Կիթառային օրագիր, մաս 1. ընթացիկ ու հաջորդ պրոյեկտները

Ընթացիկ պրոյեկտը

Ընթացիկ պրոյեկտը, որի վրա աշխատում եմ, քրոջս Epiphone Les Paul Studio LT-ն է։

Epiphone Les Paul Studio LT
Առանց մոդիֆիկացիաների

Ինչպես բոլոր բյուջետային կիթառները, ինքն էլ խնդիրներ ուներ գնելու պահին։ Խնդիրներ, որոնք քրոջս չէին անհանգստացնում, երբ ինքը նոր էր սովորում կիթառ նվագել, բայց հետո, իր նվագելու ունակությունների աճին զուգահեռ, սկսեցին ավելի ակնհայտ դառնալ։

Չնայած խնդիրներին, կիթառի «ոսկորները», ասել է թե փայտից մասերը, հիանալի են, ու կիթառը շատ լավ է ափգրեյդներ ընդունում։ Սա կիթառ է, որը կարող է աճել ձեզ հետ միասին, սկսնակի կիթառից ժամանակի հետ դառնալ պրոֆեսիոնալ գործիք, պատրաստ թե՛ ստուդիայում, թե՛ համերգներին ձեզ ծառայելու։

Nut

Nut-ը կիթառի մաս է, վզի վրա, գլխի մոտ, որի վրա հենվում են լարերը։ Լավ nut-ը կարևոր է թե՛ բաց լարերի հնչողության, թե՛ կիթառի լարվածքը պահելու համար։

Քրոջս կիթառի nut-ը, ինչպես հաճախ է լինում բյուջետային կիթառների դեպքում, ակրիլային պլաստիկից էր։ Այն հնչում էր խուլ, նոտաներն ավելի լղոզված էին հնչում ու իրարից լավ չէին տարանջատվում։ Բացի դրանից, nut-ը չափազանց մակերեսային էր կտրված, բարակ E-ն հաճախ միջից դուրս էր սահում նվագելիս։

Հին nut-ը այժմ փոխարինված է իսկական գոմեշի ոսկորից nut-ով, ինչը բավականին դրական ազդեցություն է ունեցել թե՛ կիթառի հնչողության, թե՛ նվագելիության վրա։

Tuning machines

Թյուներները կիթառի գլխի վրայի պտուտակներն են, որոնց միջոցով լարում եք կիթառը։ Սովորաբար լարելու ամբողջ սարքավորումը միասին անվանում են machine head։ Epiphone Les Paul Studio-ի վրա էժան, քրոմապատ թյուներներ էին, ոչ լավ որակի, շարժվում էին, կիթառն էլ արագ լարից ընկնում էր։

Հիմա կիթառի վրա Grover Vintage Deluxe թյուներներ են, նիկելապատ, բակելիտե բռնիչներով, որոնք գործնականում իդեալական են իրենց աշխատանքն անում ու կիթառին ավելի դասական տեսք են տալիս։

Guts

Հիմա անդրադառնանք կիթառի «աղիքներին» (էլեկտրոնիկային)։ Էլեկտրոկիթառներն էլեկտրոնիկայի տեսանկյունից շատ պարզ սարքեր են, անհամեմատ ավելի պարզ, քան էֆեկտների պեդալները, որոնք ես երբեմն կառուցում եմ։ Բայց նույնիսկ այդ պարզ էլեկտրոնիկան կարող է կիթառի ձայնի ու ճկունության վրա շատ մեծ ազդեցություն ունենալ։

Epiphone Les Paul Studio LT-ի մեջ չորս փոքր չինական պոտենցիոմետր էր, անհասկանալի կանաչ .022uf կոնդենսատորներ։ Կիթառի wiring-ը Գիբսոնի ժամանակակից ձևով էր արված, բայց բավականին փնթի, բարակ, էժան լարերի լաբիրինթոսով։

Կիթառի ժամանակակից ու 50-ականների wiring-ի տարբերությունը տոնային կոնդենսատորների միացման ձևն է։ Որ պարզ բացատրեմ, կիթառի վրա «ֆռիկներ» կան, մեր դեպքում իրենք չորս հատ են։ Ամեն զույքը մի փիքապի տված ձայնն է կառավարում։ Ձեզ նվագելիս ավելի մոտ «ֆռիկները» (volume) կարգավորում են ձայնի ուժգնությունը։ Մյուս երկուսը (tone) հնարավորություն են տալիս «խեղդել» բարձր հաճախականությունները, ավելի «տաք» ձայն ստանալ միանգամից կիթառի վրայից։

50-ականների wiring-ի դեպքում կիթառի ձայնը բարձրացնելիս կամ իջեցնելիս ձայնի որակը չի փոխվում, բարձր հաճախականություններ չեք կորցնում։ Բայց տոնը փոխելիս փոխվում է ձայնի ուժգնությունը։

Ժամանակակից wiring-ի դեպքում կիթառի ձայնն իջեցնելիս ձայնն ավելի «մութ» է դառնում, բարձր հաճախականություններ է կորցնում, բայց տոնը փոխելիս ձայնի ուժգնությունը մնում է նույնը։

Երկուսն էլ իրենց կիրառությունն ունեն, բայց դասական ոճի էլեկտրական կիթառների վրա ես նախընտրում եմ 50-ականների wiring-ը, քանի որ այն կիթառն ավելի ճկուն ու կոնսիստենտ է դարձնում, իմ կարծիքով։ Ցանկացած դեպքում, wiring-ի երկու տեսակների միջև ընտրությունն ավելի շատ կախված է նրանից, թե ինչպես ու ինչ եք նվագելու ձեր կիթառով։

Հիմա կիթառի ներսի wiring-ն արված է մետաղե հողանցմամբ, կտորից իզոլյացիայով հաստ, դասական լարերով, ինչպես 50-ականների կիթառներում, շատ մաքուր, կայուն զոդման կետերով, ամեն ինչ հողանցված է։ Օգտագործված են ավելի ժամանակակից, բայց լավ հնչող ու խելամիտ գնի Orange Drop .022uf մեծ պոլիէսթերային տոնայաին կոնդենսատորներ, պոտենցիոմետրերը փոխարինված են լիարժեք մեծության Alpha Pot-երով։

Pickups

Էլեկտրական կիթառի ձայնի ամենակարևոր տարրն իր փիքափներն են։ Մետաղական լարը տատանվում է փիքափի ստեղծած մագնիսական դաշտում, ինչն առաջացնում է փիքափի մեջ էլեկտրական հոսանքի տատանումներ։ Այդ տատանումներն անցնում են կիթառի «աղիքներով», լարով հասնում ուժեղացուցիչին, ուժեղացուցիչն իրենց ուժեղացնում է, ու մենք իրենց լսում ենք ձայնի տեսքով։ Կարելի է ասել, որ փիքափները կիթառի միկրոֆոններն են։

Epiphone Les Paul Studio LT-ն գործարանից դուրս է գալիս Epiphone 700t/650r Zebra Coil կերամիկական մագնիսներով փիքափներով։ Արդարության համար պետք է ընդունել, որ այս փիքափներն ակտիվորեն վատը չեն, իրենք սկսնակ կիթառահարին լրիվ նորմալ կծառայեն, ու նույնիսկ ավելի բարձր մակարդակի վրա կիրառելի են, եթե ավելի ծանր երաժշտություն եք նվագում, մետալ, օրինակ։

Քանի որ քրոջս նախընտրած նվագելու ժանրերն ավելի մոտ են բլյուզին, իրեն պետք էր ավելի լավ մաքուր ու ցածր գեյնով ձայն, ու փիքափները պետք էր փոխել։

Դասական էլեկտրոկիթառների փիքափների մեջ լեգենդար են Gibson-ի օրիգինալ PAF-երը (առաջին humbucker-ները, որոնց հետևում գրված էր Patent Applied For), որոնք 1956 թվականին Գիբսոնի համար նախագծել է էլեկտրոնային ինժեներ Սեթ Լովերը։

Մեր օրերում 56-75  թվականներին արտադրված օրիգինալ PAF գնելը չարդարացված թանկ կնստեր, բայց Սեթ Լովերը 1994 թվականին համագործակցել է Սիմոր Դանկանի հետ, ստեղծելով Seymour Duncan SH-55 Seth Lover փիքափները, որոնք ամեն առումով համարժեք են 1956 թվականին արտադրված լրիվ նոր համբաքերի։ Հենց Seymour Duncan SH-55 Seth Lover փիքափներ էլ որոշեցինք տեղադրել Epiphone Les Paul-ի վրա։

Այլ փոփոխություններ ու ապագայի պլաններ

Epiphone Les Paul Studio LT
Մոդիֆիկացիաներով
Բացի վերևում նշվածներից, կիթառի վրա այլ մոդիֆիկացիաներ էլ են արվել։

Սկզբի համար, կիթառը լիարժեք սեթափ է արվել, իջեցվել են action-ը (լարերի բարձրությունը գրիֆի նկատմամբ), neck relief-ը (վզի կորությունը), ինտոնացիան։

Բայց սեթափն ավելի զգալի դարձրեց, որ կիթառի լադերն անհարթ են։ Դրա պատճառով որոշ նոտաներ նվագելիս լարերը «բզզում» էին (լարերի «բզզալու» տարբեր պատճառներ կարող են լինել, հետո ավելի ծավալուն կգրեմ դրա մասին)։ Լարերի «բզզոցը» վերացնելու համար ես նախնական հարթեցրի ու փայլեցրի կիթառի լադերը։ Արդյունքը տպավորիչ է, բայց վերջնական պրոֆեսիոնալ արդյունքի համար ինձ պետքական գործիքները երկու շաբաթից նոր մոտս կլինեն։

Կիթառի սև/արծաթագույն witch hat «ֆռիկները» թույլ էին, «խաղում» էին, իրենք փոխարինվել են նոր speed knob-երով, ավելացվել է pickguard, որ կիթառը նվագելիս մեդիատորով չխազվի, մի քանի ուրիշ, հիմնականում կոսմետիկ փոփոխություններ։

Ապագայում ամենայն հավանականությամբ չինական սվիչը (վերևի) կփոխարինվի իսկական Switchcraft-ով։ Բացի դրանից, օրիգինալ քրոմապատ բրիջը մի քիչ անկայուն է, ծանր ու չի աշխատում կիթառի նոր նիկելապատ էսթետիկայի հետ։ Հավանաբար կփոխարինվի Tonepros nickel-plated Tune-O-Matic-ով, որպես վերջին շտրիխ։

Հաջորդ պրոյեկտը

Epiphone Dot Studio
Առանց մոդիֆիկացիաների
Եթե ամեն ինչ լավ գնա, իմ հաջորդ պրոյեկտը կլինի արդեն իմ սեփական Epiphone Dot Studio կիթառի մոդիֆիկացիան։

Այն գրեթե նույն խնդիրներն ունի, ինչ քրոջս Les Paul-ը, բայց ավելի փոքր չափերով։

Ինքն արդեն որոշ մոդիֆիկացիաներ ստացել է. սեթափ, լադերը հարթացվել ու փայլեցվել են (բայց դեռ պիտի «սրվեն», դրա գործիքը մի երկու շաբաթից, ինչպես նշեցի, մոտս կլինի)։ Nut-ը սինթետիկ ոսկորից էր, ոչ այնքան վատը, ինչքան ակրիլիկ պլաստիկիցը, բայց վնասված էր, փոխարինվել է իսկական գոմեշի ոսկորով։

Semi-hollowbody կիթառների էլեկտրոնիկան փոխելն ավելի բարդ է, քան solidbody-ներինը, ու ինձ ավելի մեծ գլխացավանք կպատճառի, բայց ես սիրում եմ մարտահրավերներ ու վստահ եմ, որ կկարողանամ անել։ Կոնդենսատորն ու լարերը պիտի փոխվեն, որպեսզի կիթառը պակաս աղմկոտ լինի, հատկապես հաջորդ մոդիֆիկացիայի համար, ու իսկական Emerson paper in oil .22uf տոնային կոնդենսատոր կտեղադրեմ վրան։

Թյուներները նույն էժան, ոչ ստաբիլ տարբերակներն են, ինչ Les Paul-ի վրա, պարզապես սև։ Իրենք նույնպես պետք է փոխարինվեն, հավանաբար Grover Rotomatic Locking Tuner-ներով։ Բրիջը նույնպես կփոխարինվի նիկելապատ Tonepros Tune-O-Matic-ով։

Epiphone Alnico Classic/Alnico Classic Plus համբաքերներն ավելի լավ ձայն են տալիս, քան 650r/700t կոմպլեկտը ու գալիս են միջին ու բարձր դասի Epiphone-ների վրա։ Բայց քանի որ ես արդեն ունեմ համբաքերներով երկրորդ կիթառ (Epiphone SG G310), ու նախընտրում եմ, որ կիթառների ձայների միջև բավականաչափ տարբերություն լինի, որ արդարացնի մի քանի կիթառ ունենալը, Dot Studio-ն կանցնի P90-ների։ Խնդիրն այն է, որ P90-ները լրիվ ուրիշ չափս ու ձև ունեն, իսկ ես չեմ սիրում փոփոխել նման նուրբ գործիքի փայտը։ Դրա համար էլ համբաքերի չափսի P90-ներ կտեղադրեմ։ Այդ առումով ընտրությունս կանգ է առել Seymour Duncan Phat Cat-երի վրա.

P90-ները շատ թերագնահատված փիքափներ են, իրենք կարող են ջազային կլոր, քաղցր ձայնից մինչև ագրեսիվ հարդ ռոքային ձայներ ստանալ։ Բայց իրենք նաև աղմկոտ են, պետք է իմանալ, թե իրենց ինչպես տեղադրել, ինչպես wire անել, ինչպես իզոլացնել արտաքին ազդանշաններից։

Իսկ Epiphone SG-ի վրա, որպես հակակշիռ P90-ներին, հավանաբար կտեղադրվեն Seymour Duncan Pearly Gates PAF-եր։ Իրենք նման են SH-55 Seth Lover-ներին, բայց ավելի ժամանակակից, «կրակով» ձայն ունեն, նախագծված են ZZ Top-ի Բիլլի Գիբբոնսի կիթառի փիքափների հիման վրա.

Լրացուցիչ նշումներ

Դե, կարծում եմ, մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ կետում են իմ կիթառային պրոյեկտներն այս օրվա դրությամբ, ու որտեղ ենք շարժվելու այս կետից։ Շնորհակալ եմ երկարատեքստը կարդալու համար։

Եթե արդեն ունեք բյուջետային էլեկտրոկիթառ ու մտածում եք, թե ինչպես լուծեք իր խնդիրները կամ այն ավելի լավը դարձնեք, օգնության կամ խորհրդի կարիք ունեք, կարող եք ինձ հետ կապվել Facebook-ում կամ Telegram-ում։

Հաջորդ գրառման մեջ մանրամասն կպատմեմ, թե ինչպես ընտրել էլեկտրական կիթառ։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։