Սեռականությունն ու սեռական դաստիարակությունը Հայաստանում

Եկեք խոսենք մի քանի լուրջ ու ցավոտ թեմաներից։ Ես լրիվ պատկերացնում եմ, որ բացմաթիվ մարդկանց մոտ իմ գրածը շատ հակասական, նույնիսկ բացասական զգացողություններ առաջացնի, շատերը հավանաբար նույնիսկ կարտահայտեն այդ զգացողություններն իմ հասցեին, բայց դա թույլ պատճառ է այս թեմայով չխոսելու համար։ Ես սովոր եմ։

Մանկության ու զարգացման մասին

Ցանկացած մարդ ծնվում է։ Նորմալ դեպքերում ծնողներն իրեն սիրում են։ Կապվում են իր հետ, փորձում ինչքան հնարավոր է լավ մեծացնել։

Խորը մանկությունից մարդ հայտնաբերում է իր մարմինը։ Շոշափելով, կծելով, ոտքերի մատները բերանը տանելով։ Ու սա ներառում է ինչպես տղա, այնպես էլ աղջիկ երեխաներին։

Մարդ հայտնաբերում է նաև ուրիշների մարմինը, ու ինչպես է այդ մարմինն իր մարմնից տարբերվում։

Մեկն ուրիշ գույնի մազեր ունի, կամ ուրիշ գույնի աչքեր։ Մեկը նիհար է, մեկը բոյով է։ Մեկն աղջիկ է, մեկը տղա է։

Մենք հաճախ մոռանում ենք, թե իրականում ինչքան հետաքրքիր է երեխայի համար սեփական և ուրիշի մարմինը։ Ինչի են երեխաները բժիշկ֊բժիշկ խաղում իրար հետ։

Հետո գալիս է սեռական հասունացման տարիքը, ու մարդու մարմինը սկսում է փոխվել։

Ու սա բավականին ցավոտ շրջան է ցանկացած մարդու համար։ Եթե մինչ այդ պահը փոփոխությունները բավականին հասկանալի էին, հանկարծ մարմինդ սկսում է քո դեմ ըմբոստանալ։ Տղաների դեմքին պզուկներ են դուրս գալիս, ձայնը կտրվում ու կոշտանում է, դեմքի ու մարմնի վրա մազեր են աճում։ Աղջիկների դեպքում էլի մարմնի վրա մազեր, հատկապես թևատակերում ու ցայլքի շրջանում, ու երեխայի մարմինը սկսում է աստիճանաբար վերածվել կնոջ մարմնի։ Սկսում են առաջին ամսականները։

Երեխան աստիճանաբար դադարում է երեխա լինել, ուզեք դուք դա, թե ոչ։

Ու ինքը սկսում է հայտնաբերել սեփական և ուրիշի մարմնի մյուս կողմը։ Մարդուն սկսում են ձգել ուրիշ մարդիկ։

Ու սա լրիվ նորմալ է ու տեղի է ունենում գրեթե բոլոր նորմալ դեպքերում։

Մարդը սկսում է ցանկանալ ուրիշ մարդկանց։ Մարդը սկսում է ցանկանալ, որ իրեն ցանկանան։ Ինքը դրա հետ կապված ֆանտազիաներ է ունենում։ Աղջիկը սկսում է գնալ գինեկոլոգի մոտ, կանացի հիգիենայի պարագաներ գնել։ Հետո միգուցե ինչ֊որ մեկի այնքան մոտ լինի ու վստահի, որ համբուրվեն իրար հետ ու ուսումնասիրեն իրենց ու դիմացինի մարմինն այնպես, ինչպես դա մեծահասակներն են անում։

Դաստիարակության ու պաշտպանելու մասին

Ես վախենում եմ, որ մենք ուզում ենք իրար հակասող լիքը բաներ ու ակտիվորեն վնասում ենք կանանց։ Ինչպես մեծացողներին, այնպես էլ արդեն մեծահասակներին։ Ու իմ «մենքը» միայն տղամարդկանց չի ներառում։

Մենք ուզում ենք, որ երեխաները մեծանան ու երջանիկ կյանք ունենան, ու մենք ուզում ենք, որ մեր երեխաները երբեք չմեծանան, չբախվեն կյանքի առավել մռայլ կողմերին ու միշտ մեր փոքրիկ երեխաները լինեն։ Երբ երեխաներն ինչ֊որ բան են անում, որ կարող է իրենց համար վատ հետևանքներ ունենալ, մենք փորձում ենք կանխել դա, ու երբեմն մենք անցնում ենք սահմաններ, արդարացնելով ինքներս մեզ, որ մեր արածը «չարյաց փոքրագույնն է»։ Բայց հաճախ մենք դառնում ենք չարյաց մեծագույնը մեր երեխաների համար։ Մենք իրենց նկատմամբ անում ենք այն, ինչ արվել է մեր նկատմամբ։ Ու փորձեմ ցույց տալ, թե ինչ աննորմալ է մեր տրամաբանությունը։

Նախ, ֆիքսենք, որ այնպես չի, թե երեխաներն ապրում են իդեալական, անվտանգ աշխարհում, ու ծնողներն են ամեն ինչ չափազանցնում։

Ես փոքր երեխա էի, երբ առաջին անգամ պեդոֆիլիայի մասին հոդված կարդացի 02 թերթում։ Պեդոֆիլն այդպիսի միֆիկ կերպար չէր, հարևան էր, աղջկա հոր ընկերը։

Հենց հիմա ինտերնետում տեղեր կան, որտեղ մարդիկ հավաքում ու կիսվում են երեխաների նկարներով ու անձնական ինֆորմացիայով, երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերով։ Աննորմալ, մութ տեղեր։

Բայց հաճախ ամեն ինչ հասնում է այն կետին, երբ երեխան, ով դարձել է սեռական բռնության զոհ, պարզապես վախենում է մեզ դրա մասին ասել, քանի որ մեր արձագանքից ավելի շատ է վախենում։ Մենք էլ վախենում ենք հասարակության արձագանքից, որ երեխայի վրա ամբողջ կյանքում խարան կլինի։

Այն դեպքում, երբ հասարակությունը հենց մենք ենք, երեխան էլ ոչ մի վատ բան չի արել։

Ու մեզանից ամեն մեկը նախընտրում է մտածել, որ իր հետ նման բան չի լինի։ Իսկ եթե լինի, դա աշխարհի վերջն է։

Իմ կարծիքով, մենք պետք է ավելի պրագմատիկ լինենք։ Մենք պետք է փորձենք պաշտպանել մեր երեխաներին, բայց ոչ մինչև այն կետը, երբ կարիք առաջանա մեր երեխաներին պաշտպանել մեզանից։

Մենք չենք կարող մեր երեխաներին ամեն ինչից պաշտպանել։ Ու երբ վատ դեպքը լինում է, մենք պետք է սովորենք լինել մեր երեխաների կողքին, մեր երեխաների կողմից։ Ոչ թե ինֆանտիլ ու վախկոտ ընկնենք պանիկայի մեջ ու մեծացնենք վնասը։

Երեխաները պիտի սովորեն մեզ դիմել պաշտպանության համար։ Եթե ավտոբուսի մեջ ինչ֊որ մեկը ձեռքը դնի երեխայի ոտքի վրա (իրական դեպք, որ պատահել է իմ մոտիկ մարդկանցից մեկի հետ), երեխան չպետք է վախենա, մտածի, որ ինքն ինչ֊որ վատ բան է արել, որի համար իրեն պատժելու են։ Երեխան պետք է խոսի։ Ու սա երեխայի սեռական դաստիարակության մասն է։

Սեռական դաստիարակության մասին, մասնավորապես

Ես սարսափելի հոգնել եմ մարդկանց ընկալումից, թե սեռական դաստիարակությունը սեքսի դասեր են։

Բայց ես գիտեմ, թե այդ ընկալումը որտեղից է։

Տրամաբանական շղթան մոտավորապես սա է. երեխաների հետ սեռական թեմաներով խոսելն իրենց մոտ սեռականության նկատմամբ հետաքրքրություն կարող է առաջացնել, ուրեմն երեխաների մոտ սեռական թեմաներով խոսել պետք չի, ուրեմն ավելի լավ է չափազանցնել, ասել, որ սեռական դաստիարակությունը սեքսի դասեր են, որ թեման փակվի։

Սեռական դաստիարակությունը բավականին բարդ դիսցիպլինա է, որն իր մեջ ներառում է անատոմիա, սեռական էթիկա, փոխադարձ համաձայնության ու սեփական մարմնի անձեռնմխելիության գաղափարները։

Ավելին ասեմ. երեխաների սեռական դաստիարակության դեմ պայքարողներն էլ փաստացի սեռական դաստիարակության կոնկրետ մոդել են քարոզում, որը կոչվում է abstinence-only (միայն ժուժկալություն)։ Այս մոդելի դեպքում մենք ենթադրում ենք, որ սեռական կապի մասին միակ ինֆորմացիան, որ պետք է, մարդկանց սեռական կապից զերծ պահելն է, գոնե մինչև ամուսնությունը։ Պրակտիկ մենք գիտենք, որ սա չի աշխատում սեռավարակների ու անցանկալի հղության դեպքերի կանխման հարցում (Ott, Mary A; Santelli, John S (2007). "Abstinence and abstinence-only education". Current Opinion in Obstetrics and Gynecology. 19 (5): 446–52. doi:10.1097/GCO.0b013e3282efdc0b. PMC 5913747. PMID 17885460)։ Սա սեռական դաստիարակության այն ձևն է, որ նախընտրում են երեխաների սեռական դաստիարակության դեմ պայքարողները։ Այո, սեռական դաստիարակությունը բոբո ներկայացնող մարդիկ իրականում սեռական դաստիարակության մեթոդ են քարոզում։ Մեթոդ, որը պրակտիկ չի աշխատում կոնկրետ սեռավարակների ու անցանկալի հղիության դեպքերի թիվը փոքրացնելու հարցում։ Առավելագույնն, ինչ սա կարող է անել, այն էլ տեսականորեն, նախամուսնական սեռական կապ ունեցող մարդկանց թիվը փոքրացնելն է, հիմնականում կանանց։

Եկեք ի մի բերենք այն, ինչ նոր պարզեցինք. սեռական դաստիարակության abstinence-only մոդելն ընտրելը նշանակում է առաջնային նպատակ դարձնել հնարավորինս շատ մարդկանց նախամուսնական սեռական կապից հետ, «կույս» պահելը, հաշտվելով նրա հետ, որ սեռավարակների ու անցանկալի հղիության դեպքերի թիվը չի պակասելու։

Մենք նախընտրում ենք, որ մեր երեխաների զգալի մասն իր կյանքի որակին սպառնացող լուրջ խնդիրների բախվի, պոտենցիալ մահացու խնդիրների, միայն թե իրենց «կույս» պահենք։ Իհարկե, մարդկանց զգալի մասը հույս ունի, որ այս մոտեցման զոհերը ուրիշ մարդկանց երեխաները կլինեն, ոչ թե իրենցը։

Բայց եկեք նայենք տգեղ ճշմարտության աչքերին։

Այս մոտեցումն ընտրելը փաստացի համարժեք է նրան, որ ասեք «իմ երեխան պիտի նախամուսնական սեքս չունենա, իսկ եթե ունենա, ես թքած ունեմ, թե ինչ կլինի իր հետ»։ Իսկ եթե ունեցավ։ Խա՞չ եք քաշելու իր վրա։ Փակելու եք տա՞նը։ Ծեծելու՞ եք։ Նախընտրելու եք, որ մեռնի՞։

Ու սեռական դաստիարակության դեմ պայքարողներն, այսպես կոչված, իրենք խնդիրը ծայրահեղ անբարոյական ձևով են արտահայտում, մոռանալով, որ նժարին իրական մարդիկ են, իրական երեխաներ, որոնք մի օր մեծահասակներ են լինելու։

Եթե մարդկանց հարցնենք, արդյոք իրենց երեխաներին պետք է սեռական դաստիարակություն, մենք կունենանք առնվազն երկու կարծիք. կողմ և դեմ։

Բայց եթե ծնողներին ասենք, որ իրենց փոքրահասակ երեխաներին սեքսի դասեր են տալու, գրեթե ցանկացած նորմալ ծնող դրան դեմ կարտահայտվի։

Իսկ հիմա պատկերացրեք, որ ունեք ծնողներ, ովքեր իրենք հարցի շուրջ չգիտեն, թե ինչ կարծիք ձևավորեն, ովքեր հասարակական ու կրոնական տաբուների, դոգմաների, հարևանի կարծիքի, «խայտառակ լինելու վախի», հարցի շուրջ ինֆորմացիոն պատերազմի կոնտեքստում պիտի հարցի շուրջ կարծիք կազմեն։

Ու ասում եք այդ ծնողներին, որ իրենց փոքրահասակ երեխաներին սեռական դաստիարակության դասեր են տալու, ու դա նշանակում է, որ իրենց երեխաներին սեքսի դասեր են տալու։

Մարդիկ հակված են չափազանցնել, որպեսզի իրենց տեսակետն ավելի տպավորիչ լինի։

Միգուցե հռետորաբանական տեսանկյունից դա էֆեկտիվ է, բայց երբ ձեզ նման ձևով հակում են ինչ֊որ տեսակետի, իրականում ձեզ ընդամենը զրկում են սեփական տեսակետն ունենալու հնարավորությունից։ Զրկում են ստի միջոցով։ Ու դրա գինը վճարելու է հաջորդ սերունդը։ Ու իրենք նույնն անելու են հաջորդ սերնդի նկատմամբ, եթե չսովորեն բարդ հարցերի շուրջ սեփական ուղեղով մտածել ու լսեն վախավաճառների հռետորաբանությունը։

Առողջ եղեք։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։