Երկրաշարժ. ինչ անել իրենից առաջ, իր ժամանակ, իրենից հետո

Երկրաշարժի հետ կապված վտանգները մենք հաճախ պատկերացնում ենք իրենց ծայրահեղ տեսքով. փլվող շենքեր, ճեղքվող գետին, և այլն։ Բայց երկրաշարժերը սովորաբար այդ աստիճանի չեն հասնում։ Բայց էլի բերում են զոհերի ու վիրավորների։

Երկրաշարժերի ժամանակ շատ մարդիկ տուժում են ինչպես տան ներսում ընկնող իրերից, այնպես էլ շենքերի տանիքներից ու պատերից պոկվող բեկորներից, այլ նման բաներից։

Այստեղ ես կոնսպեկտել եմ California Earthquake Authority ապահովագրական ընկերության ձեռնարկը, թե ինչ անել երկրաշարժից առաջ, ընթացքում ու հետո։ Ամբողջ ձեռնարկի հղումն այստեղ։


Ինչ անել երկրաշարժից առաջ

Եթե երկրաշարժավտանգ գոտում եք գտնվում (իսկ Հայաստանը երկրաշարժավտանգ գոտի է), որոշ նախապատրաստական աշխատանքներ կարող են երկրաշարժի դեպքում փրկել ձեր կյանքը։

  • Պլանավորեք, թե ինչպես եք երկրաշարժի դեպքում պաշտպանելու ինքներդ ձեզ, ձեր մերձավորներին ու տնական կենդանիներին։
  • Ֆիքսեք անվտանգ վայրերն ամեն սենյակում։ Որտեղ չկա հեշտ շուռ եկող կահույք, գազի գծեր, էլեկտրական սարքեր, պատերից կախված  ծանր իրեր, որոնք ընկնելու դեպքում կարող են վնասել ձեզ։ Անվտանգ տեղերը հնարավորինս մոտ պետք է լինեն շենքի հիմնապատին։ Սեղանը ձեզ հնարավորություն կտա թաքնվել իր տակ։
  • Եթե կարող եք, ժամանակ առ ժամանակ ձեր ընտանիքի հետ արեք «պառկիր֊մտիր ծածկի տակ֊մնա» վարժությունը, մինչև այն ռեֆլեքսի աստիճանի հասցնեք։
    • Պառկում եք գետնին, քանի որ ուժեղ ցնցումների ժամանակ կանգնած ավելի մեծ ռիսկ կա ընկնել ու վնասվել։
    • Սողում եք մոտակա սեղանի տակ, որ ձեզ վրա իրեր չընկնեն
    • Նստում եք սեղանի տակ, կռանում, ձեռքերով ծածկելով ծոծրակը։
    • Հիշեք. եթե ընտանիքի բոլոր անդամները գիտեն, թե ինչ անել երկրաշարժի ժամանակ, ստիպված չեք լինի տնով մեկ վազել ու բոլորին մի տեղ հավաքել։ Դա կարող է ձեր ու ընտանիքի անդամների կյանքերը փրկել։
  • Գտեք ու ուղղեք երկրաշարժի դեպքում ձեր տան վտանգավոր կետերը։ Որտեղ կան հեշտ ընկնող ծանր իրեր, չֆիքսված կահույք, էլեկտրական սարքեր, որոնք կարող են մարդկանց վնասել ու հրդեհի պատճառ դառնալ։
  • Հնարավորինս հասանելի պահեք շտապ օգնության արկղիկն ու, հնարավորության դեպքում, հեշտ հասանելի դժվար փչացող սննդի ու շշալցված ջրի պաշար։

Ինչ անել երկրաշարժի ժամանակ

  • Պառկեք գետնին կամ չորեքթաթդիրքի եկեք, այդպես ավելի հեշտ ու անվտանգ է տեղաշարժվելը։
  • Մտեք ծածկի տակ, լինի դա ճաշասենյակի սեղան թե գրասեղան։ Սեղանը պետք է ամուր, կայուն լինի, որ եթե իր վրա ինչ֊որ բան ընկնի, պաշտպանի ձեզ։ Եթե մոտակայքում սեղան չկա, թաքնվեք շենքի հիմնապատին կից անկյունում։ Ձեռքերով հնարավորինս լավ ծածկեք ձեր ծոծրակը, գլուխը, դեմքը։
  • Մնացեք տեղում, մինչև ցնցումները դադարեն։ Ամենաշատ վնասվածքները լինում են, երբ մարդիկ փորձում են ցնցումների ժամանակ դուրս գալ շինություններից։
  • Եթե դրսում եք, մնացեք բաց տարածքում, որտեղ չկան ծառեր, շենքեր ու հոսանքալարեր, քանի որ երեքն էլ կարող են ձեզ համար վտանգ ներկայացնել։
  • Եթե մեքենայի մեջ եք, կանգ առեք բաց վայրում, բայց ոչ ծառերի տակ կամ շենքերի մոտակայքում։ Մնացեք մեքենայի մեջ։ Մեքենա մի վարեք երկրաշարժի ընթացքում։
  • Ցնցումների ավարտից հետո մի օգտվեք վերելակից։ Աստիճաններն ավելի անվտանգ են։

Ինչ անել երկրաշարժից անմիջապես հետո

  • Ստուգեք, արդյոք դուք ու մնացածը վնասվածքներ ստացել եք, թե ոչ։ Առաջին օգնություն ցուցաբերեք բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն։
  • Եթե լուրջ վնասվածքներով մարդիկ կան, զանգահարեք 911 ու 103, բայց առանց լուրջ պատճառի մի զբաղեցրեք այդ ծառայությունների հեռախոսահամարները։
  • Ստուգեք, արդյոք գազը, ջուրը, էլեկտրականության գծերը վնասվել են, թե ոչ։ Գազի արտահոսքի դետեկտորը պետք է աշխատի։
  • Եթե գազի հոտ եք առնում, բացեք բոլոր պատուհաններն ու դռները, տունն անմիջապես լքեք տարածքը, զանգահարեք 1-04 (գազի վթարային ծառայություն)։
  • Զգուշացեք փշրված ապակուց, այլ սուր բեկորներից։
  • Մի ծխեք շենքի ներսում։
  • Եթե ակտիվ ցնցումներ չեք զգում ու կարող եք դուրս գալ շենքից, հատկապես եթե ցածր հարկերում եք ապրում, դուրս եկեք շենքից ու կանգնեք ազատ տարածքում, որտեղ չկան ծառեր, հոսանքալարեր, շենքերից գոնե իրենց կես բարձրության հեռավորության վրա։ Հետներդ տաք հագուստ, փաստաթղթեր, հեռախոսներ, լուսարձակ, առաջին օգնության տուփ վերցրեք։ Փոքր ցնցումների դեպքում մոտ 1-2 րոպե հետո արդեն կարելի է վերադառնալ տուն։ Ավելի ուժեղ ցնցումների դեպքում ցանկալի է սպասել 2-3 ժամ։
  • Ստուգեք, արդյոք շենքի պատերին ու հիմքի մոտ, առաստաղներին, շենքի ներքին ու արտաքին անկյուններում ճեղքեր առաջացե՞լ են, վիզուալ վնասվածքնե
  • Մի մտեք վնասված ու վթարային շենքեր։
  • Կախված երկրաշարժի բնույթից ու ուժգնությունից, հետցնցումներ կարող են լինել մոտակա ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների, առավել ծայրահեղ դեպքերում նույնիսկ տարիների ընթացքում։ Զգոն եղեք։
  • Խուսափեք մեքենա վարելուց. ճանապարհները պետք են լինելու շտապ օգնությանը, հրշեջ֊փրկարար ծառայությանը և այլ առաջին անհրաժեշտության ծառայություններին։
  • Հաշվի առեք, որ իրերը կարող են տեղաշարժվել դարակներում ու դարակը բացելիս դուրս ընկնել։ Ծխնելույզներն ու կղմինդրե տանիքները կարող են թուլանալ ցնցումներից։ Մի քայլեք իրենց տակով։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։