Հայրենական մեծ պատերազմի առասպելը, մաս երկրորդ

1812. հյուծման պատերազմի հոգեբանական հետևանքները

(առաջին մասը կարող եք կարդալ այստեղ)

Պատմության դպրոցական դասընթացի ամենավնասակար կողմերից մեկն այն է, որ աշակերտներին ներկայացվում են պատմական իրադարձություններ՝ առանց դրանց լիարժեք կոնտեքստը ներկայացնելու: Ես չեմ հավակնում այս հոդվածում ներկայացնել Նապոլեոնիկ պատերազմների լիարժեք կոնտեքստը, հակառակ դեպքում ամբողջ գրքեր պիտի գրեի՝ սկսելով Ֆրանսիայում Բուրբոնների անկումից, Ֆրանսիական հեղափոխությունից, ներկայացնելով ժամանակաշրջանի գործող ու գործել դադարած պայմանագրերը, Բրիտանիայի բազմաթիվ պատերազմները, Ամերիկայի անկախության պատերազմն ու լիքը այլ բաներ: Փոխարենը ես կփորձեմ թեթև ներկայացնել Եվրոպան ու Ռուսաստանը Նապոլեոնյան պատերազմներից առաջ և հետո:

Ուրեմն սկսենք կոնտեքստից: Ռուսաստանը բավականին բարդ ճակատագրով երկիր է եղել՝ տեխնոլոգիական ու սոցիալական զարգացումով հետ էր ընկած եվրոպական խոշոր երկրներից, պատերազմել էր գրեթե բոլորի հետ, ում հետ հնարավոր էր պատերազմել, և այդքանով հանդերձ՝ դարձել էր հսկայական, մուլտինացիոնալ կայսրություն:

Պետրոս Առաջինի օրոք սկիզբ էր առել Ռուսաստանի արդիականացման ու եվրոպականացման գործընթացը, էլի մեծ թափով շարունակվել Եկատերինա Մեծի օրոք, տրամաբանական շարունակություն ունեցել Ալեքսանդր Առաջինի իշխանության ժամանակ, բայց հետո աստիճանաբար դանդաղել, ու վերջնականապես կանգ առել Նիկոլայ Առաջինի օրոք:

Ռուսաստանի բնականոն զարգացումը խախտել էին Նապոլեոնյան պատերազմները, որոնց արդյունքում Ռուսաստանի առավել զարգացած մասը ժամանակավոր օկուպացիա ու «այրված հողի» քաղաքականություն էր ապրել:

Ալեքսանդր Առաջինի ռեֆորմները նախքան 1812 թ. Հայրենական պատերազմը

Ալեքսանդր Առաջինը Ռուսական կայսրության ցար էր դարձել 1801 թ. իր հոր՝ Պավել Առաջինի սպանությունից հետո:

Պավել Առաջինի քաղաքականությունները, որոնք առավել լայն իրավունքներ էին տալիս գյուղացիությանը, պայքարում Գանձարանի չարաշահումների ու պետական ապարատի կոռուպցիայի դեմ, նրա դեմ էին լարել ազնվականությանը, ինչն էլ իր հերթին բերել էր ողբերգական հետևանքների:

Ինչևէ, Ալեքսանդր Առաջինն իր տատ Եկատերինա Մեծի ոգով էր դաստիարակվել՝ Լուսավորության շրջանի գաղափարներով, ու ցանկանում էր շարունակել Ռուսական կայսրության արդիականացումն ու եվրոպականացումը:

Օրինակ՝ 1803-04 թվերին նա կարևոր կրթական ռեֆորմներ անց կացրեց, բացեց նոր համալսարաններ: Նա նաև հողի սեփականության իրավունքը տարածեց բոլոր ազատ քաղաքացիների վրա: Չնայած Ալեքսանդրը նպատակ ուներ ազատություն տալ ճորտերին, կոնկրետ առաջարկների բացակայության պատճառով ազատվեց ճորտերի ընդամենը 0,5 տոկոսը:

Այս ամենը Լուսավորության փիլիսոփայության տարածման հետևանքն էր Ռուսաստանում, ու երկիրը շարունակում էր իր անցումը ֆեոդալականից ինդուստրիալ ժամանակաշրջանի:

Լեգիտիմ իշխանության գաղափարը Եվրոպայում

Եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք մի ժամանակաշրջանի մասին, երբ Եվրոպայում իշխում էին քրիստոնյա միապետներ: Այդ միապետների լեգիտիմությունը ճանաչվում էր ժառանգականության կարգով ու հաստատվում եկեղեցու կողմից: Տարածքային վեճերը երկու միապետների միջև պետք է իրավականորեն հիմնավորված լինեին (օրինակ՝ երբ մի միապետ պարզում էր, որ ինքը կամ իր նախնիներից մեկը ժառանգել է փաստացի ուրիշ միապետի իշխանության տակ գտնվող տարածք):

Օրինակ՝ 1415 թ. Ֆրանսիա ներխուժելուց առաջ անգլիական Հենրի Հինգերորդը կանչել էր իր իրավաբաններին ու հիմնավորում գտել, թե ինչպես ինքն ավելի մոտ է ֆրանսիական գահին (Վիլիամ Նորմանդացու (Նվաճողի) ժառանգ լինելու շնորհիվ), քան Ֆրանսիայի Կառլոս Վեցերորդ թագավորը:

Ռուսական Ալեքսանդր Առաջինը Հոլստայն-Գոտրոպ-Ռոմանով տոհմի ներկայացուցիչ էր, բրիտանական Ջորջ Երրորդը՝ Հանովեր, իսպանական Կառլոս Չորրորդը՝ Բուրբոն, ավստրիական Ֆրանսիս Առաջինը՝ Հաբսբուրգ-Լորեյն, պրուսական Ֆրեդրիկ-Վիլհելմ Երրորդը՝ Հոենցոլերն, և այլն: Այս բոլոր տոհմերն իրար հետ կապված էին ժառանգականորեն, համաձայնագրերով, ու ընդհանուր առմամբ ունեին կանոններ, որոնցով որոշվում էր, թե ինչպես իրար հետ առևտուր անել, դիվանագիտություն վարել կամ նույնիսկ պատերազմ մղել:

Կարևոր բացառություն էր Ֆրանսիան, որը հեղափոխությունից հետո վերացրել էր Բուրբոնների լեգիտիմ իշխանությունը, փաստացի լուծարելով Բուրբոնների միջազգային պայմանագրերը: Ու երբ Ֆրանսիայում ամբիցիոզ զորահրամանատար Նապոլեոն Բոնոպարտն ինքն իրեն կայսր հայտարարեց, սա ստեղծեց կոնտեքստ աննախադեպ երևույթի համար. նվաճողական պատերազմ՝ Եվրոպայի ներսում:

Սահմանադրական շարժումներն ու հեղափոխություններն, ինչևէ, բերել էին նրան, որ բացարձակ միապետությունների մեծ մասը փոխարինվել էր սահմանադրական միապետություններով, որտեղ թագավորի իշխանությունը սահմանափակվում էր երկրի սահմանադրությամբ, ու իշխանության մի մասը փոխանցվում էր ընտրովի պառլամենտական համակարգին:

Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ կոալիցիաների պատերազմները

1805 թ. Ավստրիան (այդ ժամանակ՝ դեռ Սրբազան Հռոմեական Կայսրությունը) ու Ռուսաստանը կազմեցին Երրորդ կոալիցիան, որը պատերազմեց Նապոլեոնի դեմ, բայց պարտություն կրեց Աուստերլիցի ճակատամարտում: Նույն տարում Բրիտանիան հաղթեց իսպանական ու ֆրանսիական նավատորմերին ծովում (Տրաֆալգարի ճակատամարտ):

1806 թ. Պրուսսիան, Ռուսաստանը, Սաքսոնիան ու Շվեդիան համատեղ ստեղծեցին Չորրորդ կոալիցիան ու պատերազմ մղեցին Նապոլեոնի դեմ, բայց Նապոլեոնը Պրուսիային հաղթեց Ջեննայում, Ռուսաստանին՝ Ֆրիդլանդում: Արդյունքում 1807 թ. Ռուսաստանը փոխեց իր դիվանագիտական կուրսն ու Տիլսիտի պայմանագրով դարձավ Նապոլեոնի դաշնակիցը՝ միանալով նրա Կոնտինենտալ համակարգին:

Կոնտինենտալ համակարգը Նապոլեոնի արտաքին քաղաքականությունն էր Մեծ Բրիտանիայի դեմ: Բեռլինի դեկրետով արգելվում էր բրիտանական ապրանքների ներմուծումը Կոնտինենտալ համակարգի երկրներ, ինչպես նաև պահանջում ընդհատել բոլոր կապերը Բրիտանիայի հետ՝ ներառյալ փոստային կապը: Հետագա իրադարձությունները պատկերացնելու համար շատ կարևոր է պատկերացնել այս համակարգի տնտեսական հետևանքները, նամանավանդ հաշվի առնելով, որ Բրիտանիան գաղութային գերտերություն էր ու բազմաթիվ շուկաներից ներմուծման մոնոպոլիա ուներ:

Կոնտինենտալ համակարգը ենթադրում էր աղետալի ազդեցություն ռուսական տնտեսության վրա: Արդյունքում Ռուսաստանը սկսեց խախտել Կոնտինենտալ համակարգը:

Ռուսաստանը չմիացավ 1809 թ. Ավստրիայի գլխավորած Հինգերորդ կոալիցիայի պատերազմին, որն արագ պարտվեց Վագնամում: Արդյունքում Շյոնբրունի պայմանագրով Արևմտյան Գալիցիան ներառվեց Վարշավայի մեծ դքսության կազմում: Վարշավայի մեծ դքսությունը Լեհական թագավորության մնացորդն էր՝ թագավորության, որի վերացումը ռուսական Եկատերինա Մեծի գլխավոր ձեռքբերումներից էր: Նապոլեոնը նպատակ ուներ սրա միջոցով ստանալ լեհ նացիոնալիստների աջակցությունն՝ անվանելով պատերազմը «Լեհական անկախության պատերազմ»:

Ռուսաստանը դիտարկեց սա որպես Ռուսաստան պոտենցիալ ներխուժման նախապատրաստական քայլ, ու Ալեքսանդրն իր ռազմական անձնակազմի հետ 1811 թ. մշակեց Նապոլեոնի դեմ հարձակվողական պատերազմի պլան:

1812 թ. Հայրենական պատերազմը

1811 թ. դրությամբ Եվրոպան ամբողջությամբ գտնվում էր Նապոլեոնի ազդեցության գոտում, ու ոչ մի կոնտինենտալ ուժ (Բրիտանիայի ազդեցությունը սահմանափակված էր Մեծ Բրիտանիայով ու Իռլանդիայով) պատրաստ չէր Նապոլեոնին մարտահրավեր նետել:

Ինչևէ, Նապոլեոնը սկսել էր ճարպակալմամբ տառապել, ու նրա ֆիզիկական ու հոգեկան առողջությունը վատացել էր: Փոքրացել էր նաև Նապոլեոնի պոպուլյար աջակցությունը 1809 թվի համեմատ:

Նապոլեոնը, փոխանակ Կոնտինենտալ համակարգը խախտելու համար Ռուսաստանի դեմ պատժիչ ռազմական գործողություններով սահմանափակվելու, 1812 թ. հունիսի 24-ին լայնամասշտաբ ռազմական ներխուժում սկսեց Ռուսաստան՝ կոնֆլիկտ, որը Ռուսական կայսրությունն անվանեց «Հայրենական պատերազմ»: Ընդհանուր առմամբ, Ռուսական կայսրության համար այս պատերազմը գոյամարտ էր. պարտվելը նշանակում էր ոչնչացում:

Ֆրանսիական բանակը մոտ 650,000 մարդ էր՝ այդ ժամանակվա երբևէ կազմավորված ամենամեծ ռազմական ուժը, ու բնական էր, որ ռազմական եղանակներով ֆրանսիական բանակին հաղթելը գործնականում անհնարին էր: Արդյունքում Ռուսաստանը որոշեց հյուծման պատերազմ մղել՝ նահանջելով ու ոչնչացնելով ինչպես հակառակորդին, այնպես էլ սեփական բնակչությանը հասանելի պաշարները: Նապոլեոնը հաղթեց Սմոլենսկի ճակատամարտը, բայց Կուտուզովի գլխավորած ռուսական զորքերը շարունակեցին նահանջել:

Նապոլեոնը նորից հասավ ռուսական զորքերին Մոսկվայի պաշտպանության համար կրիտիկական Բորոդինո փոքր քաղաքի մոտ, ու տեղի ունեցավ ամբողջ կոնֆլիկտի ամենաարյունահեղ ճակատամարտը (ավելի քան 70,000 զոհ)՝ ֆրանսիական հաղթանակով, բայց ռուսական զորքի իրական վիճակի սխալ գնահատականն ու սեփական զորքերի հյուծված վիճակը բերեցին ճակատագրական որոշման. փոխանակ հետապնդելու, ինչպես նախորդ արշավանքների ժամանակ, Նապոլեոնի զորքերը թույլ տվեցին ռուսական բանակին նահանջել ու վերակազմավորվել:

Նապոլեոնի մատակարարման գծերը Եվրոպայից երկարում ու անհուսալի էին դառնում Ռուսաստանի տարածքում խորանալուն զուգահեռ, ու ռուսական զորքերի «վառված հողի» քաղաքականությունն անհնարին էր դարձնում նման մեծ բանակի ձմեռելը ռուսական տարածքում: Նապոլեոնը պետք է հաղթեր պատերազմը մինչև ձմեռը: Ակնկալելով կապիտուլյացիա՝ Նապոլեոնը գրավեց Մոսկվան ու երկրորդ ճակատագրական որոշում կայացրեց. նա մի ամիս զբաղեցրեց քաղաքն՝ ակնկալելով, որ Ալեքսանդրը կհանձնվի: Երբ դա տեղի չունեցավ, Նապոլեոնն իր բանակը շարժեց դեպի Կալուգա: Այդ ընթացքում ռուսական բանակն աճել էր մինչև 900,000՝ պրոֆեսիոնալ բանակին ավելացնելով աշխարհազորայիններ:

Մալոյարոսլավեցի ճակատամարտը, չնայած հերթական տակտիկական հաղթանակին, ֆրանսիական զորքին ստիպեց դադարեցնել առաջխաղացումը դեպի Կալուգա ու սկսել երկար նահանջը դեպի լեհական սահման: Արդեն հոկտեմբերի 24-ն էր, ու ժամացույցն աշխատում էր ֆրանսիացիների դեմ: Խոտի ու կերի բացակայության պատճառով ֆրանսիական բանակի գրեթե բոլոր ձիերը սատկել էին, ինչը խիստ սահմանափակել էր հրետանու մոբիլությունն ու ընդհանուր բանակի շարժունակությունը:

1812 թ. նոյեմբերի սկզբին Նապոլեոնը վատ լուրեր ստացավ Ֆրանսիայից. գեներալ Կլոդ դե Մալեն պետական հեղաշրջման փորձ էր արել: Սրան հաջորդեց նոյեմբերի 26-29-ի Բերյոզինա գետի անցման աղետը, երբ ռուսական բանակները նահանջող ֆրանսիական զորքին մեծ կորուստներ պատճառեցին: Բերյոզինայի ճակատամարտը տակտիկական հաղթանակ էր ռուսական կողմի համար (տակտիկական նպատակը՝ ֆրանսիական զորքերին կորուստներ պատճառելը, իրականացվել էր), ու ստրատեգիական հաղթանակ՝ ֆրանսիական կողմի համար (ստրատեգիական նպատակը՝ Բերյոզինա գետն անցնելն ու նահանջը շարունակելը, իրականացվել էր):

Այստեղ եկեք կանգ առնենք ու խոսենք ճակատամարտերի տակտիկական ու ստրատեգիական կողմերի մասին: Ես բազմիցս քննադատել եմ ճակատամարտերի ներկայացումը գեղարվեստական աշխատանքներում (Game of Thrones-ը դրա վերջին օրինակն է), որտեղ որպես ճակատամարտի նպատակ ներկայացվում է հակառակորդի զորքի ոչնչացումը: Իրականում ցանկացած գրագետ պատերազմի ժամանակ զորահրամանատարները նախատեսում են ստրատեգիական նպատակներ, որոնք կբերեն իրենց համար առավել ցանկալի արդյունքի (ու ստրատեգիական նպատակները կարող են պատերազմի ընթացքում փոխվել՝ ինչպես 1812 թ. պատերազմի ժամանակ սկզբում ստրատեգիկ հաղթանակը Ռուսաստանի կապիտուլյացիան էր, իսկ այդ նպատակին չհասնելուց հետո՝ ֆրանսիական զորքերի հաջող էվակուացիան դեպի լեհական սահմանը): Ճակատամարտից առաջ մշակվում են տակտիկական նպատակներ, որոնք կբերեն ճակատամարտի առավել ցանկալի ելքի: Եթե հրամանատարը նպատակ դնի ցանկացած գնով ոչնչացնել հակառակորդի ամբողջ զորքը, դա ամենայն հավանականության կբերի սեփական զորքերի կազմում չափազանց մեծ զոհերի (այսպես կոչված «Պյուռոսյան հաղթանակի»), որի արդյունքում պատերազմի ավարտում հաղթող կողմը կարող է չափազանց թույլ լինել այլ արտաքին ու ներքին վտանգների առաջ ու չկարողանալ կայունացնել պատերազմից տուժած տնտեսությունը, դիմակայել սոված բնակիչների դժգոհությանը և այլն: Սա շատ կարևոր կլինի նաև հասկանալու համար Ռուսաստանում փոփոխությունները Հայրենական պատերազմից հետո:

Ֆրանսիայում պետական հեղաշրջման վտանգը կանխելու համար Նապոլեոնը 1812 թ. դեկտեմբերի 5-ին լքեց իր բանակն ու գնաց Ֆրանսիա՝ թողնելով բանակի ղեկավարությունն իր հրամանատար Մյուրատին: Ինչպես նշել ենք, սա արդեն երկրորդ նման դեպքն էր Եգիպտական արշավանքից հետո:

Ֆրանսիական բանակի մնացորդները 1812 թ. դեկտեմբերի 14-ին կտրեցին ռուսական սահմանը:

Մարշալ Մյուրատն ինքը 1813 թ. հունվարին լքեց բանակը, որ փորձի փրկել իր Նեապոլի թագավորությունը, բանակի հրամանատարությունը թողնելով Յուժեն դե Բոարնեին:

Ռուսաստանը ստրատեգիկ որոշիչ հաղթանակ էր տարել Ֆրանսիայի դեմ, հաղթել մինչ այդ հավաքված ամենամեծ ռազմական ուժին: Բայց ի՞նչ գնով:

Ռուսական հաղթանակից հետո Պրուսիան ու Ավստրիան խզեցին իրենց պայմանագրերը Ֆրանսիայի հետ, ինչը սկսեց Վեցերորդ կոալիցիայի պատերազմը 1813-1814 թթ. որն ավարտվեց Նապոլեոնի պարտությամբ ու աքսորով Էլբա կղզի: Նապոլեոնը վերադարձավ աքսորից ու վերականգնեց իր իշխանությունը 1815 թ. («Հարյուր օր»), բայց Յոթերորդ կոալիցիայի պատերազմը վերջ դրեց Նապոլեոնի ամբիցիաներին: Նապոլեոնն աքսորվեց Սբ. Հեղինե կղզի ու մահացավ աքսորի ընթացքում 1821 թ. մայիսի 5-ին:

Եկեք հաշվի առնենք, որ չնայած Նապոլեոնին ներկայումս ընդունված է ռոմանտիզացնել ու դիտարկել որպես մեծն հրամանատար (ինչի հետ կարելի է վիճել՝ հաշվի առնելով նրա Եգիպտական արշավանքն ու արշավանքի վերջում սեփական զորքերը թողնելն ու փախնելը), իսկ Հիտլերին՝ դեմոնիզացնել, սթափ դիտարկման դեպքում Նապոլեոնի ու Հիտլերի միջև շատ առումներով կարելի է զուգահեռներ տանել:

19-րդ դարում աշխարհի բնակչությունը նոր անցել էր մեկ միլիարդից, Եվրոպայի բնակչությունը 300 միլիոն էր, ու Նապոլեոնի պատերազմների ժամանակ 3,5-6,5 միլիոն մարդ էր սպանվել (զինվորական ու քաղաքացիական մահերը եթե գումարենք իրար): Փաստացի՝ Եվրոպայի բնակչության 1-2 տոկոսը սպանվել էր Նապոլեոնի պատերազմների ժամանակ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ սպանվել էր աշխարհի բնակչության մոտ 3 տոկոսը:

Իշխանության հասնելով քաոսի մեջ ընկղմված ու թուլացած Ֆրանսիայում, Նապոլեոնն ուժեղ բյուրոկրատիայով ու բանակով գերտետություն կառուցեց, նվաճողական պատերազմներ սկսեց Եվրոպայի սրտում, որոնց արդյունքում Եվրոպայի բնակչության 1-2 տոկոսը մահացավ:

Ինչևէ, Նապոլեոնը նաև Հիտլեր չէր, քանի որ նա չէր մղում ոչնչացման պատերազմ ամբողջ ռասաների ու ժողովուրդների դեմ: Նապոլեոնը Եվրոպայում հաստատված թագավորական տոհմերին հակադրում էր առանձին ժողովուրդների նացիոնալիստական շարժումներն ու իր պատերազմները ներկայացնում որպես ազատագրական պայքար: Ռուսական արշավանքը Ռուսական կայսրությունն ընկալում էր որպես «հայրենական պատերազմ», ու այս ստրատեգիան Նապոլեոնին, որպես օտար նվաճող, ոչ թե ազատագրող, ինչպես, օրինակ, Իտալիայում, չէր կարող օգնել:

Պատերազմի ածուխներն ու մոխիրը

1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ Նապոլեոնի 650,000 բանակի զինվորներից միայն 300,000-ն էին Ֆրանսիայից: Ֆրանսիայի հետ էին նաև իրենց կոնտինենտալ դաշնակիցները՝ Պրուսիան, Ավստրիան, Շվեյցարական կոնֆեդերացիան, Նապոլեոնական Իսպանիան, Վարշավայի դքսությունը, Դանիա-Նորվեգիան, գերմանական պետությունների Հռենոսյան կոնֆեդերացիան, Նեապոլը և այլ երկրներ: Երբ այս բազմազգ բանակից զինվորները դասալքում էին, իրենք հաճախ սովից զբաղվում էին թալանով ու սպանվում ռուս գյուղացիների կողմից:

Փաստացի, սխալ չի լինի համարել, որ ռուսական ազգային մտածողության մեջ սա ոչնչացման պատերազմ էր, որն ամբողջ աշխարհը մղում էր Ռուսաստանի դեմ: Օրինակ՝ Դոմինիկ Լիվենի «Ռուսաստանն ընդդեմ Նապոլեոնի. Պատերազմի և խաղաղության արշավանքների իրական պատմությունը» գիրքը քննարկում է, թե ինչպես են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում կազմավորվել ու տեղ գտել Հայրենական պատերազմի առասպելներն ու մտածողական մոդելները:

Ռուսական հեղափոխական շարժման արմատները նույնպես ծագում են հենց 1812 թվականից, երբ առավել լիբերալ եվրոպական մշակույթները բախվեցին բավականին հետ մնացած ռուսական բացարձակ միապետության հետ: Ռուսական բանակի ներսում սկսեցին խմորումներ, սկսեցին հնչել պահանջներ՝ փոխարինել ցարի բացարձակ իշխանությունը սահմանադրական միապետությամբ:

Ալեքսանդր Առաջինի հոգեկան առողջությունը նույնպես քայքայվում էր իր իշխանության վերջին տարիներին: Ցարը դարձել էր խիստ կասկածամիտ իրեն շրջապատողների նկատմամբ, ավելի կրոնական մոլեռանդ ու պասիվ: Ժամանակակից մեկնաբանները նկարագրում են իր վարքը որպես զարգացող շիզոֆրենիա: 1825 թ. դեկտեմբերի 1-ին ցարը մահացավ տիֆից: Այդ պահին ցարի կրոնական մոլեռանդությունն այնքան էր խորացել, որ տարածված բամբասանք էր, թե ցարը ոչ թե մահացել է, այլ հրաժարվել գահից ու դարձել վանական՝ Ֆյոդր Կուզմիչ անվան տակ:

Ալեքսանդր Առաջինի մահվանից հետո գահը վիճարկվեց նրա երկու եղբայրների կողմից: Բայց երբ Կոնստանտինը, որը ժառանգ չուներ, հրաժարվեց գահից, 1825 թ. դեկտեմբերի 1-ին իշխանության եկավ Նիկոլայ Առաջինը:

Նիկոլայը շատ տարբեր էր իր եղբայր Ալեքսանդրից: Նա ինքն իրեն տեսնում էր որպես ժառանգական ավտոկրատ, որը պետք է պահպանի իշխանությունը ցանկացած գնով: Եթե Ալեքսանդր Առաջինը խրախուսում էր լիբերալիզմն ազնվականության ու սպայական կազմի մեջ, Նիկոլայի տեսանկյունից ամենամեծ արատը լիբերալ արիստոկրատ լինելն էր:

Նիկոլայ Առաջինի իշխանության գալուց անմիջապես հետո՝ դեկտեմբերի 26-ին, ռուսական բանակի սպաները մոտ 3000 զինվորների հետ բողոքի դուրս եկան ու հրաժարվեցին հավատարմության երդում տալ ցար Նիկոլային՝ պահանջելով սահմանադրական բարեփոխումներ: Նիկոլայը հրամայեց հեծելազորին հարձակվել, բայց ձիերը սայթաքում էին սառած սալահատակի վրա: Արդյունքում հեծելազորն անկանոն նահանջեց: Այդ ժամանակ Նիկոլայը հրետանուն հրաման տվեց կրակ բացել ապստամբների վրա՝ արյունոտ արդյունքներով: Ողջ մնացած դեկաբրիստներին աքսորեցին Սիբիր:

Ճնշելով դիմադրությունը, Նիկոլայ Առաջինը վերջ դրեց Ռուսական կայսրության ռեֆորմներին, որոնք սկսել էին Պետրոս Առաջինի օրոք:

Նիկոլայ Առաջինի Ռուսաստանը մոտ մեկ միլիոնանոց բանակ ուներ ու անընդհատ պատերազմներ էր մղում, որոնք թեև ընդլայնում էին կայսրության տարածքը, հաշվի չէին առնում պատերազմի ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Ցենզուրան համատարած էր, ու Ռուսաստանի իզոլյացիան մտավ նոր փուլ:

Հենց 1812 թ. Հայրենական պատերազմի առաջացրած ու ռուսական մտածողության մեջ արմատավորված մտածողական մոդելն էր, որ պրոպագանդիստական նպատակներով օգտագործվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմ, որը գալիս է արևմուտքից, Ռուսաստանը միայնակ՝ ամբողջ աշխարհի դեմ, որտեղ հաղթանակի պետք է հասնել ցանկացած գնով, ու հաղթանակի այլընտրանքը ոչնչացումն է:

Հենց այս ողբերգական պատերազմն էին ոգեկոչել խորհրդային պրոպագանդիստները՝ ռուսական մտածողության մեջ արմատավորված «հաղթանակ՝ ցանկացած գնով» մոդելն արթնացնելու համար: Ռուսաստանը չէր ցանկանում կրկնել Առաջին համաշխարհային պատերազմի կոլլապսը:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։