Այս փորձաքննության կամավորը մահացավ

Հենց այս փորձաքննության կամավորը
Ինտերնետում «սրամիտ պատմություններն» իրենց կյանքի ցիկլն ունեն։

Երբեմն իրենք Ալբերտ Էյնշտեյն անունով ուսանողի մասին են, երբեմն Ջոն Լենոնի, կամ ուրիշ հայտնի անունով մարդու։

Իրենք հաճախ անդրադառնում են ինչ֊որ արդիական թեմայի։ Հետո մեռնում, երբ թեման կորցնում է իր արդիականությունը։

Բայց հետո հայտնվում է «սրամիտ պատմության» նեկրոմանտ, փոփոխում պատմությանը, կցում նոր ակտուալ թեմայի, վերակենդանացնում ու ուղարկում մեռած պատմության զոմբին ինտերնետներով թափառելու։

Պատմությունները կարող են իրենց կյանքը սկսել ԱՄՆ֊ում, որտեղ կկատարվեն գործողությունները, հետո թարգմանվել հնդկերեն, գործողությունների վայրն էլ կտեղափոխվի Հնդկաստան, հետո կանցնեն Իսպանիա, Հնդկաստան։ Ու ինչ֊որ հայ «ինֆլյուենսեր» կտեսնի պատմությունն անգլալեզու կամ ռուսալեզու էջերում, կթարգմանի ու կտարածի որպես իր սեփական տեքստ։

Օրինակ, այ այս պատմությունը, աջում իմ մեկնաբանություններով։

Պատմության տեքստը Իմ մեկնաբանությունը
Այս փորձաքննության կամավորը մահացավ։ Ռացիոնալ ընթերցողն արդեն ինքն իրեն պիտի հարց տա. ի՞նչ փորձաքննություն։ Որտե՞ղ է իրականացվել։ Ո՞ր գիտական կառույցը։ Որտե՞ղ են հրապարակվել արդյունքները։

Նա ինքնակամ էր համաձայնվել, ոչ թե ստիպված, այլ ուրախությամբ։ Համաձայնվեց, քանզի նա դատապարտյալ էր, որին էլեկտրական աթոռ էր սպասվում։

Կամավորին բացատրեցին, որ գիտափորձի նպատակն է՝ սրտի բաբախյունը հասցնել րոպեում նվազագույն քանակի, մինչև արյան վերջին կաթիլը կհոսի նրանից: Ու նա ապրելու գրեթե շանս չի ունենա, սակայն նրա մահը հաստատ կանցնի առանց տառապանքի և ցավի: Դատապարտյալը համաձայնվեց, քանի որ ավելի լավ էր այդպես մեռնել, քան էլեկտրական աթոռին:

Ինձ հայտնի չի ոչ մի իրավական կարգավորում, որը թույլ տա մահապատիժը փոխարինել գիտափորձերով։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք իրավական կարգավորումները, ի՞նչ գիտափորձեր կարելի է իրականացնել մահվան դատապարտված մարդկանց հետ։ Փորձնական բուժմա՞ն։ Հավանականությունը, որ մահվան դատապարտված մարդը կունենա կոնկրետ առողջական խնդիր, որի էքսպերիմենտալ բուժումը պետք է փորձարկել, չնչին է, բժշկությունը չի կարող հույսը դնել նման չնչին հավանականության վրա։ Հոգեբանակա՞ն։ Ի՞նչ կարող է ծանր, ռեաբիլիտացիայի ոչ ենթակա հանցագործի վրա իրականացված հոգեբանական փորձն ասել սովորական մարդկանց հոգեբանության մասին։ Ոչ մի բան, որ գիտական արժեք կունենա։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք, որ նման գիտափորձը խոշտանգում կլիներ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում (1948 թ. ռատիֆիկացված, բայց խոշտանգման դեմ երկրի մասշտաբով կարգավորումներ մինչ այդ էլ կային), էթիկ առումով անընդունելի կլիներ, աղմուկ կբարձրացներ, իր մասին կգրեին ամբողջ աշխարհով մեկ։ Մյուս կողմից, դանդաղ արյունահոսությունից մեռնելը մի քիչ ավելի բարդ պրոցես է։

Նրա մարմինը կապեցին պատգարակին, որից հետո բժիշկը դաստակի մեջ փոքր կտրվածք արեց և թևի տակ դրեց ալյումինե տարա, որտեղ կլցվեր արյունը կաթ-կաթ։

Կտրվածքը հարթ էր, և թեթև բացել էր միայն մաշկի առաջին շերտը, բայց դատապարտյալն այս մասին չգիտեր, այլ հավատում էր, որ երակները կտրված են ամբողջովին, որոնցից հոսելու էր իր արյունն ամբողջությամբ: Պատգարակի տակ դրված սարքի միջոցով դատապարտյալը կարող էր լսել արյան կաթիլների ձայնը և հաշվել իրենից հոսող յուրաքանչյուր կաթիլ: Դատապարտյալն այս ամենը չէր տեսնում, այլ միայն ԼՍՈՒՄ ԷՐ։

Գիտնականը սարքի օգնությամբ, միտումնավոր դանդաղացրեց հոսող արյան կաթիլները՝ հավատացնելով դատապարտյալին, որ արյունը գնալով պակասում է ավելի ու ավելի: Մի քանի րոպեից դատապարտյալի դեմքը գունատվեց, և նրա սրտի բաբախյունը արագացավ: Երբ հուսահատությունը հասավ գագաթնակետին, գիտնականն ամբողջովին փակեց փականը։ Դատապարտյալը լսելով այս՝ սիրտն իսկույն կանգառավ և մահացավ:

Եթե վերևի հղումը կարդում էիք, հայտնի բժշկական փաստ է, որ մարդը կմահանա, եթե կորցնի իր արյան ծավալի մոտ կեսը, հեմորրագիկ շոկից, մինչև մարդու ամբողջ արյունը կհոսի միջից։ Բայց ենթադրենք, որ ենթադրյալ «գիտափորձի» զոհը չգիտեր դրա մասին։ Չնայած մարդու սրտի աշխատանքը կապված է նրա հոգեվիճակի հետ, ինքնաներշնչանքը, վարժությունները, շնչառությունը կարող են արագացնել կամ դանդաղեցնել մարդու սրտի աշխատանքը, ես չկարողացա կլինիկական դեպք գտնել, որտեղ ինքնաներշնչանքից մարդու սիրտը կանգ առներ ու մարդը մահանար։
Գիտնականը կարողացավ ապացուցել, որ այն ամենն, ինչ ընկալում ենք՝ լինի դրական, թե բացասական, ազդում է մեզ վրա, մեր ամբողջ հոգեբանական և սոմատիկ ապարատի վրա: Երբ մարդկանց ասում են, որ նրանք ունեն մահացու վիրուս, 99% մարդիկ մահանում են միայն դրա վախից՝ օրգանիզմը հասցնելով մահվան ինքնակամ, միմիայն լսածի հիմքով:

Ու մենք հասնում ենք տեքստի ամենավտանգավոր հատվածին։ Եկեք չմոռանանք, որ ներկայումս մենք ապրում ենք կորոնավիրուսային պանդեմիայի կոնտեքստում։ Ու գրառումը պնդում է, որ մահացու վիրուսով վարակված մարդկանց 99%֊ը մահանում է միայն դրա վախից։ Նման գիտական փաստ չկա։ Նման վիճակագրություն չկա։ Այս թիվն ու իր հետ կապված պնդումը հորինվածք են։

Արդյո՞ք կարող է հիվանդության վախը բերել հիվանդության բացասական արդյունքի։ Այո, երբ Իրանում մարդիկ կորոնավիրուսային հիվանդության վախից իրենց երեխաներին մեթանոլ էին խմեցրել, ինչը թույն է։ Ես ինքս, երբ ինձ մոտ քաղցկեղ էի կասկածում, կես տարի վախեցել եմ թեստավորվել։ Եթե ես իրոք քաղցկեղ ունենայի, այդ կես տարին կարող էր վճռորոշ լինել դիագնոզի ու բուժման համար։

Ու ամենակարևոր կետը. տեքստում ներկայացված գիտափորձը երբևէ տեղի չի ունեցել։ Համենայն դեպս, ոչ մի ինձ գիտական աղբյուր չի գրել իր մասին, ոչ մի հետազոտություն չի հղվում այս գիտափորձին։

Լրատվամիջոցներով օր ու գիշեր կլանելով տեղեկատվությունը՝ մենք լի ենք վախերով և մեր իմունիտետը գնալով ավելի ու ավելի է թուլանում այդ վախից: Այսօր հայտնի է, որ վիրուսից մահանալու վտանգը իրականում փոքր է, բայց ձեր միտքն այլ բան է անում: Իրականում, բարդությունները կարող են լինել միայն այն դեպքում, երբ իմունային համակարգը շատ թույլ է: Ոչ մի վիրուս արդյունավետ չէ, եթե ձեր առողջությունը լավ է, և հիվանդությունից չեք վախենում:

Գուցե հենց այս պատճառո՞վ է, որ շատ երեխաներ գոյատևում են շատ լուրջ իրավիճակներում, քանի որ նրանց միտքը չգիտի մահվան վախը: Ուստի զգույշ եղեք նրանից, թե ինչ եք ԼՍՈՒՄ։

Ամենավտանգավոր սուտն այն է, որ կառուցված է կիսաճշմարտությունների վրա։ Այո, վախն ու պանիկան կարող են մարդկանց ստիպել, որ իրենք շարժվեն ոչ իրենց լավագույն շահերով։ Մարդիկ կարող են, պանիկայից դրդված, ինչ֊որ բաներ անել, որ իրենց վնասի։ Բայց պատմությունը դրա մասին չի խոսում։ Բայց նույն վարակիչ հիվանդությունները տարբեր տարիքային խմբերի վրա տարբեր կերպ են ազդում լրիվ ուրիշ պատճառներով։ Իրենք մարդու մարմնի տարբեր մասեր են ախտահարում, ու որոշ դեպքերում երեխաների դիմադրողականությունն ավելի բարձր է, բայց կարող է ավելի ցածր լինել։ Օրինակ, ինֆանտների մահացությունը կարմրուկից, դիֆթերիայից, կապույտ հազից։ Իսպանական գրիպի ժամանակ մահացությունն առավել բարձր էր ոչ թե բարձր տարիքի, այլ ավելի երիտասարդ մարդկանց մոտ։
ՀԱՎԱՏՔԸ ԳԱԼԻՍ Է ԼՍԵԼՈՒՑ։ ԻՆՉ ԼՍԵՔ, ԱՅՆ ԷԼ ԿՀԱՎԱՏԱՔ։ ԱՄԵՆ ԼՍԱԾԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ։ Ամեն լսածի իրոք պետք չի հավատալ։ Հատկապես նման տխմար, հորինված պատմություններին։

Պատմությանը կցված էր լուսանկարը, որ կարող եք տեսնել այս հոդվածի վերևում։ Լուսանկարում բանտարկյալին նստեցնում են աթոռի մեջ, կապում կաշե կապաններով։

Լուսանկարի աղբյուրը հեշտ էր գտնել։ Alamy Photos-ն ունի կոմերցիոն օգտագործման լիցենզիա տրամադրող տարբերակ, լուսանկարի մասին ինֆորմացիայով։ Այն հրապարակվել է 1900 թվականի կողմերը, բրիտանական «The Royal Magazine» ամսագրում։ Այն պատկերում է բանտարկյալի տեղադրելն էլեկտրական աթոռում Նյու Յորքի Սինգ Սինգ բանտում, ոչ թե երբևէ տեղի չունեցած գիտափորձ։

Բայց այս պատմությունն ունի ավելի վաղ տարբերակ։ 2019 թվականին India Today-ի փաստերի ստուգման բաժինը ստուգել ու հերքել է պատմության մեկ այլ տարբերակ, որտեղ բանտարկյալին ասում են, որ իրեն թագավորական կոբրա է կծելու։

Մի երրորդ տարբերակ էլ կա, որտեղ գործողությունները տեղի են ունենում 1930-ականների Հնդկաստանում, բանտարկյալի արյունն են բաց թողնում։ Երրորդ տարբերակն առանձնապես հետաքրքիր է, քանի որ այն նշում է պատմության աղբյուրը. «նոբելյան մրցանակակիր» Բերնարդ Լոունի «The Lost Art of Healing» գիրքը։

Հետաքրքրական է, որ Բերնարդ Լոունն ու իր գիրքը գոյություն ունեն։ Ավելին, դուք կարող եք գտնել այն ու կարդալ։ Ինչպես ես էի ստիպված անել։ Այնտեղ նման պատմություն չգտա։

Մյուս կողմից, Բերնարդ Լոունն, իհարկե, բազմաթիվ մրցանակներ է շահել, եղել է հայտնի բժիշկ ու սրտաբան, հայտնագործել է էլեկտրաշոկային դեֆիբրիլյատորը, ինքը երբեք չի եղել նոբելյան մրցանակակիր. Լոունը, խորհրդային բժիշկ Եվգենի Չազովի հետ միասին, եղել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» կազմակերպության համահիմնադիրը, ու կազմակերպությունը ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ 1985 թվականին։

Չարլզ Դարվինը մի անգամ ասել է. «Ես գիտեմ, որ տեսակների ծագման մասին իմ տեսությունը հավատացյալ մարդիկ սրերով կընդունեն, չհասկանալով, որ այսքան կատարյալ համակարգն իրականում աստծո անսահման իմաստության ամենամեծ ապացույցն է»։

«Հորս արև, նման բան չեմ ասել»։
֊ Չարլզ Դարվին

Ե՞րբ է ասել։ Ու՞մ։ Որտե՞ղ։ Կարճ ասած, չի ասել։ Ես հենց նոր սա հորինեցի։ Լիքը մարդիկ, ովքեր դիսկոմֆորտ են զգում նրանից, թե ինչպես է էվոլյուցիոն տեսությունը մարտահրավեր նետում իրենց հավատալիքներին, բայց գիտական փաստերի դեմ չեն ուզում պայքարել, կուզեին, որ ասած լիներ։

Ու եթե ես այս գրառումը դնեի նման մարդկանց խմբում, իրենցից շատերն ինձ չէին հարցնի։ Երբ է ասել։ Ում։ Որտեղ։ Ինչպես կարելի է ստուգել։ Մարդիկ հակված են ընդունել այն, ինչ իրենց համոզմունքները հաստատում է ու վերագրվում է ինչ֊որ հեղինակավոր անունով մարդու։

Տեսնու՞մ եք խոցելիությունը։

Մարդիկ չեն կարող անընդհատ կասկածել ամեն ինչին, ամեն ինչ ստուգել անընդհատ։ Բայց ի՞նչ ասել մարդու մասին, որ այդ խոցելիությունը շահագործում է։ Մարդկանց մի ամբողջ դասի մասին, որ այդ խոցելիությունը շահագործում է արտադրական մասշտաբներով։ Լայքերի, դիտումների, սոցիալական ստատուսի, ֆինանսական շահի, լիքը այլ նպատակներով։

Երբ մարդուն քառասուն տեղից քառասուն կեղծ ինֆորմացիա են տալիս, բաներ, որոնց ինքը կուզեր հավատալ, որոնք իրեն կպահեն իր կոմֆորտի զոնայում։

Եթե նույնիսկ հետո դրա վրա հիմնվելով մարդ որոշումներ կայացնի, որից տուժի ինքը, իր մերձավորները։

Նյութը տարածողը հետևանքների համար պատասխանատվություն չի վերցնելու։ Ինքն իրենը ստացել է։

Մենք, հավանաբար, երբեք չենք իմանա, թե ով, ինչ նպատակով է հորինել «փորձաքննությունից մահացած կամավորի» պատմությունը։ Որոշ նման պատմություններ գրվում են ուշադրություն գրավելու համար։ Որոշները չարամտորեն են գրվում։ Որոշները («Սիոնի ծերերի պրոտոկոլների» օրինակով) գրվում են հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի մարդկանց մոտ կոնկրետ տրամադրություններ ստեղծվեն։ Որոշները գրվում են որպես «պարտիզանական մարկետինգի գործիք»։

Մենք նաև հավանաբար չենք իմանա, թե ով է առաջինն այս նյութը թարգմանել հայերեն ու դրել շրջանառության մեջ։

Օղակ առ օղակ գնալով, ամենավաղ օրինակը, որ կարողացա գտնել, «տեքստային բանակցությունների մասնագետ» (քոփիռա՞յթեր) Ռուբեն Կարոյանի էջում էր։ Հոդվածը գրելու պահին այն 1600-ից ավելի լայք ուներ, 1500-ից ավելի տարածում։ Նույնիսկ գրառման հետ կապված հարցադրումներ հեղինակի գրառման տակ տեղադրելուց հետո հեղինակը չի փորձել պատասխանել այդ հարցադրումներին կամ այլ կերպ պատասխանատվություն վերցնել իր նյութի համար։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։