Ինչպես մոդիֆիկացնել Marshall Guv'nor GV-2 Plus պեդալը

Պահանջվող ունակություններ. էլեկտրոնիկայի բազային գիտելիքներ, սիրողական մակարդակի զոդում։

Զգուշացում. թեև ես ինքս իրականացրել եմ հոդվածում նշված մոդերն ու կարող եմ հաստատել, որ իրենք աշխատում են, կիթառի պեդալի մոդիֆիկացիան պարունակում է պեդալը փչացնելու ռիսկ։ Հաշվի առեք դա նախքան ձեր պեդալը մոդիֆիկացնելը։ Զոդիչն անվտանգ օգտագործելու համար լավ կլինի ծանոթանալ գործիքին ու իր հետ աշխատելու մեկ֊երկու վիդեոկուրս դիտել։

1989 թվականին Marshall ընկերությունը թողարկեց "The Guv'nor" կիթառի պեդալը։ Այն distortion էր, որը պեդալի ֆորմատով Marshall-ի ձայն էր տրամադրում։

2000-ականներին Marshall-ը թարմացրեց Guv'nor-ի սխեման, նոր կորպուսի մեջ դրեց այն ու թողարկեց որպես "Guv'nor GV-2 Plus"։

Guv'nor GV-2 Plus-ը վատ պեդալ չի, իր միջոցով հնարավոր է լավ ձայն ստանալ։ Հաշվի առնենք, որ օրիգինալ Guv'nor-ը մոտ 250 դոլար և ավելի կարժենա, իսկ Guv'nor GV-2 Plus-ը 50-80 դոլար է։

Բայց իր սխեման թերություն ունի. C22 կոնդենսատորը 470 պիկոֆարադ է, ինչի պատճառով այն բարձր հաճախականության («պայծառ») ձայները գրեթե ամբողջապես հողանցում է։ Էֆեկտն առավել զգալի է դառնում մեծ, պրոֆեսիոնալ ուժեղացուցիչների վրա։


Ինչպես կարող եք տեսնել, պեդալը միակողմանի պլատայի վրա է հավաքած, ու բոլոր մասերի անուններն իրենց կողքը նշված են։ C22 կոնդենսատորը դժվար չի գտնել։

Շատ ինտերնետային ֆորումներ ձեզ խորհուրդ կտան հեռացնել C22 կոնդենսատորը, բայց դա լավագույն լուծումը չի։ Ի վերջո, այդ կոնդենսատորը ֆունկցիա ունի. փափկացնել, «կլորացնել» ձայնը, դուրս ֆիլտրել անցանկալի աղմուկը։ Խնդիրը ոչ թե կոնդենսատորի առկայությունն է սխեմայի վրա, այլ իր արժեքը. այն տաս անգամ անհրաժեշտից շատ է։ Այնպես որ, եթե ցանկանում եք ուղղել խնդիրը, պարզապես պետք է C22 կոնդենսատորը փոխարինել 47 պիկոֆարադանոց կոնդենսատորով։

Եթե դուք ցանկանում եք մի քայլ էլ ավել անել ու ձեր GV-2 Plus-ը ձայնային առումով համարժեք դարձնել օրիգինալ Guv'nor-ին, կարող եք իրականացնել Ջո Սայմոնի մոդը։ Դիտեք հղման տեսանյութը, եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ նպատակով եք անում հաջորդ քայլերը։

Ահա բոլոր մասերի ցանկը, որոնք պետք է փոխարինել մոդն իրականացնելու համար, սլաքից հետո գրված են անհրաժեշտ արժեքները (ներառյալ C22 կոնդենսատորը).

Կոնդենսատորներ

C12 (220nf) -> 22nf

C22 (470pf) -> 47pf

C23 (22pf) -> 47pf

Դիմադրություններ (ռեզիստորներ)

R5 (22kOhm) -> 220kOhm

R9 (1mOhm) -> 220kOhm

R12 (1kOhm) -> 10kOhm

R19 (4.7kOhm) -> 10kOhm

R21 (470kOhm) -> 150kOhm

R25 (470kOhm) -> սխեմայից հեռացնել, փոխարինել հաղորդիչ լարով (կարող եք ուրիշ դետալի ոտք օգտագործել դրա համար)

R26 -> սխեմայից հեռացնել, թողնել դատարկ

Դիոդներ

D1 (1N4004) -> 2x1N4007

Ինչպես մի դիոդը փոխարինել երկուսով. ֆիքսեք սխեմայի վրա դիոդի ուղղությունը (սպիտակ գիծ սև կորպուսի վրա)։ Սխեմայից հանեք դիոդը։ Հիշեք. սպիտակ գծի կողմի ոտքը դիոդի կատոդն է, մյուս ոտքը` անոդը։ Վերցրեք երկու 1N4007 դիոդ, առաջինի կատոդը զոդեք, որտեղ հին դիոդի կատոդն էր, երկրորդ դիոդի անոդը զոդեք, որտեղ հին դիոդի անոդն էր։ Հետո առաջին դիոդի ազատ անոդն ու երկրորդի ազատ կատոդը զոդեք իրար։ Դիոդները պետք է նույն ուղղությունն ունենան իրար նկատմամբ ու հին դիոդի նկատմամբ։

Ինչպես պլատայից հանել դետալներ, որոնց ոտքերը պլատայի հետևում ծռված են. պարզապես սովորական կոճի թել փաթաթեք դետալի շուրջն ու ձգեք, քանի դեռ զոդիչով տաքացնում֊հալեցնում եք ոտքի շուրջ անագը։

Որտեղի՞ց գտնել դետալները. դետալների մեծ մասը կարող եք գնել ռադիոէլեկտրոնիկայի ցանկացած խանութից։ Օրինակ` Բաղրամյանի Ռադիոաշխարհից։ Ուրիշ, ավելի բարդ մոդերի ու պրոյեկտների համար հավանաբար ստիպված կլինեք պատվիրել մասնագիտացված օնլայն֊խանութներից։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։