Դուք այլևս Ֆեյսբուքի հաճախորդը չեք


Չնայած ես երևույթների մասին գրում եմ հիմա, իրենք մի քանի ամիս է, ինչ տեղի են ունենում Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Հուսով եմ, հասկանում եք, որ ես չեմ սիրում անիմաստ աղմուկ բարձրացնել, դավադրությունների տեսություններ կառուցել, չափազանցնել փաստերը։

Երբ ես ասում եմ, որ ձեր ինֆորմացիոն անվտանգությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում վտանգված է, ես դա նկատի ունեմ։

Բայց եկեք պատմությունը սկսենք սկզբից։

Մի քանի առաջ իմ լրահոսում հանկարծ սկսեցին հայտնվել նյութեր, որոնց ես չէի բաժանորդագրվել։

Մի մասն էջերից էին, որոնք, Ֆեյսբուքի կարծիքով, ինձ հետաքրքիր կլինեին։

Մյուսները վճարովի (sponsored) գրառումներ էին։

Երրորդ խնդիրն ավելի հին է։ Խիստ կասկածելի գովազդները։

Եկեք սկսենք գովազդներից։

Գովազդներ

Իմ ուշադրությունը մի քանի օր առաջ գրավեց մի գովազդ, որով առաջարկում էին գնել բիթքոյնի մայնինգի համար օգտագործված, բայց աշխատող հզոր տեսաքարտեր։ NVIDIA RTX 3080Ti-ն առաջարկվում էր 100 դոլարով։

Տեխնիկայի հետ կապ չունեցող մարդկանց սա կարող է չինական այբուբեն թվալ, այնպես որ, փորձեմ բացատրել։

Այս տեսաքարտերը հիմնականում պետք են համակարգչային խաղերի, եռաչափ մոդելավորման, տեսանյութերի մոնտաժի համար։ Իրենց հզորության շնորհիվ, իրենց երբեմն օգտագործում են բարդ հաշվողական ֆունկցիաների համար։ Որոնցից մեկը բիթքոյն կրիպտոարժույթի մայնինգն է։

Ներկայումս տեսաքարտերի առումով աշխարհում ճգնաժամ է։

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ ամբողջ աշխարհում միկրոչիպերի դեֆիցիտ է սկսել, որի պատճառով տեսաքարտերի արտադրության ծավալները չեն կարողանում բավարարել պահանջարկը։

Պահանջարկն, իր հերթին, աճել է կրիպտոարժույթների մայնինգի հետ կապված։ Մարդիկ մեծ քանակությամբ տեսաքարտեր են առնում իրենց «կրիպտոարժույթային ֆերմաների» համար։

Փոքր առաջարկն ու մեծ պահանջարկը հնարավորություն է տվել որոշ մարդկանց գնել տեսաքարտերը մեծ քանակով ու գործարանային գնով, իսկ հետո վաճառել շատ ավելի թանկ։

Նույն NVIDIA RTX 3080Ti տեսաքարտի խանութի գինը մոտ 1200 դոլար է, բայց խանութում այն գտնելը դժվար է։ Եթե որոշեք այն գնել Ebay-ից, ստիպված կլինեք 2000-3000 դոլար վճարել։

Երևույթն անվանում են սկալպինգ, դրանով զբաղվողներին սկալպերներ։

Մայնինգի ժամանակ օգտագործված տեսաքարտերն աշխատել են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ ու ոչ օպտիմալ պայմաններում, իրենց կյանքի ակնկալվող տևողությունն ավելի ցածր է։

Բայց նույնիսկ այս դեպքում, նախ, տրամաբանական չի նոր թողարկված RTX3080Ti-ը վաճառել, այն էլ 100 դոլարով։

Ես վստահ եմ, որ այդ գովազդը խաբեություն է։ Վաճառող կայք մտնելիս ակնհայտ է դառնում, որ կայքի «մեր մասին» ու «ծառայության պայմաններ» մասերն ավտոմատ գեներացված տեքստ են։ Ոչ մի նորմալ կոնտակտային ինֆորմացիա։

Նման գովազդները թիրախավորում են առաջին հերթին դեռահասներին, ովքեր բավականաչափ միամիտ են խաբվելու համար։ 100 դոլարը բավականաչափ փոքր փող է, որ մարդ նման ռիսկի դիմի։ Մայնինգի մասին հիշատակումը նման է «վրան խազ կա, դրա համար ենք էժան ծախում» կարգի պնդման։ Այն ընդամենը մարդու սիրտը կասկած է գցում. իսկ գուցե իրոք այդքան էժան է։ Ի վերջո, «բավականաչափ ազնիվ» են, որ հիշատակեն մայնինգի մասին։

Ու այս կայքից գնում կատարելու փորձի դեպքում դուք միայն 100 դոլար չի, որ կարող եք կորցնել։ Փաստացի, ձեր վճարման մասին ինֆորմացիան հայտնվում է խաբեբայի ձեռքում։

Ցավոք, Ֆեյսբուքը պատրաստ է նման գովազդատուների փողը վերցնել, գովազդը ցույց տալ ձեզ։ Բայց պատրաստ չի մոդերացիա անել իր գովազդները, տեսնել, արդյոք իրենց պարունակությունն անվտանգ է սոցիալական ցանցի օգտագործողների համար։

Գիտե՞ք ինչու։ Որովհետև դուք, Ֆեյսբուքի տեսանկյունից, այլևս Ֆեյսբուքի հաճախորդը չեք։ Հաճախորդը գովազդատուն է, նա է վճարում Ֆեյսբուքին։ Դուք այն ռեսուրսն եք, որը Ֆեյսբուքը վաճառում է իր գովազդատուներին։ Դրա համար էլ Ֆեյսբուքը հարմար գործիքակազմ չի տրամադրում խաբեության դեպքում նման գովազդատուների ինքնությունը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու համար։ Դուք սեղմում եք գովազդի վրա, գնում լրիվ անկախ կայք, իսկ թե ինչ է տեղի ունենում այդ կայքում, այլևս Ֆեյսբուքի խնդիրը չի։

Վճարովի (sponsored) գրառումների խնդիրը

Իմ լրահոսում սկսեցին հայտնվել վճարովի (sponsored) գրառումներ, որոնք այնքան էլ հեշտ չէր առերևույթ տարբերել սովորական գրառումներից։

Միակ տարբերությունը գրառման կատարվելու ամսաթվի փոխարեն «sponsored» մականշումն էր։

Գրառումների զգալի մասը կամ ՏԻՄ ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ կողմնակիցների հայտարարություններ էին, որոնք փորձում էին իրենց նարրատիվը պարտադրել հանրությանը։

Երկրորդ մասը հայհոյախառն քաղաքական պրոպագանդա էր հակառակորդ քաղաքական ուժի հասցեին կամ այլ ատելության խոսք։

Երրորդ մասն անտիվաքս պրոպագանդա էր։

Փաստացի, Ֆեյսբուքը թույլ էր տվել վճարովի պրոպագանդա ներարկել իմ լրահոսի մեջ։ Պրոպագանդա, որն առանց ուշադիր նայելու դժվար կլիներ տարբերել ձեր ընկերների սովորական գրառումներից, ինչն այդ պրոպագանդան դարձնում է ավելի էֆեկտիվ, մեծացնում է հավանականությունը, որ դուք իրեն կարձագանքեք։ Իսկ արձագանքելով դուք ընդամենը նպաստում եք նրան, որ ձեր ընկերները նույնպես տեսնեն այդ գրառումը։

Վստահ եմ, անգլալեզու ոլորտում մի փոքր ավելի խիստ կլիներ նման գրառումների մոդերացիան, բայց ցանկացած մարդ, որ փորձել է անտիվաքս պրոպագանդան հեռացնել պլատֆորմից, կասի, որ հայալեզու գրառումների մոդերացիան գործնականում գոյություն չունի։

Սա առավել պրոբլեմատիկ է տեսողական խնդիրներով կամ հաշմանդամությամբ մարդկանց դեպքում, ում էլ ավելի մեծ ջանք է պետք գործադրել ներարկված պրոպագանդան ու ընկերների գրառումները տարբերելու համար։

Փաստացի, տեսողական, զարգացման ու հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց այսպես ավելի հեշտ է թիրախավորել պրոպագանդայի միջոցով։

Այն էջերը, որոնք, Ֆեյսբուքի կարծիքով, ինձ հետաքրքիր են

Այս մեկն ամենաանվնասն է, ու կարող է համարվել սոցիալական մեդիայում content discovery-ի բնական մասը։ Ֆեյսբուքն ընդամենը թեմատիկ էջեր էր ինձ առաջարկում, հիմնականում կոմիքսների, գիտական ֆանտաստիկայի, գիտության, խաղերի թեմաներով, կարծելով, որ իրենց գրառումներն ինձ հետաքրքիր կլինեն։ Ներկայումս սա մեծ մտահոգություն չի առաջացնում, ուղղված է խրախուսել Ֆեյսբուքում թեմատիկ էջեր վարողներին (content creator)։

«Ֆեյսբուքյան ֆայլերը»

Դուք, իհարկե, կարող եք մտածել, որ ես ընդամենը ենթադրում եմ, որ Ֆեյսբուքը դիտավորյալ է ձեզ վերաբերվում ոչ թե որպես իր պլատվորմի հաճախորդների, այլ որպես ռեսուրսի։

Բայց, եթե հետևում էիք իրադարձություններին, Wall Street Journal-ը դեռ 2021 թ. սեպտեմբերին հրապարակել է «The Facebook Files» լրագրողական հետաքննությունը։

Հիմա չեմ խորանա հետաքննության մանրամասների մեջ, բայց բավական է իմանալ, որ ընկերության գիտնականներից Ֆրենսիս Հոգենն ու իր մի խումբ կոլլեգաներ կազմակերպել են ընկերության ներքին փաստաթղթերի արտահոսք ինչպես ԱՄՆ Սենատի առևտրային կոմիտե, այնպես էլ պրեսսա։

Այդ փաստաթղթերից մենք գիտենք, որ Ֆեյսբուքը տեղյակ է նրանից, թե ինչ ինֆորմացիա է շրջանառում իր պլատֆորմում ու ինչ հետևանքներ է ունենում հանրության առողջության վրա։

Ֆեյսբուքը նաև հաշվարկում է, թե ինչքան եկամուտ կկորցնի, եթե շարժվի հանրային շահերով ու ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԸՆՏՐՈՒՄ Է դա չանել։

Ֆեյսբուքը գիտի դեռահաս աղջիկների հոգեկան առողջության վրա Ինստագրամի բացասական ազդեցության մասին, բայց լռում է դրա մասին։ Որովհետև Ինստագրամը Ֆեյսբուքին փող է բերում։

Սա Ֆեյսբուքի հետ կապված ամենամեծ սկանդալն է Cambridge Analytica-ից հետո։

Սպասեք, իսկ ի՞նչ է Cambridge Analytica-ն

Cambridge Analytica-ն բրիտանական խորհրդատվական կազմակերպություն է։ 2013 թվականին իրենք պայմանավորվել են Ալեքսանդր Կոգանի ու իր Global Science Research ընկերության հետ կառուցել «This is your digital life» ֆեյսբուքյան խաղ֊հարցաշարը։ Այն մարդկանց պարզ հարցեր է տալիս, որոնք իբր թե ընդամենը հոգեբանական պրոֆիլի կառուցման համար են։ Իրականում ծրագիրը Ֆեյսբուքի OpenGraph պլատֆորմն օգտագործել է 80 միլիոն մարդկանց անձնական ինֆորմացիան հավաքելու ու մշակելու համար։

Ո՞րն էր դրա նպատակը։

Դուք ամեն օր սոցիալական ցանցերում շփվում եք բազմաթիվ մարդկանց հետ, հայտնում բազմաթիվ կարծիքներ։

Հավաքելով այդ ինֆորմացիան, կարելի է պարզել, թե դուք սովորաբար որ բնույթի ինֆորմացիային եք դրական արձագանքում, որ բնույթի ինֆորմացիան է ձեզ մոտ բացասական էմոցիաներ առաջացնում։

Արդյունքում Cambridge Analytica ընկերությունն ուներ ինֆորմացիա նրա մասին, թե ինչպես ձեզ ինչ֊որ բան ներկայացնել, որպեսզի դուք այն ընդունեք։ Ինչպես ձեզ ինչ֊որ բան ծախել։ Ինչպես ձեր կարծիքը փոխել ինչ֊որ հարցի շուրջ։ Ինչպես ձեզ ինչ֊որ բան համոզել։

Ու այդ ինֆորմացիան օգտագործվեց ինչպես Թեդ Կրուզի սենատորական ընտրարշավի ժամանակ, այնպես էլ 2016 թ. Դոնալդ Տրամպի նախագահական ընտրարշավի ժամանակ։ Cambridge Analytica-ն, փաստացի, ապօրինի հավաքել ու մշակել էր մարդկանց մասին անձնական ինֆորմացիա ու այն օգտագործել որպես քաղաքական գործիք։

Մարկ Ցուկերբերգը ստիպված եղավ ցուցմունք տալ ԱՄՆ Սենատի առաջ, Ֆեյսբուքը ստիպված եղավ ԱՄՆ Ֆեդերալ առևտրային հանձնաժողովին հինգ միլիարդ ԱՄՆ դոլար տուգանք վճարել, կես միլիոն ֆունտ ստեռլինգ էլ Բրիտանիայում։

Մյանմարի նախադեպը

Սրան եթե գումարենք այն, որ Ֆեյսբուքը Մյանմարում ատելության խմբերի մոբիլիզացիայի տարածք էր դարձել, որտեղ տարածվող ատելության խոսքը պատճառ էր դարձել ֆիզիկական բռնության բազմաթիվ միջադեպերի, պատկերն ավելի մռայլ է դառնում։ Ու խոսքը չի գնում մի քանի դեռահասների իրար հետ վիճելու ու փողոցում հանդիպելու, իրար ծեծելու մասին։ Ֆեյսբուքն ամենամեծ գործոններից էր մի գործընթացի, որը բերեց Ռոհինգյա էթնիկ խմբի 700,000 ներկայացուցիչների տեղահանությանը, ահաբեկչության, սպանությունների, բռնաբարությունների։

Եզրակացություն

Ֆեյսբուքը մեզանից շատերի կյանքի կարևոր մասն է։ Ես դա հասկանում եմ։ Մենք այն օգտագործում ենք ընկերների հետ շփվելու, կարծիք հայտնելու ու լսելու, լիքը այլ նպատակներով։

Բայց մենք արդեն գիտենք, որ ոչ անգլալեզու տարածքներում վատ մոդերացվող ֆեյսբուքը կարող է բերել ծայրահեղական խմբերի կազմավորման, կազմակերպման ու տարածման։ Մյանմարի դեպքը։

Մենք գիտենք, որ երրորդ կազմակերպությունները կարող են գողանալ մեր ինֆորմացիան ու այն օգտագործել մեզ մանիպուլացնելու համար։ Cambridge Analytica-ի դեպքը։

Ու մենք գիտենք, որ Ֆեյսբուքն ինքը պատրաստ է թույլ տալ, որ խաբեբաները ձեզ թալանեն, պատրաստ է պրոպագանդա ներարկել ձեր լրահոս, քանի դեռ իրեն դրա համար վճարում են։

Ես չեմ կարծում, որ Ֆեյսբուքը մեզ համար հիմա անվտանգ տարածք է։ Խնդիրը պլատֆորմից օգտվող վտանգավոր մարդիկ չեն։ Պլատֆորմն ինքը մեր թշնամին է։ Ֆեյսբուքը դրա մասին գիտի, ու ոչ մի բան չի անում։

Մնալ Ֆեյսբուքում, թե այլընտրանք փնտրել, ձեր ընտրությունն է։

Բայց ես խնդրում եմ ձեզ տեղեկացված լինել ռիսկերից և կրկնակի զգույշ լինել։

Ես նաև կարծում եմ, որ այս գրառումը կարևոր է։ ՈՒ եթե դուք իր հետ համաձայն եք, խնդրում եմ տարածել այն։

Առողջ եղեք։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։