Նեմցովի սպանության կոնտեքստն ու քաղաքական սպանությունները Պուտինի օրոք
(Բորիս Նեմցովի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ այստեղ կտեղադրեմ 2015-ի իմ հոդվածն այդ թեմայով) 2015 թվականի փետրվարի 27-ը նշանավորվեց Մոսկվայի կենտրոնում, Մոսկվա գետի Մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Կամուրջը գտնվում է Կրեմլի անմիջական հարևանությամբ՝ ուղիղ արևելյան կողմում: Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ էր ու, Վլադիմիր Ռիժկովի ու Միխաիլ Կասյանովի հետ միասին, ղեկավարում էր ռուսական ընդդիմադիր РПР-ПАРНАС կուսակցությունը: Ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում եմ, Պուտինի ռեժիմի օրոք քաղաքական սպանությունների վերջին դեպքն էր: Այս հոդվածը նպատակ ունի թեկուզ հպանցիկ ներկայացնել Նեմցովի սպանությանը նախորդած կոնտեքստն ու նախորդ աղմկահարույց քաղաքական սպանությունների գոնե մի մասը: Նախ՝ վերհիշենք, որ 1999 թ. օգոստոսի 19-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախագահ Բորիս Ելցինի կողմից նշանակվեց ՌԴ փոխվարչապետ, նույն օրը վերանշանակվելով վարչապետ: Ու, նորից նույն օրը, Բորիս Ելցինը հայտարարեց, որ Պուտինին ցանկանում է տեսնել որպես իր հաջորդ նախագահ: Պուտ