COVID-19 փաստերի ստուգում. արդյոք ջրի մեջ յոդ լցնելը կարող է բուժել ձեր կորոնավիրուսը

Եզրակացություն. ոչ մի հիմք չկա համարել, որ համապատասխանում է իրականությանը։

Xohanooc.am կայքը տեղադրել է նյութ, որտեղ բուսաբույժ Հրաչ Գրիգորյանը խորհուրդ է տալիս մեկ լիտր եռացրած֊սառեցրած ջրի մեջ տաս կաթիլ յոդ լցնել, ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու խմել սուրճի բաժակով։

Նախ՝ ինչու սա էֆեկտիվ չի։ Յոդն, իհարկե, տեղային ախտահանող միջոց է, բայց ինչպես մենք արդեն քննարկել ենք, SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 հիվանդության հարուցիչն է, ապրում է մարդու բջիջների ներսում, սովորաբար՝ շնչառական համակարգի։ Ու յոդի միջոցով իրենից ազատվելը կպահանջեր յոդն ուղղակի կիրառել շնչառական համակարգի վրա, ինչպես վերքերն ախտահանելիս, ու հավանաբար կբերեր կամ լուրջ քիմիական այրվածքների, կամ մահվան։

Ինձ համար հիմա դժվար կլինի հաշվել, թե տաս կաթիլ «յոդում» ինչքան մաքուր յոդ կա, որ ներկայացնեմ այս դեղամիջոցի ռիսկերն ու վտանգները, բայց նշեմ մի քանի բան։

Յոդ պարունակող ախտահանիչ հեղուկները տարբեր են լինում՝ յոդի էթանոլային 5%-անոց լուծույթ, որը պարունակում է յոդ ու էթանոլ, բետադին (յոդոպովիդոն, C6H9I2NO քիմիական բանաձևով), յոդինոլ (յոդ, կալիումի յոդիդ, պոլիվինիլ ալկոհոլ)։ Իրենցից ոչ մեկը նախատեսված չի խմելու համար, ու խմելու դեպքում դեղագործական ընկերությունը պատասխանատվություն չի կրում մարդու օրգանիզմին հասցված վնասի մասին։

Յոդը շատ կարևոր նյութ է մարդու օրգանիզմում, հատկապես՝ վահանաձև գեղձի աշխատանքի համար։ Ձեր կենսագործունեության համար անհրաժեշտ յոդը դուք սովորաբար ստանում եք կալիումի յոդիդի տեսքով՝ որպես կերակրի աղի հավելում։

Երբեմն, օրինակ՝ հղիության կամ կոնկրետ առողջական խնդիրների դեպքում, ձեզ բժշկի կողմից կարող են նշանակվել լրացուցիչ յոդային հավելումներ։

Եթե պատրաստ եք անգլերեն գիտական հոդված կարդալ, յոդի նորման չարաշահելու հետևանքների մասին կարող եք կարդալ այստեղ։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։