներգիան չի կարող ոչնչանալ։ Դուք չեք կարող քաշ հավաքել, եթե չսնվեք։ Դուք չեք կարող քաշ կորցնել, եթե էներգիան չսպառեք։

Պատկերացրեք՝ դուք սննդից յուրացնում եք X կալորիա, ծախսում՝ Y կալորիա։

Եթե X-ը Y-ից շատ է, ապա ավելցուկը վերածվում է ճարպի։

Եթե Y-ը X-ից շատ է, ապա օրգանիզմն Y-X կալորիայի ճարպ է կորցնում, իսկ ճարպի վերջանալուց հետո անցնում է մնացած հյուսվածքներին։

Մարդու ճարպը մոտ 7.7 կիլոկալորիա էներգիա է պարունակում ամեն գրամի համար, այսինքն՝ մեկ կիլոգրամ քաշ կորցնելու համար ձեզ պետք է կոնկրետ ժամանակահատվածում ունենալ 7700 կիլոկալորիա դեֆիցիտ (Y-X տարբերություն)։

Ուրիշ գաղտնիք չկա։ Քաշ կորցնելու միակ եղանակն այն է, որ դուք ավելի շատ էներգիա ծախսեք, քան ստանում եք։

Որպեսզի իմանաք, թե իրականում ինչքան կալորիա եք յուրացնում ու ինչքան վառում, ընդամենը պետք է չափել ձեր սննդի կալորիաները, ձեր արած վարժություններն ու «հանգստի վիճակում» վառած կալորիաները, ու հաճախ կշռվել, գրանցել քաշի փոփոխությունը։

Մնացած շամանական պարերը մեծ մասամբ պլացեբո են։

Քաշ կորցնելուց շատ կարևոր է հաշվի առնել մի քանի բան.

  • Կա կոնկրետ ժամանակահատվածում կորցրած քաշի անվտանգ քանակ։ Սովորաբար այն չպետք է գերազանցի շաբաթական մեկ կիլոգրամը, բայց, նորից, քանի որ մարդկանց օրգանիզմներն իրարից տարբերվում են, նույնիսկ շաբաթական մեկ կիլոգրամը կարող է վտանգավոր լինել, քանի որ քաշ կորցնելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է դնում մարդու օրգանիզմի վրա։
  • Նույնիսկ լավագույն դիետան չի օգնի, եթե դուք իրեն չհետևեք։ Քաշ կորցնելը դժվար պրոցես է, ու կոմպլեքս մոտեցում է պահանջում։ Ճիշտ սննդակարգ։ Ռեժիմով սնվել։ Սնվելու սովորություններ փոխել։ Ֆիզիկական վարժություններ։ Սեփական մարմնի նկատմամբ ավելի գիտակից, դրական վերաբերմունք։ Ձեր մերձավորների աջակցությունն ու լիքը մոտիվացիա։
  • Ձեր նպատակը պիտի լինի կալորիաները կարգավորելը, բայց դուք պետք է լիարժեք, առողջ սնունդ ստանաք։ Սննդի մեջ կան դատարկ կալորիաներ։ Ու կան նյութեր, որոնք ձեզ պետք են։ Վիտամիններ, միկրոէլեմենտներ, էլեկտրոլիտներ և այլն։ Եթե դուք դիետա եք պահում, բայց չեք ստանում այդ կարևոր նյութերը, կարող եք առողջական լուրջ խնդիրներ ունենալ։

Ճարպակալման ծայրահեղ աստիճանների դեպքում երբեմն վիրահատական միջամտություն է պահանջվում՝ օրինակ, ստամոքսի մի մասը հեռացվում է, որ մարդու օրգանիզմը հարմարվի քիչ ուտելուն։

Եթե դուք չեք կարողանում քաշ կորցնել, ուրեմն կամ դիետան է սխալ հաշվարկված ու ճշգրտումների կարիք ունի, կամ դուք դիետային չեք հետևում։ Նորից՝ թերմոդինամիկային խաբել չես կարող։

Ու նորից կրկնեմ. ճարպակալումը հիվանդություն է։ Վտանգավոր հիվանդություն։ Որը բուժման կարիք ունի։ Ու լավ կլինի, որ այդ բուժումն իրականացվի բժշկի վերահսկողության տակ։

Նիհարելու միջոցները, որոնք նշանակում են ոչ բժշկական աղբյուրները, կարող են վտանգավոր լինել։

Լավագույն դեպքում իրենք ընդամենը պլացեբո են, որը կարող է ձեզ լրացուցիչ մոտիվացիա տալ՝ հետևել դիետային։ Արդյո՞ք դուք պատրաստ եք վճարել պլացեբոյի համար։

Որոշ հոռի դեպքերում «բուժումը» լուծողականներ են, փսխում առաջացնող նյութեր կամ երիզորդի/այլ պարազիտների ձվեր։ Իրենք կարող են օգնելու փոխարեն ստեղծել այլ առողջական խնդիրներ։ Հաճախ՝ ավելի վատ, քան ճարպակալումն է։

Առողջ եղեք։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։