Նեմցովի սպանության կոնտեքստն ու քաղաքական սպանությունները Պուտինի օրոք

(Բորիս Նեմցովի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ այստեղ կտեղադրեմ 2015-ի իմ հոդվածն այդ թեմայով)

2015 թվականի փետրվարի 27-ը նշանավորվեց Մոսկվայի կենտրոնում, Մոսկվա գետի Մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Կամուրջը գտնվում է Կրեմլի անմիջական հարևանությամբ՝ ուղիղ արևելյան կողմում: Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ էր ու, Վլադիմիր Ռիժկովի ու Միխաիլ Կասյանովի հետ միասին, ղեկավարում էր ռուսական ընդդիմադիր РПР-ПАРНАС կուսակցությունը:

Ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում եմ, Պուտինի ռեժիմի օրոք քաղաքական սպանությունների վերջին դեպքն էր: Այս հոդվածը նպատակ ունի թեկուզ հպանցիկ ներկայացնել Նեմցովի սպանությանը նախորդած կոնտեքստն ու նախորդ աղմկահարույց քաղաքական սպանությունների գոնե մի մասը:

Նախ՝ վերհիշենք, որ 1999 թ. օգոստոսի 19-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախագահ Բորիս Ելցինի կողմից նշանակվեց ՌԴ փոխվարչապետ, նույն օրը վերանշանակվելով վարչապետ: Ու, նորից նույն օրը, Բորիս Ելցինը հայտարարեց, որ Պուտինին ցանկանում է տեսնել որպես իր հաջորդ նախագահ: Պուտինի նախարարների կաբինետի կազմը որոշեց ոչ թե Պուտինն անձամբ, այլ ՌԴ նախագահի ադմինիստրացիան: 1999 թ. դեկտեմբերի 31-ին Ելցինն անսպասելիորեն հրաժարական տվեց, ու Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, դարձավ ՌԴ նախագահի պաշտոնակատար: Նույն օրը Պուտինը ստորագրեց իր առաջին նախագահական հրամանագիրը՝ «ՌԴ նախկին նախագահի ու նրա ընդանիքի անդամների համար երաշխիքների մասին»: Ըստ հրամանագրի, պաշտոնաթող նախագահի ու նրա մերձավորների նկատմամբւ կոռուպցիայի մեղադրանքով գործեր չէին հարուցվելու: 2000 թ. փետրվարի 12-ին հրամանագիրը փոխարինվեց նույն պարունակությամբ ֆեդերալ օրենքով:

Հրաժարականից երեք ամիս անց՝ մարտի 26-ին, ՌԴ֊ն անցկացրեց նախագահական արտահերթ ընտրություններ (նախատեսված հունիս 2000 ամսաթվից երեք ամիս ավելի վաղ): Պուտինը հաղթեց առաջին փուլով՝ հավաքելով 53% ձայներ: 2000 թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Պուտինի նախագահական երդմնակալության արարողությունը: Պուտինի կառավարության առաջին վարչապետն էր ներկայումս ընդդիմադիր, Ելցինի օրոք ֆինանսների նախարար Միխաիլ Կասյանովը:

2004 թ. մարտի 14-ին Պուտինը վերընտրվեց նախագահ՝ հավաքելով ձայների 71%-ը: Սահմանադրությամբ չունենալով երրորդ անգամ ընտրվելու իրավունք, նա իր հետնորդ ընտրեց փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Նախագահությունը Մեդվեդևին փոխանցելու հենց հաջորդ օրը Պուտինը նշանակվեց ՌԴ վարչապետ՝ պահպանելով իր իշխանության զգալի մասն ու ազդեցությունը ՌԴ քաղաքական դաշտի վրա:

2012 թ. մարտի 4-ին Պուտինը երրորդ անգամ ընտրվեց նախագահ, կրկին առաջին փուլով՝ հավաքելով ձայների 63,6%-ը: Նրա երրորդ նախագահությունը դեռ ընթացքի մեջ է:

Հետևաբար, կարելի է համարել, որ 1999 թ. դեկտեմբերի 31-ից մինչ օրս Պուտինն առանց լուրջ ընդհատումների գտնվել է Ռուսաստանում իշխող քաղաքական ուժի ղեկին, ու որ այդ շրջանում պրոիշխանական ուժերի իրականացրած հանցագործությունների բեռն ընկնում է հենց իր ռեժիմի վրա:

Որպեսզի հոդվածը վեպի չվերածենք, առանձին կնշենք առավել խոշոր և աղմկահարույց քաղաքական սպանությունները, իսկ մնացածին կանդրադառնանք ավելի վիճակագրական կերպով:

Այսպիսով, հետևյալ հղմամբ կարող եք ուսումնասիրել Պուտինի վարչակարգի օրոք ՌԴ տարածքում լրագրողների սպանությունների դեպքերը։

Նույնիսկ եթե հանենք Չեչենական պատերազմի ժամանակ զոհվածներին, վիճակագրությունը մնում է սահմռկեցուցիչ: Միայն Новая газета ամսագիրը 2001 թվից մինչ այսօր կորցրել է վեց լրագրող: Новая газета-ն հայտնի է իր քննադատական, հետաքննող մոտեցմամբ իշխանությունների ու պրոիշխանական ուժերի նկատմամբ:

2002 թ. օգոստոսի 21-ին Մոսկվայում շան հետ զբոսանքի ժամանակ հրազենային կրակոցից սպանվեց «Ազատական Ռուսաստան» կուսակցության ղեկավար կազմի անդամ Վլադիմիր Գոլովլյովը: Սպանությունը չբացահայտվեց: Սա Ռուսաստանի պետդումայի պատմության մեջ պատգամավորի ութերորդ սպանությունն էր:

2003 թ. ապրիլի 17-ին իր տան մերձակայքում սպանվեց Սերգեյ Յուշենկովը՝ ռուս ընդդիմադիր, լիբերալ քաղաքական գործիչ, «Ազատական Ռուսաստան» կուսակցության նախագահ: Մահվանից մի քանի ժամ առաջ նրան հաջողվել էր գրանցել իր կուսակցությունը՝ Դումայի ընտրություններին մասնակցելու համար: Յուշենկովը հայտնի էր դեմոկրատական ռեֆորմների ու մարդու իրավունքների համար անհաշտ պայքարով: Նա ուսումնասիրում էր Մոսկվայի 2002-ի ահաբեկչական գործողությունների (Նորդ-Օստ) հետ կապված իրադարձություններում ռուսական հատուկ ծառայությունների դերը, մահվանից մի քանի օր առաջ Լոնդոնում Լիտվինենկոյից ստացել էր այդ գործի վերաբերյալ թղթեր, որոնք փոխանցել էր լրագրող Աննա Պոլիտկովսկայային: Թե՛ Լիտվինենկոյին, թե՛ Պոլիտկովսկայային, ցավոք, մենք դեռ կանդրադառնանք: Յուշենկովի սպանությունն իրականացվել է հրազենի միջոցով: Յուշենկովի սպանության համար դատապարտվեցին չորս անձինք, որոնց մեջ էր Միխաիլ Կոդանյովը՝ Յուշենկովի Ազատական կուսակցության նախկին համանախագահը: Կոդանյովի դատապարտման միակ հիմքն էր հանդիսանում մեկ այլ դատապարտյալի՝ Ալեքսանդր Վիննիկի վկայությունը, որի ցուցմունքները հակասական էին. ըստ Վիննիկի որոշ ցուցմունքների, Յուշենկովի սպանությունը պատվիրել էր իշխանությունը:

Ըստ ռուս լրագրող, Amnesty International-ի կողմից քաղբանտարկյալ ճանաչված Գրիգորի Պասկոյի տվյալների, Յուշենկովը մահվանից առաջ սպառնալիքներ է ստացել ՖՍԲ-ի բարձրաստիճան գեներալ Ալեքսանդր Միխայլովից:

2004 թ. հուլիսի 9-ի գիշերը Մոսկվայում դանդաղ ընթացող մեքենայից կրակեցին ամերիկյան լրագրող, պատմաբան, Forbes-ի ռուսական հրատարակության գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովին: Հետաքրքիր է, որ Խլեբնիկովը չորս կրակոցից հետո կենդանի էր մնացել: Շտապ օգնության մեքենան, որով նրան տանում էին հիվանդանոց, թթվածնի բալոն չուներ: Հիվանդանոցի վերելակը, որով Պոլին պետք է բարձրացնեին վիրահատարան, փչացավ, ինչն ուշացրեց վիրահատությունը: Այս հանգամանքների հետևանքով նա մահացավ հիվանդանոցում: Forbes-ը հայտարարեց, որ Խլեբնիկովի սպանությունը կապված էր նրա լրագրողական գործունեության հետ, ու սա բավականին հիմնավոր պնդում էր. Խլեբնիկովը հեղինակավոր հետաքննող լրագրող էր, ով զբաղվում էր հետսովետական շրջանի պղտոր ֆինանսական գործերի ու կոռուպցիայի լրագրողական հետաքննություններով: Խլեբնիկովի սպանությունը մեծ հարված էր ռուսական հետաքննող լրագրությանը: Նրա մահվան կազմակերպման մեջ մեղադրվեց չեչեն գրոհային Խոժ-Ախմետ Նուխաևը, ինչևէ, չնայած գործով մի քանի մեղադրյալներ են առաջադրվել ու արդարացվել, գործը մնում է չբացահայտված:

Հետաքրքիր փաստ է, որ Խլեբնիկովի սպանության հարցում հիշատակվող Խոժ-Ախմետ Նուխաևը 2001 թ. ապրիլից սկսել է ակտիվորեն մասնակցել ռուս նացիոնալիստ, Պուտինի բուռն կողմնակից Ալեքսանդր Դուգինի «Եվրասիա» կուսակցության գործունեությանը: Չնայած ոստիկանության կողմից որոնվելուն, նա 2001 թ. հունիսի 28-ին մասնակցել է Մոսկվայում Դուգինի կուսակցության մամլո ասուլիսին: «Եվրասիա» շարժման նպատակներից մեկն է դաշնակցություն հաստատել պանսլավիստական ու պանթյուրքիստական գաղափարների կրողների միջև՝ միացյալ քաղաքական դաշտ ստեղծելու համար:

Հոկտեմբերի յոթը ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ծննդյան օրն է: 2006 թ. հոկտեմբերի յոթին շենքի վերելակում հայտնաբերվել է մարդու իրավունքների ակտիվիստ, լրագրող, «Новая Газета»-ի թղթակից, Պուտինի ակտիվ օպոնենտ Աննա Պոլիտկովսկայայի մարմինը: Սպանությունն իրականացվել է երկու հրազենային կրակոցի միջոցով: Պոլիտկովսկայայի անունն այս հոդվածում արդեն հիշատակվել է. Յուշենկովի հետ միասին զբաղվում էր «Նորդ-Օստի» դեպքերի հետաքննությամբ, ու Յուշենկովի միջոցով Լիտվինենկոյից փաստաթղթեր էր ստացել ահաբեկիչների ու ռուսական հատուկ ծառայությունների համագործակցության մասին:

Պոլիտկովսկայայի նկատմամբ մահափորձ իրականացվել էր նաև 2004 թ. սեպտեմբերին. Աննան ինքնաթիռով թռչում էր Բեսլանի դպրոցի պատանդներին ազատելու բանակցություններին մասնակցելու, երբ թեյ խմելուց հետո վատ զգաց իրեն և ուշագնաց եղավ: Պոլիտկովսկայային թունավորել էին, բարեբախտաբար՝ անհաջող:

Նույն 2004-ին Չեչնյայի այդ ժամանակվա վարչապետ Ռամզան Կադիրովը (ներկայիս նախագահը) Պոլիտկովսկայայի հետ զրույց է ունեցել: Զրույցի ժամանակ Կադիրովի օգնականներից մեկը նրան ասել է. «Քեզ դեռ Մոսկվայում էր պետք գնդակահարել, հենց փողոցում, ինչպես ձեր Մոսկվայում գնդակահարում են... քեզ գնդակահարել էր պետք...»: Ռամզանը զուգահեռ ասում էր՝ «Դու թշնամի ես... գնդակահարել... դու թշնամի ես»:

Չնայած հինգ մարդ դատապարտվեցին Աննա Պոլիտկովսյայայի սպանության համար, հանցագործության պատվիրատուն մնաց անհայտ:

Պոլիտկովսկայայի մահվանից մեկ շաբաթ անց ՖՍԲ գաղտնի ծառայության նախկին գործակալ, Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ սպանության թույլատվություն տալու համար: Այս հայտարարությունից երկու շաբաթ անց Լիտվինենկոյին թունավորեցին ռադիոակտիվ պոլոնիումով: Լիտվինենկոն Լոնդոն քաղաքում ռադիոակտիվ թունավորումից մահացավ 2006 թ. նոյեմբերի 23-ին: Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, թունավորումն իրականացրել էր ԿԳԲ նախկին գործակալ, բիզնեսմեն Դմիտրի Կովտունը: Պաշտոնապես Լիտվինենկոյի գործը մնում է չբացահայտված:

2009 թ. հունվարի 19-ին Մոսկվայի կենտրոնում, օրը ցերեկով սպանվեց ռուս մարդու իրավունքների գծով իրավաբան, իրավապաշտպան Ստանիսլավ Մարկելովը: Новая Газета-ի թղթակից, ուսանողուհի Անաստասիա Բաբուրովան, որը փորձեց օգնության հասնել Մարկելովին, նույնպես սպանվեց: Բաբուրովան հետաքննում էր ռուս նեոնացիստական բանդաների գործունեությունն ու կապերը ռուսական հատուկ ծառայությունների հետ: Սպանության համար ձերբակալվեցին ու դատապարտվեցին նեոնացիստ-ծայրահեղականներ Նիկիտա Տիխոնովն ու Եվգենիա Խասիսը: Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերին այս վարկածը համոզիչ չթվաց, ու իր արձագանքում նա նշեց, որ սպանության հանգամանքները հուշում են ՌԴ պետական անվտանգության ծառայությունների մասնակցության մասին:

2009 թ. հուլիսի 15-ին Չեչնյայի Գրոզնի մայրաքաղաքի իր տնից անհայտ մարդիկ առևանգեցին «Մեմորիալ» մարդու իրավունքների ռուսական կազմակերպության ղեկավար կազմի անդամ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նատալիա Էստեմիրովային: Նատալիան Չեչնյայում զբաղվում էր մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությամբ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ: Երկու վկաներ հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես են Էստեմիրովային հրելով մտցնում մեքենայի մեջ, ու ինչպես է ինքը գոռում, որ իրեն առևանգում են:

Նատալիա Էստեմիրովայի մարմինը գտնվեց Ինգուշետիայի Գազի-Յուրտ գյուղի մերձակայքում՝ հրազենային վնասվածքներով գլխի ու կրծքի շրջանում: Մեղադրվեց պաշտոնական տվյալներով արդեն սպանված չեչեն գրոհային:

Ռուս աուդիտոր ու հաշվապահ Սերգեյ Մագնիտսկու դեպքն ամենաակնհայտներից է: Մագնիտսկին պնդումներ առաջ քաշեց այն մասին, որ Ռուսաստանի պետությունից մեծամասշտաբ գողություն է կատարվել ռուս պաշտոնյաների թույլատվությամբ և իրականացմամբ: Ըստ ՌԴ օրենքի, մարդուն առանց դատի կարելի է բանտարկված պահել մեկ տարի ժամկետով: Այդպես էլ վարվեցին Մագնիտսկու հետ՝ նրան փակելով Մոսկվայի «Բուտիրկա» բանտում: Այնտեղ իր մոտ առաջացան լեղապարկի քարեր ու պանկրեատիտ: Մագնիտսկին չստացավ անհրաժեշտ բուժօգնություն ու մահացավ մեկ տարի ժամկետի ավարտից ուղիղ յոթ օր առաջ՝ 2009 թ. նոյեմբերի 16-ին: Կրեմլի կազմակերպած մարդու իրավունքների խորհոււրդը պարզեց, որ մահվանից մի փոքր առաջ Մագնիտսկուն ծեծի են ենթարկել: Խորհրդի անդամներից մեկը նշեց, որ եթե սկզբում համարում էր, որ Մագնիտսկին մահացել է բուժանձնակազմի անպատասխանատու և անուշադիր վարքի հետևանքով, ապա հետագա քննության արդյունքում եկել է համոզման, որ գործ ունենք նախապես պլանավորված սպանության հետ:

Մագնիտսկու հետաքննած գործի շրջանակներում արված շատ պնդումներ հաստատվեցին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորսումի շարունակած հետաքննության ընթացքում:

Ու հասնում ենք Նեմցովի սպանությանը: Ըստ ТВЦ հեռուստաընկերության հրապարակած տեսանյութի, որն իրականացրել է Մեծ կամրջի մոտակայքում գնտվող տեսախցիկը (թեև դեպքի վայրին ավելի մոտ տեսախցիկներ էլ կան, ներկայացվել է հենց այդ տեսախցիկի ձայնագրությունը), Նեմցովը քայլում է կամրջով կնոջ ուղեկցությամբ: Կամրջի վրա երթևեկությունը գրեթե դադարում է, ենթադրաբար՝ կարմիր լույսի հետևանքով: Նեմցովի կողքով անցնում է ձյունահավաք մեքենա, չնայած քաղաքում անձրև է գալիս ու ջերմաստիճանը +1 է: Երբ Նեմցովը հաստնում է կամրջի տակ իջնող աստիճաններին, նրա կողքով անցնում է երկրորդ ձյունահավաք մեքենան ու ծածկում իրեն տեսախցիկի տեսադաշտից: Ձյունահավաք մեքենայի հետևից դուրս է վազում մի մարդ, նստում այդ պահին իր հետ նույն մակարդակի վրա հայտնված և ընթացքը դանդաղեցրած մեքենան, անհետանում դեպքի վայրից: Ձյունահավաք մեքենան դանդաղեցնում է ընթացքն ու կանգ առնում: Կանգնած է միայն Նեմցովին ուղեկցող օրիորդը: Նեմցովն արդեն մահացած է:

Կադիրովի օգնականն այս առիթով երևի կասեր՝ «գնդակահարել են, ինչպես ընդունված է ձեր Մոսկվայում»: Պրոիշխանական ակտիվիստների ռեակցիան միանշանակ է՝ «հինգերորդ շարասյան» գործակալին վաղուց էր պետք վերացնել: Հազվադեպ չեն նաև մեղադրանքները Եվրոպայի ու ԱՄՆ-ի հասցեին, իբր իրենք են կազմակերպել Նեմցովի սպանությունը՝ որպես պրովոկացիա:

Այն, ինչ КП-ն ու Lenta.ru-ն անում են այսօր Նեմցովի նկատմամբ, անգլերեն անվանում են smear campaign: Հանկարծ դուրս են սահում Նեմցովի ու իր հետ զբոսնող աղջկա անձնական հարաբերությունների ու իրենց անձնական կյանքի մանրամասներ՝ հասարակությունն ի՞նչ է սիրում ավելի, քան սեքսուալ կոնտեքստով սկանդալը: Նեմցովի նախկին կինն է հարցազրույց տալիս, Նեմցովի անձնական նկարներն են հայտնվում ինտերնետում: Նեմցովի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ակնհայտ է իր քաղաքական ու հասարակական իմիջը սևացնելու մղումը: Այն էլ՝ նման մութ հանգամանքներում իր սպանությունից անմիջապես հետո: Ստիպված եմ մեջբերել Կրեմլի պրոպագանդայի իրականացնող Կիսելյովին. պատահականությու՞ն է՝ չեմ կարծում:

Բայց այս հոդվածի նպատակը սպեկուլյացիաներով զբաղվելը չի: Միգուցե Նեմցովին սպանել են Կրեմլի հրահանգով: Միգուցե անմիջական հրահանգ չի եղել, ու նրան սպանել են այն ատելության մթնոլորտի շնորհիվ, որը Պուտինի ռեժիմը ստեղծել է երկրում անվերջ ֆանատիզմի քարոզով ու օպոնենտներին որպես «ազգի դավաճաններ» ներկայացնելով: Հիմքեր չկան ենթադրելու համար, թե Պուտինը չէր ցանկանում Նեմցովի մահը: Հիմքեր չկան ենթադրելու համար, թե Պուտինը ցնցված է կամ նեղված Նեմցովի մահվանից: Փոխարենը՝ կա մոտիվ, կա հնարավորություն, կա ռեակցիա: Ու էական չի, թե ով է եղել իրականացնողը: Անուղղակիորեն, թե ուղղակիորեն, նրանք, ովքեր մարտահրավեր են նետում Պուտինի ռեժիմին, ոչնչացվում են ռեժիմի ձեռքով կամ քարոզչամեքենայի ազդեցության հետևանքով:

Իր սպանությունից 17 օր առաջ Նեմցովը Собеседник.ru-ի հարցազրույցի ժամանակ հպանցիկ շոշափում է «Նորդ-Օստի» ու Բեսլանի դեպքերը, նշում, որ իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ պայմանավորված է այդ դեպքերով: Հետո ասում, որ իր մայրը վախենում է՝ Պուտինն իրեն սպանել պատվիրի ընդդիմադիր ելույթների համար: Собеседник.ru-ի թղթակիցը լավատեսաբար հույս է հայտնում, որ Պուտինի մեջ կհաղթի առողջ դատողությունն ու նա Նեմցովին չի սպանի:

Հետո գալիս է 2015 թ. փետրվարի 27-ը, որը նշանավորվում է Մոսկվայի կենտրոնում՝ Մոսկվա գետի մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Քաղաքական սպանությունների, բռնության ու կոռուպցիայի արատավոր օղակը ևս մի պտույտ է անում, ու պատմությունն ինքն իրեն կրկնում է:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։