Կիթառի պեդալներ, որոնք ես դեռ պետք է ունենամ (ու ինչպես են իրենք հնչում)

Ծանոթագրություն. այս գրառումը չի հանդիսանում գովազդ ու ֆինանսավորված չի կիթառային էլեկտրոնիկա արտադրող կամ վաճառող անձանց և կազմակերպությունների կողմից։ Իմ կիթառային էլեկտրոնիկան ես գնում կամ կառուցում եմ իմ սեփական միջոցներով։ Այստեղ հայտնած մտքերը հանդիսանում են իմ անձնական կարծիքը, փորձն ու ակնկալիքները։ Կից լուսանկարները, տեսանյութերը կարող են պարունակել մարկետինգային ու գովազդային նյութեր։

Gain stage

Gain stage-ը ձայնային շղթայի այն մասն է, որտեղ ազդանշանն ուժեղանում է։ Դիստորշընի ու նման էֆեկտներն այնտեղ են տեղի ունենում։

Green Russian Big Muff Pi

Big Muff Pi-ն մի պեդալ է, որ դուք բազմիցս լսել եք, օրինակ, Դևիդ Գիլմորի նվագելու ժամանակ։ Ինքը, չնայած վրան գրած է օվերդրայվ, իրականում տրանզիստորային ֆազ է։ Green Russian Big Muff Pi-ն իր տարբերակներից մեկն է։ Ահա թե ինչպես է այն հնչում.

DOD Carcosa

"Strange is the night where black stars rise"

DOD Carcosa-ն նույնպես ֆազ է, բայց եթե Big Muf-ն ավելի դասական ձայն ունի, Carcosa-ն ավելի ժամանակակից, ագրեսիվ ու էքսպերիմենտալ է։

Ահա թե ինչպես է այն հնչում.

Deadbeat Sound Visible Overdrive

Ibanez Tube Screamer-ը (TS-808, TS9) դասական օվերդրայվ֊պեդալներից են, որոնցից ծագել են լիքը ուրիշ պեդալներ։ Deadbeat Sound Visible Overdrive-ը Tube Screamer է, բայց մի քիչ ավելի մաքուր ձայնով ու չափազանց սիրուն, որ ես չուզեմ իրեն ունենալ։

Ահա թե ինչպես է այն հնչում.

TC Electronic Tube Pilot

Ի տարբերություն նախորդ պեդալների, TC Electronic Tube Pilot-ը ես ունեցել եմ, բայց նվիրել եմ քրոջս, որովհետև իր ձայնային շղթան ավելի շատ դրա կարիքն ուներ։

Tube Pilot-ը overdrive է, որն իսկական 12AX7 վակումային լամպ է ներառում իր մեջ։ Պեդալն ընդամենը մի թերություն ունի. եթե տոնի կարգավորման սխեմա ներառեր, ինքն իդեալական կլիներ։ Արդյունքում ձայնը մի քիչ չափազանց պայծառ կարող է լինել, ինչն ուղղվում է ձայնային շղթայում իրենից հետո էկվալայզեր ներառելով։ Մյուս կողմից, պեդալի գաղափարը հենց դա էր. ինչ մտնում է, այն էլ դուրս է գալիս։

Ահա թե ինչպես է հնչում TC Electronic Tube Pilot-ը.

Modulation Stage

Modulation stage-ում մենք փոփոխում ենք կիթառի ձայնը ժամանակի մեջ։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ կարող են տեղի ունենալ, բայց ես դեռ ընտրում եմ մի քիչ մինիմալիստ լինել ու չներառել univibe, phaser, flanger էֆեկտներ։ Ոչ թե որովհետև իրենք ինձ դուր չեն գալիս, այլ որովհետև ես դեռ իրենց համար կիրառում չունեմ։

TC Electronic 3rd Dimension Chorus

Ես արդեն TC Electronic-ի մի chorus պեդալ ունեմ, June-60-ը, որը Juno-60 սինթեզատորի chorus սխեման է։ Շատ հաճելի է, բայց սահմանափակ հնարավորություններ ունի։ 3rd Dimension-ը Boss DC-2 Dimension C պեդալի կլոն է, որը դասական կիթառային chorus է 80-ականներից։ Բայց օրիգինալ DC-2-ը մի քիչ ավելի թանկ է, քան մարդու երիկամը սև շուկայում (~$25,000), իսկ 3rd Dimension-ը տեղավորվում է իմ բյուջեի մեջ։

Ահա թե ինչպես է հնչում TC Electronics 3rd Dimension-ը.

TC Electronic Choka Tremolo

Կիթառ նվագելիս երկու կարևոր հասկացություններ կան. տրեմոլո ու վիբրատո։ Վիբրատոն սովորաբար նվագողը ստանում է մատներով, նոտայի հաճախականությունը տատանվում է դեպի վերև ու ներքև։ Այսպես կոչված «տրեմոլո֊բլոկը», օրինակ, Fender Stratocaster-ի վրա, իրականում վիբրատո է անում (Լեո Ֆենդերին հարցրեք, թե ինչու է անունը տրեմոլո֊բլոկ դրել)։

Տրեմոլոյի դեպքում փոխվում է ոչ թե նոտայի հաճախականությունը, այլ ձայնի ուժգնությունը։ Տրեմոլոն երևի առաջին կիթառային էֆեկտն է, որ ստեղծվել է։

Ուլտրա֊բյուջետային տրեմոլո պեդալները չափազանց կոշտ են կիրառելի լինելու համար, ու TC Electronic Choka-ն այս կոնտեքստում էքսպերիմենտ է, որը կարող է ավարտվել հիասթափությամբ, բայց TC Electronic-ն ինձ բազմիցս զարմացրել է իր գնային կատեգորիան խիստ գերազանցող էլեկտրոնիկայով, այնպես որ, ես օպտիմիստ եմ։

Ահա թե ինչպես է հնչում TC Electronic Choka պեդալը.

Ձայնի շուրջ տարածությունը

Ու մենք հասանք իմ ձայնային շղթայի վերջին օղակին։ Տարածությանը ձայնի շուրջը։ Ռևերբ, էխո, դիլեյ։

Եթե ինձ ասեին, որ ես ընդամենը մի պեդալով պետք է ապրեմ մինչև կյանքիս վերջը, այդ պեդալը էխո֊դիլեյ կլիներ։ Դիլեյն այն փոքրիկ ալքիմիական տարրն է, որ կարող է ձեր ձայնը «չոր է հնչում»֊ից դարձնել «կախարդական է հնչում»։ Ու ինքը կիրառելի է թե մաքուր, թե բարձր գեյնով ձայների դեպքում։

Իմ կառուցած երրորդ պեդալը հենց դիլեյ էր։

TC Electronic Gauss Tape Echo

Իսկական ժապավենային էխոն մի բան է, որ ես պլանավորում եմ կառուցել (ստուդիայի ժապավենային էխո գնելը նույնպես վտանգավոր մոտենում է երիկամի գնին սև շուկայում), բայց մինչ այդ TC Electronic Gauss-ը, կարծում եմ, բավականաչափ լավ կկատարի այդ ֆունկցիան։

Ահա թե ինչպես է այն հնչում.

TC Electronic Echobrain Analog Delay

Հիմա ես օգտագործում եմ Mad Professor Blue Delay-ի սխեմայի վրա հիմնված թվային դիլեյ, որը պետք է մաքսիմալ նմանակի անալոգային դիլեյը, բայց իսկական անալոգային սխեման որոշակի առավելություններ ունի, որոնք առավել ակնհայտ են դառնում, երբ մի քիչ խաղում ես պեդալի հետ։

Ահա թե ինչպես է հնչում Echobrain-ը.

Fender Mirror Image Delay


Անալոգային դիլեյների ամբողջ հմայքն իրենց թերությունների մեջ է. արձագանքները, bbd չիպերի միջով անցնելու պատճառով, կիթառի մաքուր ձայնից ավելի «տաք» են, ավելի օրգանական են մարում, փաստացի հաճախականությունների կորուստն իրենց ձայնն ավելի հաճելի է դարձնում։

Թվային դիլեյները ավելի կառավարելի ու ճշգրիտ են։ Ու անհամեմատ ավելի շատ հնարավորություններ ունեն։ Միայն անալոգային դիլեյ օգտագործելը կնշանակեր հրաժարվել էֆեկտի հնարավորությունների երևի 50 տոկոսից։

Fender Mirror Image Delay-ը պրոֆեսիոնալ թվային դիլեյ է շատ հնարավորություններով, որոնք ուսումնասիրելը երևի շաբաթից ավել խլի, բայց արդյունքը բավականին տպավորիչ է։

Ահա թե ինչպես է այն հնչում.

TC Electronic Drip Spring Reverb

Իսկական լամպային spring reverb-ը դեռ իմ բյուջեից դուրս է, այնպես որ, պետք է դեռ բավարարվեմ բավականաչափ լավ նմանակող պեդալով։

Ահա թե ինչպես է հնչում TC Electronic Drip Spring Reverb-ը.

TC Electronic Hall of Fame 2 Reverb

Hall of Fame 2-ը դասական թվային ռևերբ֊պեդալ է, լիքը հնարավորություններով ու ռևերբի մոդելներով։

Ահա թե ինչպես է հնչում TC Electronic Hall of Fame 2-ը.

Fender Marine Layer Reverb

Fender Marine Layer-ն ու TC Electronic Hall of Fame 2-ը իրար ֆունկցիոնալ առումով գործնականում համարժեք են, բայց ձայնային տարբերություններ կան։ Երկուսն էլ շատ լավ թվային ռևերբներ են։ Ու քանի որ իմ ձայնային շղթան ենթադրում էր երեք ռևերբ պեդալ, հերթով միացրած իրար (դրա մասին վերջում), ես որոշեցի, որ ավելի լավ է երկու տարբեր լավ պեդալ վերցնել, քան նույնից երկու հատ։

Ահա թե ինչպես է հնչում Fender Marine Layer-ը.

Ու վերջում, նրա մասին, թե ինչի համար է ինձ պետք երեք ռևերբը.

Պատասխանը շատ պարզ է։ Կիթառի ամենաքաղցր ձայներից մեկը ստանալու համար։ Որը դուք, վստահ եմ, լսել եք։

Ինչպե՞ս։ Փոլ Դևիդը ցույց է տալիս.

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։