Սերը հաղթել է


Ի՞նչ գիտենք մենք Էմի Կարլսոնի կյանքի ու մահվան մասին։ Քիչ բաներ։

Էմիի ընտանիքը պատմում է, որ ինքը դպրոցում գերազանց էր սովորում։ Երեսուն տարեկանում նա երրորդ անգամ էր ամուսնացած, երեխաներ ուներ, աշխատում էր Մակդոնալդսում։ Հետաքրքրվում էր տիեզերանավերով ու նյու֊էյջ փիլիսոփայությամբ։

Ենթադրում եմ, որ նա իր կյանքը մի քիչ ուրիշ էր պատկերացնում փոքր ժամանակ՝ դժվար թե երազեր երկու անհաջող ամուսնության, ընտանիքի ու փակուղային աշխատանքի մասին։

2006 թվականին Էմի Կարլսոնը թողեց ամուսնուն, երեխաներին, աշխատանքը, խզեց կապերն ընտանիքի հետ։ Մենք չգիտենք, արդյոք նա հիմնադրել է «Սերը հաղթել է» խումբը, թե անդամակցել արդեն գոյություն ունեցող խմբի ու դարձել իր ղեկավարը։

Ցանկացած դեպքում, «Սերը հաղթել է» խմբում նա Մայր Աստված էր՝ 19 միլիարդ տարեկան էակ, որը ստեղծել էր բոլոր կենդանի արարածներին ու վերածնվել 534 անգամ։ Նա Հիսուսն էր, Կլեոպատրան, Ժաննա Դ'Արկը, Մերիլին Մոնրոն, Լեմուրիա կորած մայրցամաքի թագուհին։ Էմի Կարլսոնը պնդում էր, որ իր հայրը Դոնալդ Տրամպն է, որ ինքը խոսել է հրեշտակապետ Զադկիելի՝ Ռոբին Ուիլիամսի հոգու հետ։ Իր ճակատագիրն էր՝ 144,000 ընտրյալների առաջնորդել «5֊րդ չափողականություն»։

«Սերը հաղթել է» խումբը գրեթե ամեն օր Յություբով լայվեր էր անում, փորձում մարդկանց վիտամիններ ու «հրաշք դեղեր» վաճառել, նվիրատվություններ ստանալ, նոր անդամներ հավաքագրել։

2020 թվականի օգոստոսին «Սերը հաղթել է» խումբը տեղափոխվեց Հավայան Կաուաի կղզի, որտեղ Էմին հայտարարեց, որ ինքը պոլինեզիական Պելե աստվածուհին է։ Տեղի բնակիչներին դա այնքան դուր չեկավ, որ իրենց վրա ձվեր ու քարեր շպրտեցին, իրավիճակն այնքան թշնամական դարձավ, որ խումբը ստիպված էր վերադառնալ ԱՄՆ Կոլորադո նահանգ։

Նման խմբերը սովորաբար անմասն չեն մնում կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ կեղծ ինֆորմացիա տարածելուց, ու «Սերը հաղթել է» խումբը բացառություն չէր։ Իրենք մարդկանց կոչ էին անում կոլոիդալ արծաթ օգտագործել՝ որպես կովիդի դեղ։ Կոչն անում էին վստահ, ինտերնետով, միգուցե դուք տեսել եք այդ կոչերից մեկը, կամ լսել իր արձագանքը։

2021 թ. ապրիլի 28֊ին տրեյլերային պարկում, որտեղ խումբը բնակվում էր, ոստիկանությունը հայտնաբերեց Էմի Կարլսոնի մարմինը։ Նա քնապարկի մեջ էր, փաթաթված տոնածառի լույսերով, դեմքին փայլերով դիմափոշի էր լցրած, աչքերը հեռացված էին։ Դատելով դիակի քայքայման աստիճանից, նա մի քանի շաբաթ մահացած էր եղել, մինչև իրեն հայտնաբերել էին։ Նախնական տվյալներով, Էմի Կարլսոնը մահացել էր կամ վատառողջ լինելու ու բժշկական օգնություն չստանալու, կամ կոլոիդալ արծաթի մեծ քանակություն խմելու հետևանքով։

 «Սերը հաղթել է» խմբի անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարեցին, որ Էմի Կարլսոնը չի մահացել, այլ մարմնական կյանքից անցել է գոյության ավելի բարձր մակարդակի։ Դրանից քիչ հետո խմբի թե՛ ֆեյսբուքյան էջը, թե՛ ինտերնետային կայքը դադարեցին գործել։

Vice-ը կարճ վավերագրություն ունի «Սերը հաղթել է» խմբի մասին։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։